25 Նոյեմբեր, Բշ
Ծերերից մեկն աղաչեց Աստծուն, որ ցույց տա իրեն, թե ինքն ո՞ւմ չափին է հասել: Եվ Տերն ասաց նրան. «Այսինչ վանքում մի եղբայր կա. նա քեզնից առավել է»: Եվ ծերը վեր կացավ ու գնաց այդ վանքը: Երբ ծերի գալուստն իմացան այնտեղ, ընդառաջ ելան նրան վանահայրն ու բոլոր եղբայրները, քանզի մեծանուն և չափազանց հռչակավոր էր այդ ծերը: Ծերն ասաց վանահորը. «Կամենում եմ բոլոր եղբայրներին տեսնել և ողջունել»: Վանահայրը հրահանգեց, և բոլոր եղբայրները եկան, սակայն այն եղբայրը չեկավ, որին կամենում էր տեսնել ծերը: Նա ասաց. «Կա՞ մեկ այլ եղբայր, որ այստեղ չէ»: Նրան ասացին. «Մեկ ուրիշն էլ կա, սակայն հիմար և կատաղի է նա. դրսում է և պարտեզն է մաքրում փշերից ու խոտերից»: Ծերն ասաց. «Կանչե՛ք նրան», և կանչեցին: Երբ ծերը տեսավ նրան՝ գալիս, վեր կացավ և ընդառաջ գնաց նրան, համբուրեց և մի կողմ տանելով՝ ասաց. «Պատմի՛ր ինձ, որդյա՛կ, քո գործը Տիրոջ հրամանով, որի համար և եկել եմ»: Նա ասաց. «Ո ՜վ հայր իմ, ես մեղավոր և հիմար մարդ եմ, և քեզ ասելու ոչինչ չունեմ»: Իսկ ծերը երդմամբ բռնադատեց նրան: Այն ժամ ասաց. «Մի բան կա, որ անում եմ. վանահայրը միշտ իմ սենյակի պատի տակ է կապում եզը, և նա ամեն օր ուտում է իմ հյուսած պարանը, որ տքնությամբ գործում եմ, և արդեն երեսուն տարի է` համբերում եմ դրան, և երբեք բերանիցս չար խոսք կամ խորհուրդներիցս բարկության խորհուրդ դուրս չելավ իմ հոր մասին, եզին էլ երբեք չխփեցի կամ չձանձրացա, այլ երկայնամտորեն դարձյալ հյուսում եմ կոխկրտված ու ծամծմված պարանս ու գոհանում եմ Աստծուց»: Երբ այս լսեց ծերը, սաստիկ զարմացավ, որ այդչափ համբերություն ունի, և նրա մեջ կան բոլոր առաքինությունները:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016