Մահվան և ապագա կյանքի մասին
«…որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն» (Ա Թեսաղ. 4:12)
- Հա՛յր, մի մայր իր երեխային կորցրել է ինը տարի առաջ: Այժմ խնդրում է Ձեզ աղոթել, որպեսզի նրան գոնե երազում տեսնի ու մխիթարվի:
- Իսկ երեխան քանի՞ տարեկան էր: Փո՞քր էր: Դա նշանակություն չունի: Եթե երեխան փոքր էր և եթե մայրն այնպիսի վիճակում է գտնվում, որ իր հոգեկան անդորրը չի կորցնի նրա հայտնվելուց, ապա կհայտնվի: Պատճառն իր մեջ է, որ երեխան չի հայտնվում:
- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է, որ երեխան ոչ թե իր մորը հայտնվի, այլ մեկ ուրիշի:
- Ինչպե՞ս չի կարող: Չէ՞ որ Աստված ամեն ինչ համապատասխանեցնում է (ի օգուտ մեզ): Երբ ինձ ասում են, որ ինչ-որ երիտասարդ է մահացել՝ ես սգում եմ, սակայն մարդկային առումով եմ սգում: Քանի որ իրերի դրությունը խորությամբ ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ որքան մարդ մեծանում է, այնքան շատ պետք է պայքարի և այդքանով ավելի են նրա մեղքերը կուտակվում: Հատկապես այս աշխարհի մարդիկ՝ որքան ավելի երկար են ապրում, այնքան ավելի են վատթարեցնում իրենց վիճակը հոգսերով, անարդարություններով և այլնով՝ այն բարելավելու փոխարեն: Այդ պատճառով էլ մարդն ավելի շահում է, քան կորցնում, եթե Աստված նրան այս կյանքից մանուկ կամ պատանի հասակում է վերցնում:
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որպեսզի այդքան շատ երիտասարդներ մահանան:
- Դեռ ոչ ոք Աստծո հետ պայման չի կապել, թե երբ պիտի մահանա: Աստված յուրաքանչյուր մարդու նրա կյանքի ամենահարմար պահին է վերցնում, վերցնում է հատուկ, միայն նրա համար օգտակար եղանակով, այնպես, որպեսզի նրա հոգին փրկի: Եթե Աստված տեսնում է, որ մարդն ավելի լավն է դառնալու՝ թողնում է նրան ապրել: Սակայն տեսնելով, որ մարդն ավելի վատն է դառնալու՝ վերցնում է նրան, որպեսզի փրկի: Իսկ մյուսներին, ովքեր մեղավոր կյանք են վարում, սակայն հակված են բարին գործելու՝ Աստված Իր մոտ է վերցնում մինչև այն պահը, երբ նրանք կհասցնեն բարիք գործել: Աստված դա թույլ է տալիս, որովհետև գիտի, որ այդ մարդիկ բարիք կգործեին, եթե դրա համար բարենպաստ հնարավորություն ներկայանար: Այսինքն, նույնն է, թե Աստված նրանց ասի. «Մի չարչարվեք, բավարար է և այն բարի հակումը, որ դուք ունեք»: Իսկ ինչ-որ մի շատ լավ մարդու Աստված Իր մոտ է տանում, որովհետև Դրախտում ծաղկի կոկոններ էլ են անհրաժեշտ:
Իհարկե, մահացած երեխայի ծնողների ու հարազատների համար հեշտ չէ դա հասկանալ: Տե՛ս, երբ մանկիկ է մահանում, Քրիստոս նրան Իր մոտ է վերցնում՝ որպես փոքրիկ հրեշտակի, իսկ նրա ծնողները լալիս են ու իրենց կուրծքը ծեծում, այն դեպքում, երբ պետք է, որ ուրախանային: Քանի որ ի՞նչ գիտեն, թե նա ինչպիսի մարդ կդառնար, երբ մեծանար: Կկարողանա՞ր արդյոք փրկվել: Երբ 1924թ.-ին նավով հեռանում էինք Փոքր Ասիայից, ես նորածին էի: Նավը լի էր փախստականներով: Մայրս փաթաթել էր ինձ տակաշորերի մեջ ու պառկեցրել տախտակամածին: Մի նավաստի պատահաբար կոխ տվեց ինձ: Մայրս կարծեց, թե ես մահացա ու սկսեց լաց լինել: Մեր գյուղից մի կին բացեց տակաշորերն ու համոզվեց, որ ոչինչ չի պատահել: Բայց եթե ես այն ժամանակ մահանայի, ապա հաստատ Դրախտում կլինեի: Իսկ հիմա ես արդեն այս տարիքիս եմ, այսքան ճգնել եմ, բայց միևնույն է դեռ վստահ չեմ կհայտնվեմ այնտեղ, թե ոչ:
Բայց, դրանից բացի, երեխաների մահն օգնում է նաև նրանց ծնողներին: Ծնողները պետք է իմանան, որ սկսած այն պահից, երբ նրանց երեխան մահանում է՝ Դրախտում նրանց համար աղոթող է հայտնվում: Երբ ծնողները մահանան՝ նրանց երեխաները ճաճանչները ձեռքներին Դրախտի դռների մոտ կգան, որպեսզի հոր և մոր հոգիները դիմավորեն: Իսկ դա փոքր բան չէ: Բացի այդ, հիվանդություններից կամ խեղություններից տանջված փոքր երեխաներին Քրիստոս ասելու է. «Դրախտ եկեք և նրա ամենալավ մասը ընտրեք»: Իսկ երեխաները Քրիստոսին այսպես կպատասխանեն. «Այստեղ հրաշալի է, Քրիստոս, բայց մենք ուզում ենք, որպեսզի մեր մայրիկն էլ մեզ հետ լինի», և Քրիստոս, երեխաների աղաչանքը լսելով, նրանց մայրերին փրկելու միջոց կգտնի:
Մայրերն, իհարկե, մյուս ծայրահեղության մեջ էլ չպետք է ընկնեն: Որոշ մայրեր հավատում են, իբր իրենց մահացած երեխան սուրբ է դարձել և պատրանքի մեջ են ընկնում: Մի այդպիսի մայր ուզում էր իր մահացած որդու իրերից մեկն ինձ տալ, որպես օրհնություն, որովհետև հավատում էր, որ նա իբր սրբացել է: «Ձեր օրհնությունը կտա՞ք,- հարցրեց նա ինձ,- որպեսզի նրա իրերը մարդկանց որպես օրհնություն բաժանեմ»: «Ոչ,- ասացի նրան,- ավելի լավ է չանես»: Իսկ մեկ այլ այդպիսի մայր, Ավագ Հինգշաբթի օրը, վանքի կենտրոնում կանգնեցված Խաչելության վրա, գերմանացիների կողմից սպանված, իր երեխայի լուսանկարն էր փակցրել: Նա ասում էր. «Իմ որդին էլ է Քրիստոսի պես տառապել»: Գիշերային հսկմանը մնացած կանայք չխանգարեցին նրան, հանգիստ թողեցին, որպեսզի չվիրավորեն: Իսկ ի՞նչ ասեին : Նրա հոգին վիրավոր էր:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի