Ոմն եղբայր հնազանդության մեջ էր մի մեծ ծերի մոտ: Սա հարցրեց նրան ու ասաց. «Հա՛յր, գրված է, թե բազում վշտեր պետք է կրենք Աստծո Արքայություն մտնելու համար, իսկ ես բոլորովին չեմ վշտանում Աստծո Արքայության համար և վախենում եմ, թե կորցրի իմ հոգին»: Ծերը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, որդյա՛կ, քանզի ամեն ոք, ով իր անձը հնազանդությամբ հանձնում է իր հոգևոր հորը, այնպիսին այլևս որևէ բանի համար հոգս չի անում, քանզի նա կարող է հասնել հավիտենական հանգստի, և նրա առաջ բացված է առագաստի դուռը, որդյա՛կ, որովհետև հնազանդների համար երկբայություն չկա այն հանգիստը մտնելու համար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016