Երեխաների պաշտպանության օրը Աստծո պաշտպանության ներքո

«Թող բոլոր երեխաների երազանքները կատարվեն, թող մայրիկները միշտ երեխաների կողքին լինեն» (Շողնա 11 տ.):

«Կցանկանայի, որ բոլոր երեխաներն իրենց ապահով զգան, չտխրեն երբեք» (Մանե 12 տ.):

Մանեն և իր եղբայրը՝ Նարեկը, հաճախում են Էրեբունու պիոներ պալատի գորգագործության խմբակ, նրանք իրենց գորգագործության մանկավարժի հետ հաճախակի են մասնակցում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագի արարողությանը:

Մայիսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ երեխաների համար տոն էր կազմակերպել: Շողնան, Մանեն, Նարեկը և բազմաթիվ երեխաներ Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում հայտնվել էին խաղերի, երգ ու պարի հետաքրքրաշարժ աշխարհում: Մինչ այդ երեխաները օրհնության կարգի մասնակցեցին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքն երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Ձեր ներկայությունը եկեղեցում շատ ուրախալի է և խրախուսելի: Մեզ համար շատ կարևոր է ձեր աստվածահաճո դաստիարակությունը, որովհետև միայն աստվածային պատվիրաններին հավատարիմ մնալով և ազգային արժեքները պահպանելով պետք է արժանի զավակը լինեք մեր երկրի և մեր Սուրբ Եկեղեցու»,- ասաց Տեր Գրիգորը:

Եկեղեցու բակում բոլորի ուշադրության կենտրոնում երեխաներն էին: Նախ երեխաները բաժանվեցին կարմիր, կապույտ, նարնջագույն թիմերի, բացատրեցին գույների խորհուրդները, ապա սկսվեցին թիմային խաղերը: Կավճանկարից հետո երեխաները, սեղանների շուրջ հավաքված, իրենց մաքուր ու անկեղծ աշխարհի գունագեղ պատկերներն էին հանձնում թղթին, գունավորում էին հեքիաթների և մուլտֆիլմների իրենց սիրելի կերպարներին, փայտից տարբեր առարկաներ էին պատրաստում: Ապա խմբերից մեկը երգում էր, մյուսները փորձում էին գդալներով երգի երաժշտությունը ստանալ: Այնուհետև հաջորդեց գնդակներով անցակցվող խաղերը: Հաղթեց «Կարմիր» թիմը, մրցանակներ ստացան թե՛ հաղթող և թե՛ մյուս թիմերը: Ապա երեխաների խաղին նոր խաղերով, երգով, պարով և հանելուկներով միացան «Երազանք» թատերախմբի «Մաշան և արջը» մուլտֆիլմի կերպարներից Մաշան և խաղավարը:

Խաղերից հետո երեխաները համտեսեցին տոնական տորթը, որ օրվա խորհրդանիշ դրոշի աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն խորհրդանշող կանաչ գույնով էր պատված:

Խաղավար Անիի համար մեծ ուրախություն էր այսօրը երեխաներին ուրախություն պարգևելը: Չորս տարի է, ինչ նա՝ որպես խաղավար, ժպիտ և ուրախություն է պատճառում հարյուրավոր երեխաների և ցավով նշեց, որ այսօր կան երեխաներ, որոնց իրավունքները պաշտպանված չեն: Բայց և ուրախությամբ էլ նշեց, որ երեխաների համար կան հրաշալի մանկապարտեզներ, ժամանցի վայրեր և բակեր:

Խաղերին մեծ ոգևորությամբ մասնկացում էին նաև սիրահայ երեխաները: Արդեն երեք տարի է՝ սիրահայերը ներգրավված են Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու արարողություններին և համայնքային կյանքին: Սիրահայերից Թամարն արդեն տասը ամիս է իր ընտանիքով Հայաստանում է: Նրանք ընտանիքով ամեն կիրակի մասնակցում են Սբ. Պատարագի: «Փա՜ռք Աստծո, Նա մեզ երկու հրաշք՝ երկու զավակ է պարգևել: Տասներկու տարի է, որ երեխա չէինք ունենում, այսօր Աստծո ողորմությամբ ամեն օր վայելում ենք Աստծո հրաշքները»,- ասաց նա:

Տոնական օրվա առաջին հատվածի խաղերը երեխաների համար կազմակերպել էր տիկնանց միության անդամ Սիրանուշ Գյումրույանը: Նա նշեց, որ պայծառ էին երեխաների նկարները, նրանք հիմնականում արև, ծաղիկ կամ եկեղեցի էին նկարել: Երկար տարիներ երգեցողության մանկավարժ լինելով՝ նրա համար երեխաները հետաքրքիր և բացահայտումներով մի ուրիշ աշխարհ են, որին ինքն իր կարողության չափով փորձում է պաշտպանել:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այսօրվա միջոցառումը կարելի է մեկնարկը համարել տիկնանց միության կողմից նախաձեռնված մանուկների միության հիմնադրմանը: Երեխայի դաստիարակության մեջ կարևոր է հոգևոր դաստիարակությունը: Մանուկը մարդ է, որի անհատակությունը պիտի հարգվի: Ծնողները որքան էլ սիրեն, հոգ տանեն երեխաների մասին, որոշակի գիտելիքներ պետք է ունենան, որպեսզի չվնասեն երեխայի անհատականությունը: Գուցե զարմանալի կթվա, բայց որոշ դեպքերում երեխային շատ սիրելով էլ կարելի է նրա իրավունքները խախտել»,-ասաց տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը:

Ծնողն ամեն ինչ անում է, որ երեխան ունենա պայծառ և լուսավոր մանկություն, որ նրա իրավունքներն ամենուր պաշտպանված լինեն: Իսկ որոշ ծնողների համար էլ հստակ է, որ իրենց հոգատարությունից առավել իրենց երեխաներին պաշտպանում և հոգ է տանում Աստված: Եվ նրանց համար կարևոր է, որ երեխան եկեղեցական արարողություններին և համայնքային կյանքին մասնակից լինելով՝ Խրիմյան Հայրիկի խոսքի համաձայն, անարատ ու անեղծ պահի հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները, Հայաստանյայց Եկեղեցին սիրի, Թադևոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվի, Ավետարանը գրկի ու սովորի նրա սիրո դասերը, եղբորը, ընկերոջը սիրի ու մարդասեր լինի:

Իրենց երեխաներին եկեղեցի բերող ծնողները նաև ականջալուր են Սբ. Հովհան Ոսկեբերանի խրատին. «Այգեպանը մատաղատունկը նախ կապում է հողի մեջ ամրացված փայտի հետ, որպեսզի քամին չվնասի, հետո աստիճանաբար կտրատում է ավելորդ ճյուղերը, որպեսզի չվնասեն ու չորացնեն տունկը: Այդպես էլ դուք ձեր երեխաների հետ վարվեք, նրանց սրտերը նախ Աստծո վախով հաստատեք, որպեսզի նրանք չտարուբերվեն զանազան գայթակղություններից, հետո կտրատեք նրանց մեջ առաջացող մոլությունները, որպեսզի դրանք չզորանան ու սպանեն ներքին մարդը, որ վերստին ծնվում է Սուրբ ավազանի մկրտությամբ: Չկա ավելի բարձրագույն արվեստ, քան դաստիարակության գործը»:

 

Կարինե Սուգիկյան

31.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․