23 Դեկտեմբեր, Բշ Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր
Դավիթ Թագավոր
Սամսոնով վերջանում է մարտական դատավորների շարքը: Նրանց հաջորդում է Իսրայելի թագավորների շրջանը: Կարող էինք այստեղ մի նոր գլուխ բացել «Թագավորներ» վերնագրով: Սակայն մեր օրացույցի մեջ ընդգրկված է միայն մեկ թագավոր, թերևս Ս. Գրքում առկա են երկու-երեք բարեպաշտ թագավորներ, որոնք մեր տոնացույցի մեջ էլ կարող էին ընդգրկվել, այնպես, ինչպես որ ընդգրկված են մյուս եկեղեցիների կողմից: Օրինակ՝ Եզեկիա բարեպաշտ թագավորը, որի մասին Ս. Գիրքը բարձրագույն գովեստով է արտահայտվում, ըստ այդմ. «Իր նախնու՝ Դավթի նման, Տիրոջ առջև ուղիղ ընթացք ունեցավ, և իրենից հետո իր նմանը չեղավ Հրեաստանի թագավորների մեջ, և ոչ էլ իրենից առաջ կար» (Դ Թագ. 18:3-5): Մեկ այլ բարեպաշտ թագավոր է Հովսիան, որի մասին նույնպես միևնույն գովեստն է ասվում:
Նկատի առնելով, որ Իսրայելի երկճյուղ թագավորներից միայն Դավիթն է անցել մեր տոնացույց, ուստի նախքան մարգարեներին անցնելը, կցանկանանք Հին և Նոր Իսրայելի նախահայրերին հատկացված այս գլուխը Դավթով փակել, որը միևնույն ժամանակ հարմարագույն օղակն է երկու խմբերի մեջ, քանզի ինչպես որ հաստատում է Պետրոս Առաքյալը (Գործք 2:29), արդարև նա թե՛ «նահապետ» է և թե՛ «մարգարե»:
Դավիթը մի գագաթ է Աստվածաշնչում և Մավսեսի հետ հանդիսանում է գրեթե ամենաբազմաշնորհ անձը: Վերջինիս նման նաև հանգամանորեն ներկայացված է Դավթի կյանքը վերոհիշյալ գրքերում, որոնց գրեթե կեսը հատկացված է Դավթին: Այնպես որ մեր գործը պիտի լինի մի փոքր անոթի մեջ հավաքել նրա ծով կյանքը:
Դավթի կյանքի վարագույրը բացվում է որպես Իսրայելի թագավոր օծումով. «Եվ այն օրից սկսած Տիրոջ Հոգին Դավթի վրա իջավ» (Ա Թագ 16:13): Այդ պահից իսկ նա ներկայանում է որպես մի երիտասարդ, «որը սաղմոսներ գիտի՝ իմաստուն և քաջ մի մարդ, հանճարեղ և ճարտարախոս, պայծառ աչքերով և գեղեցիկ տեսքով, և Աստված նրա հետ էր» (Ա Թագ. 16:12, 18): Այս մի քանի բառերը մեզ ներկայացնում են Դավթի ֆիզիկական, հոգևոր և խոհական պատկերը: Այս երեք առումով էլ գերազանց է եղել Դավիթը:
Նախ և առաջ նա մեզ ներկայանում է որպես ուժեղ, անվախ և կորովի մի հովիվ, որն իր ընտանիքի հոտերը պաշտպանելու համար արջերի և առյուծների դեմ է դուրս գալիս: Ոչխարների հանդեպ նրա ցուցաբերած այս անձանձիր հոգածության համար Աստված նրան իր ժողովրդի հովվությանը կանչեց, համաձայն ավետարանական սկզբունքին, թե «ով որ փոքր գործերի մեջ հավատարիմ է, մեծերի մեջ էլ հավատարիմ կլինի»: Նրա քաջության և անվախության կոթողը Գողիաթի հետ մարտնչելն է: Երբ Սավուղ թագավորը այս կռվի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտում, Դավիթը պատասխանում է. «Ծառադ առյուծ և արջ է սատկացրել, այս անթլփատ այլազգին էլ նրանցից մեկի պես պիտի լինի»: Գողիաթին ուղղված նրա խոսքերը, երբ վերջինս Դավթին արհամարհանքով ասում էր. «Արի, որ մարմինդ երկնքի թռչունների համար կերակուր դարձնեմ», անմահ են: Դավիթը պատասխանում է. «Դու իմ վրա սրով, գեղարդով և զրահներով ես գալիս, իսկ ես քո վրա Զորությունների Տիրոջ անունով պիտի գամ» (Ա Թագ. 17:45):
Դավիթը մի անգերազանցելի զորավար էր: Իր շրջապատին, որոնք նրա հետ կապված էին անձնազոհության և հավատարմության բարձր զգացումով, քաջություն և վստահություն էր ներշնչում: Երկրի հզորագույն մարդկանց իր կողմը գրավեց և իր առաջնորդությամբ և օրինակով նրանք ավելի կատարելագործվեցին քաջության մեջ (Նրանց սխրագործությունների ցանկը տե՛ս Բ Թագ. 23:8-39): Իր բազմաթիվ զինվորական արշավանքները միշտ հաջողությամբ էր գլուխ բերում:
Իսրայելի մեծագույն թագավորն է: Երկիրը իմաստությամբ և արդարությամբ կառավարեց. «Դավիթը գործի դրեց օրենքն ու արդարությունը ամբողջ ժողովրդի վրա»: Նրա ռազմական և վարչական մեծ գործերից մեկը Երուսաղեմի գրավումը եղավ, որը դեռևս բնիկների ձեռքում էր գտնվում: Այն մայրաքաղաք դարձրեց, որը երբեմն կոչվում է նաև Դավթի քաղաք, որի շուրջ էլ, Դավթից սկսած, կենտրոնացավ հրեա ժողովրդի կրոնական և քաղաքական կյանքը: Դավիթն իրեն ենթարկեց շրջակա բոլոր ազգերին և մի փոքր կայսրություն կերտեց, որը տարածվում էր Սինայի անապատից մինչև Եփրատ գետը, որի մեջ ընդգրկված էր Սիրիան, բացի ծովեզերյան հատվածից, և այսօրվա Հորդանանի թագավորությունը:
Դավիթը մի արվեստագետ էր՝ բառիս ընդարձակ իմաստով: Նախ բանաստեղծ էր, որին վերագրվում է «Սաղմոսաց» գիրքը: Եթե ոչ ամբողջութամբ, ապա համենայն դեպս այդ գրքի կորիզը Դավթին է պատկանում: Սավուղ թագավորի և իր անմոռանալի բարեկամ Հովնաթանի մահվան կապակցությամբ մի սրտառուչ ողբերգ հորինեց (Բ Թագ. 1:17-27): Նրա սաղմոսներից առնվազն երկուսը արտացոլված են կենսագրության մեջ (Տե՛ս Բ Թագ. 22 և 23 գլուխներում): Սաղմոսաց գրքի ամենանշանավոր սաղմոսներից 23-րդ սաղմոսը «Տերը իմ հովիվն է», միայն հովիվը կարող էր գրել և այդ սաղմոսը և վերոհիշյալ տողը բավական էին, որ Դավթին պսակեին բանաստեղծի տիտղոսով:
Դավիթը երաժիշտ, երգող, պարող և նվագող էր: Իր սաղմոսների եղանակներն էլ ինքն էր հորինում: Երբ մոլեգնած Սավուղին ամոքելու համար «քնարահար և երգող» էին փնտրում, բոլորի հայացքները Հեսսեի որդի Դավթի վրա էր կանգ առնում: Տիրոջ Տապանակը Երուսաղեմ փոխադրելու ժամանակ Դավիթը չի ամաչում ժողովրդի հետ մասնակցելու ուրախության արտահայտությանը: Մի կողմ դնելով իր արքայական թագն ու պատմուճանը «Դավիթը տավիղ էր նվագում և ամբողջ եռանդով պարում էր Տիրոջ առջև»:
Դավիթն իր իմացական և ֆիզիկական կարողություններից առավել օժտված էր հոգևոր շնորհներով, որոնց պատճառով էլ արդարացիորեն օժտվել է «Աստծո սրտի այր» տիտղոսով: Նրա կրոնասիրությունը ոչ միայն հայտնի է դառնում իր սաղմոսներում, այլ նաև իր ամբողջ կյանքի ընթացքում: Դավիթն իր մեծության մեջ էլ խոնարհ է, և այս ոգին այնքան գեղեցիկ կերպով արտահայտվել է իր աղոթքներից մեկի մեջ, որ սկսում է հետևյալ բառերով. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ո՞վ է իմ տունը, որ այսքան բարձրացրիր այն» (Բ Թագ. 7:18-29):
