Գրքեր

Ինքնախեղում

Ինքնախեղումը սեփական առողջությանը դիտավորյալ հասցված վնասն է: Ինքնախեղումը սովորաբար կատարվում է զինվորական ծառայությունից ազատվելու, բանակ զորակոչվելուց խուսափելու, բանտարկությունից ազատվելու, ինչպես նաև ապահովագրական գումարներ ստանալու նպատակով:

Ինքնախեղման ձևերը տարատեսակ են: Այդ նպատակներով ինքն իրեն հասցվում են հրաձգային, ծակող, կոտրվածքային, կտրվածքային և այլ վնասվածքներ, առաջացնում են մաշկային տարաբնույթ խոցեր, վերջույթները թողնում են շարժվող տրանսպորտային միջոցի անիվների տակ, մաշկի տակ ներարկում են տարբեր տեսակի նյութեր, ինչպես նաև ընդունում են որոշ դեղամիջոցներ:

Ինքնախեղումը կարող է հասցվել նաև, այսպես կոչված, պասսիվ մեթոդներով: Օրինակ` հոդերի արհեստական անշարժացմամբ:

Ընդ որում` առողջությանը վնաս կարող է հասցված լինել ոչ անձամբ մեղավորի կողմից, այլ նրա խնդրանքով կամ համաձայնությամբ` ուրիշ անձանց կողմից, որոնք այդ դեպքում պատասխանատվության են ենթարկվում, որպես հանցակիցներ:

Պատերազմի տարիներին ինքնախեղման առավել տարածված եղանակը սեփական ոտքին կամ ձեռքին կրակելն էր:

Ինքնախեղումը հանդիպում է նաև բանտարկյալների շրջանում` ծանր աշխատանքից խուսափելու կամ բողոքի նպատակով:

Ինքնախեղման վերը նշված օրինակներից հարկ է տարանջատել սեփական մարմնին վնասվածքներ հասցնելու այն դեպքերը, որոնք պայմանավորված են հոգեկան հիվանդություններով. այդպիսի դեպքերը պահանջում են դատա-հոգեբուժական փորձաքննության անցկացում:

Ըստ իրավագետ Յակով Այզենշտատի հուշերի, ով ծառայել է Կարմիր Բանակի ռազմական տրիբունալում, որպես քարտուղար, «ինքնկրակոցները» հաճախակի երևույթ են եղել նույնիսկ ռուսներից, ուկրայինացիներից, բելոռուսներից կազմված ցամաքային զորքերում, իսկ այն զորամիավորումներում, որոնք կազմված են եղել ադրբեջանցիներից և Միջին Ասիայի այլ  ժողովուրդներից, «ինքնակրակոցները» կրել են ամենօրյա և զանգվածային բնույթ: Հատկապես հաճախակի երևույթ «ինքնակրակոցները» դարձան 1942 թ. ամռանը` Հարավային ճակատում Կարմիր բանակի նահանջի ժամանակ:

Հինկտակարանային ժամանակներում հեթանոսների և հեթանոսական կրոնների սովորույթներում ու ծեսերում ինքնախեղումը ավանդական երևույթ էր:

Գ Թագ. 18:21-29 հատվածում նկարագրված է այդպիսի մի ավանդույթ հեթանոսական Բահաղ աստվածության մարգարեներից մեկի վարքագծի և գործողությունների օրինակով, որի երկրպագողները զբաղվում էին օկուլտիզմով: Տվյալ պատմության մեջ Բահաղի մարգարեները այսահարվում էին, այդ կերպով հայցելով Բահաղին իրեն դրսևորել առավել զորեղ և հզոր, քան կենդանի Աստվածն է: Որպեսզի մտնեն թբիրի մեջ, նրանք դանակներով ու նիզակներով կտրում, ծակում էին իրենք իրենց. Գ Թագ.18:28 «Նրանք բարձրաձայն կանչում էին և, ըստ իրենց օրենքի, սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչև որ արյուն հոսեց նրանց մարմնից»:

Քրիստոնեությունը ինքնախեղումը դասում է մերձավորի հանդեպ մեղքերի շարքին: Ինքնախեղումը` դա գիտակից կամ անգիտակցաբար հասցված մարմնական վնասվածքն է ինքն իրեն կամ ուրիշին, այդ թվում` գործողությունները, որոնք կամա, թե ակամա կարող են հանգեցնել հղիության ընդհատմանը, վիժմանը կամ որևէ վնաս հասցնել պտղի առողջությանը:

 

Ինքնախեղումը ծանր մեղք է հանդիսանում, քանի որ.

1. Դա տհաճ է Աստծուն (Աստված արգելում է դա անել):

Աստվածաշնչում Տերը զգուշացնում է Իր ժողովրդին իրենց մարմինների վրա ոչ մի տեսակի կտրվածքներ և նշաններ չանել. Ղևտ. 19:28 «Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ մի՛ արեք։ Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք»: Ինչպես նաև Բ Օրին. 14:1. «Դուք ձեր Տեր Աստծու որդիներն եք։ Սգի մեջ գտնվելիս ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք և ձեր ճակատները չխփեք»:

Նոր Կտակարանում ինքնախեղման երևույթը կապվում էր դիվահարության հետ: Մարկոս 5:2-5 «Եվ երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, և որի բնակության տեղն իսկ գերեզմանների մեջ էր։ Եվ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, որովհետև շատ անգամ ոտնակապերով և շղթաներով կապված էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետև միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում և լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում»:

Եվ Հին Կտակարանում նույնպես մարմնի վրա արված կտրվածքները կապվում էին դիվահարության հետ: Կրկին դիմենք Գ Թագ. 18 հատվածի պատմությանը: 18-րդ համարում Բահաղի քրմերը Բահաղին երկրպագելու համար դանակներով և նիզակներով վնասվածքներ էին հասցնում իրենց, իսկ 29-րդ համարում դա արդեն անվանվում է դիվահարություն. «Նրանք բարձրաձայն կանչում էին և, ըստ իրենց օրենքի, սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչև որ արյուն հոսեց նրանց մարմնից։ Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար»:

2. Մեր մարմինը Աստծո տաճարն է:

Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է, որ մեր մարմինը հանդիսանում է Սուրբ հոգու տաճարը, և ոչ ոք իրավունք չունի պղծել այդ բնակավայրը: Ա Կորնթ. 3:15-16 «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք»: Ինչպես նաև Ա Կորնթ. 6: 19-20 «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք։ Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ»:

Մարմնին հասցված վնասվածքները նույնն են, ինչ եկեղեցու պատերին արված գրառումները: Դրանք չեն զարդարում եկեղեցին, այլ պղծում են այն և նրանում բնակվող Աստծուն:

3. Դա չի փառավորում Աստծուն

Ա Կորնթ. 6:19-20 «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք։ Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ»: Ա Կորնթ. 10:31-33 «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար. գայթակղության պատճառ մի՛ եղեք հրեաներին և հեթանոսներին և Աստծու եկեղեցուն. ինչպես որ ե՛ս բոլորին ամեն ինչում հաճելի եմ լինում ու չեմ փնտրում իմ օգուտը, այլ՝ շատերինը, որպեսզի փրկվեն»:

Աստծո Խոսքը հորդորում է մեզ փառաբանել Աստծուն ոչ միայն հոգով, այլև մեր մարմիններով:

Բանակը կյանքի դպրոց է, որտեղ մարդը կատարում է իր սահմանադրական պարտքը, հարգանքի տուրք է մատուցում այն ազգին, որին պատկանում է, ինչպես նաև ցույց է տալիս, որ ուզում է ապրել ազատ երկրում:

Արդյո'ք քրիստոնյան պետք է ծառայի բանակում, թե ոչ. այս հարցը քննարկման է դրվել եկեղեցու հայրերի կողմից դեռևս 4-րդ դարի սկզբին: Այն ժամանակ հստակեցվել է. եթե քաղաքացին խաղաղ պայմաններում լքել է իր զորքը, նա իսկույն ևեթ հեռացվել է թեմից: Նշենք, որ այդ ժամանակ դեռևս խոսքը գնում էր հեթանոսական պետությունում, որտեղ շատ քրիստոնյաներ, վտանգելով սեփական կյանքը հանուն Քրիստոսի հանդեպ հավատի, այնուամենայնիվ չէին թողնում զինվորական ծառայությունը: Այն ժամանակ դա հեթանոսական բանակ էր, իսկ այժմ բանակը մեծամասամբ կազմած է ուղղափառ քրիստոնյաներից, և դա հեքիաթ չէ, այլ իրականություն:

Զինվորական ծառայությունից խուսափելը առանց հարգելի պատճառի հանդիսանում է նենգամտության մեղք, խաբեություն, քանի որ մարդը դիմում է տարաբնույթ հնարքների և խորամանկությունների, երբեմն էլ զբաղվում է ինքնախեղմամբ: Այդ ամենը անհամատեղելի են ուղղադավան քրիստոնյայի բարձր կոչման հետ, որը պետք է լինի ազնիվ և օրինապաշտ քաղաքացի:

Աստծո Օրենքը հորդորում է մեզ ապրել խղճով: Կայսրինը` կայսրին, իսկ Աստծունը` Աստծուն: Բնականաբար չի կարելի խուսափել զինվորական պարտքը կատարելուց, քանի որ այդպիսով գործում ենք պետության հանդեպ անհնազանդության մեղք:

Պատահում են տարբեր իրավիճակներ, լուրջ պատճառներ, որոնք թույլ են տալիս չծառայել բանակում: Սակայն եթե չկան ծայրահեղ դրություններ, ապա չարժի փորձել արդարանալ և թաքնվել հորինված հիվանդություններով: Եթե մարդը ծառայել է, նա կարող է հանգիստ քնել և չվախենալ դռան ամեն զանգից:

Նրանց, ովքեր ծառայում են կամ պատրաստվում են ծառայել, հարկ է մաղթել համբերություն, քանի որ բանակում ծառայելը իսկական փորձություն է մարդու համար: Շատերն են փորձում խույս տալ այդ փորձությունից, սակայն նրանք չեն հասկանում, որ բանակը օգտակար է անցնել, որպեսզի դառնաս իսկական տղամարդ և պաշտպան, ինչպես Հայրենիքի, այնպես էլ մերձավորների համար:

 

Գևորգ սրկ. Համբարձումյան

19.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․