«Էլ ի՞նչ պիտի անեի Իմ այգու համար, որ չարեցի»

««Ի՜նչ գեղեցիկ է տեսնել ավետիս բերողներին, որոնք գալիս են խաղաղության լուրը տալու և գալիք բարությունն ավետելու» (Եսայի 52:7), բայց բոլորը չընդունեցին այդ ավետիսը: Արդարև, Եսայի մարգարեն գոչում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին»: Նշանակում է, ուրեմն, որ հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմ. 10:15-18): Մեր Փրկչի բերած փրկության ավետիսին նախ ունկնդիր եղավ հրեա ազգն ու չընդունեց, բայց կենարար, զորեղ ու հոգիները վերափոխող Աստծու խոսքն ուղղված է նաև բոլոր դարաշրջաններում ապրող մարդկանց, քանզի Աստծու խոսքը ժամանակներից վեր է և իր ասելիքն ունի բոլոր ժամանակների մարդկանց:  

Հասարակ ժողովուրդը, որին փարիսեցիներն անգետ էին համարում, իսկ մաքսավորներին արհամարհում էին հեթանոսների հետ միասին, փառաբանում էին Աստծուն, որ ուղարկեց Հովհաննես Մկրտչին, որն ավետեց Փրկչի գալուստը, նախապատրաստեց Նրա ճանապարհը և ապաշախարության ու մկրտության կոչեց բոլորին: Բայց դպիրներն ու փարիսեցիները մերժեցին Հովհաննեսի քարոզչությունը, չմկրտվեցին նրա կողմից և դրանով իսկ մերժեցին Աստծու կամքն ու իրենց փրկության հնարավորությունը: Քրիստոս, տեսնելով նրանց համառությունը, վրդովմունքի խոսքեր ուղղեց նրանց. «Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց: Նրանք նման են այն փոքրիկներին, որոնք նստում են շուկայի հրապարակներում և ձայն են տալիս միմյանց՝ ասելով. «Նվագեցինք ձեզ համար, բայց դուք չպարեցիք, ողբի երգեր երգեցինք, բայց դուք լաց չեղաք»» (Մատթ. 11:16-18): Եկեղեցու հայրերը նշում են, որ, սաստելով ժամանակակից սերնդին անհավատության համար, Քրիստոս նրանց՝ դպիրներին ու փարիսեցիներին, նմանեցրեց կամակոր և քմահաճ երեխաների, որոնց ընկերները ոչ մի կերպ չէին կարողանում հաճոյանալ իրենց: Այդ երեխաները դժգոհում էին իրենց հասակակիցներից, որ մասնակից չէին իրենց խաղերին: Առաջիններն սկսեցին ուրախ երաժշտություն նվագել և բողոքել, որ իրենց հասակակիցները չեն պարում: Իսկ երբ հասակակիցները սկսեցին զվարճանալ, դժգոհ երեխաներն սկսեցին թաղման երգեր նվագել  ու նորից դժգոհել ընկերներից, որ լաց չեն լինում: Հրեա ժողովրդի գերակշռող հատվածը չցանակացավ լսել ո՛չ անապատի խիստ ճգնավորին՝ Հովհաննեսին, և ոչ էլ Մարդու Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ հեզ էր ու սրտով խոնարհ: Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր և ո՛չ խմում՝ ինչպես վայել էր ապաշխարության խիստ քարոզչին, բայց նրան լսելու փոխարեն նախատեցին խստության համար՝ անվանելով դիվահար: Եկավ Մարդու Որդին, որ ուտում էր և խմում, սիրով պատրաստ էր սեղան նստելու մաքսավորների և մեղավորների հետ, միայն թե նրանց դեպի Աստված առաջնորդեր, նրանից էլ դժգոհ մնացին և ասացին. «Ուտող և խմող է այս մարդը, մաքսավորների և մեղավորների բարեկամ» (Մատթ. 11:18-19):

«Էլ ի՞նչ պիտի անեի Իմ այգու համար, որ չարեցի»,- ասում է Տերը Եսայի մարգարեի շուրթերով (Եսայի 5:4): Թե՛ Հովհաննես Մկրտիչը և թե՛ Քրիստոս ունեին մեկ նպատակ՝ մարդկանց փրկությունը, թեև այդ նպատակի համար նրանք տարբեր ուղիներով անցան: Ս. Հովհան Ոսկեբերանն այս մասին ասել է. «Հրեաները կարող էին հավատալ, բայց չցանկացան հավատալ: Աստված Իր կողմից ամեն ինչ արեց, որպեսզի մարդիկ անխոհեմ կասկածների նվազագույն պատճառ չունենան: Իսկ արդարության հետևորդները, ովքեր ողջ սրտով փնտրեցին փրկության ուղին, գործով ցույց տվեցին, որ այն հեշտ է գտնելը, նրանք հավատացին Քրիստոսին՝ Աստծու Որդուն, և այդ կերպ ցույց տվեցին, որ հրեաները կարող էին, բայց չցանկացան հավատալ Աստծուն»:

Հիսուս սկսեց նախատել Գալիլիա լճի ափամերձ քաղաքներին՝ Քորազինին, Բեթսայիդային և Կափառնայումին, ուր Ինքը բազում հրաշքներ էր գործել, բայց նրանք դարձի չէին եկել. «Վա՜յ քեզ Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛. եթե այն հրաշքները, որ ձեր մեջ գործվեցին, կատարված լինեին Տյուրոսում և Սիդոնում, նրանց բնակիչները վաղուց քուրձ հագնելով և մոխրի վրա նստելով՝ապաշխարած կլինեին: Ուրեմն, ասում եմ ձեզ. դատաստանի օրը Տյուրոսի և Սիդոնի բնակիչների պատիժն ավելի թեթև կլինի, քան  ձերը» (Մատթ. 11:21-23): Ս. Հովհան Ոսկեբերանն, անդրադառնալով այս քաղաքներին, ասել է. «Չնայած նրան, որ Հիսուս «ծով հրաշքներ» գործեց այդ քաղաքներում, չնայած Տիրոջ խոսքի զորությանը, որ կարող է նորոգել սրտերը, ավագանու, դպիրների և փարիսեցիների՝ ժողովրդի այս առաջնորդների սրտերը մնացին կարծրացած և իրենք համառեցին իրենց անհավատության մեջ»:

Երանելի Թեոֆիլակտ Բուլղարացին այս հատվածի վերաբերյալ ասել է. «Տյուրոսի և Սիդոնի բնակիչները միայն խախտեցին բնական օրենքը, այն օրենքը, որ Արարիչն է դրել բնության մեջ, մարդու խղճի մեջ, իսկ հրեաներն այդ օրենքից բացի խախտեցին Մովսեսի միջոցով Աստծու տված օրենքը: Այդ քաղաքները չտեսան Քրիստոսի գործած հրաշքները, բայց հրեաները տեսան և հայհոյեցին»: Իսկ Կափառնայում քաղաքի մասին Տերն ասել է. «Իսկ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք, որովհետև եթե Սոդոմում գործված լինեին այն հրաշքները, որ գործվեցին քո մեջ, վստահաբար նա կանգուն կլիներ մինչև այսօր: Ուրեմն, ասում եմ ձեզ. դատաստանի օրը Սոդոմի բնակիչների պատիժն ավելի թեթև կլինի, քան ձերը» (Մատթ. 11:23-24):

Կափառնայում քաղաքն իր մեջ այնպիսի Բնակիչ ուներ, որ չցանկացավ Նրանից օգուտ քաղել: Իր հարստությամբ ու փառքով այդ քաղաքը վեր բարձրացավ, բայց Աստծու հանդեպ ապերախտությամբ, անհավատությամբ և համառությամբ մինչև դժոխք իջավ: Աստվածային  զորեղ դատավճռից քառասուն տարի չէր անցել, երբ այս բոլոր քաղաքները հռոմեացիների կողմից հիմնովին ավերվեցին: Անդրադառնալով Բեթսայիդա քաղաքին՝ սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ այս քաղաքի բնակիչները բնությամբ չար չէին, առաքյալներից հինգը՝ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը, Հովհաննեսը և Փիլիպպոսը, այս քաղաքից էին, ինչը նշանակում էր, որ Աստծու շնորհը հոգեհարազատ էր այս քաղաքի բնակիչների սրտերին, սակայն նրանք մերժեցին այն և առավել մեծացրին իրենց մեղքը: Նախկինում Տերը հրեաներին դատապարտելիս մատնանշում էր նինվեացիներին և Հարավի թագուհուն (Մատթ. 12:38-42), ովքեր առաքինության օրինակներ հանդիսացան, բայց հետո նրանց դատապարտելիս նրանց համեմատում էր մեղավորների հետ, ինչը, իհարկե, շատ ավելի սարսափելի է:

«Ուշադիր լինենք ու զգաստանանք,- հորդորում է սբ. Հովհան Ոսկեբերանը,- քանի որ Փրկիչը ոչ միայն անհավատներին, այլև մեզ էլ է սոդոմացիներից ավելի դաժան պատիժ սահմանել, եթե չկատարենք Նրա պատվիրանները: Քրիստոս խոսում է մեզ հետ Իր սուրբ Ավետարանով, եկեղեցու հայրերի և հոգևորականների ուսմունքների և քարոզների, սուրբ խորհուրդների ներգործող աստվածային շնորհների միջոցով: Եվ Քրիստոս ոչ պակաս մոտ է մեզ, քան Կափառնայումի բնակիչներին, որտեղ ապրել է Նա, որովհետև մեզ ասաց՝ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20): Սարսափենք մեղքերից, որոնց պատճառով Կափառնայումի բնակիչները դատապարտվեցին դժոխքի»: Մի անգամ սբ. Մակար Մեծը կռապաշտ քրմի գանգին հարցրեց. «Կա՞ ավելի  դառը տանջանք, քան այն, որին դատապարտված են կռապաշտները»: Գանգը նրան պատասխանեց. «Մենք՝ ճշմարիտ Աստծուն չճանաչողներս, գոնե մի փոքր զգում ենք Նրա ողորմածությունը մեր հանդեպ, բայց մեզանից ներքև՝ դժոխքի խորքերում, անասելի ու դաժան չարչարանքների են ենթարկվում նրանք, ովքեր ճանաչեցին Աստծուն, բայց մերժեցին Նրան ու չպահեցին Նրա պատվիրանները»: Այսպիսով՝ «այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստի կամ չի կատարի Նրա ուզածը, շատ պատիժ պիտի ստանա» (Ղուկ. 12:47):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

28.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․