Կարելի՞ է արդեօք հաղորդուել դաշտանի ընթացքում

Այս հարցը, անշուշտ, արժանի է մանրակրկիտ ուսումնասիրութեան: Սակայն ակնյայտ է, թէ նոյնիսկ պատմական ապացոյցների մակերեսային ուսումնասիրութիւնը ցոյց են տալիս, թէ այս խնդրի հետ կապուած կան կարծիքների տարբերութիւններ: Ընդհանրական եկեղեցում հին ժամանակներից եղել են որոշակի կանոնակարգեր, որոնք քրիստոնեային օգնում էին յաջողութեամբ վարել հոգեւոր կեանքը: Որոշ կանոններ կազմեցին Եկեղեցու իրաւական կանոնագիրքը, որն իր մէջ ընդգրկեց առաքեալների ու Տիեզերական եւ տեղեկան ժողովների սահմանած կանոնները, որոնք պարտադիր դարձան կատարուելու համար: Իսկ մնացածը մասնաւոր կանոններ էին, որոնք պարզապէս կրում էին խորհրդական ու յանձնարարական բնոյթ: Եկեղեցու սուրբերի եւ հեղինակաւոր աստուածաբանների հրահանգներն ու խրատները տարբեր ժամանակներում նոյնպէս շատ օգտակար էին քրիստոնեաների համար: Բայց այդ հրահանգներից շատերը մնում էին որպէս այս կամ այն սուրբի անհատական աստուածաբանական կամ ուսուցողական կարծիք, այսինքն՝ ընդհանուր կանոնական իմաստով խիստ պարտադիր չէին կատարուելու համար: Ուշադիր ուսումնասիրելով Եկեղեցու Հայրերի գրուածքները՝ կարելի է նկատել, թէ որոշ հրահանգներ նոյնիսկ հակասական են: Տրամաբանական հարց է ծագում, թէ ինչպէ՞ս կարող է այդպէս լինել: Պարզապէս յաճախ Հայրերի այս կամ այն հրահանգն ու խրատն ուղղուած էր որոշակի մարդկանց խմբերին եւ իւրայատուկ պարագաներին: Ուստի այդ հրահանգները կարող էին լինել թոյլ կամ էլ ընդհակառակը՝ չափազանց խիստ: Սակայն կարեւորն այն է, թէ քանի դեռ սուրբի տեսակէտը որեւէ խնդրի վերաբերեալ չի հակասում Եկեղեցու դաւանանքին ու վարդապետութեանը, նրա հրահանգները չեն կարող լինել սխալ: Գրութիւնները կարող են երբեմն հակասական թուալ, բայց իրականում աւելի խորն ուսումնասիրութիւն կատարելով՝ նկատում ենք, թէ նրանք լրացնում են իրար: Ոմանց համար այս ամէնը կարող է կասկածանք յարուցել որոշ գրութիւնների արժանահաւատութեան հանդէպ: Երբ հանդիպում ենք ենթադրեալ հակասութիւնների, չափազանց կարեւոր է յիշել, թէ աստուածաբանութեան մէջ երկու պնդումներ կարող են տարբերուել միմեանցից՝ առանց հակասական լինելու, մինչդեռ ոմանք միմեանցից չեն զանազանում տարբերութիւնը: Այնուամենայնիւ, որքան շատ գիտելիքներ ձեռք բերուեն կասկածելի հարցերի վերաբերեալ, այնքան շատ այս խնդիրները կը լուսաբանուեն ու կը պակասեն:

Ինչ վերաբերում է կանանց «ծիսական անմաքրութեան»-ը, ապա այսօր Ուղղափառ եւ Հայ եկեղեցիներում կան տարբեր կարծիքներ այս հարցի շուրջ, որոնք տարբերւում են ծուխից ծուխ եւ առաւելապէս կախում ունեն միայն տեղի քահանայից: Արեւմուտքի մեր եկեղեցիներում այս հարցը տարբեր է ընկալւում, եւ դաշտանի ընթացքում հաղորդուելուն ոչ մի արգելք չկայ: Քրիստոնէութեան պատմութեան ընթացքում Ընդհանրական Եկեղեցու աստուածաբանների տեսակէտներն այս հարցի վերաբերեալ տարբեր են եղել: Այսօր մեր եկեղեցիներում այս հին բանավէճը երբեմն կրկին է առաջանում: Հոգեւորականների մի մասը կանանց կտրականապէս արգելում է դաշտանի ընթացքում հաղորդուել, մինչդեռ միւս մասը թոյլատրում է։ Եւ այս երկու տեսակէտներն էլ ունեն իրենց պաշտպաններն ու ընդդիմախօսները:      

Սուրբ Հաղորդութիւնից զուրկ մնալու հիմնական պատճառներից մէկն է անմաքրութեան վիճակում սրբութեանը մօտենալու արգելքը: Ծիսական սահմանափակումների ամենավաղ վկայութիւնն է Աստուածաշնչի Ղեւտական գիրքը, որտեղ գրուած է. «Այն կինը, որից արիւն է հոսում, եւ այդ արեան հոսումն իր մարմնից է, նա եօթն օր կը լինի իր դաշտանի մէջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Ինչի վրայ որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում, եւ ինչի վրայ էլ նստի նա, անմաքուր է համարւում։ Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Ով որ դիպչի մի առարկայի, որի վրայ այդ կինը նստել է, պէտք է լուանայ իր զգեստները, լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ» (15, 19-23): Համաձայն Ղեւտական օրէնքի՝ դաշտանի ընթացքում ոչ միայն կինն է անմաքուր, այլ նաեւ իւրաքանչիւր անձ, ով դիպչում է կնոջը, նրա անկողնուն կամ էլ այն առարկային, որի վրայ նա նստել է: Այդ ընթացքում խստիւ արգելւում են նաեւ սեռական յարաբերութիւնները. «Եթէ որեւէ մէկը դիպչի այն անկողնին, որի վրայ պառկել է այդ կինը, կամ այն առարկային, որի վրայ նստել է նա, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Եթէ որեւէ մէկը պառկի նրա հետ, երբ նրա անմաքրութիւնը դեռ իր մէջ է, եօթը օր թող անմաքուր համարուի։ Մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի նաեւ այն անկողինը, որի վրայ այդ մարդը կը քնի: Եթէ մի կնոջ դաշտանն անկանոն է, եւ արիւնը սահմանուած ժամանակից աւելի երկար է հոսում, նրա այդ բոլոր օրերը թող համարուեն որպէս դաշտանի օրեր։ Այդ բոլոր օրերի ընթացքում նա թող անմաքուր համարուի: Այն անկողինը, որի մէջ նա կը պառկի իր արիւնահոսութեան օրերին, կանոնաւոր դաշտանի օրերում իր պառկած անկողնի նման անմաքուր թող համարուի։ Ամէն առարկայ, որի վրայ նա կը նստի այս շրջանում, թող անմաքուր համարուի, ինչպէս որ անմաքուր էր համարւում իր կանոնաւոր դաշտանի օրերին։ Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարուի։ Նա պէտք է լուանայ իր զգեստները եւ իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Երբ դադարի կնոջ արիւնահոսութիւնը, նա պէտք է հաշուի եօթը օր, ապա մաքուր կը համարուի» (Ղեւտ. 15, 24-28): Ըստ Ղեւտական օրէնքի՝ նոյնիսկ ծննդաբերութիւնն էր համարւում անմաքրութիւն, ու ծննդաբերող կնոջը պարտադրւում էր նմանատիպ սահմանափակումներ (տե՛ս Ղեւտ. 12):

Ինչպէս տեսանք, արիւնահոսութեան ժամանակ անմաքրութեան վերաբերող արգելքները նշուած են Հին Կտակարանում։ Եկեղեցում այդ արգելքները ոչ ոք չի մտցրել. դրանք պարզապէս կանոնական որոշումով չեն հանուել: Նոր Ուխտում Հին Ուխտի երկրպագութիւնը փոխարինուել է Նոր Պատարագով, առաւել լաւ ուխտով ու լաւագոյն խոստումներով (Եբր. 8, 6), բայց դա չի նշանակում, թէ Հին ու Նոր Ուխտերի միջեւ չկայ շարունակականութիւն: Որոշ հին կանոններ մեծամասնութեամբ մի կողմ դրուեցին, սակայն կան նաեւ հին կանոններ, որոնք որոշ չափով պահպանուեցին։ Հին Կտակարանում բաւականին մտահոգութիւն կար յատկապէս արեան նկատմամբ։ Մենք տեսնում ենք, թէ նոյնիսկ Նոր Կտակարանում այդ մտահոգութիւնը չի փարատւում (Գործ. 15, 23-29: 21, 25-26): Աւելին, եկեղեցին վաղ ժամանակներից հաստատել է կանոնական որոշ արգելքներ արեան հոսքի վերաբերեալ, թէեւ աստուածաբանական որեւէ բացատրութիւն ու հիմնաւորում չեն տրուել։ Բայց յիշեցնենք, թէ անմաքրութեան շրջանում հաղորդուելու արգելքը վերաբերում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց։ Ըստ կանոնի՝ կինը դաշտանի ընթացքում ոչ մի դէպքում աւելի անմաքուր չէ, քան տղամարդը սերմի ակամայ ծորման՝ երազախաբութեան ժամանակ: Ըստ օրէնքի՝ ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը այդ ընթացքում պէտք է խուսափեն Սուրբ Հաղորդութեանը մերձենալուց: Այս մարմնական հոսումները մեղքեր չեն, բայց նրանք ներկայացնում են մեր ընկած բնութեան հետեւանքները: Հին Կտակարանի Ղեւտական գիրքը նոյնպէս զգուշացնում էր տղամարդկանց անմաքրութեան մասին: Գրուած է. «Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու ասա՛ նրանց. «Եթէ որեւէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումն անմաքուր է… Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրայ, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Եթէ սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, սա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ… Իսրայէլի որդիներին խստօրէն զգուշացրէ՛ք իրենց անմաքրութիւններից, որպէսզի իրենց մէջ գտնուող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրութեան պատճառով չմեռնեն։ Սա է կարգը սերմի ծորում ունեցողի, երազախաբութեան պատճառով անմաքուր դարձածի, արիւնահոսութիւն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թէ կին, ինչպէս նաեւ դաշտանի մէջ եղող կնոջ հետ պառկող տղամարդու մասին»» (Ղեւտ. 15, 1-2, 6-8, 31-33): Հայ Եկեղեցու «Կանոնագիրք Հայոց»-ում նշուած է, որ եթէ տղամարդը երազախաբ է եղել մարմնի բնական գործունէութեան եւ ոչ թէ պոռնկական խորհրդի արդիւնքում, թոյլատրւում է Սուրբ Հաղորդութեան մերձենալ:

Նշենք որոշ կարծիքներ, որոնք յայտնում են եկեղեցական հեղինակաւոր Հայրերը: Որոգինեսը հանդիսանում է առաջին քրիստոնեայ գրողը, ով ընդունում է Հին Կտակարանի տեսակէտը՝ Ղեւտական 12-րդ գլխում նշուած դաշտանն ու ծննդաբերութիւնը անմաքրութիւն համարել[1]: Իսկ սբ. Աթանաս Մեծ հայրապետն ասում է (կանոն 1). «Աստծու բոլոր ստեղծածները բարի են ու մաքուր, քանի որ Աստծու Խօսքը ոչինչ անօգտակար կամ անմաքուր չի ստեղծել: Մենք Քրիստոսի բուրմունքն ենք փրկուողների մէջ՝ ըստ առաքեալի (Բ. Կորն. 2, 15): Քանի որ տարբեր ու բազմազան են դեւի նետերը, եւ անարատ մտածողներին նա բերում է խռովութեան, եղբայրներին շեղում է սովորական վարժութիւնից՝ նրանց մէջ առաջացնելով անմաքրութեան ու պղծութեան խորհուրդներ, բայց մենք մեր Փրկչի շնորհով, հակիրճ խօսքերով չար գայթակղութիւնը հեռացնենք ու պարզամիտների մտածումները հաստատենք, քանի որ «ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ» (Տիտ. 1, 5): Զարմանում եմ դեւի խորամանկութեան վրայ, որ թէեւ լինելով չար ու թշուառ՝ ըստ երեւոյթին, ներդնում է մաքրութեան խորհուրդներ: Բայց նրա գործածն աւելի շատ զրպարտանք է կամ գայթակղութիւն, որովհետեւ, ինչպէս ասացի, շեղում է նուիրեալներին սովորական ու փրկարար խնամքից, եւ ամէն կերպ ջանում է յաղթել նրանց, ինչպէս նրան թւում է։ Այս պատճառով, նա այնպիսի բամբասանք է տարածում, որը կեանքին ոչ մի օգուտ չի բերում, այլ միայն դատարկ հարցաքննութիւններ ե ունայն խօսակցութիւններ, որոնցից պէտք է խուսափել: Ուստի ասա՛ ինձ, սիրելի՛ս ու յարգելիս,  եթէ մեղաւոր կամ անմաքուր է որեւէ բնական հոսում, ինչպէս օրինակ, եթէ մէկն ուզէր մեղադրել իր ռունգերի խորխի երթը եւ բերանից ելած թուքը: Կարող ենք նաեւ աւելին ասել որովայնի հոսումների մասին, որոնք անհրաժեշտ են արարածների կենդանութեան համար: Այդուհանդերձ, եթէ, ըստ Աստուածաշունչ մատեանի, հաւատում ենք, թէ մարդ արարածն Աստծու ձեռագործն է, ապա ինչպէ՞ս կարող էր մաքուր ուժից պղծութիւն առաջանալ. եւ եթէ մենք Աստծու զարմից ենք, ապա, ըստ Աստուածաշունչ մատեանի Գործք Առաքելոցի սուրբ գրութեան (Գործ. 17, 28), մեր մէջ ոչինչ չունենք անմաքուր, քանի որ միայն այն ժամանակ ենք պղծւում, երբ գործում ենք մեղք՝ վատագոյնը բոլոր գարշահոտութիւններից: Իսկ երբ կատարւում է որեւէ բնական ակամայ հոսում, այն ժամանակ, ինչպէս վերը նշուեց, մենք ենթարկւում ենք այդ բնական անհրաժեշտութեանը: Սակայն նրանք, ովքեր նախընտրում են միայն յանդիմանել Աստծու արդարամիտ խօսքերն ու ճշգրտօրէն չեն մեկնաբանում աւետարանական հետեւեալ խօսքերը, թէ՝ «Ամէն բան, որ դրսից է մտնում, չի կարող պղծել մարդուն, այլ ինչ որ դուրս է գալիս», անհրաժեշտ է իրենց այդ անհեթեթութիւնը դատապարտել»[2]:

Սիրիական «Վարդապետութիւն Առաքելոց»-ը՝ քրիստոնէութեան եւ 3-րդ դարի հրէական աւանդութեան հակասութիւնների վկայութեան աղբիւրը, արգելում է քրիստոնեաներին կատարել ղեւտական օրէնքները, այդ թւում նաեւ կանանց դաշտանին վերաբերող օրէնքները: Հեղինակն  այն կանանց է յորդորում, ովքեր եօթն օրերի ընթացքում զուրկ էին մնում աղօթքից, Աստուածաշնչի ընթերցումներից եւ Սուրբ Հաղորդութիւնից. «Եթէ դուք, կանա՛յք, կարծում էք, թէ զրկուած էք Սուրբ Հոգուց ձեր մաքրուելու եօթն օրուայ ընթացքում, եւ եթէ դուք մահանայիք այդ ժամանակ, ապա դուք կը հեռանայիք դատարկ եւ առանց որեւէ յոյսի»: «Վարդապերտութիւն Առաքելոց»-ը յետոյ կանանց համոզում է, թէ Սուրբ Հոգին ներկայ է նրանց մէջ՝ ընդունակ անելով մասնակցելու աղօթքին, Աստուածաշնչի ընթերցումներին եւ Ս. Հաղորդութեանը. «Հիմա մտածի՛ր այս բանի մասին եւ ընդունի՛ր, թէ աղօթքը լսելի է Սուրբ Հոգու միջոցով, իսկ Աստուածաշունչը՝ Սուրբ Հոգու խօսքն է ու սուրբ է: Հետեւաբար, եթէ Սուրբ Հոգին ձեր մէջ է, ապա ինչո՞ւ էք ձեր հոգին հեռացնում ու չէք մօտենում Սուրբ Հոգու գործին»[3]:    Համայնքի միւս անդամներին հրահանգում է. «Դուք պէտք չէ բաժանուէք նրանցից, ովքեր դաշտանի ընթացքում են: Նոյնիսկ արիւնահոսութիւն ունեցող կինը չյանդիմանուեց, երբ դիպաւ Փրկչի զգեստի քղանցքին. աւելի շուտ նա արժանացաւ թողութիւն ստանալու իր բոլոր մեղքերին»[4]: Յատկանշական է, թէ այս վերոյիշեալ տեքստը կանանց յորդորում է դաշտանի ընթացքում հաղորդուել, եւ այդ յորդորն ամրացւում է Նոր Կտակարանի՝ արիւնահոսութիւն ունեցող կնոջ մասին նշուած օրինակով (տե՛ս Մատթ. 9, 20-22): Լուրջ վէճեր են ընթանում, երբ յիշւում է աւետարանական այս դէպքը: Արիւնահոսութեամբ հիւանդ կինը դիպաւ Յիսուսի զգեստին, եւ իր հիւանդութիւնն անմիջապէս բուժուեց: Փրկիչը չմերժեց նրան, այլ, ընդհակառակը, խրախուսեց՝ ասելով. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր»: Դա կարող է նկատուել որպէս ապացոյց, որ կինն իր «ճգնաժամային» օրերին կարող է հաղորդուել: Բայց այս կարծիքը յաճախ հակադրւում է այն փաստարկով, որ իրեն անմաքուր համարող արիւնահոսութեամբ տառապող կինը յետեւից մօտենալով դիպաւ միայն Յիսուսի զգեստի քղանցքին, այլ ոչ թէ Նրա մարմնին: Սա նշանակում է, թէ ամէն բան չէ, որ թոյլատրւում է «անմաքուր» կնոջը, թէեւ կարող է դիմել Տիրոջ օգնութեանն ու օրհնութեանը:

Ուղղափառ ու Կաթոլիկ եկեղեցիների սուրբը Գրիգոր Մեծ հայրապետը՝ Հռոմի պապը, նոյնպէս յիշեցնելով արիւնահոսող կնոջ մասին աւետարանական դէպքը, ասում է, թէ պէտք չէ կնոջն արգելել եկեղեցի մտնել, ու կնոջ դաշտանը անմաքրութիւն չէ, բայց եթէ կինն այդ ժամանակ չհաղորդուի մեծ յարգանքի պատճառով, ուրեմն թող նա գովելի լինի իր բարեպաշտութեան համար։ Նա գրում է. «Պէտք չէ արգելել կնոջը դաշտանի շրջանում մտնել եկեղեցի, քանի որ չի կարելի նրան մեղադրել այն աւելցուկ նիւթի համար, որ դուրս է բերւում բնութեամբ, եւ որ նա տառապում է անկախ իր կամքից: Ի վերջոյ մենք գիտենք, թէ այն կինը, ով տառապում էր արիւնահոսութեամբ, խոնարհաբար ետեւից մօտենալով Տիրոջը, դիպաւ Նրա զգեստի քղանցքին եւ նոյն ժամին բժշկուեց (Մատթ. 9, 20): Ուրեմն, եթէ արիւնահոսութեամբ տառապողը կարող էր դիպչել Տիրոջ զգեստին ու բժշկուել, ապա ինչո՞ւ ամսական արիւնահոսութիւն ունեցող կանանց համար անօրինական է Տիրոջ տաճարը մտնելը... Եթէ կինը, իր վատառողջ վիճակում դիպչելով Տիրոջ զգեստին, իրաւացի էր իր համարձակութեամբ, ապա ինչո՞ւ ինչ որ թոյլ տրուեց մէկին, չի թույլատրւում նաեւ բոլոր կանանց, ովքեր տառապում են բնական թուլութեամբ. ու չի կարելի այդ ժամանակ կնոջն արգելել՝ ընդունելու Ս. Հաղորդութեան խորհուրդը: Եթէ նա չհամարձակուի հաղորդուել մեծ յարգանքի պատճառով, ապա նա արժանի է գովասանքի, իսկ եթէ հաղորդուի՝ չի մեղանչի... Դաշտանը մեղք չէ, այլ բնական երեւոյթ: Տրամադրէ՛ք կնոջն իր իսկ սեփական ըմբռնմանը, եւ եթէ դաշտանի շրջանում նա որոշի չմօտենալ Տիրոջ Մարմնի եւ Արեան խորհրդին, ուրեմն թող գովելի լինի իր բարեպաշտութեան համար. իսկ եթէ նա, խորհրդի սիրով լցուած, իր բարեպաշտ կեանքի սովորութեան համաձայն հաղորդուի, ապա, ինչպէս որ արդէն ասացինք, պէտք չէ խոչընդոտել նրան: Եթէ Հին Կտակարանում քննարկւում են արտաքին հանգամանքները, ապա Նոր Կտակարանում գլխաւոր ուշադրութիւնը բեւեռւում է ոչ թէ արտաքինի, այլ ներքինի վրայ, իսկ պատիժը կիրառւում է առաւել զգուշութեամբ... Քանի որ, եթէ ոչ մի ուտելիք չի փչացնում նրան, ում հոգին ենթակայ չէ վատթարացման, ապա ինչո՞ւ պէտք է անմաքուր համարել այն, ինչ մաքուր հոգի ունեցող կնոջ համար գալիս է իր բնութիւնից»[5]: Սակայն վաղ միջնադարում Գրիգոր Մեծ հայրապետի առաջարկած այս հրահանգը յետագայում դադարեց կիրառուելուց, քանի որ «դաշտանի շրջանին կանանց չէին թոյլատրում հաղորդուել, ու սովորաբար կանայք կանգնում էին եկեղեցու մուտքի մօտ: Եւ այս սովորութիւնը տարածուած է եղել Արեւմուտքում 17-րդ դարում»[6]:

Սբ. Եփրեմ Ասորին, ինչպէս որ «Վարդապետութիւն Առաքելոց»-ն է մեկնաբանում արիւնահոսութեամբ հիւանդ կնոջ դրուագը, ասում է. «Զօրութիւնը, որ բխում էր Նրանից, դիպաւ պղծուած որովայնին, սակայն այնպէս, որ չենթարկուեց պղծութեան: Ճիշդ այդպէս էլ Նրա Աստուածութիւնն է, որ չպղծուեց սրբագործուած արգանդում բնակուելով, քանի որ Կոյսը ե՛ւ օրէնքով ե՛ւ օրէնքից դուրս աւելի սուրբ է, քան այն կինը, որն իր արեան հոսումով առաջացնում էր անբարեացակամութիւն... Նրա թշնամիներն ուզում էին գայթակղեցնել Նրան՝ ասելով, թէ չգիտէ օրէնքը, քանի որ այդ կինը, անմաքուր լինելով օրէնքով, դիպաւ Նրան, իսկ Նա չմերժեց նրան... Չկայ անմաքուր բան, բացի նրանից, որ արատաւորում է ազատութեան կեանքը»[7]:

Շատերն են մէջբերում Հայրերի վերոյիշեալ քաղուածքները, ինչպէս նաեւ սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետի՝ տասներկու տարի արիւնահոսութեամբ տառապող կնոջ մասին մեկնաբանութիւնները, որտեղ նա գովաբանում է այդ կնոջ մեծ հաւատը՝ նշելով, թէ Քրիստոս բժշկեց նրա հիւանդութիւնը եւ ազատ արձակեց այն մեղքից, որ ըստ հրէական օրէնքի՝ համարւում էր անմաքրութիւն՝ ասելով. «Սա իսկապէս մեղք կամ անմաքրութիւն չէ»: Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետը քննադատում է նրանց, ովքեր կնոջ արիւնահոսութիւնն ու ծննդաբերութիւնը նկատում են որպէս անմաքրութիւն՝ նրանց անուանելով քրիստոնէական հաւատքի անարժաններ ու սնահաւատներ: Նա շեշտում է առաքելական հետեւեալ խօսքերը՝ «Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար» (Տիտ. 1, 15): Բայց նրա մեկնաբանութիւնները յատկապէս չեն շօշափում հաղորդութիւն ստանալու արգելքի հարցը: Բոլորն էլ նշում են, թէ անմաքուր ոչինչ չկայ, բոլոր բաները մաքուր են: Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Աստուած ոչ մի անմաքուր բան չստեղծեց: Չկայ ոչինչ անմաքուր, բացի միայն մեղքից: Քանի որ մեղքը դիպչում է հոգուն ու պղծում այն, մնացածը մարդկային սնահաւատութիւն է: Առաքեալն ասում է, թէ պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ, մաքուր չեն խղճմտանքն ու միտքը: Արդեօք կարո՞ղ է մաքուրների մէջ լինել անմաքրութիւն: Իսկ ով ունի անառողջ հոգի, նա պղծում է ամէն ինչ... Երբ հոգին անմաքուր է, ապա ամէն բան համարւում է անմաքրութիւն: Իսկ որո՞նք են անմաքուր՝ մեղքը, չարութիւնը, ագահութիւնը, նենգութիւնը... Դուք տեսնում էք, թէ որքա՜ն անմաքրութիւնների տեսակներ կան»: Անդրադառնալով Հին Կտակարանի փորձին՝  սբ. Յովհան Ոսկեբերանը յայտարարում է. «Եթէ կինը ծնում է, գրուած է, թէ նա անմաքուր է (Ղեւտ. 12, 2): Ասա՛ ինձ, ինչո՞ւ: Բայց չէ՞ որ Աստուած ստեղծեց սերմը եւ ծննդաբերութիւնը: Ինչո՞ւ է անմաքուր այդպիսի կինը: Արդեօք այստեղ չկա՞յ մի այլ իմաստ: Ի՞նչն է դա: Սրանով Աստուած հոգու մէջ առաջացնում էր բարեպաշտութիւն ու կանխում էր նրան հեռու մնալ պոռնկութիւնից, քանի որ եթէ պիղծ է համարւում ծննդաբերողը, ուրեմն առաւել եւս պոռնկութիւն անողը... Շատ անմաքրութիւններ կարելի է յայտնել, եթէ թուարկենք բոլորը: Բայց հիմա այս բաները չեն պահանջւում մեզանից, այլ բոլոր մտահոգութիւնները փոխանցւում են հոգուն: Անմաքրութիւն է մեղքը. խուսափենք ու զերծ մնանք դրանից»[8]: Ըստ սբ. Յովհան Ոսկեբերանի՝ արիւնահոսութեամբ տառապող կինը չմօտեցաւ Քրիստոսին համարձակօրէն, «քանի որ ամաչում էր իր հիւանդութեան համար եւ իրեն  համարում էր անմաքուր: Եթէ կինն իր ամսականի ընթացքում համարւում էր անմաքուր, ուրեմն առաւել եւս իրեն կարող էր այդպիսին համարել հիւանդութեամբ տառապողը: Այս հիւանդութիւնը, ըստ Օրէնքի, համարւում էր շատ անմաքուր»[9]: Յետագայ մեկնաբանութիւնում՝ այն հարցին, թէ ինչո՛ւ է Քրիստոս շատերին յայտնում նրա բժշկութիւնը՝ սբ. Յովհան Ոսկեբերանը ցոյց է տալիս հետեւեալ պատճառները. «Նախ, Նա ազատում է նրան վախից, որպէսզի որպէս պարգեւն առեւանգող խղճի խայթումից իր կեանքը չվատնի տանջանքի մէջ: Երկրորդ, ուղղում է նրան, քանի որ նա մտածում էր թաքնուել: Երրորդ, բոլորին բացայայտում է նրա հաւատը, որպէսզի միւսներն էլ մրցակցեն նրա հետ: Նաեւ ցոյց է տալիս, թէ Ինքն ամէն ինչ գիտէ, եւ դա այնքան մեծ հրաշք է, որքան արեան հոսքը դադարեցնելը»[10]: Ընթերցողներին խորհուրդ ենք տալիս վերանայել Մատթէոսի աւետարանի ու սբ. Պօղոս առաքեալից՝ Տիտոսին ուղղուած նամակի բնագրերի՝ սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետի մեկնաբանութիւնները, ինչպէս նաեւ վերոյիշեալ Հայրերի մէջբերումները: Նրանք բոլորն էլ նշում են, թէ Նոր Կտակարանի լոյսի ներքոյ կինն անմաքուր չէ դաշտանի ընթացքում, բայց չենք կարծում, թէ կը գտնուի որեւէ ուղղակի ապացոյց, ինչը նրանք ինչ-որ կերպ առաջարկում են, որ կանայք հաղորդուեն իրենց դաշտանի ընթացքում: Պօղոս առաքեալն էլ իր նամակներում չի անդրադառնում մասնաւորապէս իգական կամ արական «անմաքրութեան» հարցին. ուստի նրա խօսքերն ընդհանուր բնոյթ են կրում (տե՛ս Հռոմ. 14, 14: Տիտ. 1, 15: Կող. 2, 20-3, 2): Մենք չենք կարող գտնել ոչ մի ապացոյց, որ սբ. Յովհան Ոսկեբերանը հակասում է հոգեւոր Հայրերի՝ դարերի ընթացքում դաշտանին վերաբերող խորհուրդներին, յատկապէս կնոջ դաշտանի ժամանակ հաղորդուելու խնդրին, որը հիմա՛ է առաջ բերւում որպէս սխալ խորհուրդ:

Սուրբգրային դիրքորոշումն այս հարցի նկատմամբ միանշանակ չէ: Մի կողմից Հին Կտակարանի յայտարարութիւնը կանանց դաշտանի ընթացքում անմաքրութեան մասին, իսկ միւս կողմից, աւետարանական պատմութիւնն այն մասին, որ արիւնահոսութեամբ տառապող կինը դիպաւ Յիսուսին ու բժշկուեց: Իսկ Եկեղեցու աւանդութեան մէջ, մի կողմից եկեղեցական կանոններն արգելում են, որ կանայք դաշտանի օրերին հաղորդուեն, միւս կողմից, եթէ որեւէ կին ծանր հիւանդ է ու մահանում է, եւ գտնւում է իր «կանացի» վիճակում, քահանան հանգիստ կարող է հաղորդել նրան: Նաեւ ընդունելի եւ անհրաժեշտ է համարւում, որ կինը հաղորդուի ծննդաբերութեան ժամանակ, եթէ նա մեռնում է, թէեւ սովորաբար նրան արգելում էին հաղորդուել յետծննդաբերութեան 40 օրուայ ընթացքում: Ուրեմն, ոմանք յայտարարում են, թէ կինը դաշտանի ընթացքում կարող է անել ամէն բան, ինչ որ ուզում է, քանի որ նրա մէջ չկայ որեւէ անմաքրութիւն: Միւսներն էլ պնդում են, թէ կինը դաշտանի ընթացքում անմաքուր է, հետեւաբար չի կարող հաղորդուել, մինչեւ որ աւարտուի անմաքրութեան շրջանը: Բոլոր նման պարագաներում անհրաժեշտ է անդրադառնալ Եկեղեցու հեղինակաւոր ու վերադաս կանոնադրութեանը: Դաշտանի ընթացքում հաղորդուելն արգելող կանոնական որոշումներ կան Ուղղափառ եւ Հայ Եկեղեցու կանոնագրքերի՝ «Կանոն հարանց հետեւողաց» կանոնախմբի 23 կանոններում, որտեղ մասնաւորապէս նշուած է, թէ երբ մէկն ունի արիւնահոսութիւն, ապա պէտք չէ երեք օր Ս. Հաղորդութեանը մերձենայ: Ըստ հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխութեան հայկական հին ծէսերի՝ աղջիկների սեռական հասունութիւնն ու հիմնականում ուղղուած էին մաքրուելուն, սրբագործուելուն, ինչի համար առաջին դաշտանի աւարտից յետոյ նրանք լուացումներ էին անում եկեղեցում օրհնուած ջրով[11]։  Դեռեւս հայոց կաթողիկոս՝ Սիօն Ա Բավոնեցի (767-775) գահակալութեան օրօք, Հայ Առաքելական եկեղեցու Պարտաւի ժողովի 24-րդ կանոնի համաձայն՝ արգելւում էր դաշտանի մէջ գտնուողների պսակն օրհնել։ Ընդհանրական Եկեղեցու Հայրերից Բարսեղ Կեսարացու 1052-րդ կանոնի համաձայն՝ (որը սահմանուել է նախքան 5-րդ դար), որին հետեւում է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, կանանց արգելւում է Սուրբ Հաղորդութիւն ստանալ նաեւ դաշտանի ընթացքում: Հայոց Եկեղեցու պատմութեան ընթացքում տեղի են ունեցել մի շարք եպիսկոպոսական ժողովներ, որոնք պատասխանել են տուեալ ժամանակաշրջանին յուզած հարցերին՝ սահմանելով որոշակի կանոններ: Ժամանակի պահանջն է, որ այսօր, առաւել քան երբեւէ, եկեղեցական համաժողովներ անցկացուեն, քանի որ եկեղեցում կուտակուել են բազում հարցեր, որոնք պահանջում են յստակ եւ միանշանակ պատասխաններ: Ժամանակակից մարտահրաւէրները, համատարած աշխարհայնացումը, հոգեւոր-բարոյական արժէքների խեղաթիւրումը, նմանատիպ եւ այլազան հարցեր յուզում են մեր ժողովրդին: Եկեղեցին պէտք է արձագանգի առկայ խնդիրներին եւ կայացնի կոնկրետ որոշումներ, որոնք ուղենիշային պէտք է լինեն հոգեւոր դասի ու հաւատացեալների համար: Այսօր կենսական պահանջ է, որ Հայոց Եկեղեցին իր դիրքորոշումն արտայայտի յուզող խնդիրների վերաբերեալ, քանի որ Եկեղեցու կոչումն է միշտ զգալ ժամանակի զարկերակը ու տուեալ ժամանակի լեզուով մեր ժողովրդին բացատրել աստուածային ճշմարտութիւնները: Կարեւոր է, որ հոգեւորականները եւ հաւատաւոր ժողովուրդը յստակ գիտակցեն, թէ այս կամ այն հարցի շուրջ ի՛նչ միասնական դիրքորոշում եւ կեցուածք ունի Մայր Եկեղեցին՝ նուիրապետական իր բոլոր Աթոռներով։ 

Վերջին հարիւրամեակում Հայ Առաքելական Եկեղեցին որեւէ պաշտօնական արձանագրութիւն չի կազմել այս խնդրի մասին։ Այս հարցի վերաբերեալ վերջերս որոշ պարզութիւն մտցրեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որ տեղի ունեցաւ Մոսկուայում 2015 թուականին Փետրուարի 2-3-ին: Ժողովն ընդունեց «Հաւատարիմների՝ Սուրբ Հաղորդութեան մասնակցութեան մասին» փաստաթուղթը, որն անկասկած պէտք է մեծ ազդեցութիւն ունենայ ժամանակակից ու ապագայ եկեղեցական կեանքի ձեւաւորման վրայ: Նշուած փաստաթուղթը Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգուած նման շատ խնդիրներին լուծումներ է տալիս: Ժողովն ամրագրեց այն ընդհանուր որոշումը, որ իւրաքանչիւր բարեպաշտ կին պէտք է ձեռնպահ մնայ Սուրբ Հաղորդութիւնից՝ իր անմաքրութեան օրերին: Որոշ քահանաներ ունէին այլ տեսակէտ, որն ունի իր որոշակի հիմքերը, բայց աւելի ճիշդ համարուեց ընդունել այն աւանդոյթը, որն արդէն ընդունուած էր հին կանոնադրութեամբ ու մեծամասնութեամբ: Հազիւ թէ որեւէ մէկը վարում է այնպիսի հոգեւոր կեանք, որ Սուրբ Հաղորդութիւնից մի քանի օր ձեռնպահ մնալը կարող է վնասել իր հոգուն: Ընդհակառակը, ինքնակառավարումն ու զսպումը բարեպաշտ կնոջն աւելի են նախապատրաստում, քան եթէ նա ցանկանում է հաղորդուել այն օրերին, երբ քրիստոնեայ կանանց մեծ մասը չի համարձակւում մերձենալ Սուրբ Հաղորդութեանը: Ըստ ժամանակակից սովորութեան՝ դաշտանի օրերին եկեղեցի մտնելը թոյլատրւում է՝ չնայած նրան, որ եկեղեցու պատմութեան ընթացքում եղել է մի շրջան, երբ կանայք դաշտանի ժամանակ առհասարակ եկեղեցի չէին մտնում: Հիմա այս աւանդոյթը չի պահպանուել, սակայն եկեղեցին, ի դէմս իր առաջնորդների, կոչ է անում ձեռնպահ մնալ այդ օրերին Սուրբ Հաղորդութեանը մերձենալուց, եթէ, իհարկէ, դա պայմանաւորուած չէ երկարատեւ ծանր հիւանդութեամբ:

Ներկայացնենք մի հատուած Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Շենուդա Գ. հայրապետի գրքից՝ կանանց դաշտանի վերաբերեալ. «Հարցում. «Կարո՞ղ է դաշտանի մէջ եղող կինը հաղորդուել։ Եւ եթէ կարելի չէ, ինչո՞ւ. մինչդեռ այս մէկը բնական է, եւ կինը յանցանք չունի սրա մէջ։ Եւ եթէ տանը մնաց, նրան կարելի՞ է, որ աղօթի եւ կարդայ Սուրբ Գիրք եւ մասնաւոր պաշտամունքի վերաբերող բաները»։ Պատասխան. «Տանը ուզածին պէս կարող է Աստծուն պաշտել, իսկ եկեղեցում կամ դրանից դուրս հաղորդուել, այս մէկն անկարելի է։ Մարդ արարածը չի՛ կարող հաղորդուել, եթէ իր մարմնից արիւն է ծորում, լինի տղամարդու կամ կնոջ պարագային, նաեւ սեռական յարաբերութիւնից առաջացած որեւէ ծորման պարագային, եւ այս մէկը Սուրբ Գրքում յստակ է։ Սուրբգրային հատուածներն ու եկեղեցական կանոնները բազմաթիւ են, որոնք այս մէկը կը փաստեն, որ մարդկանց մտքում այլեւս բացայայտ է դարձել»։ Թերեւս ոմանք կը հարցնեն. «Սակայն տղամարդկանց հետ այսպէս չեն վարւում, որովհետեւ եթէ նրանք երազախաբութիւն ունենան կամ նրանց մարմնից որեւէ բան ծորայ, եկեղեցի են մտնում, եւ ոչ ոք չի արգելում նրանց, եւ եկեղեցու կանոնները չեն արգելում նրանց, հետեւաբար ինչո՞ւ միայն կինը»։ Պատասխանն այն է, թէ տղամարդուն արտօնւում է եկեղեցի մտնել մարմնային մաքրութիւնից յետոյ միայն, սակայն նրան չի արտօնւում որ հաղորդուի։ Հակառակ նրան, որ հիմնական մի տարբերութիւն կայ տղամարդու եւ կնոջ մարմնային ծորման միջեւ։ Արդարեւ, տղամարդու պարագային անակնկալօրէն է պատահում եւ կարճ ժամանակով, իսկ կնոջ պարագային մի քանի օրեր է տեւում։ Այստեղ հաւասարութիւն կարող է լինել, որ եթէ տղամարդու մօտ էլ շարունակուի, նրան եւս կ՚արգելուի եկեղեցի մտնել։ Մնում է այս հարցումը. «Ո՞րն է կնոջ մեղքը, եթէ այս մէկը բնական երեւոյթ է»։ Պատասխան. «Ոչ մի յանցանք, սակայն Աստուած մեզանից ուզում է, որ միշտ յիշենք սկզբնական մեղքը։ Եթէ յիշեցինք սկզբնական մեղքը, կը զգանք զոհագործման արժէքը, որ մեր փոխարէն վճարուած է։ Մեղքի վարձատրութիւնը մահն է։ Թէեւ Քրիստոս մեր փոխարէն մեռաւ, սակայն մի նշան թողեց յիշելու համար. տղամարդուն՝ «երեսիդ քրտինքով պիտի ուտես քո հացը» (Ծննդ. 3, 19), եւ կնոջը՝ «ցաւերով զաւակ ծնես» (Ծննդ. 3, 16)։ Յղիութեան ժամանակ կնոջ դաշտանը կտրւում է եւ սկզբնական մեղքը յիշւում է յղիութեան, ապա ծննդաբերութեան ցաւերով, իսկ յղի չեղած ժամանակ սկզբնական մեղքը յիշւում է դաշտանով, եւ անցնում է բոլոր սրբութիւններից զրկուելու արգելքների միջով, որոնք յաջորդում են դաշտանին, այլ ոչ թէ միայն հաղորդուելն ու եկեղեցի մտնելը։ Իսկ տղամարդը սկզբնական մեղքը յիշում է իր կեանքի բոլոր օրերի ընթացքում իր ապրուստն ապահովելու համար ունեցած յոգնութիւնների միջոցով։ Յիշելը նպատակն է, իսկ միջոցը տարբերւում է... Երանի թէ այս մէկը մեզ հոգեւոր օգուտի առաջնորդի, եւ ոչ թէ տրտնջալու…»[12]:

Դաւիթ Ալաւկայ Որդին նշում է, թէ դաշտանը պէտք չէ պիղծ բան համարել, սակայն կինն այդ ժամանակ պէտք է իրեն հեռու պահի քահանաներին ու վանականներին սպասաւորելուց, զատուի, չմտնի եկեղեցի, չգնայ խաչն ու քահանաների աջը համբուրելու, բայց եթէ ստիպուած է, տանը թող իր ընտանիքին սպասաւորի: Նա իր «Կանոնական Օրինադրութիւն»-ում գրում է. «Դաշտանը պէտք չէ պիղծ բան համարել, քանի որ բնութիւնից է, իսկ քանի որ բնութիւնն ամբողջովին Աստծու ստեղծածն է, ուրեմն եւ նրա ստեղծածների մէջ արատաւորում չկայ: Եւ այսպէս, սրանով է սնւում մանուկը մօր արգանդում ու սրանով է ապրում. նաեւ ծնուելուց յետոյ՝ մինչեւ կրծքից կտրուելը: Կանացի բնութիւնից է, որ ամիս առ ամիս նրա մէջ աւելացած արիւնը մարմնից դուրս է հոսում օրուայ ընթացքում: Երբ կինը յղիանում է, եւ մանուկը մօր արգանդում կենդանութիւն է ստանում, մանկամայրը ամիս առ ամիս արեան դուրս հոսելու կարիքը չունի, քանի որ նրանով է սնւում մանուկը մօր որովայնում: Այս պատճառով է յղիութեան ժամանակ դադարում արիւնը: Նոյնպէս եւ ծննդաբերելուց յետոյ, քանի դեռ մանուկը ծծկեր է, մայրը չի ունենում դաշտան, որովհետեւ արիւնը փողի միջով իջնում է մօր ստինքների մէջ ու փոխւում սպիտակ կաթի, որով սնւում է մանուկը: Երբ մանկանը կրծքից կտրում են, արիւնը վերադառնում է իր նախկին բնոյթին: Երբ հարուստ տան կանայք նորածիններին տալիս են ստնտուի եւ իրենք մանկանց կաթ չեն տալիս, ապա արիւնը, ըստ բնութեան, շուտափոյթ դուրս է հոսում... Եթէ մէկն արհամարհի աստուածային պատուիրանը եւ այդ (դաշտանի) ժամանակ մերձենայ կնոջը, մահապարտ է ու պոռնիկների շարքին է դասւում՝ լինի կին, թէ տղամարդ: Եթէ կինը թաքցնի իր հիւանդութիւնը եւ չյայտնի ամուսնուն՝ կրկնակի պատիժ կը կրի ու կ՚անիծուի, իսկ տղամարդն անմեղ է: Իսկ եթէ տղամարդը, կնոջ կամքին հակառակ, բռնանայ, շնացող կը համարուի, իսկ կինն անմեղ է: Բայց կինը դաշտանի ժամանակ պէտք է իրեն հեռու պահի քահանաներին ու վանականներին սպասաւորելուց, զատուի, չմտնի եկեղեցի, չգնայ խաչն ու քահանաների աջը համբուրելու, բայց եթէ ստիպուած է, տանը թող իր ընտանիքին սպասաւորի»[13]:

Ուղղափառ եկեղեցիները հիմնւում են Որոգինեսի աշակերտ Դիոնիսիոս արքեպիսկոպոս Աղեքսանդրացու[14] (3-րդ դար) երկրորդ կանոնի վրայ, որում նշուած են կանանց ծիսական անմաքրութեան ընթացքում սահմանափակումների մասին. «Գրում եմ պարզ լեզուով, որպէսզի հասկանալի լինի: Կինն իր ճգնաժամային օրերին, ձեռնարկելով առողջապահական բոլոր միջոցները, կարող է մտնել տաճար, կարող է համբուրել սրբապատկերները, կարող է օծուել, կարող է խոստովանուել, կարող է խմել սուրբ ջուրը եւ ընդունել օրհնուած հացը: Մկրտուել ու հաղորդուել պէտք չէ, եթէ կարող է սպասել մինչեւ ճգնաժամային օրերի լրիւ աւարտը: Իսկ եթէ կայ հրատապ անհրաժեշտութիւն, ապա նա կարող է նաեւ մկրտուել ու ստանալ Սուրբ Հաղորդութիւն: Պէտք է նշել, թէ իւրաքանչիւր մարդ, ով ունի բաց արիւնահոսութիւն, չի կարող հաղորդուել ու մկրտուել (բացառութեամբ այն դէպքերի, երբ կայ կեանքի վտանգ):

Դիոնիսիոս Աղեքսանդրացու կանոնադրութիւնը թոյլատրում է կանանց մասնակցել Եկեղեցու սուրբ Խորհուրդներին կամ շօշափել սրբութիւնները (ծանր ու մահացու հիւանդութեան դէպքում թոյլատրւում է նաեւ հաղորդուել, իսկ անհրաժեշտութեան դէպքում, կարելի է մկրտուել՝ անկախ կնոջ ամսականներից): Իսկ աղօթել, ընթերցել Աստուծաշունչը եւ դիմել Աստծուն, կարող է ցանկացած վիճակում: Սբ. Դիոնիսիոս Աղեքսանդրացին 2-րդ կանոնում նշում է. «Կանանց մասին, որ գտնւում են մաքրուելու շրջանում, աւելորդ եմ համարում հարցնել, թէ արդեօ՞ք թոյլատրելի է նրանց այդ վիճակում Աստծու տունը մտնել: Քանի որ չեմ կարծում, թէ նրանք, եթէ հաւատարիմ են ու բարեպաշտ, այդ վիճակում համարձակութիւն ունենան մերձենալու Սուրբ Սեղանին, կամ էլ դիպչել Քրիստոսի Մարմնին եւ Արեանը, քանի որ նաեւ տասներկու տարուայ արիւնահոսութիւն ունեցող կինը բուժուելու համար դիպաւ ոչ թէ Յիսուսի, այլ միայն Նրա զգեստի քղանցքին։ Ինչ վիճակում էլ որ մարդ գտնուի, եւ անկախ իր դիրքից՝ աղօթելը, Տիրոջը յիշատակելը եւ օգնութիւն խնդրելը չեն արգելւում: Բայց մերձենալ Սրբութիւն Սրբոցին, թող արգելուի նրան, ով ոչ այնքան մաքուր է հոգով ու մարմնով»[15]։ Տիմոթէոս արքեպիսկոպոս Աղեքսանդրացու այն հարցին, թէ  կարո՞ղ է արդեօք կինը այդ օրերին մերձենալ Սուրբ Խորհուրդներին, կանոնի հեղինակը պատասխանում է. «Չի  կարող, մինչեւ որ նա մաքրուի»[16]։

Հաղորդուելու արգելքի պատճառներից մէկն էլ եկեղեցում արիւնահոսութեան բացառումն է: Եկեղեցու աւանդոյթի համաձայն՝ ընդհանրապէս ընդունուած է, որ քրիստոնէական տաճարում, ուր մատուցւում է անարիւն Պատարագ, որեւէ արեան հոսում չլինի: Ցանկացած արիւնահոսող վէրք նոյնպէս խոչընդոտ է հաղորդուելուն, իհարկէ, եթէ այն վտանգ չէ կեանքի համար եւ արդիւնք չէ երկարատեւ հիւանդութեան: Այնպէս որ, խնդիրը միայն կնոջ մէջ չէ, այլ քրիստոնէական տաճարում արիւն թափելու անթոյլատրելիութեան՝ Փրկչի անարիւն Պատարագի հանդէպ մեր ակնածանքի ու խորին յարգանքի: Գոյութիւն ունի բազմադարեայ աւանդոյթ, երբ եկեղեցում հացի ու գինու փոխակերպութիւնն օգտագործւում էր որպէս անարիւն զոհաբերութիւն: «Անարիւն Պատարագ»-ը շեշտւում է, քանի որ Քրիստոսի Արիւնը ներկայացուած է գինու տեսքով: Իսկ տաճարում որեւէ մարդու արիւնահեղութիւն նշանակում էր միայն մի բան՝ սրբավայրի պղծում, որն այնուհետեւ պէտք էր կրկին սրբացնել: Նոյնիսկ եթէ տղամարդն ունի վէրքի արիւնահոսութիւն, անհրաժեշտ է դուրս գալ տաճարից եւ բուժել այդ վէրքը: Իսկ կանանց արգելւում է եկեղեցի մտնել, քանի որ տաճարում հնարաւոր է արեան աղտոտում: Սակայն առողջապահական յեղափոխութիւնը ներկայումս կանանց համար ստեղծել է սանիտարական բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թոյլ են տալիս վերացնելու արեան հոսքն ու հետքը: Դա է պատճառը, որ այսօր իւրաքանչիւր կին կարող է մտնել եկեղեցի եւ աղօթել ցանկացած ժամանակ: Ծիսակատարութիւնների ընթացքում մարդը սրբագործւում է, ճաշակում է Քրիստոսի կենդանի ու կենդանարար Արիւնն ու Մարմինը՝ Փրկչի Արիւնը խառնելով իր արեան հետ: Հետեւաբար, այս օրերին պէտք է լինել շատ աւելի զգայուն ու պատասխանատու սեփական անձի նկատմամբ, որպէսզի խուսափել մեր մէջ գտնուող սրբութեան պղծումից: Այս հիման վրայ մենք չենք կարող թոյլ տալ արեան որեւէ հոսք, քանի որ մեր արեան մէջ պարունակւում է Քրիստոսի Արեան կաթիլը: Ինչպէս նշուեց, ժամանակակից առողջապահական յարմարութիւնները գործնականում բացառում են արեան արտահոսքը։ Արդի կենցաղի նոր պայմանները ստիպում են չափազանց շատ ուշադրութիւն չդարձնել այս հարցին։ Ամէն դէպքում միշտ էլ աւելի լաւ է նախապէս դիմել քահանային, խնդրել նրա օրհնութիւնը ու հետեւել նրա խորհրդին։

Սուրբ Պատարագի ընթացքում մարմնի եւ հոգու մաքրութեան անհրաժեշտութեան մասին մեզ յիշեցնում է նաեւ քահանայի ձեռքերի լուացումը զգեստաւորումից յետոյ ու յատկապէս օրհներգի ժամանակ: Սբ. Կիւրեղ Երուսաղեմացին ասում է, թէ սա կատարւում է «ոչ թէ յանուն մարմնական պղծութեան…, ոչ թէ այս պատճառի համար, որովհետեւ մարմնական պղծութեամբ մենք չենք մտնում եկեղեցի: Բայց լուացումը նշանակում է, թէ ձեզ անհրաժեշտ է մաքրուել բոլոր մեղքերից եւ անօրէնութիւններից»[17]:

Կանայք յաճախ հարցնում են. «Կարո՞ղ եմ արդեօք աղօթել դաշտանի ընթացքում»։ Այստեղ որեւէ սահմանափակումներ չկան, ընդհակառակը, վարդապետները պնդում են, թէ եթէ կինն իր ճգնաժամային օրերին չի աղօթում, ապա դրանով իսկ ակամայ ընդունում է անմաքուր ոգի։ Այնպէս որ, աղօթքին ոչինչ չի կարող խանգարել։ Եթէ կանանց դաշտանի շրջանին հաղորդուելու հնարաւորութեանը մենք նայենք հէնց ճգնաւոր ու սուրբ կանանց աչքերով, ապա կը տեսնենք զարմանալի մի իրավիճակ: Որքան աւելի է բարեպաշտ կինը Սուրբ Հոգով լցւում ու լուսաւորւում, այնքան քիչ է նա եկեղեցու ներսում «պայքարում իր իրաւունքների համար», եւ այսպիսով արժանանում է աւելի մեծ պատուի ու յարգանքի: Հետաքրքրական է նշել, որ սրբակեաց կանանցից ոչ մէկը դաշտանի ընթացքում հաղորդուելու անհրաժեշտութեան մասին աշխատութիւններ չի թողել. նրանցից ոչ մէկը չի ձգտել դառնալ «քահանայ» կամ էլ պարտադրել դառնալու մասնակից եկեղեցական ժողովներին: Չէ՞ որ տարբեր ժամանակներում, տարբեր սոցիալական ու մշակութային պայմաններում, գոյութիւն ունէին հազարաւոր խստակեաց, բարեպաշտ ու սուրբ կանայք, որոնք խօսում էին տարբեր լեզուներով եւ ունեցել են տարբեր ապրելակերպ: Որտեղի՞ց է գալիս այս լիարժէք եւ անաչառ միաձայնութիւնը: Այստեղ, իրօք, կարող է լինել միայն մէկ համոզիչ պատասխան: Սուրբ Հոգին թոյլ չի տուել նրանց ընկնելու ֆէմինիստական նման գայթակղութիւնների մէջ: Սբ. Կոյս Մարիամ Աստուածածինն էլ ենթարկւում էր «ծիսական մաքրութեան» պահանջներին: Ըստ Յակոբոսի պարականոն աւետարանի տեքստի (2-րդ դար), որը նոյնիսկ ծառայել է որպէս աղբիւր մի շարք եկեղեցական մարեմական տօներին[18], երանելի Կոյս Մարիամն ապրում էր տաճարում երկուսից մինչեւ տասներկու տարեկան դառնալու հասակը, իսկ երբ Յովսէփի հետ նշանուեց, ապա ուղարկուեց ապրելու նրա տանը, ինչպէս գրուած է. «Որպէսզի նա չպղծի Տիրոջ սրբավայրը»[19]:

Որպէս մեղքի հետեւանք՝ Աստուած ասաց կնոջը. «Անչափ պիտի բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես» (Ծննդ. 3, 16): Ամէն ինչ, որ վերաբերում է արեան բնական մաքրութեանը ծննդաբերութեան ժամանակ եւ ծննդաբերութիւնից յետոյ, կարող է դիտուել որպէս մի տեսակ «պատիժ», ապաշխարանք կամ հատուցում, որի ընթացքում ոմանք զուրկ են մնում Սուրբ Հաղորդութիւնից: Կարելի է վիճել, թէ արդեօ՞ք ճիշդ է սուրբգրային նման մեկնաբանութիւնը, եւ որքանո՞վ է այն արտացոլում Եկեղեցու կարծիքը: Բայց այս տեսակէտի գոյութիւնը ցոյց է տալիս, թէ առաջին հայեացքից հնացած համարուող մաքրութեան վերաբերեալ կանոնները կարող են նաեւ պարունակել առողջ աստուածաբանական արժէք: Գուցէ մէկն առարկի՝ ասելով, թէ մենք՝ քրիստոնեաներս, ազատ ենք ամէն անէծքից, քանի որ «Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար» (Գաղ. 3, 13): Ճշմարիտ է, բայց սուրբգրային նմանատիպ հատուածները ոչ միշտ են մեկնաբանւում բառացիօրէն: Տղամարդիկ դեռ երեսի քրտինքով են իրենց հացն ուտում մինչեւ հող դառնալը, որից ստեղծուեցին (Ծննդ. 3, 19), իսկ կանայք դեռ ցաւերի մէջ են երեխայ ծնում: Ճշմարիտ է, թէ Քրիստոս յաղթեց մահուանը, ու մեզ շնորհեց յաւիտենական կեանք (տե՛ս Հռոմ. 6, 23), սակայն ոչ ոք կոչ չի անում հնացած համարել ու չեղեալ յայտարարել յուղարկաւորութեան ծիսակատարութիւնը: Ճշմարիտ է, թէ Քրիստոսով բոլորը մէկ են՝ այլեւս ո՛չ հրեայ կայ եւ ո՛չ յոյն, ո՛չ ծառայ կայ եւ ո՛չ ազատ, ո՛չ արու կայ եւ ո՛չ էգ, որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք Քրիստոս Յիսուսով (տե՛ս Կող. 3, 28)։ Սակայն Եկեղեցին պնդում է, թէ ամուսնութիւնը կարող է լինել միայն տղամարդու եւ կնոջ միջեւ։ Իսկ ո՞վ կարող է ժխտել երկրի վրայ ապրող ազգերի զանազանութիւնը: Եկեղեցին երկրի վրայ փրկարար տապան է նրանց համար, ովքեր դեռ չեն հասել, բայց ջանում են հասնել սրբութեան ու կատարելութեան: Եկեղեցին կողմ է յաճախակի հաղորդուելուն, քանի որ սա՛ է հետեւողական եւ գերիշխող հայրաբանական ուսմունքը: Բայց նաեւ պնդում է, թէ հաղորդուելուց առաջ պէտք է պատշաճ ծոմով ու յատկապէս մտքի եւ մարմնի մաքրութեամբ պատրաստուել: Մտքի մաքրութիւնն ու մարմնի սրբութիւնն հաւասարապէս կարեւոր են, որոնք հետեւողականապէս միշտ նշւում են սուրբ Հայրերի խրատներում: Պէտք է նշել, թէ այսօր այլեւս չկան արգելքներ, որոնց դէպքում կինը չի կարող եկեղեցի մտնել ճգնաժամային օրերին: Սակայն ուղղափառ աստուածաբաններն այս հարցի վերաբերեալ չեն փոխել իրենց տեսակէտը: Կանոնները, օրէնքները եւ վարդապետութիւնները մնում են անփոփոխ ու խստութեամբ կատարւում են կրօնական ողջ ժամանակաշրջանի ընթացքում:

Հոգեւոր կեանքի հիմքը հնազանդութիւնն է: Երբ մարդ հաւատքի է գալիս, սկսում է ապրել եկեղեցական կեանքով, մասնակցել եկեղեցական խորհուրդներին, ու նրա համար բացւում է մի նոր հոգեւոր աշխարհ: Եւ յաճախ մարդն ակամայ փորձում է եկեղեցու կեանքը ընկալել, նկարագրել ու շարունակել ապրել իրեն ծանօթ հասկացութիւններով, փաստարկներով, սկզբունքներով, սովորութիւններով եւ այլն... Բնական է, թէ սկզբում շատ բաներ կարող են թուալ սխալ, անտրամաբանական, հակառակ ողջախոհութեան, հնացած, եւ այլն... Բայց եթէ ինքներս չենք փոխւում, այլ փորձում ենք «շտկել» եկեղեցու կեանքը, ապա իսկական քրիստոնեայ դառնալու հաւանականութիւնը շատ քիչ է: Այո, այս խնդիրը (ինչպէս եւ շատ այլ նմանատիպ հարցեր) պէտք է քննարկել ու լուծել, քանի որ տարբեր կարծիքներ կան: Գուցէ այս հարցը նորից բարձրանայ որեւէ հերթական եկեղեցական ժողովի ժամանակ: Բայց քանի որ մինչ օրս չկայ յստակ նոր կանոնական որոշում այս մասին, ուրեմն պէտք է հաւատարիմ մնալ առաւել տարածուած աւանդոյթին ու նախկին որոշումներին: Զաքարիա վարդապետ Բաղումեանն իր «100 հարց Ս. Հաղորդութեան մասին» գրքում, ամփոփելով դաշտանի ժամանակ կնոջ հաղորդուելու հարցը, գրում է. «Եթէ ամփոփենք վերոգրեալը, ապա պիտի արձանագրենք, որ սուրբգրային ու կանոնական առումով կինը դաշտանի ժամանակ չի կարող հաղորդուել: Քանի դեռ նոր կանոնական որոշում կամ հայրապետական կոնդակ չկայ այս մասին, ուժի մէջ են նախկին որոշումները: Ուստի կանայք այս հարցում պէտք է ըմբռնումով մօտենան խնդրին եւ երբէք դրա մէջ չտեսնեն որեւէ խտրականութիւն: Մեր խորհուրդն է, որ եթէ դաշտանի մէջ էք ու խիստ կարիք ունէք հաղորդուելու, ապա նախապէս դիմէք ձեր հոգեւոր հօրը կամ պատարագիչ հոգեւորականին, եւ յետոյ Ս. Հաղորդութիւն ստացէք»[20]:

Ուղղափառ Եկեղեցու անդամները պահպանում են դաշտանի ընթացքում Ս. Հաղորդութիւնից ձեռնպահ լինելու հին սովորութիւնը: Ուղղափառ քրիստոնէական երկրներում պատմութեան ընթացքում սա եղել է բաւականին տարածուած սովորութիւն: Բայց Եւրոպայում եւ Ամերիկայում կանանց զգալի մեծամասնութիւնը անհրաժեշտութիւն չի տեսնում պահելու այս հնագոյն կանոնը: Ի դէպ, եկեղեցում շատ կանայք նոյնիսկ անտեղեակ են այս հին սովորութեանը, որովհետեւ այն դիտւում է պարզապէս որպէս «յետամնաց կանանց» հէքիաթ: Արեւմուտքի երկրներում ուղղափառ քրիստոնեաներին նոյնիսկ խորհուրդ են տալիս անտեսել այս սովորութիւնը (ինչպէս նաեւ այլ եկեղեցական աւանդոյթներ), քանի որ այն կարող է դիտուել որպէս արդարացում՝ չմասնակցելու Ս. Հաղորդութեանը, եւ, ըստ էութեան, կարող է յուսալքել աշխարհակաների մասնակցութիւնն ու ներգրաւուածութիւնը Սուրբ Պատարագին: Եկեղեցու հովիւները պէտք է ամենայն նախանձախնդրութեամբ հսկեն, պահեն ու պահպանեն մեր դարաւոր սրբազան Աւանդութիւնը: Իհարկէ, ոմանք էլ կարծում են, թէ այս խնդիրը խտրականութիւն է առաջացնում ու վիրաւորում մեր անձնասիրութիւնը: Բայց դա չէ՞ արդեօք նպատակը հոգեւոր կեանքի՝ ձեռք բերել խոնարհութիւն ու հնազանդութիւն: Սիրելի՛ կանայք, հաւատացէ՛ք, որ դուք կը ստանաք ոչ թէ պակաս, այլ աւելի մեծ շնորհ՝ հաշտուելով Եկեղեցու կանոնների ու քահանայի կարծիքի հետ, որին Աստուած ուղարկեց այս պահին հոգալու եւ հովուելու ձեր հոգեւոր կեանքը: Դժուար է պատկերացնել դաշտանի ընթացքում կնոջ անկեղծ խոստովանութիւնը, ով գիտէ, թէ քահանաների մեծ մասն այսօր, անկասկած, հնարաւոր չի համարում այդ վիճակում խոստովանել ու հաղորդուել, ու դրանով իսկ գիտակցաբար թաքցնել այդ փաստը քահանայից (կամ խոստովանահօրից)՝ մերձենալով Սուրբ Հաղորդութեանը: Իւրաքանչիւր ուղղափառ քրիստոնեայի համար Աստուածաշնչի, սրբազան Աւանդութեան ու եկեղեցական ժողովների կանոնական որոշումներն արդէն ամբողջովին ու բավարար իրաւական հիմք են հանդիսանում: Իսկ նշուած որոշ հեղինակաւոր Հայրերի կարծիքներն այս խնդրի վերաբերեալ եղել են մասնաւոր կարծիքի օրինակ։ Եկեղեցու Հայրերից շատերն ունէին զանազան կարծիքներ զանազան հարցերի շուրջ, բայց դրանք բոլորը չդարձան Եկեղեցու կանոնական հիմքը: Առաքելական կանոնները յետագայում ճշգրտուել են, սրբագրուել ու նորից հաստատուել յետագայ եկեղեցական ժողովներով: Այնպէս որ, սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, չարժէ ուղղել «հին» կամ «սխալ» կրօնական աւանդոյթները: Աւելի լաւ է փորձէք դրանց միջոցով ձեռք բերել հոգեւոր շահը, եւ, անշուշտ, կունենաք շատ աւելին:

 

 

[1]     Cat.in Ep. ad Cor. XXXIV 124: C. Jenkins (ed.), “Origen on 1 Corinthians,” Journal of Theological Studies 9 (1908) 502, 28-30.

[2]     Послание Свт. Афанасия Великого к монаху Аммуну около 356 г.

      Տե՛ս http://mstud.org/library/canons/athanas1.htm (առ 12/04/2017)։

[3]     Didaskalia XXVI. H. Achelis-J. Fleming (eds.), Die ältesten Quellen des orientalischen Kirchenrechts 2 (Leipzig 1904), Seite 139.

[4]     Նոյն տեղում, Seite 143։

[5]     Цит. по: Беда Достопочтенный. Церковная история народа англов. СПб., 2001, сс. 33-36.

[6]     On the debate in the West as to whether menstruating women could take part in liturgical life see: J. Flandrin, Un Temps pour embrasser: Aux origines de la morale sexuelle occidentale (VIe-XIe s.) (Paris 1983), 11, 73-82.

[7]     Преп. Ефрем Сирин. Толкование на Четвероевангелие // Творения, т.8. ТСЛ, 1995, сс.100-118.

[8]     St. John Chrysostom, Commentary on the Epistle to Titus, Homely 2, NPNF, 13, pp. 529-531.

[9]     Творенiя святаго отца нашего Iоанна Златоуста, Архiепископа Константинопольскаго, въ русскомъ переводе. Т. VII, кн. I, стр. 340.

[10]    Творенiя святаго отца нашего Iоанна Златоуста, Архiепископа Константинопольскаго, въ русскомъ переводе. Т. VII, кн. I, стр. 341.

[11]    Տե՛ս http://int-heritage.am/am/age-rites-arm/ (առ 12/04/2017)։

[12]    Pope Shenouda III, “Restricting Women from Holy Communion.”

      http://blognews.am/arm/news/115864/karox-e-ardyoq-kiny-dashtani-orerin-ekexeci-aycelel.html (առ 11/04/2017)։

[13]    Դաւիթ Ալաւկա Որդի, Կանոնագիրք, «Դաշտան ունեցող կանանց մասին»,  Երեւան, 2010, էջ 81-83:

[14]    Վարդան Այգեկցի, «Խրատներ», Գանձասար Աստուածաբանական կենտրոն, Երեւան, 1999, էջ 113։

      12-13-րդ դարերի հայ աստուածաբան, մատենագիր, քարոզիչ, հայ նշանաւոր վարդապետ Վարդան Այգեկցին իր՝ «Կռապաշտութեան եւ կախարդութեան մասին» խրատներում յիշում է Դիոնիսիոս Աղեքսանդրացուն՝ պատմելով, թէ Աղեքսանդրիա քաղաքում կար մի մարդ, որը կուռքերի քահանայ էր ու նրանց չար օրէնքների գիտակ: Սակայն հաւատալով ճշմարիտ Աստծուն՝ հրաժարուեց կուռքերից ու դարձաւ եպիսկոպոս: Նրա անունն էր Դիոնիսիոս (ոչ թէ Աթենացին, այլ Աղեքսանդրացին): Իսկ չաստուածների քահանաները՝ նրա նախկին գործընկերները, նախատելով գրում էին նրան եւ ասում. «Ինչո՞ւ թողեցիր քո հարազատ չաստուածներին»: Իսկ նա պատասխանեց նրանց. «Դուք լաւ գիտէք, թէ սուտ է կռապաշտութիւնը, լի ամէն տեսակ աղտեղութիւններով. եւ մարդկանց որդիներին չկայ դրանից ոչ մի օգուտ, այլ միայն անբաւ կորուստ… Ասացէ՛ք ինձ, ի՞նչ աստուածպաշտութիւն են այսպիսի չար գործերը, եւ կամ ինչո՞ւ էք պարտադրում ինձ կրկին պաշտելու նրանց, որոնցից ինձ ազատեց Քրիստոս Իր գալստեամբ»։                 

[15]    Canonical Letter of Dionisios of Alexandria in The Nicene and Post Nicene Fathers (henceforth NPNF) (Grand Rapids, Mich.: Eerdmanns, 1956), p. 600.

[16]     Canonical Answers of Timothy of Alexandria, in NPNF, 14, p. 613.

[17]     Поученiе тайноводственное пятое. Иже во святыхъ отца нашего Кирилла, архiепископа Iерусалимскаго, огласительныя и тайноводственныя поученiя. Переводъ съ греческаго. Москва, 1900.

[18]    Մարեմական - Սուրբ Մարիամ Աստուածամօրը նուիրուած։

[19]    Протоевангелие Иакова и Новый Завет, (VIII, 2),

      M. James, “The Apocryphal New Testament” (Oxford 1926), 42. Cр. Taft, “Women” p. 47.

[20]    Զաքարիա վարդապետ Բաղումեան, «100 հարց Ս. Հաղորդութեան մասին», Էջմիածին, 2014, էջ 53:

 

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

22.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․