21 Դեկտեմբեր, Շբ
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ և անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Հիմնական պատճառը, կարծում եմ, հոգեղեն աշխարհի ամբողջականությունը չիմանալը կամ մակերեսային պատկերացումներ ունենալն է, որովհետև նա, ով իրապես զգացել, տեսել, ճանաչել է հոգեղեն աշխարհի իրականությունը և հասկացել քրիստոնեության սկզբունքները, այլևս չի թերագնահատի քրիստոնեությունը, Քրիստոսի հաստատած եկեղեցին և հավատքն առ Աստված, որովհետև նրա առջև կբացվի անտեսանելի աշխարհի աննկարագրելի բազմագույն և փայլատակող արագությամբ ընթացող կյանքի անսահմանությունը, որը կփլուզի անհատի նյութական ընկալումների սահմանափակությունը և կվերափոխի նրա կյանքը: Բայց հարցն այն է, թե յուրաքանչյուր անձ ինչ և ում է փնտրում ու արժևորում, և արդյո՞ք կամենում է իր կյանքի հիմնակետն ու նպատակը կառուցել Արարչի հետ համագործակցությամբ, քանի որ շատ հաճախ տվյալ անձի ցանկությունը հնարավոր է, որ չհամընկնի Աստծո կամքի հետ, և ընտրություն կատարելու անհրաժեշտություն ծագի: Պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանցից շատերն այնպիսի ընտրության ուղի են բռնում, որն Աստծո կամքը շրջանցելու համար է: Եվ, որպեսզի իրենց խղճի և բոլորի առաջ արդարացնեն իրենց քայլը, կամա թե ակամա փորձում են հերքել հավատքը, առաջին հերթին էմոցիոնալ խոսքերով մեղադրել քրիստոնեությունն ու եկեղեցուն, ազգային պետականաշինության ձախողումների պատճառը համարել քրիստոնեության ընդունումը: Մյուս կողմից՝ հարցն այն է, որ պետք չէ քրիստոնեությունը չափել այս կամ այն քրիստոնյա մարդու լավ կամ վատ արարքով: Յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, նույնիսկ մոլորվել: Քրիստոնեության չափանիշը հենց նրա հիմնադիրն է՝ Քրիստոսը: Եթե մարդ կամենում է որևէ ծանրակշիռ բանավեճ ծավալել, պետք է Քրիստոսի ապրած կյանքի ու խոսքերի հիման վրա հակաճառական թեզ կամ ելույթ կառուցի, ոչ թե այս կամ այն մարդու ձախողված արարքի վրա: Պետք է նաև հիշել, որ ընկած մարդուն հարվածելը բարոյական չէ, պետք է օգնել, որ տվյալ անձը ոտքի կանգնի: Այս քայլը կլինի ազնիվ և վեհ: Ավետարաններում տեսնում ենք, որ հաճախ հրեա առաջնորդները փորձել են Քրիստոսի շուրջ հյուսել այնպիսի ծուղակներ, որ Նա սխալվի, սակայն ամեն անգամ կատարելապես պարտություն են կրել և իրենց գաղափարական ամոթալի պարտություններից մղված՝ որոշել են սպանել Քրիստոսին: Մյուս կողմից` նա, ով կամենում է քննադատել Քրիստոսին ու քրիստոնեությունը, արդյո՞ք ապրում է այնպիսի բարձր բարոյական կյանքով, որ Քրիստոսն է ապրել և իբրև ուղեցույց նշել մարդկության համար: Երբ քննադատություն հնչեցնողը կարողանա ապրել այդպիսի բարոյական ու ներդաշնակ կյանքով ու աստվածային սիրո դրսևորմամբ, այդ ժամանակ ազնիվ կլինի, եթե փորձի ինչ-որ հակաճառական ու քննադատական խոսք հնչեցնել քրիստոնեական արժեհամակարգի և ուսմունքի առնչությամբ: Այսօր հայերի որոշակի զանգված բաղձանքով վերհիշում է հեթանոսական անցյալն ու հեթանոսական կրոնական արժեհամակարգը: Հեթանոսական անցյալով տարված մարդկանց կարելի է խորհուրդ տալ կարդալ հեթանոս Սվետոնիոսի «Տասներկու կեսարների կյանքը» վավերագիր գիրքը, ուր տվյալ ժամանակի ականատես Սվետոնիոսը բացահայտում է, թե հեթանոսությունն ու դրա բարքերը մարդուն ինչպիսի անբարո անդունդի մեջ են նետել: Վերադառնալ հեթանոսական արմատներին, նշանակում է վերջնականապես վերջակետ դնել տվյալ ազգի պետականությանը, ինչպես Ասորեստանը, Բաբելոնը և հին աշխարհի այլ ազգեր արժանացան այդ ճակատագրին: Պատմությունը վկայում է, որ պետականություն ունեցող շատ ազգեր, որոնք ընդունեցին քրիստոնեական արժեհամակարգը, կարողացան պահպանել իրենց պետականության հարատևությունը մինչ այսօր և դարձան աշխարհի գերհզոր երկրներ, ինչպես Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և այլն: Այլ հարց է, որ Հայաստանը չկարողացավ համալրել այդ շարքը, ձախողվեց՝ մի քանի անգամ կորցնելով պետականությունը: Հարցի պատասխանը մենք պետք է դիտարկենք համակողմանի և անաչառ կերպով, այդժամ կհասկանանք, որ մեր ձախողումների պատճառը ոչ թե քրիստոնեությունն է և եկեղեցին, այլ առանձին անհատներ ու այդ անհատներից բաղկացած խմբեր և անառողջ հասարակություն ունենալու պարագան, որտեղ իշխանություն ունեցող փոքրաթիվ խումբը մշտապես վարել է հակաքրիստոնեական վարք, թալանել ու կեղեքել է ժողովրդին՝ թուլացնելով հայոց երկիրն ու կախման մեջ գցելով այլ պետություններից: Այս առումով հիշատակելի են և՛ Մովսես Խորենացու «Ողբը», և՛ Արիստակես Լաստիվերցու դառնաշունչ խոսքը Անիի կործանման պատճառների վերաբերյալ: Իսկ հեռավոր Արևելքում որոշակի յուրահատկությամբ առանձնանում են Չինաստանը, հետագայում Ճապոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը: Սակայն հարկ է նշել, որ այս երկրների կրոնական հիմքն ամենևին էլ հեթանոսական չէ, մասնավորապես այն առումով, ինչպես մենք ենք պատկերացնում: Ե՛վ բուդդայականությունը, և՛ կոնֆուցիականությունը շատ մոտ են քրիստոնեությանն իրենց վարքականոն արժեհամակարգով ու բարոյական կոդեքսներով և չափազանց հեռու հեթանոսական վարքականոններից ու բարոյական ըմբռնումներից: Քրիստոնեությանը մոտ բուդդայական և կոնֆուցիական արժեհամակարգի բարոյական ավանդույթների պահպանումն է, որ Չինաստանին և Հեռավոր Արևելքի մյուս զարգացած երկրներին ապահովել է պետական հարատևության հեռանկարով: Անդրադառնալով տնտեսության զարգացմանը` տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Ուլյանովը նշում է, որ երկրներ կան, որոնց մշակույթը ձևավորվել է քրիստոնեության հիմքերի վրա, երկրներ էլ կան, որոնք այլ ավանդույթների հիմքերով են զարգացել: Այնուամենայնիվ պետք է նշել, որ ներկայիս Արևմուտքը վերջին ժամանակներում միտված է հրաժարվել քրիստոնեական արմատներից, որոնց շնորհիվ այն բարգավաճել է: Քրիստոնեությունը դրական ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգևոր, այլև նյութական առաջընթացի վրա: 19-րդ դարի մեծ տնտեսագետ Ալֆրեդ Մարշալը, հետազոտելով պատմական նյութերը, եկել է այն եզրակացության, որ ժամանակակից ընկերությունները, որոնցում սեփականատերն ու աշխատողները ազգականներ չեն, հասունացել են քրիստոնեության լայն տարածումից հետո՝ 4-5-րդ դարերում: Ըստ Ա. Մարշալի, Փրկիչը, աշխարհ գալով, մարդկային հարաբերություններում արմատական փոփոխությունների հիմք է դրել վստահության հարցում: Եթե նախկինում տարածված էր ընտանիքի անդամներին առաջնություն տալը կարևոր պաշտոնների հարցում, այդուհետ առաջնություն էր տրվում նաև արժանավոր օտար անձանց: Եվ այդ օրվանից սկսվում է զարգացումը, ինչը մենք անվանում ենք տնտեսություն: Պարզվում է՝ քրիստոնեական աշխարհը զարմանալիորեն ունակ է արագ զարգանալու, ստեղծագործելու և արարելու: Քրիստոնեությունը կարողանում է ճգնաժամերից դուրս գալու ուղիներ գտնել, ունակ է գիտակցելու, ընդունելու սխալները և շտկելու դրանք: Արդեն մի քանի դար է՝ ոչ քրիստոնեական աշխարհն իր զարգացման տեմպերով հետապնդողի դարում է, իսկ քրիստոնեականը ցույց է տալիս ուղիները, ստեղծում է նորը և առաջ շարժվում, թեև մի քանի անգամ քրիստոնեական աշխարհին մարտահրավերներ են նետվել, օրինակ՝ Խորհրդային Միության, իսլամական նավթային մագնատների և կոնֆուցիա-բուդդայական Ասիայի կողմից: Եվ ամեն անգամ հավասարազոր մրցակցությունը շարունակվել է այնքան, քանի դեռ չի հասել զարգացման փուլի վերջնակետին: Բայց երբ արդյունաբերական փուլը սպառել է իր հնարավորությունները, պարզվել է, որ քրիստոնեական աշխարհը կարող է արագ հարմարվել նոր հանգամանքներին, իսկ ոչ քրիստոնեականը հայտնվել է դժվարությունների մեջ: Արդեն 16-17-րդ դարերում Արևմուտքը առաջ էր անցել Չինաստանից, Հնդկաստանից ու արաբական աշխարհից՝ շնորհիվ ազատ արտաքին առևտրի, գործարանների և բանկային համակարգի, իսկ 20-րդ դարում՝ նորարարական տեխնոլոգիաներով ու տեղեկատվական նորամուծություններով: Առանձնահատուկ է Ճապոնիան, սակայն այս երկրի զարգացումն սկսվել է այն ժամանակ, երբ քրիստոնեական գործարար մշակույթը 17-18-րդ դարերում թափանցել է ավանդույթների վրա հիմնված խիստ պահպանողական Ճապոնիա` ստեղծելով ազատ առևտրի գոտիներ, որոնք հետագայում դարձան ճապոնական զարգացման հիմնական խթաններից մեկը: Մինչ քրիստոնյա առևտրականների ժամանումը Ճապոնիա՝ այդ երկիրը տնտեսապես զարգացած չէր, հիմնականում հիմնված էր գյուղատնտեսության վրա: Այդուհանդերձ, Ուլյանովը նշում է, որ արդեն 1990-ական թվականներին պարզվում է, որ ճապոնական մոդելը սպառվել է, և այդ երկիրը կարիք ունի նոր տնտեսական մոտեցումների, որովհետև հետինդուստրիալ աշխարհում տնտեսական աճը հիմնված է տեղեկատվության և նորարարության վրա: Բայց որ դա ստացվի, կարիք կա նոր մարդկանց, նոր հասարակության, այսինքն՝ ավելի բաց, հանդուրժող, անհատի ազատությունը և իրավունքը հարգող մոտեցումներ: Պարզվում է, որ, ըստ էության, արևելյան հասարակությունը պատրաստ չէ նման արմատական փոփոխությունների, որպեսզի դուրս գա արմատական ճգնաժամից: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, թե ինչպիսի զարգացում է ապրում Հարավային Կորեան, որի բնակչության 60 տոկոսը քրիստոնյա է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երկրի զարգացումը սկսվել է հոգևոր փոփոխություններին զուգահեռ: Հիսուն տարվա ընթացքում բուդդայական այդ երկիրը դարձել է քրիստոնեական, ուր տարեցտարի դատարկվում են բուդդայական տաճարները: Իսկ Սինգապուրի առնչությամբ պետք է նշել, որ այս երկրի զարգացումն առանց ԱՄՆ-ի օժանդակության հնարավոր չէր: Այստեղ ներդրվել է քրիստոնեական մեծագույն վարքականոններից մեկը, որը համահունչ է նաև կոնֆուցիական և բուդդայական մոտեցմանը՝ եղիր ազնիվ ու այլևս մի գողացիր, մի գողացիր, ամենից առաջ, պետությունից, ինչը, ցավոք, չի գործում Հայաստանում:
Ահա՛ թե որտեղ պետք է փնտրենք մեր ձախողումների պատճառը, ոչ թե անհիմն կերպով մեղադրենք քրիստոնեությանը, որն ապահովում է հասարակության ծաղկուն զարգացման հեռանկարը՝ հիմնված աստվածային սիրո պատվիրանի վրա:
Հովհաննես սրկ. Մանուկյան
Աղբյուրը՝ irates.am