25 Նոյեմբեր, Բշ
Արարիչ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1.26): Մարդն, ի տարբերություն կենդանիների, օժտվեց Աստծու պատկերն ու նմանությունը կրելու մեծ պատվով: Պատկերն այն կարողություններն են, շնորհները, որ Աստված դրել է մարդու բնության մեջ, խղճի ձայնն է, բարու մեջ հարատևելու և հոգևոր կյանքում աճելու անհրաժեշտությունը: Նմանությունն Աստծուն նմանվելն է և կատարելության ձգտելը: Աստված անսահման բարի է և արդար: Նա ցանկանում է, որ Իր զավակները հնարավորինս կատարելագործվեն: Բնականաբար, ոչ ոք չի կարող ակնթարթորեն դառնալ իմաստուն կամ առաքինի։ Ուստի անհրաժեշտ է ջանք թափել՝ Տիրոջ խոսքն իրականության վերածելու համար՝ «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48) և որն էլ համարվում է մարդու արարման նպատակը:
Կատարելության ուղին ոտք դրած անձը ջանում է նաև բարու մեջ հարատևել: Ապրիլի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Զաքարյան Ազիզին (49 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ՝ տրամադրել էր համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի: Ազիզն իր կնոջ և երկու դուստրերի հետ բնակվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար գ. 4 թաղ., 5 փ., 30 տ. հասցեում: Ազիզի որդին՝ Զաքարյան Շոթան (19 տ.)՝ որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել Թալիշում հոկտեմբերի 13-ին: Զոհված հերոսի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան