23 Նոյեմբեր, Շբ
Մարդ արարածն իր ողջ կյանքում միշտ հետաքրքրված է երկնքով: Նա, նայելով երկնքին, ո՛չ միայն զմայլվել է դրա մեծությամբ ու գեղեցկությամբ, այլ նաև փափագել է իմանալ՝ ի՞նչ կա երկնքի հեռավոր խորքերում, գրել է ոտանավորներ և երգեր երկնային զարդերի՝ Արևի, Լուսնի, աստղերի մասին, մինչև իսկ դրանց անուններով կոչել է իր զավակներին: Մարդը ցանկացել է իր երկրավոր կյանքի ավարտին, երբ ֆիզիկապես մահանա, իր հոգին գնա երկինք և հավիտյան բնակվի այնտեղ:
Երկինքները ստեղծվել են Աստծու կողմից. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1), ուստի Նրան են պատկանում. «Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ» (Բ Օրին. 10:14):
Յուրաքանչյուր երկինք ունի իր բովանդակությունը, բնույթն ու հատկությունները: Ճիշտ չէ դասել բոլոր երկինքները նույն արժեքային մակարդակի մոտեցումով, որովհետև այն երկինքը, որտեղ սրբերի անմահ հոգիներն են բնակվում, չի կարելի համահավասարեցնել այն երկնքի հետ, որտեղ թռչուններն են թռչում:
Այս հոդվածի նպատակն է ցույց տալ երկինքների տեսակներն ըստ Աստվածաշնչի, ճանաչեցնել յուրաքանչյուր երկինքն իր բովանդակությամբ, բնույթով և հատկություններով, որպեսզի մեր կյանքի գագաթնակետ նպատակը լինի մեր հոգու փրկությունը՝ լինելով Աստծու հետ Երկնքի արքայության մեջ:
Առաջին երկինքը
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Առաջին երկինքը մեր երկրագունդը շրջապատող երկինքն է: Այսինքն՝ 1. որտեղ թռչուններն են թռչում. «Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ» (Ծննդ 1:20), 2. որտեղից անձրև տեղաց երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր Նոյի ժամանակ. «Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսի քսանյոթին, ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները։ Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև տեղաց» (Ծննդ 7:11-12), և որի պատճառով Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակի (Ծննդ 7:23), բացի Նոյից և իր ընտանիքից (Ա Պետ 3:20), 3. որտեղից մեզ ցող է գալիս. «Թող Աստված քեզ տա երկնքի ցող, երկրի բերրիություն, ցորենի ու գինու առատություն» (Ծննդ 27:28), 4. որտեղից ծծումբ և հուր թափվեց Սոդոմի ու Գոմորի վրա (Ծննդ 19:24), 5. որտեղ մոխիր ցանվեց Մովսես մարգարեի կողմից. «Նրանք հնոցի մոխիր վերցրին, և Մովսեսը փարավոնի առաջ այն դեպի երկինք ցանեց։ Եվ մարդկանց ու անասունների վրա խոցեր և այրվող վերքեր առաջացան։» (Ելք 9:10), 6. որտեղից մանանա իջավ Սինայի անապատում սոված Իսրայելի ժողովրդի վրա. «Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես ձեզ համար հաց եմ տեղացնելու երկնքից ... » (Ելք 16:4), 7. որտեղ ինքնաթիռներն են թռչում, 8. որտեղ տասնյակ երկրների կողմից որոշ արբանյակներ են զետեղվում և այլն:
NASA-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) իր կայքէջում ցույց է տալիս, որ Երկրի երկնային մթնոլորտը ունի վեց շերտ՝ 1. Troposphere 2. Stratosphere 3. Mesosphere 4. Thermosphere 5. Ionosphere 6. Exosphere: Կարելի է ասել, որ առաջին երկնքի տարածությունը սահմանափակ է և դրա բովանդակությունը, բնույթը և հատկությունները ճանաչելի են գիտնականների կողմից:
Երկրորդ երկինքը
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Երկրորդ երկինքը այն երկինքն է՝ որտեղ գտնվում են երկնային քարաբնույթ և գազաբնույթ մարմինները՝ մոլորակները, աստղերը, Արևը, Լուսինը և այլն. «Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն․... Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ (Արևը) ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն (Լուսինը)՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր» (Ծննդ 1:14-16):
Երկրորդ երկինքը շատ ավելի ընդարձակ է, քան առաջինը: Britannica համայնագիտարանը գույց է տալիս, որ դիտելի տիեզերքի տրամագիծը մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի է, սակայն սա չի նշանակում, որ այդ պատասխանը վերջնական կամ անփոփոխելի է: Գիտնականները կատարյալ իմաստով՝ 100 տոկոսով, չգիտեն, թե ինչ գոյություն ունի ողջ տիեզերքում, որովհետև ամեն օր նրանք գտնում են մի նոր մոլորակ, լուսին կամ աստղ: Սա նշանակում է, որ տիեզերագիտության ուսմունքը միշտ մնայուն ընթացք է մարդու համար:
Երրորդ երկինքը
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Երրորդ երկինքը այն երկինքն է՝ 1. որտեղ Պողոս առաքյալը հափշտակվեց. «Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք» (Բ Կորնթ. 12:2), 2. որտեղ գնում են արդարների հոգիները, 3. որտեղ գնաց աջ կողմի ապաշխարած ավազակի հոգին՝ Քրիստոսի խոստումով. «Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43):
Երկինքների երկինքը
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ վերոհիշյալ երեք երկինքներից վեր, գտնվում է այլ երկինք, որ կոչվում է Երկինքների երկինքը: Երկինքների երկինքը՝ այն երկինքն է՝ 1. որի մասին գրված է որպես Աստծու գահը. «Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը՝ երկնքում․...» (Սաղմ. 10:4), կամ բնակության վայրը. «Արդ, նայի՛ր քո սուրբ բնակության վայրից՝ երկնքից․...» (Բ Օրին. 26:15), հակառակ որ Աստծված անսահման է, ամենուրեք է. «Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը (Տաճարը)» (Գ Թագ. 8:27), 2. որից իջավ և որտեղ համբարձվեց Բանն Աստված. «Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր» (Հովն. 3:13), «Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը» (Եբր. 4:14), 3. որի մասին վկայեց սուրբ Ստեփանոս նախավկան. «Իսկ նա լի էր Սուրբ Հոգով. աչքերը երկինք հառեց, տեսավ Աստծու փառքը և Հիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը, և ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն՝ կանգնած Աստծու աջ կողմում» (Գործք. 7:55-56):
Տակավին Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված երկնքից է խոսում. «Տերն ասաց Մովսեսին. Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հաղորդի՛ր Իսրայելի որդիներին. դուք ինքներդ տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ» (Ելք 20:22): Երկինքը պատմում է Աստծու մասին. «Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, երկնքի հաստատությունը պատմում է նրա ձեռքերի գործերի մասին» (Սաղմ. 18:2):
Կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ժամագրքի Առավոտյան ժամերգության մեջ. «Օրհնեցեք երկինք զտէր. օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան: Օրհնեցէք Հրեշտակք տեառն, եւ ջուրք որ ի վերայ երկնից զտէր, օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան: Օրհնեցէք զորութիւնք տեառն, արեգակն և լուսին զտէր, օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան: Օրհնեցէք աստեղք երկնից, անձրեւք և ցօղք զտէր, օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան»:
Ուրեմն՝ Առաջին երկինքը թռչունների երկինքն է, Երկրորդ երկինքը մոլորակների երկինքն է, Երրորդ երկինքը դրախտն է, Երկինքների երկինքը Աստծու գահի երկինքն է:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր