Կարմիր կիրակի

Կարմիր կիրակի | Karmir Kiraki

«Եղիր հավատարիմ մինչև մահ, և Ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտն. 2:10):

 Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.

Այսօր՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը հաջորդած չորրորդ կիրակին է, որն անվանվում է Կարմիր կիրակի: Այն խորհրդանշում է այն բոլոր նահատակների և մարտիրոսների արյունը, որ հեղվեց ի շինություն և ի փառս Քրիստոսի եկեղեցու: Տիրոջ օրինակով նրա հետևորդները անսասան հույսով զոհաբերվեցին հանուն հավատի: Քրիստոնեական ճշմարիտ հավատը նրանք վկայեցին իրենց իսկ կյանքով, չերկմտեցին երբեք, թե ինչի կամ ում համար են տալիս իրենց կյանքը: Առաջին դարերում նրանք անհավատների, հեթանոսների, արնախում գազանների զոհ դարձան՝ երբևիցե չուրանալով իրենց հավատը, և անձնուրաց կերպով հավաստեցին իրենց ճշմարտացիությունը՝ ի զարմանս ողջ աշխարհի: Ո՞վ է Հիսուս Քրիստոս, ի՞նչ է քրիստոնեությունը, ի՞նչ արժի այդ խոստացված կյանքը, որ քրիստոնյաները նախընտրեցին այս աշխարհից՝ անվախորեն և քաջաբար գնալով դեպի հուրն ու սուրը: Կյանք, թե՞ մահ. Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ: Ապա եթե այս մարմնի կյանքը արդյունավոր գործի համար է, ես չգիտեմ, թե որն ընտրեմ: Ճնշված եմ երկուսից էլ, մարմնից դուրս գալը և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում. իսկ մնալ այս մարմնի մեջ առավել կարևոր է ձեզ համար» (Փիլիպ. 1:21-24): Յուրաքանչյուր քրիստոնյա գիտակցում է իր առաքելության կարևորությունը, յուրաքանչյուր քրիստոնյա իր տեղ ու դերն ունի մարդկության պատմության արագընթաց հորձանուտում: Նահատակներն ու մարտիրոսներն իրենց մահով և ծլարձակող արյամբ կառուցեցին Քրիստոսի եկեղեցին: Նրանք չընկրկեցին դաժանաբարո կայսրերի և աշխարհասեր ու ինքնանպատակ ապրող մարդկանց հնարած զանազանակերպ մահերի առաջ և զարմանալի խնդությամբ մահը հանձն առան: Աշխարհը ափիբերան մնաց՝ դիտելով նրանց զոհաբերությունը, նրանց խիզախությունը, նրանց նվիրումն իրենց Աստծուն: Նրանք անցան ամեն տեսակ փորձությունների միջով, սակայն մնացին անհողդողդ ու աներեր իրենց հավատի մեջ, չուրացան Քրիստոսին, չդադարեցին ապրել ու նահատակվել իբրև ճշմարիտ քրիստոնյաներ: Նրանց նահատակությամբ վեր հառնեց տիեզերական եկեղեցին, որ կանգնած է առայսօր: Քրիստոնեական եկեղեցին իր հաղթանակած սրբերով և զինվորագրված հետևորդներով իր հաղթարշավն է մղում՝ կանգուն և հաստատահիմն մնալով դարերի քայլերթում:  Քրիստոս Իր եկեղեցու գլուխն է, Իր հավատարիմ հետևորդներին փառքի պսակին արժանացնողը, Որի խոսքն ու խոստումը անսուտ են, Որին հավատացողները չեն կասկածում Ճշմարիտ Աստծո խոստացած փառքին և Երկնային Արքայությանը: Դարերի ընթացքում հայ ժողովուրդը ևս իր անմնացորդ նվիրմամբ փաստել է այն իրողությունը, որ ինքը Քրիստոսի հավատարիմ հետևորդն է և իր հավատի համար պատրաստ է կենաց ու մահու կռիվ մղել թշնամիների դեմ: Քրիստոնեության ընդունման առաջին իսկ օրերից ցայսօր հայ ժողովուրդը իր պայքարով և ճակատամարտերով ապացուցում է իր քրիստոնյա մնալու կոչումը: 451 թվականին հայերը՝ զինվորական, թե աշխարհազոր, տղամարդ, թե կին, երիտասարդ, թե ծեր, ոտքի ելան թշնամուն ցույց տալու իրենց պատրաստակամությունը կռվելու, զոհվելու և հաղթելու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Հայոց մեծերը, ի պաշտպանություն իրենց սուրբ եկեղեցու, պարսից շահին հետևյալ պատասխանը տվեցին. «Նրա հիմքը դրված է հաստատուն վեմի վրա. ո՛չ ներքևինները կարող են [այն] շարժել և ո՛չ էլ վերևինները դրդվեցնել: Իսկ ինչ որ երկինքն ու երկիրը չեն կարող խախտել, թող մարդկանցից ոչ ոք չխրոխտա հաղթել նրան: Ուրեմն, ինչ ձևով ուզում ես վարվել, վարվի՛ր. բոլորս պատրաստ ենք այն ամեն հարվածների ու տանջանքների մեքենաների համար, որ սպառնացիր, ո՛չ միայն չարչարվելու, այլև մեռնելու» (Եղիշե): Հայ ժողովուրդն իր կենսընթացով կարծես մարմնավորումն է առաքյալի խոսքերի. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը… Վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8:35-39): Դարերի ընթացքում քրիստոնյա հայերը շարունակեցին ապացուցել, որ մնում են Քրիստոսի անդավաճան հետևորդը, անձնուրաց նվիրյալը, որ հարատևում են իրենց այն ուխտի մեջ, որ հաստատեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այսօր՝ հայ ժողովրդի համար կենաց-մահու այս օրերին ևս ականատես եղանք սրբասուրբ նահատակությունների, որոնց արժանացան մեր ազգակից հայորդիները, որոնք իրենց կյանքը չխնայեցին՝ հանուն հայրենիքի և հանուն հայ ժողովրդի: Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ հայրենիքի սահմաններին զոհված մեր հարազատները նույնպես կարժանանան Տիրոջ ողորմությանը, քանի որ նրանց խիզախումը ևս անգին է: Աղոթենք Աստծուն նրանց հոգիների հանգստության և փրկության համար, որպեսզի կատարած լինենք մեր հոգու պարտքը նրանց հիշատակի առջև, քանի որ նրանք ևս մարտիրոսվեցին հայրենիքի և հայրենակիցների անվտանգության և ձեռք բերված քսանհինգամյա անկախության ու ազատության համար: Արդ, սիրելիներս, այժմ եկեք աղոթք բարձրացնենք առ Աստված Սիմեոն Երևանցի Հայրապետի հետ մեր ազգի համար. «Հիշի՛ր, Տե՛ր, մեր ամբողջ ազգը՝ Քո փոքրիկ հոտը, բոլորին ուր էլ որ լինեն, մեծերին և փոքրերին, տղամարդկանց և կանանց և այցելի՛ր բոլորին Քո մեծ ողորմության համաձայն: Տո՛ւր բոլորին ապրել սիրով և խաղաղությամբ, լուսավորչավանդ հավատով և առաքինի գործով. ապահով կյանքով և բարի կենցաղավարությամբ: Եղի՛ր բոլորին ձեռնհաս և օգնական ամեն ժամանակ՝ ննջելիս և արթնանալիս, տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարքում և աշխատանքում: Եվ նրանց բոլոր օգտակար և անմեղածին գործերը հաջողի՛ր և բարի ավարտին հասցրո՛ւ: Այլև հիվանդներին և ցավ ունեցողներին առողջացրո՛ւ, տրտմածներին և վշտացածներին սփոփիր և ուրախացրո՛ւ: Բանտարկյալներին և գերիներին ազատի՛ր: Փորձանքի մեջ եղողներին փրկի՛ր: Պակաս ունեցողների հոգևոր և մարմնավոր պակասը լցրո՛ւ: Բոլոր անճարներին և անօգնականներին հասի՛ր օգնության և այցելի՛ր: Անդարձներին և մեղքի մեջ համառողներին դարձրո՛ւ իրենց չար ճանապարհից և բոլորին ողորմի՛ր մեծ ողորմության համաձայն և պահի՛ր խաղաղության մեջ, որպեսզի բոլորին ողորմելով՝ բոլորից միշտ փառավորվես: Այլև խնդրում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, որ ամբողջ աշխարհին խաղաղությո՛ւն տաս, հաշտություն թագավորներին, ենթականերին սեր և հնազանդություն, քաղաքներին, գավառներին և գյուղերին շինություն և ապահովություն, այգիներին և անդաստաններին՝ պտղաբերություն և ամեն բարիքի լիություն և առատություն: Այլև Քո ողորմությամբ վերացնես ամբողջ աշխարհից և ազգերից և մանավանդ Հայոց երկրից և ազգից ողջ ցասումը և տարբեր ձախորդությունները, հիվանդությունները և պես-պես ցավերը, սովը, սուրն ու մահտարաժամերը և բոլոր այլ վշտաբեր և վնասատու պատահարները, որոնք Ամենազոր հրամանիցդ շարժվելով գալիս են մեզ վրա մեր մեղքերի պատճառով, որպեսզի ամեն ինչում և ամենքի մեջ Քո անունը փառավորվի հավիտյանս հավիտենից. Ամեն»: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

17.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․