- Հա՛յր, երբ ինչ-որ բարդ խնդիրներ են առաջանում Եկեղեցում, ինչպե՞ս պետք է դրանց ճիշտ վերաբերվել:
- Պետք է ծայրահեղություններից խուսափել: Ծայրահեղությունների օգնությամբ խնդիրները չեն լուծվում: Հնում նպարավաճառը գոգաթիակով վերցնում էր շաքարավազը, ձավարը և այլն և քիչ-քիչ ավելացնում կշեռքի վրա: Այդ կերպ նա ճշգրտության էր հասնում, և կշեռքը հավասարակշռության էր գալիս: Այսինքն, նա միանգամից, կտրուկ չէր լցնում ամբողջը կշեռքի վրա կամ վերցնում դրա վրայից: Երկու ծայրահեղություններն էլ միշտ տանջում են Մայր Եկեղեցուն: Եվ նրանք, ովքեր հետևում են այդ ծայրահեղություններին, նույնպես տառապում են, որովհետև սովորաբար յուրաքանչյուր ծայրահեղություն ցավոտ կերպով ծակում է իր սուր ծայրով: Դա նման է նրան, որ իր ծայրահեղության մի ծայրից բռնվի դիվահարը՝ հոգևոր առումով անամոթ, ամեն ինչ արհամարհող մարդը, իսկ մյուս ծայրից խելագարը համառի, որի հիմար նախանձախնդրությունը միացած է նեղմտությանը: Այսինքն, հոգևոր առումով անամոթ մարդը երբեք համաձայնության չի գա հիմար նախանձախնդրությամբ խանդող զիլոտի հետ: Այդ մարդիկ իրար կծեծեն ու կխժռեն, որովհետև երկուսն էլ զրկված են աստվածային շնորհից: Եվ այդժամ, Աստված մի արասցե, երկու ծայրահեղությունները կարող են մշտապես խոցել միմյանց, որի վերջն այդպես էլ չի երևա: Իսկ ահա նրանք, ովքեր կկարողանան երկու ծայրահեղությունների ծայրերը մեկը մյուսի առջև այնպես թեքել, որ դրանք միանան, համախոհ դառնան, հաշտվեն՝ Քրիստոսի կողմից երկու անթառամ պսակի կարժանանան:
Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի խնդիրներ չառաջացնենք Եկեղեցում և պատահող մարդկային փոքրիկ թուլությունները չուռճացնենք, որպեսզի ավելի մեծ չարիք չգործենք և բանսարկուին ուրախանալու առիթ չտանք: Նա, ով մի փոքրիկ անկարգություն տեսնելով, սաստիկ հուզվում է և զայրույթով նետվում այն շտկելու, նման է անմիտ դպիրի, ով, տեսնելով, որ մոմը հոսում է, նետվում է այն ուղղելու՝ ճանապարհին աղոթողներին հարվածելով ու վայր գցելով, մոմակալները շրջելով և սարսափելի անկարգություն ստեղծելով Պատարագի ժամանակ: Դժբախտաբար մեր օրերում շատերն են ալեկոծում Մայր Եկեղեցին. ոմանք՝ կրթվածները, ուղեղով են կառչել դավանաբանությանը, բայց ոչ Սուրբ Հայրերի ոգով: Մյուսները՝ անկիրթները, նույնպես կառչել են դավանաբանությունից, բայց ատամներով: Այդ պատճառով էլ եկեղեցական որևէ խնդիր քննարկելիս կրճտացնում են դրանք և այդ կերպ Եկեղեցուն ավելի մեծ վնաս է հասցվում, քան մեր Ուղղափառության թշնամիներից: Լավ է, երբ գետը ո՛չ չափազանց արագահոս է, որովհետև այդժամ ջուրը տանում է ծառերը, քարերը, մարդկանց, և ոչ էլ՝ չափազանց ծանծաղ, որովհետև այդ դեպքում այն մոծակներով լի ճահճի է վերածվում:
Կան նաև մարդիկ, ովքեր ոչ թե ընդհանուր բարօրությամբ են զբաղված, այլ փոխադարձ քննադատությամբ: Մարդն ուրիշին ավելի շատ է հետևում, քան ինքն իրեն: Նա սպասում է, թե իր ընդդիմախոսն ինչ կգրի կամ կասի, որպեսզի դրանից հետո անողոք հարված հասցնի նրան, և դա այն դեպքում, երբ եթե ինքը նույնը ասեր կամ գրեր, ապա իր մտքերը կհիմնավորեր սուրբգրային և Սուրբ Հայրերից բազմաթիվ մեջբերումներով: Այդպիսի մարդու գործած չարիքը մեծ է, քանի որ մի կողմից նա անարդարություն է գործում իր մերձավորի հանդեպ, իսկ մյուս կողմից ջախջախում է նրան հավատացյալների աչքին: Ի հավելումն այդ ամենի՝ այդպիսի մարդը հաճախ գայթակղեցնում է թույլ մարդկանց հոգիները, և այդ կերպ անհավատություն սերմանում նրանցում: Ոմանք, իրենց չարությունն արդարացնելով, ուրիշներին են մերկացնում, այլ ոչ թե իրենց, և ավետարանական խոսքերը չարաշահելով, թե՝ «կասես հավատացյալների ժողովում» (Մտթ. 18:17), ներեկեղեցական ինչ-ինչ խնդիրներ խայտառակորեն ցուցադրում են ամբողջ աշխարհին՝ բոլոր անկյուններում փողահարելով մի բանի մասին, որի մասին նույնիսկ վայել չէ խոսել: Թող այդ մարդիկ իրենց փոքր եկեղեցուց սկսեն՝ իրենց ընտանիքից կամ վանական եղբայրությունից, և եթե դա նրանց դուր գա, ապա արդեն հետո թող խայտառակեն նաև Մայր Եկեղեցին: Ես կարծում եմ, որ բարի զավակները երբեք իրենց մորը չեն մեղադրի որևէ բանում:
Եկեղեցուն տարբեր մարդիկ են պետք: Ե՛վ նրանք, որ առանձնանում են փափուկ բնավորությամբ, և՛ խիստ բնավորություն ունեցողներն իրենց ծառայությունն են բերում Եկեղեցուն: Մարդու մարմնին բազմազան կերակուր է անհրաժեշտ՝ և՛ քաղցր, և՛ թթու, նույնիսկ խատուտիկի դառը տերևներն են անհրաժեշտ: Չէ որ յուրաքանչյուր կերակուր իրեն հատուկ նյութերն ու վիտամիններն ունի: Այդպես էլ Եկեղեցու Մարմնին տարբեր խառնվածքի տեր մարդիկ են անհրաժեշտ: Նրանք լրացնում են միմյանց խառնվածքները: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է համբերությամբ տանել ոչ միայն մեր մերձավորի հոգեկերտվածքի առանձնահատկությունները, այլ նույնիսկ այն թուլությունները, որ կան նրանում որպես մարդ: Սակայն, ցավոք, ոմանք ոչ խելամիտ պահանջներ ունեն ուրիշների նկատմամբ: Նրանք ուզում են, որ բոլորը նույն հոգեկերտվածքն ունենան, ինչ՝ իրենք, և երբ մեկը տարբերվում է իրենցից, օրինակ՝ ավելի ներողամիտ կամ կտրուկ բնավորությամբ, ապա նրանք իսկույն եզրակացնում են, որ նա հոգևոր մարդ չէ:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի