Լողալ չիմացող մարդը խուճապահար թպրտում էր ջրում: Նա ցայտերի մի ամպ բարձրացրեց, և գետի վրա ալիքներ առաջացան, որոնք մարդը վախից վտանգավոր հոսանքի տեղ դրեց: Նա սկսեց գետի ալիքների դեմ պայքարել:
Խեղդվողը վերջապես գլխի ընկավ, թե ինչպես է պետք ջրի վրա մնալ և կամաց-կամաց լողաց դեպի ափը: Ջրից դուրս գալով՝ շրջվեց ու տեսավ, որ գետը լիովին խաղաղ է, իսկ ինքն ամբողջ ընթացքում կռվում էր այն ալիքների ու ցայտերի դեմ, որ հենց ինքն էր առաջացրել:
Որքան շատ են մտքերը, այնքան շատ են դժբախտությունները: Կազատվես շատ մտքերից՝ շատ շնորհ կավելանա: Շնորհի հետ կճանաչես, թե ինչ է բարիքը: Բոլոր դժբախտությունները հենց մեզնից են սկսվում: Բայց եթե մտքերդ կարգի բերես, հենց քո մեջ էլ վերջ կգտնեն այդ դժբախտությունները:
Սիմեոն Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի