Երիտասարդները ծանոթացան մեղքի մասին հայ ժողովրդական պատկերացումներին

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը փետրվարի 15-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Մեղքը հայ ժողովրդական պատկերացումներում» բանախոսությանը:

Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը նշեց, որ բանախոսության թեմայի ընտրության հարցում կարևորվել է պահեցողության շրջանում գտնվելու հանգամանքը, քանի որ, ներհայեցողությամբ անդրադառնալով մեր հոգևոր կյանքին, Տիրոջ օրհնությամբ փորձում ենք ձերբազատվել մեր գործած մեղքերից: Ապա հավելեց. «Բանախոսությունը կօգնի, որպեսզի մեղքի մասին ավելի հստակ լինեն մեր պատկերացումները, քանի որ այսօր ժողովրդի մեջ նկատելի է այն մտայնությունը, որ այս կամ այն արարք գործելը մեղք չէ: Եվ արդյունքում՝ սխալ պատկերացումը խանգարում է անձին ձերբազատվելու իր մեղքերից»:

Երիտասարդներին բանախոսեց բանահավաք Քրիստինե Այվազյանը: Նա նշեց, որ մեղքի մասին մարդկային պատկերացումներն իրենց արտահայտությունն են գտել հայ ժողովրդական տարբեր ժանրերում՝ առած-ասացվածքներում, հանելուկներում, ինչպես նաև՝ հեքիաթներում: Մեղքն ուղեկցել է մարդուն նրա ծննդից մինչև մահը և բոլորին ծանոթ դարձվածային հետևյալ արտահայտությունները՝ մեղքի տակ մտնել, մեղքը քո շլինքը, Աստված մեր մեղքը մեր երեսովն է տալիս, մեղա գալ, կարելի է բազմիցս հանդիպել հայկական հեքիաթներում:

«Ասսու պահած գառը գել չի ուտի» հեքիաթի միջոցով Քրիստինեն ներկայացրեց ժողովրդի ընկալումներից մեկը՝ այն, որ անհաջողությունների, ձախորդությունների պատճառն անպայման մեղքն է: Հեքիաթում թագավորը հերթով կորցնում է թագավորությունը, կնոջը, երկու որդիներին, սակայն ամեն անգամ միայն փառաբանում է Աստծուն: Իսկ «Քալչիկի հեքիաթ»-ում ամուսինը, չիմանալով, որ կինը ցորենի սերմացուն բովում է, սկսում է մտածել, որ ի՞նչ մեղք է գործել, որի համար էլ ցորենը երկու տարի շարունակ չի աճում:

Բանախոսը թվարկեց այն հեքիաթները, որոնց միջոցով ժողովուրդն անդրադարձել է հետևյալ մեղքերի շարքին՝ գողությանը, սպանությանը, կաշառակերությանը, արնապղծությանը, ագահությանը, հպարտությանը, կնամոլությանը: Օրինակ՝ «Բյուրապատիկը» հեքիաթում գողերը գնում են իրենց մեղքերը լալու՝ «մյուս աշխարհին արժանանալու համար», իսկ «Իրեք տղի հեքիաթ»-ում, երբ փոխարքային հանցագործները կաշառք են բերում գողության և մարդասպանության համար, նա պահում է և՛ գումարը, և՛ հանցապարտներին: «Եկեղեցի շինող թագավորը» հեքիաթում թագավորը եկեղեցի է կառուցում, սակայն վարձք չի ունենա, քանի որ նրան առաջնորդողը եղել է եսամոլությունը:

Քրիստինեն անդրադարձավ այն հանգամանքին, որ հեքիաթին բնորոշ բարու հաղթանակի և չարի պատժվելու տրամաբանությամբ հաճախ սպանությունը մեղք չի դիտարկվում, այլ չարի արժանի հատուցում:

Երիտասարդները ծանոթացան նաև այն հեքիաթներին, ուր նկարագրվում է քրիստոնեական-եկեղեցական կանոնակարգի համաձայն կատարվող մեղքերի խոստովանությանը, մեղքի հետ անմիջական առնչություն ունեցող խիղճ-խղճմտանք հասկացություններին, նաև մարդկային այն ընկալումներին, թե ինչ է սպասվելու արդար և մեղավոր մարդկանց հոգիներին հետմահու:

Բանախոսության ավարտին հեքիաթների շուրջ ծավալվեց քննարկում: Ապա Տեր Վահանը, եզրափակելով բանախոսությունը, ասաց. «Մեր իրականության հետ սերտորեն առնչվող հեքիաթներում մենք ծանոթացանք մեղքի հետ կապված ժողովրդական պատկերացումներին, թե մեղքը ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդկային կյանքում: Այս հեքիաթները լավ օրինակ են մեզ համար, որպեսզի, անդրադառնալով կյանքի իրավիճակներին, կարողանանք տեսնել մեր մեղքերը և ընտրենք ապաշխարության ուղին, ինչն էլ բանախոսության կարևոր նպատակն էր»:

 

 

Կարինե Սուգիկյան

15.02.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․