«Հսկիր քեզ, որպեսզի չկորցնես ճանապարհը, չշեղվես աջ կամ ձախ»

Ուշադրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Մարդն իր ուշադրությունն ուղղում է այնտեղ, ինչն իր համար հետաքրքիր է, հաճելի, անհրաժեշտ և նշանակալից: Որտեղ ուշադրությունն է, այնտեղ էլ մարդն է: Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձը արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձնում իր հոգևոր կյանքին և հոգու փրկությանը: Երբ մարդ պատրաստվում է բնակություն հաստատել հեռավոր մի երկրում, ապա նախապես հետաքրքվում է, թե ինչ երկիր է, ինչպիսի մարդիկ են այնտեղ ապրում և ինչ սովորություններ ունեն: Իսկ դեպի հավիտենություն ուղևորվելու համար արդյո՞ք հետաքրքրվում է, թե ուր է գնալու, ինչ է իրեն սպասվում և ինչ է անհրաժեշտ: Սուրբ Գիրքը պարզորեն նշում է ակնհայտը. հավիտենական կյանքը կապված է ներկա կյանքի հետ, ինչ մարդ սերմանում է այստեղ, հավաքելու է այնտեղ. «Ինչ որ մարդս սերմանում է, նույնը կհնձի, ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6:8):

Հոգևորի հանդեպ անտարբեր մարդիկ նման են այն փոքրիկ երեխաներին, որոնք, իրենց սիրելի խաղալիքը տեսնելիս, մոռանում են ամեն ինչ, նույնիսկ՝ իրենք իրենց: Մարդու մեծագույն դժբախտություններից մեկն այն է, որ նա, զբաղվելով աննշանով, միաժամանակ անուշադրության է մատնում ամենակարևորը. անուշադիր է այն ամենի հանդեպ, ինչ սպասվելու է իրեն հավիտենականում: Այսինքն՝ մարդ չի մտածում այլ բանի մասին, քան իր հաճույքները, ցանկություններն ու կրքերը բավարարելու:

Մարդու մեջ գործում են մի շատ կրքեր, ինչի պատճառով հայրաբանական գրականությունը հորդորում է կառավարել ուշադրությունը: Եթե մարդու սրտից բխեր աստվածային սերն ու ջերմությունը, ապա անհրաժեշտ չէր լինի կառավարել ուշադրությունը, քանի որ այն առանց հարկադրանքի և ջանքի կձգտեր դեպի Աստված և Աստծու պատկերը՝ մարդը:

Վերջին ընթրիքից հետո Հիսուս Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ գնաց Գեթսեմանի այգի և սկսեց տխրել ու տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան, մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»: Եվ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրա ընկավ գետին և աղոթում էր: Աղոթքից հետո Հիսուս եկավ և քնած գտավ առաքյալներին և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ: Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: Քրիստոս նորից գնաց, աղոթքի կանգնեց, երբ կրկին անգամ դարձավ այնտեղ, նրանց կրկին քնի մեջ գտավ: (Մարկ. 14:32-42): Տեսանելի է, թե ինչպես ամենանախանձախնդիր առաքյալները, կորցնելով զգոնությունն ու հոգու առույգությունը, տրվել էին մարմնական տկարությանը և չէին կարողանում արժանապես կրել փորձությունը, որ սպասում էր իրենց: Թեև Քրիստոս առաքյալներին ասաց, որ արթուն մնան, Իր հետ հսկեն և աղոթեն, բայց առաքյալներն անհոգության մատնվեցին, ինչը նրանց տարավ մեծ փորձության: Երբ եկան Քրիստոսին ձերբակալելու, Պետրոս առաքյալը հանեց իր սուրը և հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը, բայց  նա փոքրոգություն ցուցաբերեց և ուրացավ Քրիստոսին, երբ իրեն երեք անգամ հարցրին, թե՝ ճանաչում է Նրան: Ըստ ավանդության՝ Պետրոս առաքյալն իր ողջ կյանքի ընթացքում, երբ լսում էր աքաղաղի ձայնը, սկսում էր լաց լինել, թեև արդեն ներվել էր և վերականգնվել առաքելական պաշտոնում: Այսպիսով, առաքինության ձգտող անձն էլ, անհոգության մատնվելու դեպքում, անկում է ունենում:

Պատահաբար չէր, որ երբ Քրիստոս խոսեց աշխարհի վախճանի մասին, Իր խոսքն սկսեց՝ ասելով՝ զգու՛յշ եղեք (Ղուկ. 21:34), այսինքն՝ ուշադրություն դարձրեք ոչ այնքան իրադարձությունների արտաքին կողմին, որքան ձեր ներքին հոգեվիճակին: Ըստ հայրաբանության՝ այդքան կարևոր չէ, որ մարդիկ կենտրոնանան աշխարհի վախճանի նշանների վրա, որքան հետևեն իրենց, ինչից կախված կլինի այն, թե ինչպիսի հոգևոր պատրաստվածությամբ կդիմավորեն այդ իրադարձությունները:

Մարդու հոգին անմահ է և կոչված՝ Աստծու հետ միավորվելու, սակայն կործանարար թմբիրի մեջ գտնվելով՝ չի գիտակցում, որ մահը կարող է անսպասելի այցելել իրեն և զրկել Աստծու ներկայության մեջ ապրելու երանավետ հնարավորությունից: Մարդու բնությունը վնասված է մեղքի պատճառով և այն հնարավոր չէ վերականգնել այլ կերպ, քան զղջման և ապաշխարության ու բարու մեջ հարատևելու միջոցով: «Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. 12:14),- հորդորում է Տերը Պողոս առաքյալի շուրթերով: Երկնքի Արքայությունը չի տրվում որպես պարգև՝ առանց ջանքի, ապաշխարության և մշտական բարի գործերի, չի տրվում նրանց, ովքեր անհոգ են և անտարբեր: Քրիստոս ասում է, որ նեղ դուռը և նեղ ճանապարհը տանում են դեպի հավիտենական կյանք, իսկ լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կորուստ են տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով (Մատթ. 7:13-14): Քրիստոս մատնանշում է նաև, որ հզորներն են հափշտակելու Երկնքի Արքայությունը (Մատթ. 11:12): Դեպի Երկինք տանող ճանապարհին մարդը շրջապատված է բազմաթիվ արգելքներով. աշխարհը մարդու ուղին խոչընդոտում է իր գայթակղություններով, կեղծիքներով և հալածանքներով: Հարկավոր է զգոն լինել և Աստծով հաղթել թշնամիներին՝ երկնային հայրենիքին արժանանալու համար, քանի որ միայն հաղթողին Քրիստոս թույլ կտա նստելու Իր հետ Իր աթոռին (Հայտն. 3:21): Այդ ճանապարհին քրիստոնյայի ուղեկիցները պետք է լինեն խոնարհությունը, հոգու քաջությունը, անսասանելի հույսը և առ Աստված ապավինությունը: «Տերն Իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ: Եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու» (Սաղմ. 26:1;3): Կատարելության ուղին ոտք դրած անձը չպետք է ընկճվի սխալներից և կանգ առնի: «Մարդու հոգին,- ուսուցանում է Ս. Գրիգոր Մեծը,- այս աշխարհում նման է նավի, որ լողում է ջրի հոսանքին հակառակ: Ոչ մի տեղում այն չի կարող կանգ առնել և եթե ջանքեր չգործադրի առաջ գնալու համար, ապա դատապարտված է անդունդում հայտնվելու»:

Ս. Բարսեղ Կեսարացին Քրիստոսի հետևորդներին հորդորում է և ասում. «Հսկի՛ր քեզ, որպեսզի չկորցնես ճանապարհը, չշեղվես աջ կամ ձախ. քայլի՛ր թագավորական արահետներով: Քննի՛ր ինքդ քեզ, իմանալու համար, թե ով ես: Ճանաչի՛ր բնությունդ: Մահկանացու է մարմինդ, անմահ է հոգիդ: Կրկնակի է մեր կյանքը. մարմնին, որն իսկույն անցնում է, և հոգուն բնորոշ կյանքը, որը վախճան չունի: Հսկի՛ր քեզ, ընթացքդ մի՛ արգելակիր մահկանացու իրողությունների առաջ, կարծես դրանք հավիտենական լինեն, և մի՛ արհամարհիր հավիտենականները, կարծես անցողիկ լինեն դրանք»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

19.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․