13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Մի՛ վախեցիր, միայն հավատա՛» (Ղուկ. 8:50):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Քիչ առաջ լսեցինք օրվա ավետարանական ընթերցվածքը, և Ղուկաս առաքյալի Ավետարանի էջերը մեզ հասցրին Գալիլիայի ափը՝ Կափառնայում, որտեղ Ամենակարող Մարդասերը՝ Տեր Հիսուս Քրիստոս, միանգամից երկու զորավոր հրաշք է գործում: Նախ` Նա բժշկում է տասներկու տարի արնահոսությամբ տառապող կնոջը, այնուհետև՝ հարություն տալիս ժողորդապետ Հայրոսի դստերը: Եվ մինչ կխոսեմ այս երկու հիրավի մեծ հրաշքների խորհրդի մասին, փորձենք հասկանալ, սիրելի՛ հավատացյալներ, թե դրանք ինչ կերպով են առնչվում մեզ երկու հազար տարի անց: Քանզի, վստահաբար, այստեղ չենք հավաքվել, որպեսզի լոկ զարմանահրաշ պատմություններ լսենք, հիանանք դրանցով, հուզվենք միգուցե և դրական լիցքեր ստացած վերադառնանք աշխարհ և սպասենք հաջորդ կիրակի օրվա պատմությանը՝ մտածելով, որ դրանք վերաբերում էին այն օրերի մարդկանց միայն: «Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան»,- հիշեցնում է Պողոս առաքյալը և բնականաբար, Նրա սրբագույն շուրթերից հնչած խոսքերն էլ այսօր նույնքան արդիական են, որքան երեկ էին և լինելու են վաղը:
Այսպիսով, այն կինը տասներկու տարի տառապում էր անբուժելի դարձած հիվանդությունից: Տասներկու երկար ու ձիգ տարի: Որևէ ցավ կամ հիվանդություն ունեցողը կհասկանա, թե դա որքան երկար ու տառապալից ուղի է: Այս կինը տասներկու տարի անցել էր ցավի, ամոթի ու զրկանքի միջով: Նա ոչինչ չէր խնայել առողջանալու համար: Դիմել էր բոլոր հայտնի ու անհայտ բժիշկներին, մոտ ու հեռու քաղաքներում և գյուղերում բնակվող հեքիմներին, կախարդներին միգուցե, ծախսել էր իր ողջ ունեցվածքը և մնացել՝ ձեռնունայն: Մարդկային իմաստությունը, փորձը, միջոցներն ու ինչու չէ՝ կարեկցանքն անզոր էին գտնվել նրան պատուհասած հիվանդության առջև: Եվ ուզում եմ հարցնել, սիրելի՛ հավատացյալներ, այս կնոջ կերպարը ձեզ ոչ ոքի չի՞ հիշեցնում: Ո՞չ: Իսկ եթե ավելի լավ պրպտե՞ք ձեր հիշողությունը: Դե՛, փորձե՛ք: Չեմ ասում, որ ֆիզիկական արնահոսություն ունեցող մարդու մտաբերեք, ո՛չ: Խոսքս հոգևոր արնահոսության մասին է: Բազմաթիվ մեղքերից խոցոտված արնահոսող հոգու մասին է: Դե ի՞նչ, հիշեցի՞ք: Տեսա՞ք ծանոթ ու սիրելի կերպարը: Այո, խոսքս, իհարկե, մեր մասին է, մեզնից յուրաքանչյուրի: Եվ թող ոչ ոք չգայթակղվի՝ մտածելով, որ ինքը հիվանդ չէ, քանզի դա կնշանակի, որ նա կա՛մ հոգևոր կուրություն ունի, կա՛մ պատրանքի մշուշում է գտնվում, որոնք հավասարապես վտանգավոր են և բուժման կարիք ունեն:
Այո, մենք էլ ենք տառապում արնահոսությունից… հոգու: Մեկը տասը տարի, մյուսը՝ տասնհինգ, երրորդը՝ մի փոքր ավելի կամ պակաս, դա ինքներդ կիմանաք անկեղծ ինքնաքննումից հետո, սիրելինե՛ր, սակայն, թվերից ավելի այժմ մեզ հուզում է այն փաստը, որ բոլորս էլ մահացու վերքեր ունենք մեր հոգում, որոնք, չբուժվելու պարագայում, շարունակելու են արնահոսել՝ ավելի ու ավելի տկարացնելով և ի վերջո՝ մահվան առաջնորդելով մեզ:
Նախքան միակ ճշմարիտ Բժշկի մոտ գալը, մենք էլ ավետարանական պատմության կնոջ պես բազմաթիվ այսպես կոչված «բժիշկների» դռներ ենք թակել՝ արևմտյան հոգեբաններից մինչև արևելյան գուրուներն ու մեր տեղական թուղթ ու գիր բացողները: Միջոցներից բացի ծախսել ենք այնքան թանկարժեք ժամանակը, որ իրականում տրված է մեզ ապաշխարության համար: Եվ այժմ, երբ վերջապես Կափառնայումի բնակիչների պես հավաքվել ենք այստեղ Բարիքներ Պարգևողի շուրջը, հարց է, թե այդքան հզոր հավատ, վստահություն ու արիություն կունենա՞նք՝ մեր ախտը Տիրոջ առջև խոստովանելու և Նրանից բժշկություն ստանալու համար:
Ավետարանիչներն ասում են, որ հոծ բազմություն էր հավաքվել Տեր Հիսուսի շուրջը և ամեն կողմից հրում էին միմյանց, սեղմում ու նեղում Քրիստոսին, որպեսզի ավելի մոտ լինեն, դպչեն Նրան ու Նրա խոսքը լսեն: Մենք ստույգ չգիտենք, թե ինչ թվի մասին է խոսքը՝ հարյո՞ւր հոգու, հազա՞ր, թե՞ տասնյակ հազարների, սակայն հստակ է մի թիվ՝ այդ բազմության միջից միայն մեկ հոգի լսեց այնքա՜ն բաղձալի խոսքերը. «Քո հավատը փրկեց քեզ» (Ղուկ. 8:48): Ի տարբերություն այն երանելի կնոջ, մենք ամեն օրհնյալ կիրակի ոչ թե Տիրոջ հագուստին դիպչելու հնարավորություն ունենք, այլ՝ Նրա սրբասուրբ Մարմնին ու Արյանը, մենք Կենդանի Աստծո հետ միավորվելու անգին պարգևն ունենք, մի բան, որ չկա և չի լինի ոչ մի այլ կրոնում: Եվ ինչպես այն օրերին բազմաթիվ մարդիկ դիպան Տիրոջը, սակայն միայն մեկը փրկվեց, այնպես էլ այսօր. լի են եկեղեցիները և փա՜ռք Երկնավոր Հորը դրա համար, սակայն արդյոք քանի՞սն են Տիրոջ քաջալերանքին արժանանալու, չգիտեմ: Համաձայն եմ, հեշտ չէ ընդունել, որ մեր այնքան սիրելի, այնպես խնամված ու փայփայված «ես»-ը ամենևին էլ այնքան ճերմակ ու փափկափետուր չէ, որքան մենք ենք ուզում ներկայացնել: Մենք ամեն կերպ փորձում ենք Տիրոջ պատվիրանները ձևափոխել, մեզ հարմարեցնել, որպեսզի արդարացնենք մեր գործած սխալները: Ամեն ինչ անում ենք մեր մեղքերն ուրիշների վրա բարդելու համար: Խոստովանության ժամանակ մեխանիկորեն թվարկում ենք մեղքերն ու առաքելությունը համարում ավարտված: Տարիների ընթացքում այնքան ենք ընտելանում մեղքին, չարն այնպիսի խորամանկ հնարքներով է այն ներկայացնում, որ շատ հաճախ չենք էլ գիտակցում, չենք տեսնում, որ մեղք ենք գործում: Ինչպես Եկեղեցու հայրերից մեկն է իրավացիորեն նշում՝ մեր օրերում ոչ մի կիրք, ոչ մի ախտ իր իրական անունով հանդես չի գալիս: Անառակությունը հանդես է գալիս սիրո անվան ներքո, մոլախաղերը՝ ժամանցի, արծաթասիրությունն իրեն բարեկեցություն է կոչում, հարբեցողությունն ու անսանձ պահվածքը՝ ընկերություն, նախանձն՝ արդարություն և իրավահավասարություն… Եվ այս խառնաշփոթի մեջ իսկական մաքուր սիրտ, անկեղծություն ու ազնվություն է անհրաժեշտ՝ տեսնելու մեր մեղքերն ու դրանց ցավալի հետևանքները, քաջություն և խոնարհություն՝ ծնկի գալու Տիրոջ առջև և խոստովանելու, որ դեռևս տկար ենք ու հաճախ ենք պարտվում մեղքի դեմ պայքարում: Այնուհետև՝ զղջում, հավատ և վճռականություն՝ բուժվելու և ոտքի կանգնելու համար: «Դևերը մեզ մղում են հուսահատության, քանի որ գիտեն, եթե զղջանք, առանց վարձքի չպիտի մնանք: Ինչպես որ մի բաժակ սառը ջուր տվողը վարձքը Աստծուց պիտի ստանա, այնպես էլ՝ իր գործած մեղքերի համար զղջացողը: Եթե նույնիսկ մեղքերի համար արժանապես չուղղվի, այնուամենայնիվ, նույնիսկ զղջման համար վարձք կունենա» (Հովհան Ոսկեբերան):
Հիվանդն ինչո՞ւ է բժշկի դիմում, որովհետև անհանգստանում է իր առողջության, իր կյանքի համար, գիտակցում է, որ անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում իր կյանքին իրական վտանգ է սպառնալու: Նա գնում է այն բժշկի մոտ, որին ճանաչում է կամ լսել է նրա բարի համբավի մասին և վստահ է, որ վերջինս կբուժի իրեն: Արնահոսությամբ տառապող կինը «մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա զգեստներին, կբժշկվեմ»» (Մրկ. 5:28): Եվ նրա այս պարզ ու աներկբա հավատն էր, որ լիուլի վարձատրվեց Բազումողորմի կողմից: Եվ հենց այս հավատի մասին Տերն ասաց Հայրոսին, երբ վերջինիս հայտնեցին, որ ամեն ինչ վերջացած է, որ նրա սիրելի միակ դուստրը մահացել է արդեն: Այն օրը Տեր Հիսուս Քրիստոս կարեկցանքով բռնեց Հայրոսի ուսը, նայեց աչքերին և հայտնեց նրան ու մեզ, որ Իր համար մահը գոյություն չունի: Թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահն անզոր է Ամենազորի առջև: Նա սովորեցրեց չընկճվել ու չհուսահատվել նույնիսկ ամենաանելանելի թվացող իրավիճակում, անգամ ամենածանր փորձության պահին: Ցույց տվեց, որ Աստված միշտ պատասխանում է սիրող սրտից հավատով ու վստահությամբ բխած աղոթքին, որ արվում է հարազատ մարդու մեռած հոգու հարության համար: Որքա՜ն են դեպքերը, երբ լսում կամ տեսնում ես, թե ինչպես է կարծրասիրտ, անհավատ մեկը հանկարծակի, մի ակնթարթում փոխվում: Հալվում է նրա սրտի սառույցը, հոգին կենդանության շունչ է առնում, առ Աստված հավատ է ձեռք բերում և գալիս եկեղեցի: Եվ վստահ եղեք, սիրելինե՛ր, որ դրա ետևում, անկասկած, կանգնած է մեծ հավատով ու սիրով արված անձանձիր աղոթքը:
«Մի՛ վախեցիր, միայն հավատա՛ և նա կապրի» (Ղուկ. 8:50),- երկու հազար տարի առաջ Քրիստոս ասաց իր զավակին կորցրած հորը: Նույնն է ասում և մեզ այսօր, երբ խոստովանում ենք, որ քարացել են մեր հոգիները, որ մեղքերի բազմության պատճառով հոգևոր մահվան շեմին ենք գտնվում: Եվ ինչպես այն ժամանակ, այսօր էլ Տերը շտապում է բժշկելու և մահից փրկելու Իրենից օգնություն աղերսողին: Արդ, մենք էլ շտապենք օգտվելու Ամենակալ Աստծո անսահման ողորմածությունից, սիրելինե՛ր: Մեր ծնկներն ու գլուխները խոնարհենք Փրկչի առջև և խոստովանենք, որ հոգնել ենք մեղք գործելուց ու այլևս չենք ցանկանում դրա մեջ ապրել: Երկնքի Արքայության պատկերը թող այնպիսի պայծառ լույսով վառվի մեր հոգիներում, որ ոչնչացնի ամեն տեսակ մեղքի գայթակղիչ պատկեր ու ցանկություն, և փոխարենը լցնի մեր անմահ հոգիները փրկելու անսասան վճռականությամբ: Քանզի, «Ով շատ է հոգում իր հոգու մասին, նրա մասին Աստված էլ է հոգում» (Եվագր Պոնտացի): Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան