- Հա՛յր, իսկ խեղանդամությունը կարո՞ղ է թերարժեքության բարդույթի հանգեցնել:
- Այ քեզ հիմարությո՜ւն:
- Բայց, հա՛յր, հաշմանդամների հետ երբեմն հենց դա է պատահում:
- Պատահում է, որովհետև ճիշտ չեն տրամադրվում: Հասկանալով, որ հաշմությունն Աստծո օրհնություն է՝ մարդիկ ճիշտ են տրամադրվում ու ձերբազատվում են թերարժեքության բարդույթից: Եթե ֆիզիկական խեղումից մի մանկիկ է տառապում, ով հոգևոր օգնություն չի ստացել, որպեսզի այդ խեղման համար ուրախանա, ապա մեղմացուցիչ հանգամանքներ ունի, եթե տառապում է անլիարժեքությունից: Բայց, եթե երեխան մեծանում է, իսկ թերարժեքության զգացումը չի անցնում՝ նշանակում է, որ չի հասկացել կյանքի խորագույն իմաստը: Մի իննամյա աղջնակի աչքում ուռուցք գոյացավ և բժիշկները հեռացրեցին նրա աչքը: Դպրոցում երեխաները ծաղրում էին խեղճ երեխային և նա տառապում էր: Նրա հայրն ինձ մոտ եկավ ու պատմեց, թե ինչ է կատարվել: «Հա՛յր,- ասաց նա,- ես մտածեցի, որ եթե գնեմ այն ամենն ինչ նա ուզում է, ապա կօգնեմ նրան, որովհետև նա կուրախանա և կմոռանա իր խեղության պատճառած դառնությունը: Մտածելը՝ մտածեցի, բայց ինչպե՞ս կարող եմ անել: Ախր ուրիշ հինգ երեխա էլ ունեմ, որոնք նախանձում են նրան, որովհետև դեռ ոչինչ չեն հասկանում»: «Ախր այդ ի՞նչ ես խոսում,- պատասխանեցի նրան,- այն սփոփանքը, որի մասին պատմում ես՝ կեղծ է: Դա խնդիրը չի լուծի: Եթե հիմա նրա համար գնես այն բոլոր զգեստները, որ կխնդրի, ապա մի քանի տարի հետո կխնդրի, որ «Մերսեդես» գնես: Որտեղի՞ց ես այդքան գումար գտնելու: Հետո նա ինչ-որ տեղից կլսի, որ որոշ մարդիկ սեփական ինքնաթիռներ ունեն և կսկսի պահանջել, որպեսզի իր համար ինքնաթիռ գնես: Այդ ժամանակ ի՞նչ ես անելու: Ավելի լավ է երեխայիդ փորձիր օգնել ուրախանալ այն փաստով, որ մի աչք ունի: Թող մտածի, որ ինքը մարտիրոս է: Սուրբ մարտիրոսներից շատերի աչքերը փորում հանում էին, ականջներն էին կտրում, քիթը, և աշխարհը ծիծաղում էր նրանց վրա: Սակայն հիվանդություններից ու մարդկային ծաղրանքից տառապող սրբերը չէին հանձնվում ու անկոտրում կերպով դիմանում էին փորձություններին: Եթե աղջիկը դա հասկանա և իր խեղումն Աստծուն փառաբանելով ընդունի, ապա Աստված նրան խոստովանողների շարքը կդասի: Մտածիր. Աստված այնպես է դասավորել, որ երեխայի աչքն առանց նրան ցավ պատճառելու են հեռացրել և հետո էլ նրան խոստովանողների մեջ է դնելու: Քո կարծիքով դա չնչին բա՞ն է: Քանի որ աղջիկը մեղքեր չունի, որպեսզի իր խեղանդամությամբ քավի դրանք: Եվ այդ խեղումից նա մաքուր վարձք է ստանալու»: Խեղճ հայրը շնորհակալություն հայտնեց ինձ և բարի տրամադրվածությամբ ետ վերադարձավ: Եվ իսկապես իր դստերն օգնեց հասկանալու, որ նրա հաշմությունն Աստծո օրհնություն էր: Նա աղջկան օգնեց փառաբանել Աստծուն: Այդպես աղջիկն առանց շեղումների մեծացավ, ընդունվեց համալսարանի լեզվաբանության բաժինը, ավարտեց, այժմ դասավանդում է և ավելի շատ է ուրախանում, քան ուրիշ աղջիկները, որ ամեն ինչ ունեն, սակայն տանջվում են, քանի որ կյանքի մեծագույն իմաստը չեն հասկացել:
Եթե մարդիկ կյանքի մեծագույն իմաստը չեն հասկանում, ապա նույնիսկ այն օրհնություններից ու բարենպաստ հնարավորություններից են տանջվում, որ Աստված տալիս է իրենց փրկության համար: Իսկ այն մարդն ով իրեն ճիշտ է տրամադրում՝ ուրախանում է ամեն բանի համար: Կա՞ղ է: Իսկ նա ուրախանում է դրա համար: Շատ խելացի չէ՞: Ուրախանում է դրա համար: Աղքա՞տ է: Դրա համար էլ է ուրախանում:
Իհարկե հասկանում եմ, թե հաշմանդամներն ինչպիսի դժվարությունների են հանդիպում, և շատ եմ աղոթում նրանց համար, հատկապես՝ աղջիկների: Քանի որ հաշմանդամությունը, խեղումը տղաների համար այդքան ծանր չէ: Սակայն ամուսնանալ ցանկացող աղջկա համար շատ դժվար է խեղումը տանել:
Իսկ որքա՜ն են տառապում կույրերը: Խեղճերն իրենք իրենց մասին անգամ չեն կարող հոգ տանել: Քայլելուց սայթաքում, ընկնում են... Իմ աղոթքներում Աստծուն խնդրում եմ, որպեսզի մի փոքր լույս տա կույրերին, որպեսզի գոնե ինչ-որ կերպ կարողանան իրենց անձնական կարիքները հոգալ:
- Հա՛յր, ես էլ եմ վշտանում, որ չեմ կարող Ավետարանից գոնե մի գլուխ կարդալ, որովհետև շատ վատ եմ տեսնում: Իսկ Դուք ասել եք մեզ, որ մարդը լուսավորվում է, եթե ամեն օր Ավետարանից գոնե մեկ գլուխ կարդում է:
- Ի՞նչ է, վշտանում ես այդ պատճառով: Քո կարծիքով, եթե մի գլուխ չկարդաս, այլ մի քանի տող միայն կամ գոնե մեկ խոսք Ավետարանից, կամ ուղղակի երկյուղածությամբ համբուրես այդ Սուրբ Գիրքը, ապա չե՞ս լուսավորվի: Եվ բացի այդ, դու հո երեկ չես դարձել ի Քրիստոս: Ինչո՞ւ չես մտածում նրա մասին, ինչ կարդացել ու լսել ես մինչև այժմ: Կարևորը քեզ ճիշտ տրամադրես: Այսպես ասա ինքդ քեզ. «Հիմա Աստված ուզում է, որպեսզի այս վիճակում լինեմ: Մի քանի տարի առաջ ուզում էր, որպեսզի մեկ այլ վիճակում լինեի»: Մի բարեշնորհ փաստաբան, ծերանալով՝ կորցրեց տեսողությունը: Մի անգամ ասաց ինձ. «Հա՛յր Սուրբ, աղոթիր, որպեսզի կարողանամ գոնե մի փոքր կարդալ և ճանաչել սիրելի մարդկանց»: «Սիրելի մարդկանց կարող ես ձայնով էլ ճանաչել,- պատասխանեցի,- իսկ ինչ վերաբերվում է ընթերցանությանը... ախր այսքան տարի կարդացել ես: Այժմ Հիսուսի աղոթքն արա: Ամենայն հավանականությամբ Աստված այժմ հենց դա է ուզում քեզանից»: Խեղճն այս խոսակցությունից հետո էլ ավելի մեծ ուրախություն ապրեց, քան այն ժամանակ, երբ տեսնում էր:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի