Հայոց ցեղասպանությանը նվիրված մեկամյա միջոցառումների ամփոփում

Մայիսի 24-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամփոփիչ միջոցառումը: Հանդիպումը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով: Միջոցառմանը մասնակցում էին թեմի քահանայից դասը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և թեմի երիտասարդաց միությունների անդամներ:

Հանդիպման ընթացքում Տ. Պետրոսը շնորհակալություն հայտնեց բոլոր անձանց, ովքեր մասնակցել ու աջակցել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրին: 
Ծրագրին աջակցելու համար Տ. Նավասարդ Սրբազան հոր և թեմի երիտասարդաց միությունների անունից շնորհակալագրի արժանացան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Մերթարջյանը, «Միասին» ՀԿ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը, Ա. Սպեդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը, ԱՀԹ Ծաղկազարդ համախումբը և համախմբի գեղ.ղեկ. Լիլիթ Գրիգորյանը, ԱՀԹ «Արարատ» երգչախումբը և երգչախբի գեղ. ղեկ. Գրիգոր Հարությունյանը, «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը, ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր, օպերային մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինե Սահակյանը, քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը, քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը, լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանը, Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի «Սատորի» ակումբի նախագահ Լևոն Ավագյանը, ժողովրդական երգիչ Հովհաննես Բալյանը: 
Միջոցառումները մշտապես լուսաբանելու համար շնորհակալագրի արժանացան Շողակաթ ՀԸ, Նոյյան տապան լրատվա-վերլուծական կենտրոնը, լրագրող Արթուր Հայրապետյանը: 4 demand նախագծի համար շնորհակալագիր հանձնվեց Ազգային առաջնորդության ինստիտուտին:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսին և նախաձեռությունների կազմակերպիչներին իր շնորհակալությունը հայտնեց գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը՝ մասնավորապես ասելով. «Ձեր նախաձեռնությունը մեծ առաքելություն է, որ այն պետք է արմատներ տա ու արմատներն էլ պետք է շիվեր ու պտուղներ տան: Ուզում եմ շնորհավորել և ասել, որ Պաշտպանության նախարարությունը, ինչպես իր սահմաններն է պահում ու պաշպանում, այնպես էլ սահմաններից ներս միշտ ընկերակցությամբ և ընկերակցության գաղափարախոսությամբ Արարատյան Հայրապետական թեմի և մյուս թեմերի կողքին է կանգնած: Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Պաշտպանության նախարարի, ՊՆ ողջ անձնակազմի կողմից ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին նման նախաձեռնության կազմակերպելու համար: Սրբազան հայրն իր ոգևորիչ խոսով, իր գոտեպնդիչ խոսքով, իր զորակցությամբ մշտապես գտնվում է բանակի կողքին: Տարբեր միջոցառումներ կատարվեցին՝ դրամահավաք, օգնություններ զոհված զինվորների ընտանիքներին: Սա մենք չենք մոռանում, այս մեկնած ձեռքը մենք մշտապես պատրաստ ենք համբուրելու և խոնարհվելու այդ աջի ներքո: Շնորհակալություն միջոցառումների նախաձեռնող խմբին, այն երիտասարդներին, ովքեր ոգևորիչ խոսքով առանց տրտնջալու օրինակ են ծառայում մյուսներին: Ես ողջունում եմ մեր երիտասարդությանը: Այսօր ՊՆ հանձինս մեր այս երիտասարդների՝ տեսնում է իր ապավենին, տեսնում է վաղվա հաջողությունը»:
Ցուցադրվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների մասին պատմող տեսաֆիլմեր: Ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը, «Արարատ» երգչախումբը, «Վարք հայոց» ազգագրական երգի- պարի խումբը և ժողովրդական երգիչ Հովհաննես Բալյանը:
Սա Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդների կողմից իրականացվող թվով 12-րդ միջոցառումն էր: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին՝ սկսած 2014 թվականի մայիսի 24-ից, կազմակերպել են միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձել են մշակութային ցեղասպանությանը, նահատակված հոգևորականներին, մտավորականներին, կազմակերպվել են բանախոսություններ, քննարկումներ, ներկայացումներ, ֆլոշմոբ և այլն: Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-րդ տարելիցի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

24.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․