25 Նոյեմբեր, Բշ
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Հայոց հոգևոր կենտրոն: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին:
Հայոց հոգևոր կենտրոնի առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդները, Ս. Հռիփսիմեի վանքն էր: Սրբուհու գերեզմանի առջև խոնարհվելով և նրա բարեխոսությանը դիմելով՝ երիտասարդները միասնաբար աղոթք հնչեցրին առ Տեր՝ գերեվարված ու անհայտ կորած զինվորների և նրանց տունդարձի համար: Հաջորդ սրբավայրում՝ Ս. Գայանե եկեղեցում, երիտասարդաց միության անդամները կրկին համախմբվեցին միասնական աղոթքով. Ս. Գայանե կույսի գերեզմանին այցելելով, սրբուհու բարեխոսությանը դիմեցին և Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարի քսանչորս աղոթքներն ասացին:
Անկեղծ ու ջերմեռանդ սրտով հնչած համատեղ աղոթքներն իսկապես կարող են մարդու կյանքը դրականորեն փոխել և Տիրոջ մեծագույն օրհնությանն ու ողորմածությանն արժանացնել: «Աստված դուռը չի փակում Իր ծառաների առջև, եթե աղոթքով են մոտենում Նրան: Ընդհակառակը, այդ դուռը միշտ բաց է Աստծուն փնտրողների առջև, քանզի Նա ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7:7)՝ դրանով ատահայտելով խնդրողին ամեն բան տալու Իր պատրաստակամությունը»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:
Կարինե Սուգիկյան