ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է իր սոցիալական ծրագրերի շրջանակներում իրականացվող տնայցերը կարիքավոր ընտանիքներին: Ծրագրին բացի համայնքից իրենց մասնակցությունն ու աջակցությունն են բերում նաև անհատներ և կազմակերպություններ:
Մայիսի 30-ին համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ կրկին անգամ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ հերթական տնայցով եղավ բազմազավակ կարիքավոր ընտանիքում, որ բնակվում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մաշտոց փողոցի 13 հասցեում: Ոսկանյան ընտանիքին մեծ ուրախություն էր պատճառել համայնքի այցը: Բազմաթիվ խնդիրների ու կարիքների մեջ գտնվող ընտանիքի ուրախությունն են վեց զավակները, որոնց թիվը շուտով կհամալրվի ևս մեկով: Բազմանդամ ընտանիքն ապրում է տարրական հարմարություններից և պայմաններից զուրկ երկու սենյականոց բնակարանում, ուր մահճակալների թիվը չի համապատասխանում ընտանիքի անդամների թվին: Ընտանիքի մայրը՝ Ոսկանյան Սիրանուշը (29տ.) նշեց, որ երկու մահճակալ ունեն, երկու-երեք հոգով մի մահճակալի վրա են քնում, բազկաթոռները միացնում են, որպեսզի երկու աղջիկներն էլ այդտեղ քնեն, անկողին չունեն:
«Ամուսինս, 2-րդ կարգի հաշմադամ լինելով, ի վիճակի չէ աշխատելու, ապրում ենք ամուսնուս հասանելիք թոշակով և ընտանեկան նպաստով, որը չի բավականացնում ամենօրյա ծախսերի համար, այդ պատճառով ստիպված ենք լինում խանութներից պարտքով գնումներ անել: Ֆինանսական խնդիրների պատճառով երեխաներից չորսը հաճախում են գիշերօթիկ դպրոց: Օգնության խնդրանքով շատերին ենք դիմել, բայց մերժել են՝ ասելով, եթե չէիք կարող պահել, ինչո՞ւ եք այդքան երեխա ունեցել: Մեր խնդրանքն ընդառաջեց միայն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակը և այսօր շատ ուրախ ենք ու շնորհակալ նաև Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից մեր ընտանիքի հանդեպ ուշադրության և հոգածության համար»,- ասաց Սիրանուշը:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն, սննդի փաթեթներ, հիգիենայի ու անկողնային պարագաներ և խաղեր երեխաների համար:
«Անչափ կարևոր է, որ Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անձ մեծ սիրով, համբերությամբ և խոնարհությամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր նմանի հանդեպ՝ նրան էլ մասնակից և ականատեսը դարձնելով աստվածային սիրուն և կենարար լույսին: Նույնիսկ մի ժպիտն ու քաղցր խոսքը կարող է բժշկել մերձավորի հոգու վերքերը կամ գոնե մեղմացնել դրանց պատճառած ցավը: Եվ սա ամենևին էլ քիչ չէ, երբ մարդը սկսում է փոքրից, հավատարիմ մնալով դրանում, ապա կտեսնի, թե ինչպես է Աստծո օրհնությունն իջնում իր փոքր, բայց հավատով լի և խոնարհ գործերի վրա՝ ավելի ու ավելի ընդլայնելով դրանք»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան