23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 4-ին` հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս.պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը ստանալով, թեմի երիտասարդները «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Այն մեկնարկեց առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց: Նպատակն էր մարդկանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը փոխանցել: Երթն առաջնորդում էր ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող, Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարականների ու հոգևոր երգերի կատարումներով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ քարե գորգի վրա երիտասարդները ծաղկյալ խաչ կազմեցին և ընդհանրական աղոթք առաքեցին առ Աստված:
«Հարության Ավետիս» քայլերթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամները, զինվորներ, ոստիկաններ և այլք:
Թեմի երիտասարդները երթը կազմակերպում են արդեն երկորդ անգամ: Այս տարի նախաձեռնությանը միացել էին հարյուրավոր հայորդիներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին