28 Նոյեմբեր, Եշ
«Յուրաքանչյուր մարդու սրտի ամենախոր փափագը ապրելու փափագից էլ շատ առաջ սիրելու և սիրվելու բաղձանքն է: Այստեղ է մարդու իրական քաղցը: Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մարդը ստեղծվել է սիրուց և սիրո համար: Ոչ ոք չի կարող ապրել, եթե նախ սիրված չէ: Եթե ուզում ես ապրել, կյանքդ քո համար մի՛ պահիր: Այն պետք է տարբեր ափերի գգվի, տարբեր հողեր ոռոգի: Մեռնել չի նշանակում դադարել ապրել, այլ՝ դադարել սիրել»,- ասել է ֆրանսիացի մեծագույն գրող Միշել Քուասթը:
Մեծ պահքի ընթացքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ապրելու և սիրելու մեծագույն կոչմանը հավատարիմ, փորձում է ապրել՝ իր կյանքն իր համար չպահելով և տարբեր հողեր ոռոգելով: Այո, թեև աշխատանքները շատ են, բայց սիրով և միությամբ կատարված յուրաքանչյուր ջանք իր պտուղն է տալիս:
Մարտի 9-ին սիրով միավորված համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական ջանքն էր ուղղել սիրիահայ Քեշիշյան ընտանիքին օգնելու համար, որ երեք ամիս է, ինչ Հայաստանում է: 49-ամյա Լենա Քեշիշյանը՝ իր հաշմանդամ եղբոր՝ Հովհաննես Քեշիշյանի (56տ.) և մոր՝ Անժել Նազարյանի (83 տ.) հետ վարձակալությամբ բնակվում են Բագրատունյաց 6/17 հասցեում: Լենայի եղբայրն ու մայրն առողջական խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունեն, այդ պատճառով էլ Լենան չի կարողանում աշխատել: Տան վարձի 90%-ը վեց ամսով ստանձնել է վճարել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, բայց Լենայի մտահոգությունն է, թե հետագայում ինչպես է վճարելու տան և կոմունալ վարձերը, ամենօրյա, բուժման, նաև դեղորայքի ծախսերը: Այս մտահոգությունների մեջ արդեն նրա մոտ էլ է առաջ եկել առողջական խնդիրներ:
«Մեր հայրենիքում ենք, հանգիստ է, պատերազմական լարվածություն չկա, բայց խնդիրները լուծելու ելքեր չեմ տեսնում»,- ասաց Լենան:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ, անկողնային ու հիգիենայի պարագաներ և դրամական օգնություն:
«Մեր ապրած կյանքով ցույց տանք, որ հասկացել ենք ճշմարիտ քրիստոնյա լինելու իրական իմաստը, այն է՝ մշտական ինքնազոհաբերության գնալու մեր պատրաստակամությունը: Մենք պետք է զոհաբերական սեր ունենանք թե՛ առ Աստված և թե՛ առ մարդիկ»,- ասաց Տեր Գրիգորը և պատմեց հետևյալ պատմությունը, թե երբ մի իմաստունի հարցնում են, թե ո՞րն է մարդու կյանքի ամենակարևոր ժամանակը, ո՞վ է ամենանշանակալից մարդը նրա կյանքում և ո՞ր գործն է ամենակարևորը: Իմաստունը պատասխանում է. «Կյանքի ամենակարևոր ժամանակը ներկայիս պահն է, քանի որ անցյալն արդեն անցել-գնացել է, իսկ ապագան դեռ չի եկել: Կյանքի ամենանշանակալից մարդը նա է, ով այժմ դիմացդ կանգնած է ու դու ես ընտրում նրան բարիք կամ չարիք պատճառել: Իսկ կյանքիդ ամենակարևոր գործն այս պահին, այդ մարդուն տալն է այն ամենը, ինչ կարող ես…»:
Կարինե Սուգիկյան