Եռօրյա ուխտագնացություն դեպի Արցախ աշխարհ

Առ Աստված ուղղված խնդրանքը և գոհունակությունը չէ միայն, որ Քրիստոսի հետևորդի քայլերն ուղղում է դեպի սրբավայր, այլ հոգու ծարավը հագեցնելու փափագը, որով Աստծո պատկերն ու նմանությունը կրող անձը ձգտում է դեպի կյանքի Սկզբնաղբյուրը, դեպի Իր Արարիչը: Ուխտի ճանապարհները՝ որպես կյանքի շավիղներ, ամրացնում և զորացնում են իրենց ճամփորդներին՝ հեռու պահելով չարիքներից: Ըստ առակագրի՝ արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը (Առակներ 16:17): Տիրոջ խոսքի շուրջ համախմբված եկեղեցական համայնքների անդամները, մեծ նախանձախնդրություն և ջանք դրսևորելով, ջանում են միասնաբար անցնել կյանք պարգևող կյանքի և արդարության շավիղներով: Նախանձախնդրության այդ ոգին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական ուխտի ուղին հարթեց:

Հոկտեմբերի 6-ին համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, եռօրյա ուխտագնացության մեկնեց դեպի Արցախ աշխարհ: Բազում սրբավայրերով հարստացած Արցախի առաջին սրբատեղին, որ հյուրընկալեց թվով երեսուներեք ուխտավորների և խնդություն ապրեց նրանց միասնական աղոթքից, Դադիվանքն էր: ԼՂՀ Մարտակերտի և Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին գտնվող սրաբավայրը, ըստ ավանդության, հիմնադրվել է 4-րդ դարում՝ Ս. Թադեոս առաքյալի աշակերտի՝ քրիստոնեական քարոզչության համար նահատակված Ս. Դադիի գերեզմանի տեղում: Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին և Ս. Նշանը կառուցվել են 13-րդ դարում, իսկ Կաթողիկեի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Ս. Դադի եկեղեցին՝ 10-11-րդ դարերում: Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ուխտավորներին մանրամասնորեն ներկայացրեց վանքի պատմությունը՝ նշելով, որ վանքի վերանորոգումից հետո մեկ ու կես տարի է, ինչ սրբավայրը գործում է: Ապա ուխտավորները, Ս. Դադիի գերեզմանի առջև խոնարհվելով, սրբի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայոց ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Տեր Վահանն ուխտավորների անունից շնորհակալություն հայտնեց Տեր Հովհաննեսին՝ նշելով, որ Տեր Հոր հավատի և նախանձախնդիր ծառայության շնորհիվ վանական համալիրը, ի ուրախություն հավատացյալների, գործում է՝ հնարավորություն ընձեռելով իրենց և մյուս հավատավոր հայորդիներին՝ միասնական աղոթքի կանգնելու հնագույն սրբավայրում:

Երկրորդ սրբավայրում՝ Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (13-րդ դ.), միասնական աղոթքից հետո, Տեր Վահանն ուխտավորների հետ զրուցեց «Ձեր հավատքի համաձայն թող ձեզ լինի» թեմայի շուրջ՝ մատնանշելով, որ հավատքով առաջնորդված իրենց ուղին նպատակ ունի միասնական աղոթք վերառաքելու առ Տեր՝ Հայոց աշխարհի շենացման, ազգի բարօրության և հավատի զորացման համար: Ուխտավորներն այցելեցին նաև վանքին կից գտնվող Մատենադարանը, որ հիմնադրվել է 2015 թ.-ին և որտեղ ներկայացված են արցախյան մատենագրության մոտ հարյուր ձեռագրեր:

Հաջորդ օրը Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ և Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներն (1868-1887 թթ.) ու Ամարասի վանքը խնդությամբ սպասում էին ուխտավորների աղոթական ներկայությանը: Նշենք, որ Ամարաս ավանում առաջին վանքը հիմնել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը:

Ուխտագնացության երրորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, մինչ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում (2007թ.) Ս. Պատարագի արարողությանը մասնակցելը, մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ուխտավորները առիթ ունեցան մասնակցելու Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ կազմակերպված Բերքի տոնին: Ս. Պատարագի ավարտին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի հրավերով, ուխտավորներն այցելեցին առաջնորդարան: Տեր Վահանն ուխտավորների անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ նշելով, որ եռօրյա ուխտագնացության ընթացքում, եկեղեցուց եկեղեցի, վանքից վանք անցնելով, իրենք ականատես եղան Սրբազան Հոր հայրական հոգածությանն ու առաջնորդությանը, հոգևոր մեծ զարթոնքին և արցախցու քաջարի ոգուն, ինչն իրենց մեծ ոգևորություն պատճառեց՝ զորացնելով իրենց հավատքը: Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ իրենք աղոթական ուղի անցան Արցախ աշխարհում և առիթ ունեցան ճաշակելու թե՛ նյութական և թե՛ հոգևոր պտուղներ: Պարգև Սրբազանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց իր հոգևոր եղբորը՝ Նավասարդ Սրբազանին, ում օրհնությամբ ուխտավորներն իրենց այցով զորացնում և հզորացնում են Արցախ աշխարհը. «Ուխտավորների այցն ու աղոթքն ավելի է քաղցրացնում տվյալ սրբավայրը, ավելի է գոտեպնդում մեր հավատացյալ ժողովրդին: Ձեր ճաշակած հոգևոր պտուղների մի մասն էլ մեզ է բաժին հասնում, հնարավորինս հաճախ այցելեք Արցախ աշխարհ՝ միասնաբար մեր աղոթքը վերառաքելու առ Տեր»:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական աղոթքի ուղին Տիրոջ անունն օրհնելու և փառավորելու մի ընթացք էր՝ սաղմոսերգուի հետևյալ խոսքի համաձայն. օրհնեցե՛ք Տիրոջը, որ գտնվում եք Տիրոջ տանը, մեր Աստծո տան գավիթներում: Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի բարի է Տերը. սաղմոս երգեցեք Նրա անվանը, քանզի քաղցր է Նա (Սաղմոս 134:1-3):

 

Կարինե Սուգիկյան

09.10.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․