1 Փետրվար, Դշ, Առաջավորաց պահքի Գ օր

Գրքեր

Ինչպես են գործում հոգևոր օրենքները

- Հա՛յր, ո՞ր օրենքներն են կոչվում հոգևոր:

- Հիմա բացատրեմ: Ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այնպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք՝ մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան ուժեղ և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության օրենք է: Իսկ հոգևոր կյանքում մարդ իր հպարտությունից որքան վեր բարձրանա, այնքան ուժգին կլինի նրա հոգևոր անկումը և (հոգևոր առումով) կկոտրվի իր հպարտության բարձրությանը համապատասխան: Քանի որ հպարտ, գոռոզ մարդը ինչ-որ բարձրության է հասնում, իսկ հետո ցած է ընկնում և լիովին անհաջողության մատնվում: «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի» (Ղուկ. 18:14): Դա հոգևոր օրենք է:

Սակայն բնական և հոգևոր օրենքների միջև շոշափելի տարբերություն կա: Բնական օրենքները «սրտացավ» չեն, և մարդ ի զորու չէ փոխել դրանք: Իսկ հոգևոր օրենքները «սրտացավ» են, և մարդ կարող է դրանք փոփոխել: Որովհետև (հոգևոր օրենքների դեպքում) նա իր Արարչի՝ Բազումողորմ Աստծու հետ գործ ունի: Այսինքն՝ արագորեն գիտակցելով, թե որքան «բարձր» է թռել իր հպարտությունից՝ մարդ ասում է. «Աստվա՛ծ իմ, ես ոչինչ իմը չունեմ և դեռ հպարտանո՞ւմ եմ: Ների՜ր ինձ», և Աստծու գթառատ ձեռքերը միանգամից բռնում են այդ մարդուն ու քնքշորեն ցած իջեցնում, այնպես որ նրա անկումն աննկատ է լինում: Այդ կերպ մարդն անկումից չի վշտանում, որովհետև ի սրտե զղջումն ու ներքին ապաշխարությունն էին դրան նախորդել:

Այդ նույն բանն է տեղի ունենում Ավետարանական օրենքի պարագայում. «…ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26:52): Այսինքն, եթե ես մեկին սրով խոցեմ, ապա ըստ հոգևոր օրենքի՝ ես պետք է նույն կերպ վճարեմ․ ինձ էլ սրով պիտի խոցեն: Սակայն, եթե ես գիտակցում եմ իմ մեղքը, եթե սեփական խիղճս է ինձ «սրով խոցում» և Աստծուց թողություն եմ խնդրում, ապա հոգևոր օրենքները դադարում են գործելուց և ես Աստծու սերն եմ ընդունում՝ որպես բուժիչ բալասան: Այսինքն Աստծու դատաստանների խորքում, իսկ Նրա դատաստաններն անհուն են, տեսնում ենք, որ Աստված «փոխվում» է այն ժամանակ, երբ մարդիկ են փոխվում: Եթե անհնազանդ երեխան խելքի է գալիս, զղջում է, և խիղճը տանջում է, ապա հայրը սիրով շոյում ու մխիթարում է նրան: Մարդը կարող է Աստծու որոշումը փոխել: Դա կատակ բան չէ: Չարի՞ք ես գործում՝ Աստված ծոծրակիդ է տալիս: «Մեղա՜ քեզ, Տե՛ր» ես ասում՝ Նա Իր օրհնությունն է տալիս քեզ:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

27.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․