Եկեղեցանվեր խոնարհ աստիճանների արժանացան 55 ընծայյալներ

Դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռամբ դպրության առաջին չորս աստիճաններ ստացան ԱՀԹ 12 եկեղեցիներից 55 ընծայյալներ, որոնցից չորսը ձեռնադրությունից հետո արժանացան ուրարակրության: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տարեցտարի ավելանում է Ս. Սեղանին սպասավորողների թիվը: Այս տարի դպրության արժանացան տասը ընծայյալներ, որոնցից Գոռ Գրիգորյանին Սրբազան Հոր օրհնությամբ շնորհվեց նաև ուրարակրության աստիճան:

Խոնարհ կամ փոքր աստիճանների տվչության ընթացքում Սրբազան Հայրը, ի նշան եկեղեցու ծառայության ընծայման, Ս. Խորանի առջև ծնկի եկած ընծայյալների գլխի մազերը խաչաձև կտրեց՝ բանաձևելով այսպես. «Ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն աշխարհիս», ապա, աղոթք կարդալով, նրանց հանձնեց աստիճանի հատուկ իրը, սպասքը կամ գիրքը՝ Ժամագիրք, ավել, բանալի, Աստվածաշունչ, Մաշտոց ծիսամատյան, մոմակալ, բաժակ և ապա իշխանություն՝ պաշտոնը գործադրելու:

Ողջ արարողության ընթացքում հոգևոր ուրախություն էր պատել բոլորին. շարականագրի խոսքով կարծես բոլորը ձայնում էին և ասում՝ «Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի». Հայ եկեղեցու անդաստանը համալրվեց խոնարհ աստիճաններ ստանձնած սպասավորներով: Քրիստոսահիմն եկեղեցին շարունակում է իր առաքելությունը խոնարհ ծառայության շնորհիվ, որի նախատիպը համարվում է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Հոգևոր ծառայության կոչված Աստծո մշակը, ինչպես նշում է Պողոս առաքյալը, պետք է ջանա Աստծո աչքին երևալ որպես ընտիր մի մարդ, այնպիսի մի մշակ, որ իր գործերի համար ամաչելու բան չունենա, որպես մեկը, որ ուղիղ է ուսուցանում Աստծո ճշմարիտ պատգամը (Բ Տիմոթ. 2:15):

Արարողության ավարտին Սրբազան Հայրն իր հայրական պատգամը հղեց ընծայյալներին՝ մասնավորապես նշելով. «Ս. Ստեփանոսի մշտանորոգ կերպարը թող ներշնչանք լինի նորընծա մեր դպիրների կյանքում, որպեսզի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նավի մեջ լինելով՝ կարողանան նավարկել դեպի փրկության ճանապարհ՝ չշեղվելով այն առաքելությունից, որին կոչվեցին: Սրբի զորավոր օրինակը թող վահան լինի ձեզ, որպեսզի ձեր ծառայությամբ պտղաբերեք Առաքելական եկեղեցու հոգևոր անդաստանը»:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից ձեռնադրությունը շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Նվիրյալը ձեռնադրության արարողությամբ Աստծուց ընդունում է եկեղեցական կարգ, իշխանություն և երկնային իմաստություն: Հայ եկեղեցու նվիրապետական կառույցն ունի ինը աստիճան՝ դռնապանություն, ընթերցողություն, երդեմնցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն: Դռնապանությունից մինչև սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ: Փոքր աստիճանները այժմ ամփոփված են դպրության մեջ: Այս աստիճանները խորհրդագործական կարգին չեն վերաբերում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են եկեղեցու ծիսական կանոնավորության համար: Դպիրները պատանիներ են և երիտասարդներ, որոնք շապիկ հագնելով, շարական են երգում, գիրք կարդում և խնկարկում:

 

Կարինե Սուգիկյան

25.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․