Գրքեր

«Ես եմ ճանապարհը և Ճշմարտությունը, և Կյանքը»

Ինչպես գիտենք, այս տարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 5-ին նշում է Սուրբ զատիկը կամ Հարության տոնը: Այն քրիստոնեական հավատի հիմնաքարն է, քանի որ առանց Քրիստոսի հարության քրիստոնեությունը պարզապես կլիներ հերթական մի կրոնական, փիլիսոփայական, բարոյախոսական ուղղություն: Հիսուսի հարությունն է, որ գլխավորապես վկայում և ազդարարում է քրիստոնյայի հավատի ճշմարտացիությունն ու ապացույցը: Սբ. Պողոս առաքյալն ասում է, թե եթե Քրիստոս հարություն չի առել, ապա զուր է մեր հավատը և քարոզչությունը (Ա Կորնթ. 15.13-18): Սակայն հասարակ կյանքով ապրող առաքյալները, ովքեր լքել էին Հիսուսին խաչելության ճանապարհին, մի քանի օր անց դառնում են Քրիստոսի անձնազոհ նվիրյալներն ու խանդավառ քարոզում փրկության ավետիսը: Ինչպե՞ս նրանք այդպես փոխվեցին և նույնիսկ պատրաստ էին իրենց կյանքը վտանգելու: Սբ. Պողոս առաքյալն իր ժամանակակից կորնթացիներին այդ առնչությամբ գրում է, որ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, թաղվեց և հարություն առավ: Երևաց Կեփասին, ապա տասներկու առաքյալներին, ապա երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը կան մինչև այժմ, ոմանք էլ՝ ննջեցյալ եղան: Եվ ապա երևաց Հակոբոսին, ապա բոլոր առաքյալներին (Ա Կորնթ. 15.3-7): Սա Քրիստոսի հարության ականատեսների մասին վկայող անջնջելի մի պատմական դրվագ է, որտեղ բարոյական կյանքով ապրող առաքյալները խոսում են իրենց տեսած իրականության մասին: Դրա համար էլ սբ. Հովհաննես առաքյալն ասում է. «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը» (Ա Հովհ.1.1): Հիսուսի հարությունը փոխեց հուսահատված առաքյալներին և կյանքի հույսով լցրեց, ուժ տվեց նրանց, որ վկայեն այն խոստումը, որին ճշմարիտ Աստծուն ճանաչողները սպասում էին անհիշելի ժամանակներից, և ՈՒմ առաքյալները տեսան, ինչպես և վկայում է սբ. Պետրոսը. «Ոչ թե հնարովի առասպելների հետևից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծությանը» (Բ Պետր. 1.16): 
Մարդկությունն իր սկզբնավորման օրերից փորձել է գտնել անմահության ուղին, բայց բոլոր ճանապարհները ձախողվել են: Ստեղծվել են տարբեր տեսություններ, թե՛ կրոնական, թե՛ փիլիսոփայական, սակայն բոլորն էլ ի վերջո հանգել են մի եզրագծի, որտեղից այն կողմ չեն կարողացել անցնել, քանի որ մարդու համար այն եղել է անկարելի: Նրա բոլոր ձգտումները, ծրագրերն ու երազանքները դադարել են գոյություն ունենալուց, որովհետև մահը սահմանափակել է ամեն ինչ՝ երկրային ժամանակի մեջ սահմաններ գծելով մարդու շուրջը: Ամբողջ հարցն այն է, որ բանական արարածը Եդեմի պարտեզում որոշում է կայացրել ապրել առանց Կյանքի՝ Աստծո՝ այսպիսով ակամայից դեմ գնալով անմահությանը: Այս հետընթացը տարել է ոչ թե զարգացում, այլ աստիճանական քայքայում և ոչնչացում: Ընկնելով գոյապայքարի մեջ՝ Ադամի շառավիղները անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ պատմել են Արարչի կողմից իրենց տրված փրկության ավետիսը, որն արտացոլվել է հնագույն կրոնների հավատալիքներում: ՈՒշագրավ է, որ հնագետները Ադամի և Եվայի պատմությունը գտել են հին բաբելոնյան, եգիպտական, հնդկական կրոնական արձանագրություններում: Այլ հարց է, թե այս պատմությունն ինչու է հայտնի դարձել աշխարհին սուրբգրային Հնգամատյան գրքի միջոցով: Հին բոլոր ազգերն էլ ճանաչել և հավատացել են ճշմարիտ Աստծուն և սպասել Փրկչի գալստյանը: Նրանց մեջ միշտ էլ եղել են Աստծուն հավատարիմ անձինք և թագավորներ, ովքեր պահել են Երկնավոր Հոր պատգամները և ճշմարիտ հավատը, ինչպես Սուրբ գիրքը վկայում է Մելքիսեդեկի մասին (Ծննդ.14.18-20): Եվ այս առումով պատահական չէր նաև, որ Ավետարանն անուղղակի վկայում է այդ մասին. Հիսուսին առաջինը եկան երկրպագելու ոչ թե հրեաները, այլ օտարազգի մոգերը (Մատթ. 2.1-12): Սակայն իր մեծագույն դերակատարությունն ունեցավ Աբրահամն իր անվերապահ հավատի շնորհիվ՝ արժանանալով Աստծու օրհնությանը և Փրկչի գալստյան խոստման վերահաստատմանը. «Քո սերնդի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին» (Ծննդ. 22.18): Այնուհետև ասպարեզ են գալիս մարգարեները, ովքեր վերհիշեցնում են Աստծո խոստումը, թե շուտով գալու է աշխարհի փրկիչը: Բայց Աբրահամի սերնդից ձևավորված հրեա ազգն արդեն հոգևոր կերպով չէր ընկալում փրկության ավետիսը: Նրանց համար այն դարձել էր քաղաքական փրկության ուղի, հասարակա-քաղաքական հույսի երազանք՝ այն մեծ սպասումով, թե Մեսիայի գալուստը իրենց երկրային կյանքի կեցության բարելավում է ենթադրում և հրեաների համար այդ ժամանակներում ազատագրում Հռոմեական կայսրությունից: Բայց Աստված այլ ծրագիր ուներ: Նա կամենում էր փրկել բոլոր ազգերին, ժողովուրդներին, ամեն անհատին, այստեղից էլ պետք է բխեր հասարակական փոփոխությունը, սակայն հրեաները չէին ակնկալում անհատական փոփոխություն, այլ հասարակա-քաղաքական կառավարման փոփոխություն: Հիսուսի և հրեաների միջև փրկչաբանական գործառույթների բախումներից մեկը հենց այս տարբերությունն էր: Ազատության խորհուրդը, որը մարդուն տրվել էր, հոգևոր խորհուրդ ուներ, որովհետև այն վերանորոգման ավետիսն էր՝ Քրիստոսի հարության միջոցով: Երբ Հիսուս հանդիսավոր կերպով մուտք գործեց Երուսաղեմ, հրեա ժողովուրդը կարծեց, թե հինգ հազարին հրաշքով կերակրողը, զորավոր գործեր կատարողը վերջապես մարտահրավեր է նետել օտար զավթիչների դեմ` հիմնելու համար Դավիթ արքայի նոր երկրային թագավորությունը, որի միջոցով Իսրայելի ազգը պետք է իշխեր բոլոր ազգերի ու աշխարհի վրա: ՈՒստի Հիսուսին դիմավորեցին որպես երկրային նոր աշխարհակարգ ձևավորող անձի, ով իր գերբնական զորությամբ և կարողությամբ պիտի ազատագրեր հրեաներին՝ ստեղծելով Երկիր մոլորակում հուդայական աստվածային միապետություն, ուր մարդը պետք է ծառայեր մի խումբ հրեա իշխանավորների օրենքներին: Բայց Հիսուս մերժեց այդ ընկալումները և Երուսաղեմ եկավ ավետելու համար հոգևոր թագավորության գալուստն ու հաստատումը: Հրեա ժողովրդի հիասթափությունը մեծ էր, երբ իրեն Աստծո Որդի և Մեսիա հռչակած Հիսուսը չարդարացրեց նրանց հույսերը, և նրանք պատրաստ էին Նրան դիմավորելու ատելությամբ և նույնիսկ մահվան մատնելու, ինչպես և ի վերջո արեցին: Սակայն իրականացավ Աստծո խոստումը՝ դեռևս վկայված Ադամին և Եվային (Ծննդ. 3.15), և Հիսուս հարություն առավ՝ մարդկության առջև բացելով փրկության դուռը, որտեղ մահն այլևս գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով սբ. Պողոս առաքյալը մեծ խանդավառությամբ ասում է, թե «ո՞ւր է, մահ, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55): Հիսուսի հարությունը մարդկության պատմության անիվը շրջեց դեպի անմահության ճանապարհը, այնուհանդերձ, մարդկությունը ճանապարհ ունի անցնելու իր հետընթացից մինչ ամբողջական անմահություն, և ներկայիս ժամանակի սլաքները շարժվում են այդ ընթացքից դեպի հավերժության ուղին, մինչ երկրորդ գալստյան ժամանակների լրումը:


Հովհաննես սրկ Մանուկյան

08.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․