Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: Ամեն դեպքում երազը մնում է երազային աշխարհում: Երբ այն դառնում է անհատի համար կյանքի ուղեցույց, այդժամ անհատը հայտնվում է կախվածության մեջ, որի դեպքում հնարավոր են զանազան փորձություններ և ազատ կամքի սահմանափակում տարբեր քայլերում:
Դեռևս հնագույն ժամանակներից տրվել են տարբեր բացատրություններ երազների վերաբերյալ: Գրվել են ուսումնասիրություններ, ստեղծվել՝ երազահաններ, որոնք փորձել են մեկնել դրանց իմաստները: Արդի դարաշրջանում առավելապես հոգեբանությունն է փորձում լուսաբանել այս առեղծվածային երևույթը: Սակայն քրիստոնեական մարդաբանությունը դեռ շատ դարեր առաջ նույնպես անդրադարձել է այս խնդրին և բացահայտել է ավելին, քան հոգեբանությունը, որովհետև ներկայումս այն, ինչի վերաբերյալ գիտությունը վերջնական բացատրություն չունի, հոգևոր սուրբ հայրերը նկատել և տեսնել են այդ իրականության անտեսանելի կողմը և իրենց աշխատություններում խոսել դրանց մասին: Երազների երևույթին դեռևս 4-րդ դարում անդրադարձել է սբ. Գրիգոր Նյուսացին՝ իր «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն» (Յաղագս կազմութեան մարդոյ) գրքում: Երազների մասին խոսել է նաև Օգոստինոս Երանելին, սբ. Եփրեմ Ասորին, սբ. Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Նոր Աստվածաբանը և այլք:
Ինչպես գիտենք մեր կյանքի երկու հիմնական վիճակներն են արթնությունը և քունը: Կյանքի գիտակցական ընկալումը մարդն անցկացնում է արթնության վիճակում, սակայն քնած վիճակում մարդու գիտակցությունը գտնվում է հանգստի վիճակի մեջ: Սորբոնի համալսարանում ուսանած Շահան Պերպերյանը, որը ժամանակին դասավանդել է նաև Անթիլիասի դպրեվանքում, իր «Հոգեբանություն» գրքում նշում է, որ քունը գիտակցության դադարում է, թեև ոմանք ասում են, որ այն չի կարող ամբողջովին դադարի վիճակի մեջ լինել: Գիտակցությունը գործում է, թեև՝ տկարացած կերպով: Համենայնդեպս գիտակցությունն այնքան է մեղմանում, որ կարող ենք ասել, թե դադարել է գործելուց: Եվ այս ժամանակ է, որ ի հայտ է գալիս երազը: Հոգեբանները մեծ մասամբ կարծում են, որ քունը բաժանվում է երկու տեսակի՝ ակտիվ և հանգիստ, որոնք հաջորդում են միմյանց: Երբ մարդը հանգիստ տեսակի քնի ժամանակ է արթնանում, հաճախ չի հիշում իր տեսած երազը կամ երազները: Մարդիկ վերարտադրում են իրենց երազները քնի ակտիվ տեսակի ժամանակ արթնանալիս: Սովորաբար անհատը շատ երազներ է տեսնում, բայց արթնանալիս հիմնականում հիշում է իր տեսած վերջին երազը: Երազների տևողության վերաբերյալ կարծիքները բազմազան են, դեռևս հստակ պատասխան չկա այս առումով: Հիմնականում նշում են, որ երազը տևում է ակնթարթներից մինչև մի քանի րոպե: Սովորական ակնթարթները ժամանակային առումով երկար են թվում երազում: Երազագիտության ուսումնասիրությամբ զբաղվող անձինք երազները բաժանում են երկու մասի` բնական և գերբնական: Շահան Պերպերյանը նշում է, որ բնական երազներն իրենց հերթին բաժանվում են տեսակների: Տարբեր մեկնաբանություններում ու բացատրություններում դրանք նշվում են տարբեր թվաքանակով և անվանումներով, սակայն կարելի է հիշատակել հիմնական տեսակները: Ըստ Պերպերյանի`առաջինը՝ արտաքին ազդակներն են: Երբ մարդը քնած է, նրա զգայարանները չեն գործում, սակայն չեն դադարում ընդունել արտաքին աշխարհից եկող ազդակները: Եթե ազդակները հզոր են, մարդն արթնանում է: Իսկ եթե թույլ են, օրինակ, դրսում լսվում է ինչ-որ ձայն, հնարավոր է, որ այն քնած մարդու մոտ արտացոլվի որևէ երազի տեսքով՝ հյուսված ինչ-որ պատմության ձևով:
Երկրորդը՝ ներքին ազդակներն են․ օրինակ՝ քնած մարդու մոտ որևէ օրգան ցավում է: Այն կարող է արտահայտվել երազի միջոցով, առավելապես ոչ հաճելի երազների տեսքով:
Երրորդը՝ զանազան ձգտումներից վերարտադրված երազներն են, որոնք կեղծ գոհացում են տալիս քնած մարդու ձգտումներին։ Օրինակ՝ մարդը ծարավ է: Նա երազ է տեսնում, որ անապատի մեջ է և մի աղբյուր է գտնում ու անհագորեն սկսում է խմել, բայց չի հագենում:
Չորրորդ տեսակը այն երազներն են, որոնք հյուսվում են օրվա իրադարձությունների հիման վրա: Այս դեպքում մարդը, երազը վերլուծելով, հասկանում է, որ այն իր անցած օրվա առօրյայի, մտածումների վերարտադրությունն է՝ երազային որևէ պատմության տեսքով: Շահան Պերպերյանն ասում է, որ չենք կարող միայն մեկ պատճառով երազները բացատրել: Ուստի, երազների առաջ գալը այլազան պատճառներից են և հնարավոր է, որ մի քանի ազդակների միաժամանակ հանդես գալը երազ առաջացնի կամ միայն մեկ ազդակի գործոնով երազ միահյուսվի:
Բնական երազներից բացի, ինչպես նշեցինք, գոյություն ունեն գերբնական երազները: Գիտնականների մի մասը կարծում է, որ գերբնական երազները մարդիկ հաճախ տեսնում են կես քուն, կես արթուն վիճակում: Այդօրինակ երազներն անվանում են նաև տեսլական, որոնք տեսիլքների ձևով են արտահայտվում: Հոգեբանությունը բնորոշում է գերբանական երազների մի տեսակ ևս, որը կոչվում է հեռազգայական երազներ: Արդի գիտությունն ընդունում է հեռազգայությունը: Շ. Պերպերյանը նշում է, որ մարդկային ուղեղն անծանոթ ալիքների միջոցով հեռավոր վայրերից ազդեցություններ է ընդունում: Հոգեբաններն այդ ալիքները կոչում են հոգեկան ալիքներ, որոնք առկա են մթնոլորտի մեջ: Չի բացառվում, որ դրանք ազդեն ուղեղի վրա երազներ տեսնելու ընթացքում՝ հաղորդելով իրադարձություններ: Օրինակ՝ մայրը երազի մեջ կարող է տեսնել, զգալ հեռավոր վայրում գտնվող իր որդու հետ կատարվող լավ կամ վատ իրադարձությունը: Սակայն սա նուրբ խնդիր է, քանի որ ինքնաներշնչանքը, հաճախ էլ դիվական աշխարհը կարող են նմանատիպ կեղծ երազներ հաղորդել մարդուն և անհատին հոգեկան տագնապի, հուսահատության մեջ գցել: Արդ, այդօրինակ երազներ տեսնելիս անհրաժեշտ է խորհրդակցել նաև հոգևորականի հետ՝ փորձության մեջ չհայտնվելու համար: Ոչ սովորական, բնական երազներից առանձնանում են հոգևոր ոլորտին առնչվող երազները, որոնք լինում են Աստծու կողմից (Ծննդ. 20:3-7, 28:12-15, Մատթ. 1:20, 2:12-13, 2:20 և այլն) կամ երկրորդի դեպքում, ինչպես սբ. Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանց»-ում որակում է, դիվական երազներն են:
Քրիստոնյայի համար էական է հասկանալ, թե ինչպես տարբերել այս երազները, որովհետև դևերը երբեմն երազների մեջ հանդես են գալիս լուսե հրեշտակների պատկերներով (Բ Կորնթ. 11:4), մահացած հարազատների, բարեկամների տեսքով: Նման դեպքերում չար ոգիները ջանում են, որպեսզի չբացահայտվեն: Գողի պես փորձում են ծածուկ, ծպտված և աննկատ գործել: Սակայն, երբ տեղյակ ես, որ տունդ գիշերը գող է գալու, ամուր փակում ես տանդ դռներն ու պատուհանները, որպեսզի գողը ներս չթափանցի: Հետևաբար, մեզ համար կարևոր է հասկանալ, թե նման երազներն ում կողմից են, որպեսզի մեր մտքի, սրտի և կամքի դռները բաց չթողնենք դևերի առջև և փորձությունների մեջ չհայտնվենք: Աստծո կողմից տրված երազների ընդհանուր առանձնահատկություններից է, երբ մարդը հոգևոր խաղաղություն է զգում և այդպիսի երազից հետո նրա առօրյան վախով, տագնապով չի լցվում, այլ հավատքի մեջ ավելի է ամրանում` առաջնորդվելով դեպի եկեղեցին և նրա սուրբ խորհուրդները: Այդպիսի լուսավոր երազները մարդուն ուղղորդում են դեպի հոգևոր աճի, ապաշխարության, սիրո և խոնարհության ճանապարհները: Իսկ դևերի ազդեցությամբ ծնված երազների պարագայում մարդը զգում է ճնշվածություն, տագնապ, լարվածություն, քրիստոնեական հավատքից հեռանում է դեպի զարտուղի ուղիները, որոնք տանում են իրեն դեպի երազահանների, բախտագուշակների դռները, այլ կրոնական ուղղությունները և այլն: Հոգևոր ոլորտին առնչվող երազները կարող են կրկնվել, բայց այստեղ ևս անհրաժեշտ է տարբերել՝ արդյո՞ք Աստծո կողմից են, թե՞ դևերն են միևնույն երազը կրկնել տալիս: Համենայնդեպս, նմանատիպ արասովոր երազներ ունենալիս անհրաժեշտ է դիմել հոգևորականների, այլ ոչ թե երազահանների, գուշակների օգնությանը:
Մի հատկանշական երևույթ է տարածված հատկապես գյուղական համայնքներում, երբ որևէ մեկը երազ է տեսնում, իբրև թե Աստծո սրբերից կամ հրեշտակներից որևիցե մեկը լուսե կերպարանքով, սպիտակ հանդերձանքով, տպավորիչ կերպով հայտնվում է և պատգամում երազատեսի կամ որևէ մարդու այգում կամ բակում մատուռ կառուցել կամ սրբատեղի դարձնել: Դեպքեր են լինում, երբ տվյալ երազը կրկնվում է, ուր լուսե կերպարանքով ներկայացած կերպարը սպառնալիքներ է տեղում, որպեսզի իր նախանշած վայրում մատուռ կառուցեն կամ սրբատեղի դարձնեն: Առաջին հայացքից բարի և հոգեշահ երազ է թվում: Սակայն հիմնականում դրանք չար ոգիների կողմից հյուսված երազներ են, երբ հատկապես պարզ է դառնում, որ այդ նախանշած վայրում նախկինում որևէ հին եկեղեցու հիմքեր, սրբերի մասունքներ չեն եղել: Այնուամենայնիվ ինչո՞ւ են դևերը մարդուն մղում մատուռ կամ սրբատեղի կառուցել: Իրականում նրանք փորձում են նման ձևով մարդուն հոգևոր կյանքի զարգացումից ու ծաղկունքից կտրել: Մարդկանց դրդում են իրենց այգիներում, բակերում մատուռներ կառուցել, սրբատեղիներ դարձնել, որպեսզի մարդիկ չձգտեն գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագներին, ժամերգություններին, հաղորդակից լինել սրբազան խորհուրդներին, մասնակից լինել հոգևոր համայնքի կյանքին ու լսել Աստծո Խոսքը եկեղեցում, այլ իրենց հոգևոր կյանքը սկսեն և ավարտեն իրենց տնից մինչև իրենց մատուռ ընկած ճանապարհով և հոգևոր աճ չապրեն, մյուս կողմից էլ՝ հպարտությամբ լցվեն, որ իրենց այգում կամ բակում գոյություն ունի սրբատեղի, մատուռ: Իսկ երազի մեջ տարբեր կերպարանքներով երևացած դևերի սպառնալիքներից պետք չէ վախենալ: Պետք է միշտ հիշել, որ խավարը փախչում է լույսից, որտեղ լույս կա, այնտեղ խավար չկա: Եթե վստահում ենք Քրիստոսին ու Նրա լույսին հաղորդակից ենք, խավարը, տեսնելով այդ լույսը, նահանջում է և փախչում: Արդ, այդօրինակ երազներ տեսնելիս մշտապես անհրաժեշտ է սթափ մտքով դատել և ոչ թե՝ զգացմունքներով ու հուզականությամբ: Պետք է վերլուծել երազը՝ արժևորելով դրա հետևանքերը և հասկանալով, թե նմանատիպ երազներն ինչպիսի արդյունքի կհանգեցնեն: Հատկանշական է, որ Սուրբ Գիրքը չի խրախուսում զբաղվել երազահանությամբ և ժամանակ վատնել երազների վրա. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից» (Սիրաք. 31.2): Մարդիկ չպետք է կախվածության մեջ լինեն երազներից, քանի որ դրանք առաջացնում են հոգևոր և հոգեբանական խնդիրներ, փորձություններ: Մեկ հանգամանք հստակ է, որ երազները մարդու կյանքում այնքանով նշանակություն ունեն, որքանով մենք երազներին դեր և նշանակություն ենք տալիս: Քրիստոնյան պետք է գիտակցի, որ իր փրկությունն ու ապագան կախված չեն երազներից: Հիսուս Քրիստոսին հավատացող, վստահող անձնավորության համար ամենևին էլ մտահոգիչ ու կարևոր չեն երազներն ու դրանց նշանակությունն իր կյանքում, որովհետև հենց ինքը՝ Հիսուս Քրիստոս, առաջնորդում է տվյալ անձնավորությանը՝ ցույց տալով իր ապագայի ճանապարհը սուրբգրային պատգամներով և եկեղեցու միջոցով: Աստվածային լույսի ներկայության մեջ գտնվող մարդու համար կարևոր են հույսը, հավատքն ու սերը՝ խարսխված Աստծո հանդեպ վստահությամբ, ինչպես նշում է առաքյալը «Բայց արդ՝ մնում են հավատ, հույս, սեր, սրանք՝ երեքը և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13:13):
Հովհաննես Մանուկյան