«Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» (Ղուկաս 11:28): Ճշմարիտ երանությունը, Փրկչի խոսքի համաձայն, կայանում է Աստծո խոսքը լսելու և գործադրելու մեջ: Առաջին դարից առ այսօր ճշմարիտ երանության ուրախությունն են ապրում Քրիստոսի Մարմինը կազմած եկեղեցական համայնքները: Հոգևոր ընտանիք կազմած համայնքի անդամներն այդ երանության ուրախարար պտուղները նախ վայելում են իրենց ընտանիքում՝ համայնքում՝ միմյանց նկատամբ ցուցաբերած իրենց ուշադրությամբ և հոգածությամբ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին ևս իր համայնքային կյանքով և գործունեությամբ մասնակից է դառնում ճշմարիտ երանությունից բխող այդ մնայուն ուրախությանը:
Մայիսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին և համայնքին ուրախություն էր պատճառել համայնքի երիտասարդ անդամ, ժամկետային զինծառայող Մարտիրոսյան Սահակի (19 տ.) այցը եկեղեցի: Ուրախությունը երկուստեք էր. Սահակն ընտանիքին տեսնելուց հետո, շտապել էր այցելել նաև իր հարազատ եկեղեցին: ԼՂՀ պաշտապանության բանակը, լավագույն ծառայության դիմաց որպես խրախուսում, Սահակին վեցօրյա հանգիստ էր տվել: Համայնքը ևս խրախուսեց իր երիտասարդ անդամին. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սահակին փոխանցեց համայնքի անդամ Անուշ Նազարյանի կողմից տրամադրված գումարը (100 ԱՄՆ դոլար): «Ուրախության և հպարտության զգացումով ենք լցվում, տեսնելով մեր ընտանիքներից և եկեղեցուց ներս հայրենասիրական ոգով դաստիարակված մեր քաջարի տղաներին, ովքեր անձնվեր ծառայասիրությամբ լծված են հայրենիքի պաշտպանության սուրբ և նվիրական գործին»,- ասաց Տեր Հայրը: Մարտիրոսյան ընտանիքը բնակվում է Հակոբյանց 57/3 հասցեում, Սահակի հայրը հինգ տարի առաջ է մահացել, մայրը՝ Սվետլանա Մկրտչյանը (59 տ.), 2-րդ խմբի հաշմանդամություն ունի և անաշխատունակ է, ընտանիքում միակ աշխատողը Սահակի քույրն է: Տեր Գրիգորը, համայնքի անդամներն ու Սահակը միմյանց շնորհակալություն հայտնեցին: Եվ բոլորի մաղթանքն էր, որ Աստծո Աջը հովանի և պահապան լինի հայրենիքի նվիրյալ պաշտպաններին:
Կարինե Սուգիկյան