21 Դեկտեմբեր, Շբ
«Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ․ 14.23)։
Ավետարանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյա, անշուշտ, գիտի, որ երկնավոր Վարդապետը՝ Հիսուս, մարմնապես այս աշխարհի վրա ապրած կյանքի վերջին օրերին հրեաների Պասեք տոնի առիթով աշակերտների հետ Գալիլիայից գնաց Երուսաղեմ՝ Հավիտենականի կողմից ընտրված Սուրբ Քաղաքը, որպեսզի այնտեղ իրականացներ Իր փրկարար տնօրինությունները:
Հիշյալ տոնի հինգշաբթի օրվա երեկոյան Սիոնի վերնատանը հին օրենքի Զատկական ընթրիքը կատարելու ժամանակ էր, որ Հիսուս, սեղանի բաղարջ հացը և անապակ գինին վերցնելով, օրհնեց ու բաժանեց աշակերտներին, և այդ եղանակով ու այդ օրինակով կամեցավ սահմանել և հաստատել Իր մարմնի ու արյան սրբարար և կենարար խորհուրդը:
Դարձյալ այդ ժամանակ էր, որ առաքյալների կողմից ի հայտ եկած մեծամտությունը հանդիմանելու համար և ի նշան օրինակելի խոնարհության՝ Հիսուս լվաց նրանց ոտքերը:
Ընթրիքի ժամանակ էր նաև, որ Փրկիչն սկսեց արտասանել Իր ուխտի խրախուսական, հրահանգիչ և միևնույն ժամանակ սրտառուչ ճառը, որը, կարելի է ասել, կազմում է ամբողջ Ավետարանի վսեմագույն և հոգեբուխ հատվածը:
Հիսուսի այս ճառախոսության ժամանակ աշակերտներից մեկը՝ ոչ-Իսկարիովտացի Հուդան, մի հարցում ուղղեց Փրկչին, և այդ հարցումին ի պատասխան Հիսուս ասաց այս խոսքը, որը մենք որպես բնաբան ենք ընտրել. «Ով որ սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք»:
Այս պայմանադիր խոսքը որքան որ պատասխան էր մի հարցումի, ինչպես որ ասացինք, այդքան էլ, այդուհանդերձ, վերաբերում էր Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի, ինչը հայտնապես երևում է խոսքի իմաստից։
Եվ հետևաբար Հիսուսի խոսքերի միտքն ու զորությունը լավ ըմբռնելու և այդ խոսքերից թե՛ բարոյապես, և թե՛ հոգևորապես խրատվելու և օգուտ քաղելու համար անհրաժեշտ է, որ նախ Հիսուսի էության ու բնության, կամքի և կյանքի ու նաև Նրա գործերի հանդեպ հաստատուն և կատարյալ գիտակցություն ունենանք։
Առանց այս գիտակցության Նրա ոչ մի խոսքը, ոչ մի պատվիրանը և ոչ մի վարդապետությունը, բնականաբար, չի կարող ունենալ այն շինիչ ու բարերար արդյունքը, որի համար իսկ Հիսուս ասում էր Իր բոլոր խոսքերը։
Արդարև, հետին ռամիկից մինչև բարձրագույն գիտունը, որ քրիստոնյա անունն է կրում և սիրով է անում դա, իր մանկության օրերից սկսած Հիսուս Քրիստոսին որպես Հոր Միածին և նույն Ինքը՝ կատարյալ Աստված ու մարդ և աշխարհի Փրկիչ է ճանաչել, ընդունել ու դավանել։
Հիսուսի անձի վերաբերյալ միայն հարևանցի գիտակցություն կամ անկատար հավատք ունենալը, սակայն, բավարար չէ, այլ հարկ է դիմել հաստատուն ապացույցների, զորավոր փաստերի և ճշգրիտ ու վավերական պատմությունների՝ ստուգելու և համոզվելու համար, որ Հիսուս, արդարև, ճշմարտապես այն է, ինչ մշտապես քարոզվում է՝ համաձայն Ավետարանի ուսմունքի, և ինչ ընդունված է եղել դարեր ի վեր։
Եվ դա անելը հակառակ չէ Հիսուսի կամքին, այլ դեռ նույնիսկ Նրա կամքն իսկ է, որովհետև Նա Ինքն է Իր մասին ասել, թե «քննեցե՛ք գրքերը ․․․․ քննեցե՛ք և ստուգեցե՛ք Իմ մասին գրվածներն ու կանխագուշակվածները» (Հովհ․ 5․39)։
Հիսուսի անձի քննության խնդրին գալով՝ վստահաբար կարելի է ասել, որ աշխարհի երեսին չի ապրել ու չի ճանաչվել այնպիսի մի անձ, լինի գերահռչակ մի գահակալ թե մեծահանճար մի գիտնական կամ ուրիշ մեկը, որի մասին այնքան շատ խոսված ու գրված լինի, որքան Հիսուսի մասին է խոսվել և գրվել։
Չի եղել այնպիսի ուրիշ մեկը, որի էությունը, կյանքն ու գործերն այնքան խիստ քննադատությունների ու քննությունների բովով անցած լինեն, ինչպես Հիսուսի պարագայում է եղել։ Սակայն այդ ամենով հանդերձ և այդ ամենից հետո էլ քրիստոնեական, ընդհանրական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դավանել ու հռչակել է Աստծու Որդի և կատարյալ Աստված ու կատարյալ մարդ, Որը հանուն մարդկության իրականացրել է Իր փրկարար տնօրինությունն ու կատարել է զորավոր գործեր։
Այս է, ահավասիկ, քրիստոնեության ու Փրկչի բնության վերաբերյալ այն գլխավոր վարդապետությունը, որն ունեցավ ուղղափառ Եկեղեցին՝ մարգարեների կողմից խոստացված Մեսիայի մասին կանխագուշակումները Հիսուսի անձով լիովին կատարված տեսնելով ու մանավանդ ականջալուր լինելով Հիսուսի իսկ կողմից Իր անձի վերաբերյալ կատարած բացահայտումներին և Նրա հետ ապրող ու Նրա գործերի ականատես առաքյալների և Ավետարանի մշակների վկայություններին։
Պատմական ու քննական ապացույցների հիման վրա Քրիստոսի աստվածությունը ճանաչելուց ու դավանելուց հետո քրիստոնյային մնում է գիտենալ նաև, թե Հիսուս այս աշխարհում ինչպիսի՞ կյանք է ունեցել մարմնով հայտնված ու ապրած ժամանակ, որո՞նք են եղել Նրա գործերը, ինչպիսի՞ պայմաններում է գործել Իր հրաշքներն ու մանավանդ թե ո՞րն է Նրա կամքն ու պահանջը մարդկանցից՝ նրանց իսկ օգտի համար։
Եվ որովհետև մեր նպատակն այս իրողությունները մեկ առ մեկ պարզելն ու բացատրելը չէ, այլ միայն դրանք գիտենալու կարևորությունը շեշտելը, ուստի բավական ենք համարում ասելը, որ այդ հարցում գոհացում և հագուրդ ստանալու համար հարկ է դիմել Սուրբ Ավետարանին կամ ամբողջ Նոր Կտակարանի պատմությանը, այն ընթերցել ուշադրությամբ ու մաքուր սրտով, ինչպես նաև վստահ համոզմամբ և հավատքով, որ այնտեղ գրված յուրաքանչյուր բառ ճշմարտության դրոշմն է կրում, ու որ Ուղղափառ Եկեղեցու համար Ավետարանի բովանդակության վավերականությունը վեր է ամեն մի տարակույսից։
Չէ՞ որ քրիստոնեական Եկեղեցու՝ զանազան ազգությունների պատկանող նախնի սուրբ հայրապետներն ու վարդապետները քրիստոնեության առաջին դարերից սկսած քննել, ստուգել և համոզվել են, որ Նոր Կտակարանի՝ մոտ տասը արժանահավատ հեղինակները, որոնք ապրել են իրարից անկախ ու հեռու՝ նման Հին Ուխտի պատմության հեղինակներին, Սուրբ Հոգուց ներշնչված գրել են Նոր Ուխտի պատմությունը՝ միակ նպատակ ունենալով ոչ միայն խոսքով, այլ նաև գրով աշխարհին հայտնելու գերագույն և հոգեշահ ճշմարտությունները։
Եվ դա անելու համար նյութական որևէ վարձատրության ակնկալություն չունենալուց զատ զանազան նեղություններ և տառապանքներ ու նույնիսկ տաժանելի մահն են հանձն առել այդ անզուգական, երանելի անձինք։
Վերջին մի քանի խոսքով, կարծում ենք, մասնավորաբար Նոր Կտակարանի բարձրագույն արժեքը՝ իր վավերականությամբ ու կարևորությամբ հանդերձ, գեթ համառոտաբար շեշտադրվեց ու բացատրվեց, թեև բովանդակ Աստվածաշնչի, այսինքն՝ Հին և Նոր Ուխտի պատմությունների ընդհանուր ուղղվածության ու գաղափարների, լեզվի և ոճի վերաբերյալ զանազան տեսակետներ կան, որոնց ի պատասխան կարելի է մեջբերել կարևորագույն պատճառներ ու զորավոր ապացույցներ, որոնց շնորհիվ թյուր և սխալ տեսակետների հակված մարդիկ գոհացում կգտնեին և կհամոզվեին, թե ինչու է Սուրբ Գիրքն հենց այդ եղանակով հորինվել ու հեղինակվել։
Սակայն որպեսզի այդպիսով ևս չշեղվենք ու չհեռանանք մեր թեմայից, այժմ կենտրոնանանք մեկ ուրիշ, դարձյալ մեծ կարևորություն ունեցող մի խնդրի վրա՝ կրկին համառոտ շեշտադրումներով անդրադառնալով այդ խնդրին ու անցում կատարելով արդեն բուն քարոզի բնաբանի բացատրությանը։
Այս վերջին, խոստացված խնդիրը, որի կարևորությունը կամենում ենք շեշտադրել, հետևյալն է․ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի նվիրական պարտականություններից մեկը պետք է լինի Աստվածաշունչ մատյան ունենալը և գոնե հանգստյան ու տոնական օրերին բարեպաշտ երկյուղածությամբ, ուշի-ուշով և կանոնավոր կերպով այն կարդալը։
Ճիշտ է, այն պարտականություն է, սակայն լի է օգուտներով, և այդ օգուտները քաղողն ու վայելողն այն ընթերցողն իսկ է։ Ինչպես ասացինք, Սուրբ Գիրքն ընթերցելու պարտականությունը լեցուն է օգուտներով, քանի որ փորձառության շնորհիվ ունենք այն վստահությունը, որ վերոնշյալ պայմանների համաձայն Աստվածաշունչը կարդալու դեպքում ընթերցողն անպատճառ հոգեկան հրճվանք և սրտի անճառելի գոհունակություն պիտի զգա, երբ մխիթարության կարիք ունենա։
Սուրբ Գիրքն ընթերցողն ամոքում ու դարման պիտի գտնի թե՛ բարոյական, և թե՛ նյութական ցավերով տառապելու ժամանակ։ Նշենք նաև, որ Սուրբ Գրքի ու մանավանդ Ավետարանի հոգով սնվող իմաստունը խոնարհամիտ է լինում, իսկ ռամիկը՝ բարեմիտ, հարուստը գթառատ և ազնիվ է դառնում, իսկ աղքատն ու թշվառը՝ աշխատասեր և համբերող։
Իշխանասերը մարդասեր է դառնում, իսկ ծառան՝ անձնվեր ու հավատարիմ, մեկ խոսքով՝ հավատավոր ընթերցողը Սուրբ Գրքի հոգևոր գանձարանի մեջ պիտի գտնի ուզածի չափ գոհարներ, հանուն որոնց արժե վաճառել ու շռայլել իր ունեցածներից այն ամենը, ինչ որ աշխարհային և, հետևաբար, խաբուսիկ ու ապականիչ է։
Այսքանով, կարծում ենք, հնարավոր եղավ Աստվածաշունչ գրքի խոսքերի օգուտներն ու արժեքը քիչ թե շատ մատնացույց անել։ Ուրեմն այժմ անցում կատարենք երկնավոր Վարդապետի՝ Հիսուսի արտաբերած խոսքերից մեկի բացատրությանը, որն արդեն մեր ընտրած թեմային ու բնաբանին է վերաբերում։
«Ով որ սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք»:
Եթե վստահ լինենք, որ այս խոսքը, Հիսուսին վերագրված մյուս խոսքերի, վճիռների ու պատվիրանների նմանողությամբ, իր կատարյալ իմաստով Հիսուսի շուրթերից է դուրս եկել, և եթե հավատանք, որ Նրա բոլոր հայտնությունները հաստատապես, կետ առ կետ գործադրելի ճշմարտություններ են, այդ դեպքում մեզ կմնա միայն խոսքի միտքն ու նպատակը լավ հասկանալ, և ապա սիրով ու հոժարությամբ պահել այդ խոսքը, որպեսզի վայելենք դրա միջոցով խոստացված շնորհը։
Ուրեմն քննենք բնաբանի ամեն մի բառը, ամեն մի նախադասությունը՝ իմաստի մեջ ներթափանցելու և ըստ այդմ էլ օգուտ քաղելու համար․ «Ով որ սիրում է Ինձ, պիտի պահի Իմ խոսքը»։
Չնայած որ Հիսուս բովանդակ մարդկությանը շնորհած անհամար բարիքների «փոխարեն» իրավունք ունի Իրեն ճանաչողների և Իրեն հավատացողների կողմից անպայմանական սեր ու երախտագիտություն պահանջելու, սակայն Իր բնույթին վայել վեհությամբ և բարությամբ Նա պարտադրանքի չի դիմում, այլ մարդու ազատ կամքին թողնելով Իրեն սիրելու պարտականությունը՝ միայն այն կատարելու պարագայի համար է մի պայման հիշատակում՝ ասելով․ «Ով որ սիրում է Ինձ, պիտի պահի Իմ խոսքը»։
Եվ մի՞թե դա բնական չէ։ Արդյո՞ք սերը գործից կամ պտղից չի ճանաչվում։ Մի՞թե զավակն իրավունք կունենա ասելու, թե «հորս կամ ծնողիս սիրում եմ», եթե հնազանդ չլինի իր ծնողին ու արհամարհի նրա պատգամները։ Բնականաբար, ո՛չ։
Մինչդեռ իրապես ծնողասեր և պարտաճանաչ զավակը, մանավանդ երբ գիտի, որ իր հայրը մշտապես իր օգտի համար խորհող բարի և իմաստուն մի մարդ է, ջանում է հավետ հնազանդվել նրա կամքին, չանտեսել նրա խոսքերն ու կատարել խրատները, և այդպիսով, գործնականորեն իրագործելով իր ծնողասիրական պարտականությունը, կարող կլինի արժանավոր զավակ կոչվելու և, հետևաբար, իրավունք կունենա ծնողական փոխադարձ սեր ու ամեն տեսակի խնամք վայելելու։
Նոր Ուխտի շնորհաբաշխ օրենքների բարերար բնույթի համաձայն կամ, մեկ այլ բացատրությամբ, Ուղղափառ Եկեղեցու մկրտության փրկարար խորհրդի միջոցով ամենաբարի Աստծու և մեր՝ քրիստոնյաներիս միջև հաստատվում է մի հարաբերություն, որը նման է ճշմարիտ հոր ու որդու միջև եղող հարաբերությանը։
Եվ, անշուշտ, պիտի գիտենանք, որ դա մեզ համար մի անզուգական շնորհ է, որն ընդունելուն արժանի ենք դարձել Հիսուս Քրիստոսի մարդասեր տնօրինությամբ։ Ուրեմն, կրոնական այս ճշմարտության համաձայն, որպես Փրկիչ Աստծու շնորհընկալ որդիներ, երախտագիտության զգացումով ու ամբողջ սրտով պիտի սիրենք Հիսուսին՝ պահելով Նրա խոսքերը և ջանասիրաբար փորձելով կատարել Նրա պատվիրանները, ըստ այն խոսքի, թե՝ «Ով որ սիրում է Ինձ, պիտի պահի Իմ խոսքը»։
Աշխարհի ամեն օրենք երկու գլխավոր սկզբունքների վրա է հիմնված, որոնք են պարտքի ու իրավունքի գիտակցությունը, և այդ սկզբունքներն էլ իրենց հերթին բխում են տիեզերքի Արարչից։
Մեր կողմից որպես բնաբան ընտրված՝ Հիսուսի այս խոսքի մեջ էլ, թերևս, այդ սկզբունքների բնույթը որոշակիորեն արտացոլվում է, երբ Նա ասում է, թե՝ «Ինձ սիրողն ու խոսքս պահողը պիտի սիրվի Հորս կողմից»։ Եթե մեր պարտականությունը լինի Հիսուսին սիրելը և Նրա խոսքերը պահելը, փոխարենը իրավունք պիտի ունենանք սիրվելու Հիսուսի ու Նրա Հոր կողմից, մի իրավունք, որին աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել։
Սիրվել Աստծու կողմից․․․ Մի՞թե դա կարելի է համեմատության մեջ դնել նույնիսկ աշխարհակալ կամ թագակիր մեկի կողմից սիրված լինելու հետ։ Անմիջապես ասենք, որ, բնականաբար, ո՛չ։ Չէ որ իր նմանի հանդեպ որևէ մարդու սերը, եթե անգամ այդ մարդն աշխարհի ամենազորավոր ու կարող մարդն է, կարող է տևել ամենաշատը մինչև կյանքի տևողության ավարտը, և այդ սերն էլ իր արժեքով ու արդյունքներով հանդերձ իր չափը և սահմանը պիտի ունենա։
Իսկ ահա Աստծու սերը մեր անմահ հոգու հանդեպ հավիտենապես պիտի շարունակվի, և այդ սիրո պտուղները որքան անբավ, նույնքան էլ անճառելի պիտի լինեն՝ երանավետ ներգործությամբ մեր նկատմամբ դրսևորվելով։
Տերունական խոսքի համեմատ բացատրեցինք, որ պարտականության հանդեպ իբրև իրավունք՝ եթե սիրենք Հիսուսին՝ Նրա խոսքերը պահելով, փոխադարձաբար պիտի սիրվենք Հայր Աստծուց, համաձայն Հիսուսի իսկ խոսքի, ըստ որի՝ Նրա և Հոր միջև տարբերություն չկա․ «Ես և Իմ Հայրը մի ենք» (Հովհ․ 10․30)։
Սակայն միայն այդքա՞նը․ ո՛չ։ Այլև որպես սիրո պտուղ պիտի ընդունենք նաև աստվածային «այցելությունը» մեր հոգու բնակարան, համաձայն այն խոստման, թե՝ «Ես և Հայրս նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք․․․»:
Ինչպիսի՜ մեծ շնորհ, ինչպիսի՜ մեծ օրհնություն գիտակից ու հասկացող հավատացյալի համար․ տկար ու նվաստ արարածը դյուրին և դեռ իր իսկ անձի համար օգտակար պարտականություն կատարելու փոխարեն պիտի վայելի հզոր Արարչի այցելությունը։
Մեզ նման վաղանցիկ կյանք ապրող և դարձյալ մեզ նման եղծանելի ու ապականության ենթակա մարմին ունեցող որևէ կայսր, թագավոր կամ իշխան թույլ կտա՞ր արդյոք, որ իր սիրելի անձն իր զավակների շարքին դասվեր, և դեռ ինքն էլ, իր այդ սիրելիին այցելելով, նրա համեստ բնակարանում օթևաներ։
Ազգերի պատմության մեջ, որքան գիտենք, ոչ ոք չի հանդիպել այդպիսի մի օրինակի, սակայն պետք էլ չէ զարմանալ այդ հարցում, քանի որ մեր բերած օրինակը հատուկ է Աստծու անճառ բնությանն ու անբավ մարդասիրությանը, այն կատարյալ սիրո և սիրո պտուղների օրինակ է․․․
Պետք չէ զարմանալ, ինչպես որ ասացինք, սակայն հարկ է ճանաչել աստվածատուր այդ շնորհի արժեքը և Հիսուսի կողմից մեզ վրա դրված այդ քաղցր պարտականությունը, Փրկչի պատվիրանի համաձայն, ջանադիր սիրով կատարել՝ խոստացված հոգևոր շնորհից չզրկվելու համար։
Այժմ եկել է այդ կարևորագույն խնդիրը շոշափելու և լուսաբանելու հերթը։ Մինչ այս տրված բացատրության շնորհիվ մեզ համար պարզ դարձավ, որ Հիսուսին սիրելով՝ պիտի պահենք Նրա խոսքը․ սակայն ո՞ր խոսքին է դա վերաբերում և որտե՞ղ է բովանդակված այդ խոսքը։
Ահա այս հարցի պատասխանն է, որ հանդիսանում է ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունների հիմնաքարը։
Նախ նշենք, որ Հիսուս շատ խոսքեր է ասել ու շատ պատվերներ է տվել Իրեն հետևողներին և հավատացողներին, սակայն, անշուշտ, բացատրության կարիք չկա՝ ըմբռնելու համար, որ Նրա այդքան շատ խոսքերից միայն մեկին չէ վերաբերվում մեր խնդրո առարկու խոսքի մեջ տրված պատգամը։
Նշենք նաև, որ Հիսուս ոչ միայն կարճառոտ խոսքեր է ասել, այլ նաև երկարաշունչ քարոզներ է խոսել՝ պարզելով ու բացատրելով երկնային ճշմարտությունները։
Մեր նվիրական պարտականությունները մեզ պիտի հարկադրեն մեր աստվածային Վարդապետի սուրբ շուրթերից դուրս եկած ամեն մի խոսք, ամեն մի բառ գտնել և ուսանել ու ջանքեր գործադրել այդ բոլոր խոսքերը ճշգրտորեն գործադրելու համար։
Այդ գործին հանձնառու հավատացյալը շատ շուտ պիտի համոզվի և ըմբռնի, որ Հիսուսի խոսքերն ու պատվիրանները պահելը մարդու կարողությունից վեր բան չէ բնավ, մանավանդ որ Հիսուսի պատվերները մարդկային հասարակության ինչպես հոգևոր, այդպես էլ առօրյա կյանքի օգտին ծառայող, ուղղընթաց ճանապարհով առաջնորդող կանոններ են։
Ուրեմն ամրագրենք, որ եթե ունենք այն ճշմարիտ ու զորավոր հավատքը, որով դավանում ենք, որ Փրկիչը մեր ամենաբարի և ամենաիմաստուն Արարիչն է, այլևս դժվար չի լինի համոզվելը, որ Նրա կողմից մեզ վրա դրված պարտականությունները դյուրությամբ իրագործելի և օգտակար են։
Հավատքի տիրույթում անհաստատ չափավորության և ժուժկալության սահմաններից հեռու ապրող մարմնապաշտ ու հեշտասեր անձանց համար է միայն, որ Հիսուսի շատ պատվերների կատարումը դժվար է թվում, այլապես կյանքի անխուսափելի պայքարի մեջ գտնվող ամեն մարդու համար, ինչպիսի բնության ու ինչ գաղափարի տեր էլ որ նա լինի, աստվածային պատվիրանների պահպանումը մեծամեծ հաջողությունների հասնելու ամենազորեղ միջոցն է։
Մի փոքր էլ լուսաբանենք այս հարցը, թե որտեղ են պարփակված Հիսուսի խոսքերն ու պատվիրանները։ Այս հարցի պատասխանը, հարկավ, դժվար չէ տալ՝ ասելով, թե «Ավետարանում» են բովանդակվում Փրկչի խոսքերը։ Սակայն հարկ է կարևորագույն իմացություն ունենալ նաև Ավետարանի ու նրա բովանդակության մասին։
Ավետարանը ոչ շատ ծավալուն սուրբ Մատյան է՝ իրար լրացնող և իրար հաստատող չորս որոշակի մասերից բաղկացած։ Այդ չորս մասերից յուրաքանչյուրն ունի իր առանձին հեղինակը․ այդ հեղինակներն են Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես անուններով հայտնի մարդիկ։
Ավետարանի բովանդակությունը չի սահմանափակվում միայն Հիսուսի խոսքերի հավաքածուն լինելով, այլ այն իրենում մեծավ մասամբ բովանդակում է Փրկչի կյանքի ու բարքի, գործերի և հրաշքների ու նաև իրականացրած տնօրինական գործողությունների վերաբերյալ խառը պատմություններ՝ իրենց հանգամանքներով և մանրամասնություններով։
Ահա թե ինչու, արդարև, անհրաժեշտ է Ավետարանն ուշադրությամբ ու մշտապես ընթերցել՝ Ավետարանի բովանդակության մեջ ամփոփված ճշմարտություններին լավագույնս հասու լինելու և այնտեղից Հիսուսի՝ մեր օգտի համար տրված պատվիրանները որոշարկելու ու կատարելու համար։
Հպանցիկորեն նշենք, թե որքա՜ն վսեմ ու գեղեցիկ են մանավանդ Հիսուսի պատմած առակները։ Փրկիչը շատ հաճախ առակների միջոցով էր բացատրում Իր սուրբ ու բարերար նպատակը։
«Անառակ որդու» մասին հայտնի առակը (Ղուկ․ 14․11-32), օրինակ, սրբազան մեկնիչներից մեկը «Ավետարան՝ Ավետարանի մեջ» բնորոշմամբ է բնութագրել՝ նկատի ունենալով առակի այնքան կազդուրիչ, այնքան օգտագար բնույթը և նշանակությունը։
Հիրավի, որքան էլ որ չորս մասերից բաղկացած Ավետարանի սկզբից մինչև վերջին գլուխը գրեթե ամենուր մենք ականատես ենք լինում Հիսուսի արտաբերած գոնե մեկ համառոտ խոսքի հիշատակությանը, սակայն Փրկչի այն երկարաշունչ ու առանց ընդհատումների քարոզած միակ բանախոսությունն ամբողջովին գտնում ենք Մատթեոսի Ավետարանում՝ հինգերորդ գլխից սկսած մինչև յոթներորդ գլխի վերջնահատվածը։
Այդ ճառը «Հիսուսի լեռան քարոզը» անունն ունի, քանի որ Հիսուս Գալիլիայի ծովակի արևմտյան կողմում՝ լեռան բարձրավանդակի վրա էր նստած, երբ խոսում էր այն՝ որպես ունկնդիրներ ունենալով Իր աշակերտներին և ժողովրդի խուռն բազմությանը։
Բարեհավատ քրիստոնյան, երբ սթափ մտքով ընթերցում է այն, նկատում է, որ այդ քարոզն իր մտերմիկ ոճով ու զգայուն շեշտադրումներով խոսում է իր սրտի և հոգու հետ, ու այդ ճառի միջոցով բարերար Տերը, գթառատ Հայրը, գերզգոն Դաստիարակը, սուրբ կրոնի Հեղինակ-Վարդապետն է խոսում՝ ներկայացնելով երկնային ճշմարտություններն ու ուսուցանելով կյանքի կանոնները։
«Լեռան քարոզ»-ն ընթերցելիս այնտեղ պիտի գտնենք այնպիսի վճիռներ ու պատվիրաններ, որոնցից յուրաքանչյուրն իսկ իր մեջ ունի բարոյական զորությունը՝ մեղմելու և վերացնելու բազմատեսակ թշվառություններն ու հասարակության առջև բանալու բաղձալի երջանկության ուղիները։
Բավական է միայն, որ մարդիկ, գոնե քրիստոնյաները, ընթերցելով, ըմբռնեն այդ քարոզի իմաստն ու աշխատեն գործադրել այն։ Ասվածն ապացուցելու համար հետևյալ խոսքը մեջբերենք այդ քարոզից․ «Այն ամենը, ինչ որ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց» (Մատթ․ 5․12)։
Մարդիկ ի՞նչ են ուզում տեսնել մեկը մյուսից․ չարի՞ք, թե՞ բարիք։ Անտարակույս, բարիք։ Ուրեմն թող որ ամեն ոք ուրիշի համար նույնպես բարիք կամենա։ Մեր այս բացատրությունն այլ կերպ ևս հաստատենք՝ խոսքի միտքն ու զորությունը լավ հասկանալու համար։
Մենք կուզե՞նք, որ որևէ մեկը մեր մասին բամբասի, լինի դա տեղին թե անտեղի։ Իհարկե, ո՛չ։ Ուրեմն մենք էլ ուրիշների մասի՛ն չբամբասենք։ Կուզե՞նք, որ մեկը մեր մասին որևէ չարախոսություն կամ զրպարտություն անի։ Բնականաբար, ո՛չ։ Ուրեմն մենք էլ զգուշանանք ուրիշի հանդեպ դա անելուց։
Կցանկանա՞նք, որ որևէ մեկը մեր աշխատանքի արդար վաստակը գողանա կամ հափշտակի։ Անշուշտ, ո՛չ։ Ուրեմն մենք էլ խորշենք և հրաժարվենք ուրիշի վաստակը յուրացնելու բաղձանքից։
Կուզե՞նք, որ որևէ մեկը մեր կամ մեր հարազատ մարդու պատվի դեմ ոտնձգություն թույլ տա իրեն։ Անտարակույս, ո՛չ։ Ուրեմն մենք էլ ինքներս մեզ զգույշ և հեռու պահենք ուրիշների պատիվն արատավորելուց։
Մեկ խոսքով ասած՝ քանի որ մենք, բնականաբար, չենք ուզում որևէ մեկի անիրավության ու չարիքի զոհը դառնալ, հետևաբար մենք էլ ըստ կարելվույն պիտի ջանանք հեռու մնալ ուրիշներին որևէ նյութական կամ բարոյական վնաս և չարիք հասցնելուց։
Երանի՜ թե կարողանայինք պահել Հիսուսի քարոզի ահա միայն այդ մեկ պատգամը, որը մի քանի բառով մեկնաբանեցինք, քանի որ այն հույժ կազդուրիչ ու իմաստալից է և ինչպես Սուրբ Գրքի մեկնիչներն են ասում՝ այն մարդկանց՝ իրենց ընկերների ու իրենց նմանների հանդեպ ունեցած բովանդակ պարտականությունների «ոսկե կանոն»-ն է։
Հույս ունենք, որ մեր այս խոսքերով եթե ոչ լիովին, ապա գոնե հնարավորին չափ կարողացանք պարզաբանել ու ապացուցել այն, ինչը կամենում էինք։ Այժմ մի քանի բառով էլ մեր ընտրած թեմայի և բնաբանի ամփոփումը սահմանենք՝ ավարտելով քարոզը։
«Ով որ սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք»: Մենք պետք է գիտենանք, որ մեր պաշտելի Փրկչի՝ Հիսուս վարդապետի ավետալից խոսքերից մեկն է սա, որը Նա ավանդել է մեզ Իր վերջին կտակի հոգեբուխ ճառը քարոզելիս։
Արդ, այդ խոսքի հստակ ուղղվածության ու նրա միջոցով հայտնված երկնային խոստման համաձայն՝ մեզ՝ Ավետարանի զավակներիս, մնում է միայն, ըստ Ուղղափառ, Սուրբ Եկեղեցու դավանության, հավատալ Հիսուսին և սիրել Նրան այնպես, ինչպես որ Նա է պահանջում, ասել է թե՝ Նրա խոսքերն ու պատվիրանները լավ ուսանելով և պահել ջանալով՝ այդպիսով ինքներս մեզ արժանի դարձնելով աստվածային փոխադարձ սերն ու «այցելությունը» վայելելու և ջերմեռանդ զգացումով փառաբանելու Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և հավիտյանս․ ամեն։
Դանիել ծ. վրդ․ Հակոբյան (Զմյուռնիա), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ․ Պոլիս, 1905 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը