Քրիստոսի Մարմինը կազմող եկեղեցու անդամները՝ որպես գլուխ ունենալով Քրիստոսին, ջանում են, որ Քրիստոսի Մարմինն աճի և զորանա, որպեսզի, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը հասնեն հավատի ամբողջական միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը (Եփեսացիներ 4:13): Աշխարհով մեկ սփռված մեր հավատավոր հայրենակիցները՝ Տիրոջ կողմից պարգևած շնորհի չափով, թե՛ արտերկրում և թե՛ հայրենիքում իրենց աղոթքով և ծառայասիրությամբ փորձում են իրենց լուման ունենալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պայծառացման ու շենացման սուրբ գործում: Իսկ Հայոց ազգը և եկեղեցին ամուր է և շեն իր ընտանիքներով: Եկեղեցանվեր և հայրենանվեր այդ առաքելությունն ուղղորդեց արտերկրում բնակվող հայ ընտանիքներից երկուսին իրենց փոքրիկ նպաստը բերելու հայրենիքում իրենց համար հարազատ դարձած Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն՝ խրախուսելով եկեղեցու համայնքի բազմազավակ ընտանիքներից մեկին: Սփյուռքահայ ընտանիքները, հետևելով եկեղեցու surbzoravor.am կայքէջին, քաջատեղյակ են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքին և գործունեությանը: Մայիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող Գոռ Գրիգորյանի բազմազավակ ընտանիքին հանձնեց սփյուռքահայ ընտանիքների կողմից տրամադրված գումարը (160 ԱՄՆ դոլար, որից 60 դոլարը փոխանցել էր փոքրիկ Միլա Կյուտիվճիյի հայրը և նրա երկու ընկերները՝ փոքրիկի տարեդարձի առթիվ, իսկ մնացյալը Առնոյի հայրը՝ իր որդու մասնագիտական հաջողության և բանակում ավտանգ ծառայության համար):
Եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով, և Քրիստոսի կատարյալ նմանությանը ձգտող յուրաքանչյուր ոք իր ծառայասիրությամբ նպաստում է, որ «Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, աճի և զորանա սիրո մեջ» (Եփեսացիներ 4:16):
Կարինե Սուգիկյան