23 Դեկտեմբեր, Բշ
14. Հիւանդանայցէ ոք ի ձէնջ, կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյն, և արասցեն ի վերայ նորա աղօթս, և օծեն իւղով յանուն Տեառն:
15. Եւ աղօթքն հաւատովք՝ փրկեսցեն զաշխատեալն, և յարուսցէ զնա Տէր. և եթէ մեղս ինչ իցէ գործեալ՝ թողցին նմա:
Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի:
Այստեղ հիվանդություն ասելով նկատի ունի մարմնի զանազան հիվանդությունները, քանզի կան որ մեղքի պատճառով են, կան որ վնասակար օդի պատճառով և կան, որ բնության փոփոխությունների՝ ջերմության և ցրտի պատճառով առաջացող հիվանդություններ: Արդ, ասում է, մեկը ենթարկվելով այս հիվանդություններին, ապավինի նոր և աստվածատուր բժշկին, որ բժշկելու համար ո՛չ բույսերի կարիք է զգում, ո՛չ արմատների, ո՛չ դառը դեղերի կամ ըմպելիքների և ոչ էլ մարդկային այլ արհեստների՝ այրելու և կտրելու:
Ուստի և ասում է. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն: Նման ձևով պատվում է եկեղեցու առաջնորդներին և մեծ հարգանքի արժանացնում նրանց, ու ցույց է տալիս որպես մտերիմ ծառաներ և աստվածությանը հաղորդակիցներ, և բոլորին ներկայացնում է ինչպես Մովսեսին և Ահարոնին՝ նրանցից առավել մեծարելով նրան: Քանզի նրանցից ավելի մեծ շնորհների արժանացան, որովհետև այն ամենն, ինչ հավատով խնդրում էին, ստանում էին: Այդ պատճառով ասում է. թող կանչի եկեղեցու երեցներին, որոնք իրենց սրբությամբ և արդարությամբ համարձակություն ունեն՝ Աստծու մոտ իրենց աղոթքներով սրբելու ուրիշների մեղքերը և արդարացնելու նրանց: Արդ, եթե նրանք կարողանում են հոգիները բժշկել մեղքերի ցավերից, ապա որքան առավել մարմինը՝ բնական ցավերից: Նրանց կկոչեն, ասում է իմաստուն բժիշկներ, որոնց համար անհնարին ոչինչ չկա, այլ ամեն ինչ հնարավոր է:
Եվ նրանք, ասում է, նրա վրա թող աղոթք անեն: Ընդ որում նրանք, ասում է, հոգևոր բժիշկներ են՝ անվերք և անսպի, նման ձևով նաև նրանց դեղերն էլ հոգևոր են և աստվածային, այսինքն՝ նրանց աղոթքներն ու խնդրվածքները, որով ճշմարիտ բժիշկին՝ Հիսուսին, խոնարհեցնում են դեպի հիվանդի կարիքները:
Թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Մի տեսակի յուղի փոխարեն, որ ըստ օրենքի՝ օծում էին քահանային, թագավորին և մարգարեին, առաքյալների ձեռքերով բազում յուղեր շնորհեց Եկեղեցուն: Ուստի, առաջինը և մեծագույնը ավազանի յուղն է, որպես օրինակ Սուրբ Հոգու շնորհների, որը սուրբ մյուռոն ենք կոչում, այսինքն՝ սպանող բոլոր տեսակի աղտեղությունների, որով մարդիկ մեղքերի մեջ մեռած, մեծ պատվով վեր են ելնում և Աստծու որդիներ կոչվում:
Եվ այլ է երախայից օծության յուղը, ըստ քահանաների օրհնության, այլ է հիվանդների և այլ՝ վախճանվածների յուղը: Դա է հաստատում՝ ասելով. թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ սա է ասում, ինչպես օրինակ, առաքյալները, երբ բժշկություններ էին գործում, Տիրոջ անվամբ էին անում, ինչպես ի ծնե կաղին ասացին. «Հանուն Հիսուսի Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր» (Գործք 3:6), և նորից. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնի՛ր» (Գործք 9:40), այդպես ամեն տեղ նույն անունն էին տալիս: Նման ձևով նաև այստեղ է ասում. թող յուղով օծեն Տիրոջ անունով: Ապա այստեղից հայտնի է դառնում, որ ոչ թե յուղն է հիվանդին առողջություն տալիս, այլ՝ Տիրոջ անունը:
Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Ամեն տեղ հավատք է պետք. թե՛ բժշկության համար, թե՛ հենց հիվանդի հավատքը և թե՛ նրանց, ովքեր աղոթում են նրա համար: Ինչպես որ մեր Տերը բազմաթիվ անգամներ հավատք էր պահանջում հիվանդներից և ապա բժշկում նրանց, ովքեր հավատում էին, և շատ անգամներ էլ հենց նրանց հավատքով էր բժշկում: Ինչպես նրանց դեպքում, ովքեր տան առաստաղը բացեցին և այնտեղից անդամալույծին իջեցրին նրա առջև, իսկ նա՝ տեսնելով նրանց հավատքը, նորից նրան առողջություն տվեց՝ բժշկելով հիվանդ անդամները և նրա մեղքերին թողություն տալով: Այդպես էլ այստեղ նշանակում է մեկի հավատքով մյուսին բժշկություն պարգևել: Ուստի և ասում է. և հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Հավատով եղած աղոթք կարծում եմ աղոթողներին է վերաբերում, որպեսզի առանց երկմտելու խնդրեն և հավատան, որ ստանալու են խնդրվածը, ըստ Տիրոջ խոսքի, թե. «Այն ամենը, ինչ, Որդու անվամբ հավատով խնդրեք Հորից, կստանաք» (հմմտ. Մատթ. 21:22):
Կամ էլ հիվանդներին է ասում, որ եթե հավատան, ապա քահանայի աղոթքը կարող է փրկել և բժշկել նրանց, և մեր Տերն էլ տեսնելով նրանց հավատքը, ոտքի կկանգնեցնի նրանց հիվանդության մահճից և բժշկություն կպարգևի նրանց:
Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Նորից խոսում է հոգևոր բժշկության օգուտի և շնորհների մասին, որպեսզի լսողների ուշադրությունը կենտրոնացնի այն պարգևի վրա, որը մարմնական արվեստում չի երևում, քանզի նրանք, ովքեր բժշկում են, միայն մարմինն են բժշկում, իսկ հոգու բժշկության մասին ոչ մի օգուտ կամ շահ չեն ցուցաբերում, իսկ այստեղ հոգևոր բժշկությունը երկկողմանի է խոստանում կատարել՝ մարմնի բժշկության հետ մեկտեղ հոգին էլ բժշկել, որը հրաշափառ է:
Ուստի և ասում է. և եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Կարծում եմ սրանով նաև ակնարկում է, թե հիվանդությունները մեղքերի հետ են ներմուծվում մարմնի մեջ: Արդ, երբ արժանավորների աղոթքների միջոցով հիվանդությունը կվերանա, դրա հետ մեկտեղ կվերանա նաև հիվանդության պատճառը՝ մեղքը: Քանզի այդ օրենքը նախ և առաջ մեր Տերը մեզ ուսուցանեց՝ անդամալույծին ասելով. «Քեզ ներված են քո մեղքերը» (Մատթ. 9:5), նախ մեղքի պատճառն է վերացնում, ապա նոր մարմնի անդամներն է հաստատում՝ ցույց տալով, որ հիվանդության պատճառը դրանից է, ինչպես որ մեկ այլ անդամալույծի է ասում. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր» (Հովհ. 5:14), որպեսզի այսուհետև քեզ հետ ոչ մի չարիք չպատահի:
Տեսնո՞ւմ ես, թե ինչու է հայտնապես ցույց տալիս, որ հիվանդությունը մեղքի պատճառով է առաջանում, ուստի եթե մահը, որ հիվանդության գլուխն է, մեղքի պատճառով առաջացավ, ապա որքան առավել հիվանդությունը:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը