Հայրերի վարքից

1. Սա է Ղազարոսը՝ Քրիստոսի բարեկամը, որ չորս օրվա մեռած էր և հարություն առավ: Եվ Սուրբ Հոգու գալուստից հետո՝ առաքյալների կողմից եպիսկոպոս ընտրվեց և ուղարկվեց Կիպրոս՝ Կիտուան քաղաքը, և այնտեղ քարոզեց Քրիստոս: Իր առաջին մահից 15 տարի հետո մահացավ և կյանքի ամբողջ տևողության ընթացքում չծիծաղեց («Վարք սրբոց»):

2. Վարդապետներից մեկը վերջին փողի մասին ասում է. «Այն այնքան սարսափելի է, որ թե՛ ուտելիս, թե՛ խմելիս, և ինչ էլ որ անելիս լինեմ, ինձ այնպես է թվում, թե այն փողը գոչում է ականջիս՝ ասելով. «Ելեք, բոլոր մեռյալներ և տվեք հաշիվը ձեր գործերի»: Ինչպես այն թագավորը, որ բնավ չէր ծիծաղում և շատ հազվադեպ էր ուրախ լինում, բայց արդար դատաստան էր տեսնում: Իշխանները և նախարարները աղաչեցին այս թագավորի եղբորը, որ հարցնի թագավորից տխրության պատճառը, թե ինչո՞ւ երբեք չի ծիծաղում և միշտ օրն անցկացնում է տխուր-տրտում: Եվ ասաց արքան. «Վաղը կտամ պատասխանը»: Եվ մյուս օրը հրամայեց եղբոր տան մոտ դատապարտություն ազդարարող փողեր հնչեցնել՝ երկար և շատ բարձր: Նաև հրամայեց շատ խոր փոս փորել և մինչև կեսը կրակ վառել, հորի վրա հին, փտած աթոռ դնել՝ աթոռի վերևում բարակ թելով երկսայրի սուր կախել: Սրա մոտ սեղան դնել պատրաստված զանազան խորտիկներով, ուտելիքներով և անուշահամ գինով: Այնժամ եղբորը նստեցրեց աթոռին, չորս կողմից սուսերակիրներ կանգնեցրեց՝ առջևից, թիկունքից, աջից և ձախից: Հրամայեց, որպեսզի բոլորը քնարներ և նվագարաններ նվագեն: Եվ ասաց թագավորն իր եղբորը. «Ուրախ եղիր և զվարճացիր, կեր, խմի՛ր, և սիրտդ թող բերկրանքի մեջ լինի»: Եղբայրն ասաց. «Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել, երբ ամեն կողմից մեծ նեղության մեջ եմ»: Այնժամ թագավորն ասաց. «Ինչպես դու ես հիմա, այնպես եմ ես ամեն ժամ: Ինչպես դու իմ փողի ձայնից վախեցար, չնայած, իմ հանդեպ ոչ մի հանցանք չես գործել, նույնպես և ես երկնչում եմ վերջին՝ Տեառնագալուստ փողից, քանի որ մեղավոր և հանցավոր եմ Աստծո առաջ: Փտած աթոռը՝ մարմինս է, իսկ երբ նայում եմ վեր, տեսնում եմ արդար Դատավորին, որին հաշիվ եմ տալու ամեն մի խոսքի, գործի և խորհուրդի համար: Ցած եմ նայում ու միտքս եմ բերում դժոխքի հուրը, և դատապարտյալ ների տանջանքները, նայում եմ առջևս և տեսնում եմ մեղքերս, որ գործեցի և ժամանակս իզուր անցկացրի: Նայում եմ ետ՝ միտքս եմ բերում մահը, որին շարունակ մոտենում եմ և ոչ ժամը գիտեմ, ոչ տեղը: Ձախ եմ նայում. տեսնում եմ դևերին, որ գիշեր-ցերեկ իմ անձն են փնտրում, և դեմ են իմ փրկությանը: Աջ եմ նայում. տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որ միշտ բարի խորհուրդ են տալիս, չար ճանապարհից դարձնում են ինձ, որոնք, ավա՜ղ, ոչ միշտ կատարեցի, և չգնացի նրանց բարի խրատների համեմատ: Եվ այս պատճառով էլ, չեմ կարողանում ծիծաղել և սիրտն իմ զվարճությանը տալ»:

Եվ այսպես, ամեն մարդ պետք է իր ականջը վերջին օրվա փողին պահի և չուրախանա այս աշխարհի ուրախությամբ («Հայելի Վարուց»):

3. Մի օր ես հարցրեցի երանելի Հուլիանոսին, թե ո՞վ է այստեղ փչացնում գրքերը, քանի որ որտեղ  գրված էր. «Աստված կամ՝ Հիսուս Քրիստոս, կամ Փրկիչ», այնտեղ տառերի ուրվագծերը գրեթե ջնջված էին: Երանելին պատասխանեց ինձ՝ ասելով. «Չեմ թաքցնի քեզանից ոչինչ: Անառակ կինը, որ եկավ Փրկչի մոտ, ողողեց Նրա ոտքերը արցունքով և սրբեց իր մազերով: Եվ ես, երբ կարդալիս հանդիպում եմ իմ Աստծո անվանը՝ հեղեղում եմ իմ արցունքներով, որպեսզի ես էլ պոռնիկ կնոջ նման Նրանից ստանամ մեղքերի թողություն»: Իսկ ես սիրով ասացի նրան. «Աստված, որպես մարդասեր, կընդունի քո մտադրությունը, բայց խնդրում եմ, խնայիր նաև գրքերը»: Նա պատասխանեց ինձ և ասաց. «Չի ոռոգվում սիրտն իմ, եթե չարտասվեմ իմ Տեր Աստծու առջև» (Եփրեմ Ասորի):

4. Պատմում են հայր Արսենի մասին, երբ զբաղված էր լինում ձեռքի աշխատանքով, մշտապես թաշկինակը ծնկների վրա էր պահում այն արցունքների պատճառով, որոնք իջնում էին նրա աչքերից («Հարանց վարք»):

5. Երբ վախճանվեց հայր Արսեն Մեծը, սուրբ Պիմենը այդ լուրը լսելով՝ արտասվալից ասաց. «Երանելի ես դու, հայր Արսեն, որովհետև դու այս կյանքը լացով անցկացրիր: Քանի որ անկարելի է չլացել այստեղ կամավորապես կամ կամքիցդ անկախ՝ դժոխքի վիհերում» («Հարանց վարք»):

6. Եղբայրը հարցրեց հայր Պիմենին, թե ինչպիսին պետք է լինի վանականի գործունեությունը: Ծերը պատասխանեց. «Երբ Աբրահամը եկավ Ավետյաց երկիր, նա առաջին հերթին իր համար գերեզման գնեց և գերեզմանից սկսեց իր մուտքը Ավետյաց երկիր»: Եղբայրը հարցրեց. «Ի՞նչ է նշանակում գերեզմանը»: Ծերը պատասխանեց. «Դա լացի և հեկեկոցի տեղ է» («Հարանց վարք»):

7. Պատմում էր աբբա Իսահակը. «Մի անգամ ես նստած էի հայր Պիմենի մոտ և տեսա, որ նրա միտքը հափշտակվեց: Ես՝ մինչև գետին խոնարհվելով, խնդրեցի, որ ասի ինձ, թե որտեղ էր հայտնվել նա այդ պահին: Ստիպված լինելով հայտնել իր գաղտնիքը, նա ասաց. «Ես մտովին հայտնվել էի Փրկչի խաչի մոտ այն ժամ, երբ այնտեղ կանգնած էր Մարիամ Աստվածածինը և լացում էր, ես շատ կցանկանայի միշտ այդպիսի լացի մեջ լինել» («Հարանց վարք»):

8. Եղբայրը ասաց հայր Պիմենին. «Տուր ինձ հոգեշահ խրատ»: Ծերն ասաց. «Հայրերի մոտ ամեն բան ուղեկցվում էր լացով» («Հարանց վարք»):

9. Մի անգամ հայր Պիմենը անցնում էր հայր Անուվի հետ Դիոլկաս քաղաքի մատույցներով: Տեսնելով այնտեղ մի կնոջ, որը իրեն ծվատում էր և դառնորեն լացում մի գերեզմանի վրա, նրանք մի պահ կանգ առան այդ կնոջ մոտ, ապա մի փոքր հեռանալով հարցրեցին մի անցորդի. «Ի՞նչ է պատահել այդ կնոջը, ինչո՞ւ է նա այդպես դառնորեն սգում»: Անցորդը պատասխանեց. «Մահացել են նրա ամուսինը, որդին և եղբայրը»: Այն ժամ հայր Պիմենը՝ դիմելով հայր Անուվին, ասաց. «Ասում եմ քեզ, եթե մարդը չսպանի իր բոլոր մարմնավոր ցանկությունները և ձեռք չբերի այսպիսի լաց, չի կարող դառնալ վանական: Վանականի ամբողջ կյանքը լաց է» («Հարանց վարք»):

10. Ասաց մի օր հայր Եսային. «Եթե գինով լցված անոթը մնա բացված վիճակում, այն ժամ անոթի վրա կհավաքվեն մոծակները և մլակները, որից և գինին կփչանա: Նմանօրինակ վնասի է ենթարկվում անձը, երբ տրվում է շատախոսության, կատակների և դատարկաբանության» («Հարանց վարք»):

11. Վանական կյանքում ծիծաղը անհնարին էր համարում հայր Անտոնը, և երբ մի օր աշակերտները հարցրին նրան. «Հայր, կարելի՞ է երբևիցե ծիծաղել», ծերը պատասխանեց. «Մեր Տերը դատապարտում է ծիծաղողներին, երբ ասում է. «Վա՜յ ձեզ, որ ծիծաղում եք, որովհետև պիտի լաք և ողբաք»: Եվ այսպես, նվիրված վանականը չպիտի ծիծաղի, մեզ պետք է հաճախ արցունք թափել նրանց համար, ում կողմից անարգվում է Աստծո անունը: Նրանք խախտում են օրենքը և իրենց ամբողջ կյանքը աղտոտում մեղքերի մեջ: Լանք ու ողբանք անդադար, խնդրելով Աստծուն, որպեսզի թույլ չտա նրանց՝ կարծրանալ մեղքի մեջ, և մահը վրա չհասնի մինչև ապաշխարելը» («Հարանց Վարք»):

12. Մի որսորդ անապատում տեսնելով հայր Անտոնին եղբայրների հետ կատակելիս, գայթակղվեց նրանից: Իսկ ծերն այս իմանալով, կամեցավ նրան համոզել, թե պետք է երբեմն զիջել եղբայրներին: Եվ ասաց նրան. «Դիր քո նետը աղեղին և ձգիր», և այնպես արեց: Ծերը դարձյալ ասաց, որ էլի ձգի, և նա արեց: Երրորդ անգամ ասաց, որ էլ առավել ձգի, իսկ որսորդն ասաց. «Եթե չափից ավելի ձգեմ, աղեղը կկոտրվի»: Ծերն ասաց նրան. «Այսպես է նաև, եղբայր, Աստծո գործը, եթե չափից ավելի նեղենք եղբայրներին՝ եռանդը կվերանա, դրա համար պետք է երբեմն զիջել նրանց»: Այս լսելով, որսորդը շատ շահեց և գնաց իր տուն: Եղբայրները նույնպես լցվեցին ուրախությամբ և գոհացան Աստծուց («Հարանց Վարք»):

13. 394  և 404 թվականներին Կ. Պոլսում եկեղեցու հայրապետն էր զարմանալի ու պայծառ ջահ սուրբ Հովհան Ոսկեբերանը, որ Քրիստոսի համընդհանուր եկեղեցին լուսավորում էր կենաց խոսքի վարդապետությամբ: Սա մկրտվելուց հետո գինի չխմեց, չծիծաղեց, չերդվեց և ոչ ոքի չնզովեց:

 

09.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․