25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ մի վանական որոշեց լքել վանքի պատերը, բայց նույն գիշերն էլ երազ տեսավ: Երազում կանգնել էր մի դարպասի առջև, որի աջ և ձախ կողմերով երկու ճանապարհ էր անցնում և երկուսն էլ դեպի անտառ էին տանում: Վանականը մտածմունքի մեջ ընկավ, թե որ ճանապարհով գնա և մոտակայքում մի ծեր վանականի տեսնելով` հարցրեց.
- Արժանապատիվ Հայր, եթե գիտես, ցույց տուր ինձ, թե այս երկու ճանապարհներից որն է ավելի լավն ու հարմարը:
Ծերունին պատասխանեց.
- Իհարկե քեզ ճշմարիտ ուղու վրա կդնեմ. դեպի աջ գնացող ճանապարհի անտառով անցնող մասն անհարթ է ու փշոտ, բայց դրանից հետո մի լայնարձակ, հարթ ու շատ գեղեցիկ դաշտ է՝ բազմերանգ ծաղիկներով զարդարված: Երկրորդ ճանապարհը, որ ձախ կողմում է, անտառում հարթ է ու չոր, լայն ու հարմար՝ քայլելու համար, բայց կարճ է, որովհետև դրանից հետո մի մեծ, քարքարոտ, ճահճապատ ու անանցանելի դաշտ է: Ահա, ամեն բան ասացի քեզ, այժմ ինքդ ընտրիր, թե որն ես ուզում:
Վանականն արթնացավ քնից ու այլևս չկասկածեց, քանի որ այս երազը բուժիչ եղավ իր մտորումների համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի