22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Դժոխային տարազներ ու դիմակներ
Դիւապաշտութեան խորհրդանշանների մեծ մասն ունի իր ուրոյն պատմութիւնը: Հին կելտերն ունէին աւանդութիւն, համաձայն որի՝ դրուիդ քրմերը (Հոկտեմբերի 31-ի գիշերուանից մինչեւ Նոյեմբերի 1-ը) կաղնու ճիւղերից վառում էին «սրբազան» խարոյկ, որի վրայ զոհաբերում էին կենդանիներին, նոյնիսկ մարդկանց՝ ի պատիւ մահուան ու չար ոգիների չաստծու՝ Սամհայնի: Այդ դիւային ծիսական արարողութիւնների ընթացքում ժողովուրդը պէտք է հագնէր զանազան տարազներ ու կրէր դիմակներ, որոնք հիմնականում պատրաստուած էին կենդանիների մորթից:
Հելոուինի հանդերձներն առաւելապէս ընտրւում են «որքան վատ, այդքան լաւ» սկզբունքով: Ըստ կելտական աւանդութեան՝ մեռեալները վերադառնում էին երկիր՝ իրենց սերունդների գործերն ստուգելու համար: Տօնի կատարման պարտադիր պայմաններից էր կախարդների, վհուկների, ուրուականների, վամպիրների, մոլագարների, չար ոգիների եւ սրանց նմանների պէս դիմակաւորուելն ու զգեստաւորուելը։ Նրանք հագնում էին սարսափազդու զգեստներ ու դիմակներ կրում, որպէսզի խաբէին չար ոգիներին, որոնք կարող էին դժբախտութիւն բերել իրենց: Դժոխային այդ դիմակներն ու տարազները գաղտնագիտութեան եւ դիւական տիրապետութեան մէջ երկար տարիների պատմութիւն ունեն: Դրանք հոգեւոր աշխարհի հետ շփման կապերն են՝ հրաւիրելու պիղծ ոգիներին իրենց դիւահարելու համար: “World Book” հանրագիտարանում գրուած է. «Գաղնագիտական ծիսակատարութիւնների ժամանակ չաստուածների կամ չար ոգիների դիմակ կրող անձը յաճախ զգում է դիւահարութիւն գերբնական էութեան կողմից»[2]: Իսկ “Dictionary of Symbolism” բառարանում գրուած է. «Դիմակ կրող անձն իր ներսում փոխակերպւում է եւ ժամանակաւորապէս վերցնում չաստծու կամ դեւի յատկութիւնները, որոնք ներկայացուած են տուեալ դիմակով»[3]:
Չար ոգիներին հանգստացնելու ու հանդարտացնելու համար տների նախաշեմին սննդամթերք էին ցուցադրում: Սովորաբար տների քիւերը, պատշգամբները, մուտքերը զարդարում էին արհեստական սարդոստայնով, սարդերով եւ գիշերային կենդանիներով: Պատուհանների գոգերում մէկական մոմ էին վառում, որպէսզի օգնեն իրենց նախնիների ու սիրելիների մահացած ոգիներին ուղեկցել դէպի տուն: Նաեւ լրացուցիչ աթոռներ էին տեղադրւում սեղանի շուրջը՝ անտեսուած ոգեղէն հիւրերի համար: Հելոուինի սովորութիւններից մէկն էլ տունն աշնանային խորհրդանիշներով զարդարելն էր, օրինակ` խրտուիլակով:
Տօնի գլխաւոր թեմաններն են մահը, հրէշները, գաղտնի տէրութիւնները, իսկ տօնի աւանդական գոյներն են սեւը, որը հանդերձեալ աշխարհի գոյնն է, եւ նարնջագոյնը, որը «սրբազան» խարոյկի, դդմի ու բերքահաւաքի խորհրդանիշի գոյնն է: Յատկապէս տարածուած են սատանայի, կախարդների, մոգերի, արնախումների, մեռեալների, ջրահարսերի, փերիների, տարբեր գիշերային կենդանիների (կատուներ, չղջիկներ բուեր, թռչող մկներ, կոտոշաւոր անասուններ, գայլեր եւ այլն) տարազները: Կելտերը կրում էին սարսափազդու ու զազրելի դիմակներ, որպէսզի չար ոգիները կարծէին, թէ սրանք էլ իրենց նման են եւ այդպիսով հանգիստ թողնէին իրենց։ Հելոուինը տօնելով՝ շատերը չեն գիտակցում, թէ դժոխային դիմակներ կրելով՝ ընդունում են սատանայական չարութեան կերպարանքն ու կեցուածքը: Մարդիկ իրենց նմանեցնում են դեւերին եւ այսպիսով ստորացնում իրենց՝ Աստծուց տրուած կերպարանքը:
Հիւրասիրութի՞ւն, թէ՞ անէծք
Գոյութիւն ունէր չար ոգիներին խաբելու եւ հեռացնելու մէկ այլ ձեւ: Տան տէրերը թափառող ոգիների համար ստիպուած էին պատրաստել տարբեր ուտեստներ ու պտուղներ՝ նրանց տալով սնունդ ու գիշերուայ ապաստան: Այն դէպքում, երբ դեւը գոհ էր մնում իր ստացած նուէրներից եւ հիւրընկալութիւնից, խաղաղ հեռանում էր՝ մարդկանց ազատելով անէծքներից ու հայհոյանքներից:
Հելոուինի օրը երեխաները թակում են մարդկանց տների դռներն ու քաղցրաւենիք (որոշ տեղերում` փող) պահանջում։ Հնում կելտերը փորձում էին քաղցրաւենիքով խաղաղեցնել ու հայցել չար ոգիների բարեհաճութիւնը։ Յետագայում Արեւմտեան եկեղեցին սկսեց խրախուսել այս տօնը նշողներին, որ «Տօն ամենայն սրբոց»-ի նախօրէին գնան տնից տուն եւ մեռեալների համար աղօթքի դիմաց հիւրընկալութիւն խնդրեն։ Մարդիկ քաղցրաւենիք էին բաժանում՝ մահացած հոգիների օրհնութիւնն ստանալու դիմաց: Իսկ քաղցրաւենիք մատակարարելու մերժումը կը յանգեցնէր դիւային վրէժխնդրութեան: Այս սովորութիւնը դարձաւ Հելոուինի տօնակատարութեան մի մասը։ Հելոուինի կարեւոր մասն է կազմում «Հիւրընկալութի՞ւն, թէ՞ խորամանկութիւն» (անգլերէն՝ “Trick or Treat?”) «զուարճալի» խաղը, որն իրենից ներկայացնում է ծիսականացուած զոհաբերութեան գործողութիւն՝ խաւարային այն չար ուժերին, որոնք ծառայում են Սամհայնին: “Trick or Treat?” ասելով՝ զգեստաւորուած երեխաները հիւրընկալութեան համար տնից տուն են թափառում՝ քաղցրաւենիք մուրալու: Սակայն եթէ իրենց մերժեն հիւրասիրել, իրենք իրաւունք ունեն տուեալ տանը պատճառել անխոհեմ որեւէ գործողութիւն կամ հնարք, այսինքն՝ զրպարտութիւն, չարագործութիւն, խորամանկութիւն, խաբէութիւն, խելագարութիւն, եւ այլն: Գրականօրէն կամ բառացիօրէն “Trick օr Treat?” եզրոյթը կարող է թարգմանուել որպէս «հիւրասիրութի՞ւն, թէ՞ խորամանկութիւն», (ընդհանուր այլ թարգմանութիւնների ընտրանքներն են՝ «հիւրասիրութի՞ւն, թէ՞ սպառնալիք», «հիւրասիրութի՞ւն, թէ՞ պատիժ», «քաղցրաւենի՞ք, թէ՞ հնարք», «դրամապանա՞կ, թէ՞ կեանք», եւ այլն), որոնք ցոյց են տալիս վնաս հասցնելու կատակային սպառնալիքը, այն դէպքում, եթէ տան տէրը երեխաներին չի հիւրասիրում: Սակայն եզրոյթի ճշգրիտ թարգմանութիւնը չկայ հայերէնում, եւ սովորաբար այն տրւում է կա՛մ բնօրինակով, կա՛մ էլ վերեւը նշուած արտայայտութիւնների փոխարինմամբ:
Համարւում էր, թէ հանգուցեալների ոգիները, որոնք խաւարի ու մահուան աշխարհից են, անկուշտ եւ անյագ սով են զգում, երբ այցելում են ողջերի աշխարհը։ Այդ պատճառով էլ հեթանոս կելտերը հիւրասիրութիւն էին կազմակերպում գիշերային խաւարի մէջ թափառող այդ ոգիներին, քանի որ հաւատում էին, թէ եթէ նրանք իրենց զոհաբերութիւններով չբաւարարեն Սամհայնին, ապա նա իր բարկութիւնն ու անէծքը կը թափի ժողովրդի վրայ: Իսկ եթէ մտնենք այդ «հիւրասիրութի՞ւն, թէ՞ անէծք»-ի երկխօսութեան մէջ, մեր ընծաներն անմիջապէս կը գնան ոչ թէ անմեղ երեխաներին, այլ աւելի շուտ՝ Սամհայնին՝ մահուան տիրոջը, որին Հելոուինի հետեւողները գալիս են երկրպագելու ու ծառայելու՝ նմանուելով խաւարում դեգերող չար ոգիներին:
«Ջէքի լապտեր»
Ամերիկացիները Հելոուինն անուանում են նաեւ «դդմի տօն»։ Դդումը չար ոգիների գլխաւոր յատկանիշն է։ Այս օրը մարդիկ դդմից պատրաստում են տարբեր ուտեստներ։ Բացի ուտեստներից՝ դդումների վրայ սարսափելի մռութների ու գանգերի փորագրութիւններ են անում ու դդմի ներսում մոմեր վառում։ Սա «անիծեալ ոգու» խորհրդանշանն է, որ կոչւում է «Ջէքի լապտեր»[4]։ Ի՞նչ իմաստ է թաքնուած «Ջէքի լապտեր» կոչուած աւանդութեան մէջ: Ըստ ժողովրդական բանահիւսութեան՝ «Ջէքի դէմքով դդմի լապտերն իր անունն ստացաւ Ջէքի պատուին, ով չէր կարող մտնել ո՛չ դրախտ, ո՛չ էլ դժոխք, քանի որ անիծուած էր՝ երկրի երեսին թափառելու մինչեւ վերջին դատաստանի օրը»: Իմանալով այս պատմութիւնը՝ մարդիկ սկսեցին հանել դդմի կամ շաղգամի միջի պարունակութիւնը եւ այնտեղ տեղադրել մոմեր՝ իրենց տներից չար ոգիներին հեռացնելու համար: Համաշխարհային հանրագիտարանում ասւում է. «Տեսքով անվնաս երեւացող դդումը, որ պատկերում է Ջէքի լապտերը, հնագոյն խորհրդանիշն է անիծեալ ոգու»[5]: Մոմերով լուսաւորուած դդմի ցուցահանդէսը խորհրդանշում է տան մէջ ապրող բնակիչների համակրանքը սատանային։ Այսպիսով, նրանք ստանում են ոգիների օրհնութիւնը Հելոուինի այցելութեան փուլերի ընթացքում, որով օգնում են մեռեալների հոգիներին՝ գտնելու քաւարանի ճանապարհը: Դդմի միջի կրակը վերցւում է նոր «սրբազան» խարոյկից, իսկ դդմի վրայ փորագրուած մռութը խորհրդանշում է մեռածների պատկերը: Դդմից պատրաստուած լապտերները դեգերող հոգիների նշանակն են: Նման «սրբազան լապտերը», որ այրւում է ամբողջ գիշեր, սատանայական այլասերումն է մէկ այլ սուրբ կանթեղի, որը վառւում ու լուսաւորում է Փրկչի եւ սուրբերի սրբապատկերները: Նոյնիսկ որեւէ տան այսպիսի «զուարճալի» ձեւաւորումն արդէն իսկ մասնակցութիւն է մահուան այդ հեթանոսական փառատօնին: Շոտլանդիայում տօնի խորհրդանիշ էին համարւում շաղգամն ու գետնախնձորը, բայց Հիւսիսային Ամերիկայում այն շատ արագ փոխարինուեց դդմով՝ որպէս առաւել հասանելի եւ էժան բանջարեղէն: Մի յայտնի հնագոյն պատմութիւն կայ Ջէքի մասին, որ դեւին խաբեց իր հոգու գործարքի ընթացքում: Բայց «Ջէքի լապտեր»-ի իսկական ծագումը շատ աւելի չար է ու սարսռազդիկ: Այն գալիս է քրմերի՝ մարդկային կտրուած գլխի հանդէպ ունեցած իրենց ահաւոր ակնածանքից: Նրանք հպարտօրէն զարդարում էին իրենց տներն ու մեհեանները թշնամիների կտրուած արիւնոտ գլուխներով: Քրմերը հաւատում էին, թէ գլխի մէջ է տեղաւորուած հոգին, որտեղից էլ, հետեւաբար, առաջացել է գանգի մէջ դրուած լոյսը կամ մոմը: Նախնական եւ իսկական «Ջէքի լապտերը» դդումը կամ շաղգամը չէին, այլ մարդու կտրուած գլուխը: Մարդկային գլուխը մեծ տեղ էր գրաւում կելտերի կեանքում: «Ռազմիկները գերուած թշնամու գլուխները կախում էին իրենց տներում որպէս խիզախութեան նշան, իսկ քրմերը, հաւատալով, թէ գլխի մէջ պահւում է հոգին, գանգերը տեղադրում էին իրենց մեհեաններում՝ չարիքից զերծ մնալու համար»[6]: «Ենթադրւում է, թէ բոլոր այլ պատկերներից կամ խորհրդանիշներից աւելի շատ [մարդկային] դէմքերն էին, որոնք սկզբում փորագրւում էին դդմի վրայ, քանի որ նրանք «Ջէքի լապտերին» տուեցին գլխի տեսք: Հին կելտերը հաւատում էին, թէ գլուխը մարդկային մարմնի առաւել սրբազան մասն էր, քանի որ այն իր մէջ բնակեցնում էր մարդու անմահ հոգին»[7]: «Փորագրուած եւ մոմի լոյսով լուսաւորուած դդումը խորհրդանիշն է մահուան ու հոգեւոր աշխարհի»[8]: Յոյն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին գրում էր, թէ կելտերն իրենց սպանած թշնամիների գլուխներն անջատում էին մարմիններից եւ կախում իրենց ձիերի պարանոցներից։ Տուն վերադառնալուց անմիջապէս յետոյ արնաքամ եղած գլուխները մեխում էին դռանը։ Կելտերն իրենց թշնամիների գլուխները պահում էին մայրու ձէթի մէջ։ Այսպիսի գործողութիւնները բացատրւում էին կելտերի այն համոզմունքով, թէ գլուխը հոգու տունն է հանդիսանում։ Տանելով իրենց հետ թշնամու գլուխը՝ նրանք համոզուած էին, որ թշնամին այլեւս չի կենդանանայ։ Մարմնից անջատուած գլուխները պաշտամունքի մաս էին հանդիսանում։
Ոսկրահրդեհ
Հելոուինի գիշերը կելտական քրմերը՝ դրուիդները, կրելով կենդանիների դիմակներ, զոհեր էին մատուցում չաստուածներին՝ հաշտուելու եւ չարիքից խուսափելու համար: Ոսկրահրդեհը խորհրդանշում էր արեւը եւ խաւար ուժերի դէմ պայքարի ուժը: Քրմերը մեծ հրդեհներ էին անում եւ այրում կենդանիներին, մշակաբոյսերը, իսկ երբեմն էլ՝ նոյնիսկ մարդկանց: Կրակի վրայ զոհաբերութեան, կրակի վրայով ցատկելու, անպարկեշտ պարելու եւ երգելու ժամանակ նրանք պէտք է զբաղուէին կախարդութեամբ ու գուշակութեամբ՝ դիտարկելով սատանայապաշտական նշանները: Այս ամէնն արւում էր, որպէսզի իբր թէ ազատուեն չար ոգիներից:
«Միջնադարեան իռլանդական փաստաթղթերի համաձայն՝ դրուիդական քրմերը Սամհայնի խարոյկի մէջ (այսօրուայ Հելոուինի ոսկրահրդեհի նախատիպը) ողջ-ողջ այրում էին երեխաներին՝ ձեռք բերելու չաստուածների՝ իրենց պաշտած բարեհաճութիւնը»[9]: Հետաքրքրական է նշել, թէ մարդկանց այրելու այդ սովորութիւնը կելտական քրմերը շարունակում էին մինչեւ 1600-ական թուականները: Սա կախարդների ամենաահաւոր սովորութիւններից մէկն էր՝ կէսգիշերին մեծ խարոյկում մարդկային կեանքի զոհաբերումը չաստուածներին: Խարոյկի շուրջը, համաձայն դիւային ծիսակարգի, շուրջպար են բռնում, իսկ առաւօտեան արդէն մնում են միայն զոհաբերուածների աճիւններն ու ոսկորները: Սատանայապաշտական այս ծիսակարգը տեղի է ունենում իւրաքանչիւր Հելոուինի ընթացքում ու բառացիօրէն կոչւում է «ոսկրահրդեհ» (անգլերէն՝ bonefire): Երբ մարդիկ ու կենդանիները կրակի բոցի մէջ ողջ-ողջ այրուելով ցնցւում էին հոգեւարքի ցաւերից, դրուիդներն ու նրանց հետեւորդները հագնում էին իրենց ծիսական զգեստները՝ պատրաստուած կենդանիների մորթից ու գլուխներից: Նրանք պարում էին ու միաձայն մրմունջով ցատկում հրդեհի վրայով՝ իրենցից չար ոգիներին հեռացնելու յուսով:
Կախարդական աւել
Կախարդական աւելն առնանդամի խորհրդանիշն է (անգլերէն՝ phallic symbol), իսկ կոնաձեւ կամ կոտոշաձեւ գլխածածկը՝ սատանայապաշտական զինանշանի, որ սովորաբար կրում են արական սեռի կախարդները, վհուկներն ու աճպարարները: Արարողութեան ժամանակ այս առարկաները կախարդների սեռական խլտման էներգիան կտղածքի (օրգազմի) ընթացքում ենթադրաբար փոխակերպում են հոգեկան (psycհic) գերզգայական էներգիայի: Սատանայապաշտական խմբերում կան որոշ մայրեր, ովքեր կամաւորաբար իրենց երեխաներին զոհաբերում են սատանային: Նոյնիսկ գոյութիւն ունի սատանայի հետ այդպիսի ուխտ կնքելու յղացման ծիսակարգ: Երեխայի ծնուելուց յետոյ նորածնին երբէք չեն գրանցում ու դաժանօրէն սպանում են նրան։ Հելոուինի խրախճանքի ընթացքում որոշ դժբախտ կանայք իրենց հոգիները սատանային վաճառելուց յետոյ իրենց սպանուած երեխաների ճարպով օծում են կախարդական աւելի փայտէ գերանը՝ տեղադրելով իրենց մահճակալների վրայ: Կախարդութիւնն այնքան գարշելի է Տիրոջ համար, որ Մովսէս մարգարէն յայտնեց հետեւեալ պատգամը. «Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն» (Ելք 22, 18):
Սեւ կատուներ, չղջիկներ ու բուեր
Կախարդները հաւատում են, թէ սեւ կատուները չար մեռելների վերամարմնաւորումն են, որոնք օժտուած են գերբնական զօրութեամբ ու գիտելիքներով: ”World Book” հանրագիտարանը «Հելոուին»-ի բաժնում յայտնում է, թէ դրուիդները հաւատում էին, թէ անցեալում կատուները մարդիկ էին, բայց մահուանից յետոյ նրանց հոգիները, ի պատիժ իրենց չար գործերի, վերամարմնաւորուեցին կատուների մէջ: Ահա թէ ինչու էին հեթանոսները կատուներին համարում «սրբազան» կենդանիներ եւ Հոկտեմբերի 31-ին ու Նոյեմբերի 1-ին նրանց օգտագործում իրենց կուռքերին երկրպագելու համար: Այսպիսով, սեւ կատուները խորհրդանշում էին չարիքը: Սեւ կատուները պատմութեան ընթացքում վատ անուն են հանել: Ամենատարածուած սնահաւատութիւններից մէկը կենտրոնացած է սեւ կատուների վրայ: Յունական դիցաբանութիւնն ուսուցանում էր, թէ Գալենտիա անունով մի կին, ով յայտնի էր որպէս Գալեն, վերածուեց կատուի ու դարձաւ քրմուհի Հեքատէի տաճարում: Նա յայտնի էր որպէս կախարդութեան մայր, որին կոչում էին «Սեւ մայր»: Միջնադարեան Եւրոպայում զոհաբերութեան համար ընտրւում էին սեւ կատուներ, որոնց այրում էին Հելոուինի տօնակատարութեան օրը, քանի որ նրանց համարում էին վերամարմնաւորուած կախարդներ ու վհուկներ: Սեւ կատուներին դնում էին զամբիւղների մէջ եւ այրում կախարդների ու վհուկների կողքին: Շատ երկրներում սեւ կատուները վկայում են անյաջողութեան մասին: Կան շատ մարդիկ, ովքեր իրականում հաւատում են, թէ սեւ կատու տեսնելը նշանակում է վատ բախտ ունենալ։ Երբ սեւ կատուն անցնում է ճանապարհը, նշանակում է, թէ պէտք է ակնկալել որեւէ չար պատահար կամ դժբախտութիւն: Ըստ իռլանդացի քրմերի՝ գոյութիւն ունի Օվեյնագաթը (անգլերէն՝ Oweynagat), այսինքն՝ «կատուների քարանձաւ»-ը, այլ աշխարհ տանող «դժոխքի դարպասներից» մէկը, որ կրօնական տեքստերում նկարագրուած է որպէս «Իռլանդիայի դժոխքի բերանը», որտեղից էլ յայտնուեց Սամհայնը:
Չղջիկները[10], քանի որ թռչում են միայն գիշերները, համարւում են չարիքի նշան: Ըստ սնահաւատների՝ վհուկներն ու արնախումները մարմնաւորւում են չղջիկների մէջ: Արնախում չղջիկները միակ կաթնասուններն են, որոնք կերակրւում են արեամբ։ Եւ զարմանալի չէ, որ նրանք կապ ունեն մահուան ու գաղտնագիտական ծիսակատարութիւնների հետ: Հելոուինի ոսկրահրդեհից յետոյ մեծ քանակութեամբ հաւաքուող մոծակները յանգեցնում էին բուերի եւ չղջիկների յայտնուելուն: Ենթադրւում է, թէ բուերը կերակրւում են մեռնողների ոգիներով: Իսկ բուի ճռճռոցն ու սարսռուն ապակեայ նայուածքը մահուան եւ աղետի նշաններն են:
Խնձորախաղ
Բացի քաղցրաւենիքների հաւաքածուից, զանազան տարազներից ու դիմակներից՝ հելոուինեան տօնակատարութիւնը կապուած է իւրայատուկ խաղերի եւ գուշակութիւնների հետ: Օրինակ՝ կատարւում են գուշակութիւններ խնձորի կեղեւի օգնութեամբ: Շոտլանդացի աղջիկները փորձում են, որքան հնարաւոր է, երկար կտրել խնձորի կեղեւը եւ յետոյ ուսի վրայ դնել: Ենթադրւում էր, թէ ընկած կեղեւը ընդունում է ապագայ փեսացուի անուան առաջին տառի ձեւը: Մէկ այլ սովորութիւն հիմնուած է «Արիւնոտ Մերի»-ի մասին յայտնի աւանդութեան վրայ, որը մեր օրերում դարձել է յայտնի ժողովրդական լեգենդ: Այս գուշակախաղի իմաստն այն էր, որ երիտասարդ աղջիկները պէտք է մութ տան մէջ, ետեւ-ետեւ, սանդուղքներով վերեւ բարձրանան ու յետոյ վառուած մոմը բռնեն հայելու առաջ: Դրանից յետոյ հայելու մէջ պէտք է յայտնուէր ապագայ ամուսնու դէմքը: Իսկ եթէ հայելու մէջ տեսնէր մարդու գանգը, նշանակում էր, թէ աղջիկը մահանալու է առանց ամուսնանալու:
Հելոուինի ժամանակ յաճախ խնձորախաղ են խաղում (անգլերէն՝ Apple bobbing): Մեծ աւազանի մէջ փայլուն, կարմիր խնձորներ են դնում, որոնք բարձրանում են ջրի մակերեսին: Մարդիկ (սովորաբար երեխաները) փորձում են իրենց ատամներով խնձորը բռնել: Ձեռքերն օգտագործել չի թոյլատրւում, որոնց յաճախ կապում են խաբէութիւնը կանխելու համար: Հելոուինի, խնձորախաղի եւ բախտագուշակութեան միջեւ կայ իւրայատուկ կապակցութիւն, որը հասնում է կելտական Սամհայնի փառատօնին: Հելոուինի փայլուն ու կարմիր խնձորը բերրիութեան եւ անմահութեան հզօր խորհրդանիշն էր, որը սեռային շեղումների արարողութեան կարեւոր մասն էր կազմում։ Հելոուինի մէկ այլ խաղերից է «ծեր հանգուցեալ Ջոյի անձաւը»: Խաղի ժամանակ աչքերը կապուած անձը մտնում է մութ անձաւ, ուր զետեղուած են Ջոյի մարմնի անդամները: Պէտք է գուշակել, թէ մարմնի ո՛ր մասին է հանդիպել: Ջոյի մարմնի մասերը ներկայանում են հետեւեալ նիւթերով. լպրծուն մակարոնը խորհրդանշում է փորոտիքը, անկեղեւ լոլիկը՝ սիրտը, խաղողի երկու հատիկները՝ աչքերը, սառը նրբերշիկները՝ մատները, հում գետնախնձորը՝ քիթը, լոլիկի տաք հիւթը՝ արիւնը: Իսկ որպէս ոսկոր օգտագործւում է համապատասխան ցանկացած ոսկոր: Խնձորը նաեւ թաղում էին ճանապարհներին այն մահացած ոգիների համար, որոնք կորել էին կամ էլ չունէին իրենց ժառանգները:
Քանի որ տօնն ընկնում էր խնձորի բերքահաւաքի ժամանակ, Հելոուինի քաղցրաւենիքները հիմնականում պատրաստում էին խնձորից: Տօնակատարութեան համար յատկապէս պատրաստում էին խնձորի կարամել, խնձորի օշարակ (երբեմն ընկոյզ աւելացնում), խնձորի շաքարաւազ: Սկզբում աւանդութիւն էր դարձել երեխաների համար խնձորից պատրաստուած քաղցրաւենիք հիւրասիրել, բայց շուտով այս սովորութիւնը դադարեց, քանի որ չար մարդիկ նման քաղցրաւենիքների մէջ կապոցներ եւ ասեղներ էին դնում: Նմանատիպ դէպքերը տեղի են ունեցել մի քանի անգամ:
Հելոուինի իսկական «հերոսները»
Հելոուինի շատ յայտնի «հերոսներից» մէկն է՝ Կոմս Դրակուլան լամ Վլադ 3-րդն է, ով ապրել է 1431-1476 թուականներին: Նա իրական մի մոլագար ու չարագործ կերպար էր, կրօնափոխ, բռնակալ իշխան, խորամանկ զօրավար, դաժանաբարոյ, իր ժամանակի Հիտլերն էր: Կարծիք կայ, թէ «Դրակուլա» բառը ռումիներէնից թարգմանաբար նշանակում է «վիշապի որդի» կամ «սատանայի որդի»: Իր վեցամեայ գահակալութեան ընթացքում նա ահաւոր դաժանութեամբ ոչնչացրել է աւելի քան 100.000 տղամարդկանց, կանանց եւ երեխաների: Դրակուլան յատուկ մի ծրագիր էր մշակել իր երկիրը փրկելու մուրացկանների հոգսերից, հաշմանդամներից, հիւանդներից ու տարեց մարդկանցից՝ իր պալատներից մէկում նրանց հրաւիրելով խնջոյքի: Նա առատօրէն հիւրասիրեց բոլոր հրաւիրուածներին: Այնուհետեւ հարցրեց. «Ուզո՞ւմ էք լինել անհոգ, որպէսզի այլեւս աշխարհում որեւէ այլ բանի պակասութիւն չունենաք»: Եւ երբ նրա հիւրերը բացականչեցին՝ «Այո՛, ուզում ենք», Դրակուլան հրամայեց շրջապատել պալատն ու կրակով այրել: Ոչ ոք չկարողացաւ փախչել: Մի անգամ նա առանց որեւէ պատճառի յարձակուեց սեփական քաղաքներից մէկի վրայ ու հէնց այնպէս ցցի վրայ հանեց տասը հազար մարդու, ինչի համար էլ ստացաւ նոր ածական՝ «Ցեպեշ», այսինքն՝ ցցհան։ Հռոմի Պապ Պիոս Երկրորդը պատմում է, թէ ինչպէս էր Դրակուլան ոչնչացնում իր թշնամիներին ու քաղաքական հակառակորդներին՝ ասելով, թէ «ոմանց սպանեց՝ կառքի անիւների տակ մարմինները ջախջախելով, ոմանց մերկացնելով՝ մաշկը կենդանի քերթեց. ոմանց էլ ցցի վրայ նստեցնելով՝ վառեց ածուխի վրայ: Ուրիշներին սպանեց նիզակներով՝ խոցելով գլուխները, ստամոքսը, կրծքավանդակը եւ մարմնի այլ մասերը, ինչի մասին նոյնիսկ անպարկեշտ է խօսել: Ի դէպ, նիզակները խոցուած էին մարմնի մի մասում, բայց դուրս էին գալիս զոհի բերանից»: Նրա զոհերից ոչ մէկը չէր կարող խուսափել տանջալից մահից, նոյնիսկ՝ նորածինները: Դրակուլան գլխատում էր մարդկանց, կտրում նրանց քիթը, ականջները, մարմնի անդամներն ու վերջոյթները: Դրակուլան դիւահարուած մի հրեշ էր: Ինչո՞ւ են մարդիկ ուզում նմանուել Հելոուինի այս չարագործ հերոսին: Ո՞վ կը ցանկանայ, որ իր զաւակներն ու ազգականներն ունենան այս դիւահարուածի հետ որեւէ ընդհանուր բան։
Հելոուինի միջոցառման ժամանակ վերեւում նշուած բոլոր չարքերը հանդիսանում են մեծարման առարկայ: Շուկայավարութեան իմաստով Հելոուինն այսօր դարձել է բաւական խոշոր բիզնես: Ըստ «Ազգային մանրածախ հիմնադրամի ուսումնասիրութեան» տուեալների, միայն ամերիկեան սպառողները Հելոուինի վրայ 2006 թուականին ծախսել են աւելի քան 4,96 միլիարդ դոլլար, որի միջինը կազմում է 56,06 դոլլար մէկ անձի համար[11]:
«Ազգային հրուշակագործներ» միութիւնը (National Confectioners Association) հաղորդում է, թէ չափահասների 80 տոկոսը նախատեսում է Հելոուինի օրը քաղցրաւենիք բաժանել, իսկ երեխաների 93 տոկոսը նախատեսում է գիշերը մասնակցել “Trick or Treating”-ին[12]:
Հելոուինն ունի շատ հարուստ ապրանքանիշեր, որոնց հանդէպ հետաքրքրութիւնը ժամանակակից արտադրուող ապրանքների ընկերութիւններում (զգեստներ, տարազներ, դիմակներ, քաղցրաւենիք, զարդեր եւ այլն) եռանդագին շահագործւում է երեխաների համար: Տարբեր ընկերութիւնների (հիմնականում ամերիկեան) շահութաբերութեան ցանկութեան բարձրացումը պայմանաւորուած է Միացեալ Նահանգներից դուրս Հելոուինի տարածմամբ, քանի որ այս երկրի շուկան Հելոուինի ապրանքների համար արդէն յագեցած է: Այս պատճառով էլ շատ ապրանքներ արտահանւում են այլ երկրներ[13]։ Անցկացւում են խրախճանքներ, խաղեր, պարահանդէսներ, հաւաքական այլազան ելոյթներ ու հանդիսութիւններ, որոնք ուղեկցւում են խլացուցիչ դժոխային երաժշտութեամբ, գայլերի եւ այլ ձայների ոռնոցով: Հանրաճանաչ են կախուած պաստառները կախարդների, վհուկների, արնախումների պատկերներով, ու նրանց խորհրդանիշներով գրքերը:
Հելոուինի խրախճանքն իր դիւապաշտական խորհրդանշաններով ցոյց է տալիս մեր մշակոյթի անկումն ու ճգնաժամը: Մարդիկ պարզապէս այլեւս չեն տարբերակում բարին ու չարը: Ճշմարիտ եւ ուղիղ հաւատով քրիստոնեաները չեն կարող որեւէ ձեւով մասնակից լինել այս միջոցառմանը, քանի որ Հելոուինը հեթանոսական պաշտամունք է սատանային՝ մահուան հրեշտակին: Մենք պէտք է հասկանանք, թէ այսպիսի արարողակարգի մասնակցութիւնը դաւաճանութիւն է մեր Աստծուն, մեր սուրբ հաւատին, մեր ազգային պատկանելիութեանն ու մշակոյթին: Որովհետեւ եթէ մենք ընդօրինակում ենք խաւարային ոգիներին, ապա կամովին կապ ենք հաստատում դիւային զօրութիւնների հետ, որոնց տէրը ոչ թէ կելտերի Սամհայնն է, այլ՝ սատանան:
[1] Հելոուինի որոշ խորհրդանշաններ դեռեւս չեն գործածւում Հայաստանում, ինչպիսիք են, օրինակ, խնձորախաղը, ոսկրահրդեհը եւ այլն: Երեխաները այստեղ դեռ չեն քայլում փողոցներում՝ զամբիւղներով քաղցրաւենիք խնդրելու բնակիչներից, որոնք իրենց տներն ու բնակարանները զարդարում են սարդոստայններով, կմախքներով եւ այլ վախ առաջացնող տարրերով, որոնք արտասահմանում կազմում են Հելոուինի ամենակարեւոր մասը:
[2] The World Book Encyclopedia, Chicago, 2005, p. 263.
[3] Dictionary of Symbolism: Cultural Icons and the Meanings behind Them, Hans Biedermann, 1st edition, 1994, p. 218.
[4] Նաեւ կոչում են «Ջէքի ճրագ» կամ «Ջէքի ջահ», (անգլերէն՝ Jack O’Lantern)։
[5] The World Book Encyclopedia, vol. 9, 1977, p. 24-26.
[6] National Geographic, May 1977, p. 603.
[7] Dunwich, Gerina. The Pagan Book of Halloween, London, 2000, p. 32.
[8] Thompson, Sue Ellen. Holiday Symbols and Customs, Detroit, 2008, p. 256.
[9] Halloween: Trick or Treat? Pagan Invasion: vol. 1, Jeremiah Films Inc., 1991.
[10] Չղջիկներին նաեւ անուանում են վամպիրներ։
[11] Mary Bellis, “Halloween 2006 Promises Big Businnes.”
http://inventors.about.com/b/a/257301.htm (առ 10/04/2018)։
[12] http://candyusa.org/Classroom/Facts/default.asp?Fact=Halloween (առ 11/04/2018)։
[13] Երեւանի խանութներում Հելոունի հետեւողների համար արդէն հասանելի են դարձել զազրելի ու սարսափելի դիմակները, հանդերձները եւ այլ դժոխային խորհրդանիշները:
Գևորգ սրկ. Գևորգյան
«Հելոուինը՝ զուարճա՞նք, թէ՞ դիւապաշտութիւն» գրքից