Բազում են Դավթի վեհանձնության դրվագները: Երիցս առիթ է լինում սպանելու իրեն հալածող Սավուղին, սակայն որպես իր թագավոր և «Տիրոջ օծյալ» խնայում է նրան: Իր ապերախտ և փառամոլ զավակին՝ Աբիսողոմին, երբ իր դեմ ապստամբում է, և այդ պատճառով նա հարկադրված հեռանում է Երուսաղեմից, իր զինվորներին պատվիրում է, որ պատերազմի ժամանակ չսպանեն նրան: Եվ երբ հակառակ իր հրամանի սպանում են Աբիսողոմին, Դավիթը հայրական սիրով պոռթկում է. «Աբիսողո՜մ, որղեակ իմ, Աբիսողո՜մ, երանի ես քո փոխարեն զոհված լինեի»:
Աստվածաշնչի բոլոր անձերն էլ, առավել կամ նվազ չափով արտահայտում են մարդկային բնության տարբեր կողմերը, բարին կամ չարը, սակայն այս առումով ոչ ոք չի կարող հավասարվել Դավթին: Այս առումով նրա մեջ կա ամեն ինչ, ինչը մարդկային է, վսեմագույներից մինչև ամենանվաստները:
Դավթի իսկական մեծությունը վեհ հատկանիշները աճեցնելու և կիրառելու, իսկ նսեմները՝ նվազագույնի հասցնելու մեջ է, սակայն երբեմն-երբեմն մեղքին իր տուրքը վճարելուց չկարողանալով խուսափել:
Դավթի մեծագույն մեղքը իր զորավարներից մեկի կնոջ հետ շնությունը եղավ, և երբ այդ մեղքը կոծկելու անճար փորձը ձախողվեց, ավելի ծանր մեղք գործեց՝ նենգությամբ սպանել տվեց իր ազնվական և հավատարիմ զորավարին՝ Քետացի Ուրիային: Այս մեղքերի համար Նաթան մարգարեից հանդիմանվեց: Թեև սրտանց զղջաց, բայց հետևանքներից չկարողացավ ազատվել՝ մահացավ մեղքի պտուղ հանդիսացող մանուկը և սուրն ու խռովությունները անպակաս եղան Դավթի տնից: Որոշ ժամանակ զրկվեց իր գահից և իր թշնամիների համար անեծքի և անարգանքի նշավակ դարձավ: Սակայն այս ամենի մեջ Դավիթը երբեք չխզեց Աստծո հանդեպ իր վստահության կապը: Նրա ապաշխարանքի գերազանց արտահայտությունը «Ողորմի՛ր ինձ Աստված Քո մեծ ողորմությամբ, Քո բազում գթություններով անօրենություններս քավվիր» սկզբնավորությամբ Սաղմոսն է: Իսկ իր գլխին եկած փորձությունները կրեց համբերությամբ և խոնարհ հոգով: Երբ վերստին տիրացավ գահին՝ իր հանդեպ թշնամացածներին ներեց: Խաղաղ մահ ունեցավ, իրեն հաջորդ նշանակելուց և իր գահն ամուր հիմքերի վրա դնելուց հետո:
Դավիթը Քրիստոսի ամենանշանավոր նախահայրն է: Հիսուսը քիչ անգամներ է կոչվել «Հովսեփի Որդի», սակայն, որպես Մեսիայի հայտնի տիտղոսներից մեկը, որը պիտի գար հոգևոր և հավիտենական իմաստով նորոգելու Դավթի թագավորությունը, բազմիցս է կոչվել «Դավթի Որդի», ինչպես որ ավետաբեր հրեշտակը ասաց Մարիամին. «Ահա պիտի հղանաս և մի որդի պիտի ծնես… Եվ Տեր Աստվածը Նրան պիտի տա իր Հոր՝ Դավթի աթոռը, և պիտի թագավորի Հակոբի տան վրա և Նրա թագավորությունը վախճան չպիտի ունենա» (Ղուկ. 1:32):
Դավթի հիշատակը մեզ մոտ տոնվում է Ս. Ծնունդը կանխող չորս «Ավագ տոներ»-ի տոների շարքում, որպես առաջինը, «Տեառնեղբայր» կոչված Հակոբոս առաքյալի հետ: Սա բացառիկ և իմաստալից երևույթ է՝ ըստ մարմնի Քրիստոսի «Նախահայրը» և ըստ մարմնի Նրա «եղբայրը», այսինքն ազգականը, միասին տոնախմբվում են, խորհրդանշելու համար Հին և Նոր Ուխտի միաձուլումը Քրիստոսեական տնօրինության մեջ:
Դավիթը վախճանվեց 70 տարեկան հասակում: Թագավորել է Ն. Ք. 1055-1015 թթ;
Հակոբոս Տեառնեղբայր
Հակոբոսն այն օղակն է, որն իրար է միացնում Ավետարանական սրբերին «Գործք Առաքելոց»-ում հիշատակվող սրբերի հետ: Յուղաբեր կանանցով դուրս ենք գալիս Ավետարանական էջերից և Հակոբոսով մտնում ենք «Գործք Առաքելոց»-ից ներս: Թեև Հակոբոսը հիշատակվում է Ավետարաններում, բայց ոչ որպես քրիստոնյա գործիչ, այլ նախ որպես Քրիստոսի «եղբայրներից» մեկը: Երկրորդ՝ հիշատակված է, որպեսզի իր մայրը զատորոշվի համանուն մյուս Մարիամներից: Հակոբոսն այնքան նշանավոր և հանրածանոթ էր նախնական եկեղեցում, որ իր մայրը կոչվել է «Մարիամը՝ փոքր Հակոբի և Հովսեի մայրը» (Մրկ. 15:49): Նա «փոքր Հակոբ» է կոչվել՝ կամ մարմնով և տարիքով փոքր լինելու համար, կամ, որը ավելի հավանական է, Հակոբոս Զեբեդյանի, որը նաև «Մեծ Հակոբ» է կոչվել, հետ հարաբերաբար:
Նաև պետք չէ նրան շփոթել «Հակոբոս Ալփյան»-ի հետ, որը տասներկու առաքյալներից էր: Այս Հակոբոսի մայրը նաև կոչվում է որպես «Կղեովպայի Մարիամ», այսինքն Կղեովպայի կին Մարիամ, որով էլ Հակոբոսի հոր անունն էլ է հայտնի դառնում Ավետարաններում:
Ավետարաններում բացահայտվում է նաև, որ «եղբայրները դեռ չէին հավատացել» Հիսուսին (Հովհ. 7:5): Բայց Պողոս Առաքյալը հաստատում է, որ Հիսուսը Հարությունից հետո հատկապես երևացել է Հակոբոսին (Ա Կոր. 15:7): Այս երևումը ամենայն հավանականությամբ Հակոբոսի դարձի գալու պատճառն է եղել, որն էլ իր հերթին դարձի է բերել մնացած Տեառնեղբայրներին, այնպես որ երբ Գործք Առաքելոցից ներս ենք մտնում, տեսնում ենք, որ նրանք էլ իրենց խմբով Առաքյալների հետ ներկա էին վերնատան մեջ և Հոգեգալստյան օրը Ս. Հոգին ստացող հարյուր քսանի մասն էին կազմում (Գործք 1:14):
Հակոբոսը Երուսաղեմի Առաքելական ժողովում հիշատակվում է որպես նախնական եկեղեցու գլխավոր գործիչներից մեկը և այդ ժողովի որոշումը ինքն է բանաձևում (Գործք 15:13): Քրիստոնեական եկեղեցին առաջին քայլերն արել է երկու ուղղություններով, որոնք այսօրվա բառերով կարելի է անվանել «Պահպանողական» և «Առաջադիմական», կամ «Հրեական և Հեթանոսական հատվածներ»: Այս վերջին բառը՝ «Հեթանոսական» պետք է հասկանալ ազգագրական իմաստով, այլ ոչ բարոյական առումով: Առաջին խմբի ղեկավարը Հակոբոսն էր, երկրորդինը՝ Պողոսը: Պետրոսը աշխատում էր հավասարակշռություն պահել երկու թևերի մեջ, հաճախակի թեքվելով հրեական կողմին: Հակոբոսի կողմնակիցներն, իրենց տեսակետերը հաճախակի ծայրահեղության հասցնելով, պահանջում էին, որ հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաները նույնպես ամբողջությամբ պահեն հրեական օրենքները, օրինակ թլփատվեն և ենթարկվեն այլ բազմաթիվ ծիսական սովորություններին, ինչը որ Պողոսը անհրաժեշտ չէր համարում: Հակոբոսը այս պահանջները Երուսաղեմի ժողովով նվազագույնի հասցրեց, ինչը որ բոլորի կողմից ընդունելության արժանացավ և որպես ժողովի կողմից հրահանգ՝ ուղղվեց հեթանոսներից դարձի եկած քրիստոնայաներին՝ Անտիոք:
Ավանդությունը Հակոբոսին ճանաչում է որպես Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոս: Ամեն դեպքում,Պետրոսի և Հովհաննեսի հետ, ինչպես որ հաստատում է Պողոս Առաքյալը (Գաղ. 2:9), հանդիսանում է առաջին քրիստոնյա եկեղեցու սյուներից մեկը:
Հակոբոսը հիշատակվել է նաև Հավսեբոս հրեա պատմիչի կողմից որպես «արդար» մարդ, այս ածականը նրա վրա մնացել է որպես հատկանիշ: Հայսմավուրքը հաստատում է, որ «Աստված նրան ընտրեց և սրբացրեց իր մոր որովայնում, Սամվելի նման գինի և օղի չխմեց և ոչ էլ շնչավոր՝ մսային, որևէ բան կերավ, և Սամսոնի նման մազերն էլ չկտրեց… Եվ նրա ծնկները հաճախակի ծնրադրելուց ուղտի ծնկների նման կարծրացել էին»:
Նրա նահատակությունը մանրամասնորեն պատմվում է հին վկայաբանություններում: Հայտնի լինելով, որ Հակոբոսը, քրիստոնյա լինելով հանդերձ, իր պատվիրանապահության և օրինապահության համար մեծ հարգանք էր վայելում նաև հրեաների մեջ, ուստի մի օր նրան ստիպեցին, որպեսզի բարձրանա տաճարի աշտարակին և այնտեղից մի հայտարարություն անի ընդդեմ Քրիստոսի, որպեսզի նրա պատճառով առաջացած բաժանումը հրեաների մեջ վերջ գտնի: Սակայն Հակոբոսը հայտարարեց. «Հիսուսը Մեսիան է և Աստծո Որդին, Որն այժմ նստած է Աստծո աջ կողմում և աշխարհը արդարությամբ դատելու համար պիտի վերստին գա»: Այս հայտարարությունից շատերը հավատքի եկան, իսկ մյուսները բարձրացան և Հակոբոսին վայր նետելու համար սկսեցին քարկոծել նրան, ի վերջո նրանցից մեկը թափիչի (լվացք անելու փայտ) խոշոր փայտով փշրեց արդարի գլուխը, որը հոգին ավանդեց առ Աստված 62 թ.-ին:
Այս Հակոբոսի հիշատակն էլ նույնպես Զեբեդյան Հակոբոսի նման սերտորեն կապված է մեր եկեղեցու հետ: Նահատակությունից հետո իր մարմինը բերելով թաղվել է իր տան բակում, որտեղ թաղված էր նաև Հակոբոս Առաքյալի գլուխը: Այս տան վայրում կառուցվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության մայր տաճարը, որն այս իսկ պատճառով կոչվում է «Սրբոց Հակոբյանց Տաճար» այսինքն՝ «Սուրբ Հակոբների Եկեղեցի»:
Նոր Կտակարանում Հակոբոսի անունով մի թուղթ ունենք ուղղված առհասարակ բոլոր հրեա քրիստոնյաներին; Ջատագովում է գործնական կրոնը, որը արտահայտվում է բարի գործերում; Թղթի կենտրոնական գաղափարն ի հայտ է գալիս հետևյալ խոսքերում. «Եթե մեկը կարծում է, թե ինքը կրոնասեր է, բայց իր լեզուն չի սանձում, ինքն իրեն խաբում է, այդ մարդու հավատը ունայն է: Այն կրոնը, որը սուրբ ու անարատ է Աստծո և մեր Հոր առջև, հետևյալն է՝ այցելող լինել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, և անարատ պահել սեփական անձը աշխարհից» (1:26-27): Բարի գործերը հակադրում է հավատքի սոսկ խոստովանությանը. «Ինչպես որ մարմինը առանց հոգու մեռած է, այդպես էլ հավատը առանց գործերի մեռած է» (2:26):
Տեառնեղբայր Հակոբոսի հիշատակը կատարում ենք որպես «Ավագ տոներ»-ից առաջինը, Դավիթ մարգարեի հետ:
«Աստվածաշնչյան Սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը