Կասկածամտություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է կասկածամիտ լինելը՝ ամեն բանի վրա կասկածելը: Կասկածամտությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը կորցնի իր մտքի արթնությունը, դեմքի պայծառությունը, սրտի ուրախությունը, նյարդերի առողջությունը, հոգու խաղաղությունը, քնի հանգստությունը, աշխատանքի հաջողությունը, ընտանեկան սերն ու միությունը, հասարակության հետ կապերը և այլն: Շատ հեշտ է որդեգրել կասկածամտությունը որպես կյանքի ուղեցույց՝ ապրելով երկմտության վիճակ, սակայն դժվար է կասկածամտությունից ձերբազատվելը: Կասկածամտությունը որոշ մարդկանց մոտ դարձել է հիվանդություն, սովորություն, բնավորություն: Այդպիսի մարդիկ ապրում են կասկածամտության դժոխքի մեջ, որովհետև ամեն ինչ իրենց մոտ դատապարտված է տարակուսանքի:
Կասկածամտություն գոյություն ունի բազմաթիվ մարդկանց մոտ, սակայն նրանց մեջ դրա տեսակներն ու զորությունները տարբերվում են: Ուստի այս հոդվածի նպատակն է խոսել կասկածամտության, դրա տեսակների, պատճառների և լուծումների մասին, որպեսզի չլինի, որ մեր կյանքը դրանով առաջնորդվի:
Կասկածամտության տեսակները
Կասկածամտությունն ունի բազում տեսակներ, որոնցից կարելի է հիշել.
Կասկածամտություն Աստծո հանդեպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք կասկած ունեն հենց Աստծո հանդեպ: Ճիշտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից մեկի՝ սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» մեջ կարդում ենք Աստծո ստորոգելիները, օրինակ՝ «Բարձեալն, Երկայնամիտ, Բազումողորմ», և Կիպրիանոսի աղոթագրքի «Աղոթք պահպանության» բաժնում կարդում ենք Աստծո մասին հարյուրավոր ստորոգելիներ, սկսյալ «Անսկիզբ Աստուած»-ից մինչև «Օրհնաբանեալ Աստուած»-ը, սակայն այդ բոլոր հոգեպարար բառերն արժեք և իմաստ չունեն Աստծո գոյության հանդեպ կասկածամիտ մարդկանց մոտ, որովհետև նրանք ուզում են իրենց ֆիզիկական աչքերով տեսնել Աստծուն, որպեսզի հավատան Նրա գոյությանը, մինչ մեր Տերը Հիսուս Քրիստոս ասաց Թովմաս առաքյալին. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովն. 20:29):
Կա մարդ, որ հավատում է Աստծո գոյությանը, սակայն կասկածում է Նրա ցուցաբերած հոգատարությանը մարդկանց հանդեպ, կամ կասկածում է, որ Աստված պիտի ների իր խոստովանած «մեծ» մեղքը: Սատանան օձի միջոցով հաջողեց Եվայի մտքում կասկածի որոմներ ցանել աստվածային պատվիրանի չգործադրության հետևանքի նկատմամբ. « ...․ Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17), ասելով. « ...․ Ամենևին էլ չեք մեռնի, այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը» (Ծննդ. 3:4-5):
Կասկածամտություն մարդկանց հանդեպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք կասկածում են մարդկանց, լինեն նրանք բարեկամներ, ազգականներ, հարևաններ կամ նույնիսկ ընտանիքի անդամներ: Այս տեսակի մարդիկ համոզված են, որ իրենց շրջապատող բոլոր մարդիկ չարամիտ, կեղծավոր, խաբեբա են, և եթե նույնիսկ խոսեն ու գործեն բարիք, ապա նրանք այդ բոլորն անում են իրենց եսակենտրոն նպատակներին հասնելու համար: Կա մարդ, որ չի խոստովանում իր մեղքերը Տեր Հորը, որովհետև կարծում է, որ քահանան իր խոստովանած մեղքերը մարդկանց մեջ պիտի տարածի: Այս օրինակը ցույց է տալիս, որ քահանայի գաղտնապահությունը խոստովանության վերաբերյալ կասկածի տակ է կասկածամիտ մարդկանց կողմից: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքն ասում է. «Եթե մարդկանց միջև կա սիրո կապ, ապա կասկածը չի կարող մուտք գործել նրանց մեջ, բայց երբ նվազի սերը, կնվազի նաև վստահությունը, և անձը պատրաստ կլինի կասկածանքի ընդունմանը»:
Կասկածամտություն իր անձի հանդեպ: Օրինակ՝ կա մարդ, որի կասկածամտությունը ոչ թե արտաքին է՝ Աստծո կամ մարդկանց հանդեպ, այլ ներքին: Նա կասկածում է, որ ունի շնորհներ և կարողություններ, կասկածում է, որ տքնաջան աշխատանքով կարող է հասանել իր նպատակներին, կասկածում է, որ լավ սովորելով լավ պիտի պատասխանի քննության հարցաշարը և հաջողության հասնի, կասկածում է, որ ինքը սիրված անձ է իր շրջապատի կողմից և այլն:
Կասկածամտություն ուտելիքների հանդեպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնց մոտ ուտելիքների հանդեպ կասկածամտությունը զորանալով հասել է մինչև իսկ հոգևոր սնունդին՝ սուրբ Հաղորդությանը: Այս մարդկանց մոտ սուրբ Հաղորդությունը H1N1 կամ Covid 19-ի համաճարակների ժամանակ կասկածի տակ էր, այլ խոսքով՝ նրանք համոզված էին, որ Հաղորդությամբ պիտի վարակվեն վիրուսով: Մինչդեռ Հաղորդությունը սրբություն է. Աստծո ծառայի՝ օծված քահանայի մյուռոնված ձեռքից ստացած սուրբ Հաղորդությունը՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, պետք չէ կասկածանքների տակ լինի:
Կասկածամտություն դեպքերի հանդեպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք հազիվ մի ցավալի դեպքի լուր լսեն, կսկսեն պատկերացնել իրենց մտքում սև ապագա՝ վտանգավոր շրջան, սով ու պատերազմ, թափառականություն ու շփոթություն, հիվանդություն և մահ: Ուստի նմանատիպ մարդկանց մոտ Աստծո անսահման զորությունն ու կարողությունը կանհետանան կասկածամտության սոսկալի կրակի պատճառով:
Կասկածամտություն առաքինությունների հանդեպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնց մոտ որոշ առաքինություններ, կասկածի տակ լինելով, ստացել են այլ նշանակություններ, օրինակ՝ մեր հանդեպ մտածումով, խոսքով և գործով սխալվող մարդկանց ներելն իրենց մոտ ոչ թե զորություն և հաղթություն է, այլ տկարություն և պարտություն: Ինչքա՛ն առաքինություններ որոշ մարդկանց մոտ կասկածանքի ենթակվեցին և անարգվեցին:
Կասկածամտություն որոշ թվերի հանդեպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնց մոտ 13 թիվը վատ է համարվում, մինչև իսկ նրանք կարծում են, որ ամեն ամսի 13-րդ օրը դժվարություններով և խնդիրներով լեցուն օր է լինելու: Տակավին աշխարհում կան բարձրահարկ շենքեր, որոնց հարկերում չկա 13-րդ թիվը, վերելակը քեզ տեղափոխում է 12-ից 14, կամ 13-րդ հարկը կոչում են 12B կամ 14A հարկաթվերով:
Կասկածամտության պատճառները
Կասկածամտությունն ունի բազմազան պատճառներ, որոնցից են.
1. կասկածամիտ մարդկանց հետ շփվելը. « ...․ Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը» (Ա Կորնթ. 15:33),
2. կասկածի որոմներ պարունակող գրքերի ընթերցանությունը, օրինակ՝ Եհովայի Վկաների անվճար գրքույկները պարունակում են կասկածի բազմաթիվ որոմներ՝ կասկած Սուրբ Երրորդության գոյության հանդեպ, կասկած Եկեղեցու յոթ խորհուրդների հանդեպ, կասկած հայրենասիրության անհրաժեշտության հանդեպ և այլն,
3. սահմանափակ մտածողությունը, օրինակ՝ կա մայր, որ կսկսի կասկածել, որ իր աղջիկը լավ դրության մեջ չէ, երբ նա իր գործից հետո մի քիչ ուշ տուն գա, մինչդեռ ուշացման պատճառը մայրուղու խցանումն էր,
4. վախը․ Պետրոս առաքյալը, վախենալով ուժեղ քամուց, ջուրն ընկավ, ուստի կասկածեց, որ պիտի ապրի. « .․.. Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթ. 14:29-31):
Տակավին կասկածամտությունն ունի այլ պատճառներ՝ առողջապահական խնդիրները, դաստիարակության ձևը, վաղ մանկության հոգեբանական ցնցումը, ծնողների ամուսնալուծումը, սպասման երկար վիճակը, հուսահատությունը, ոչ կայուն անձնավորությունը և այլն:
Կասկածամտության լուծումները
Կասկածամտությունից ձեռքազատվելու համար կան գործնական լուծումներ՝
1. վստահել Աստծուն և Նրա Ամենակարողությանը,
2. հեռանալ կասկածամիտ մարդկանցից,
3. չկարդալ այնպիսի գրքեր, որոնք կարող են մեր քրիստոնեական հավատքը կամ մարդկային բարոյական սկզբունքները կասկածի տակ դնել,
4. խնդիրների ժամանակ քննարկել ոչ միայն բացասական, այլ նաև դրական հավանական տարբերակները,
5. վերահաստատել մեր անձի ունեցած արժեքը, Աստծո կողմից մեզ պարգևված շնորհներն ու կարողությունները,
6. երկխոսության մեջ մտնել մարդկանց հետ, որպեսզի մեզ համար հստակ լինի իրենց վերաբերմունքը մեր հանդեպ, չլինի, որ կասկածանքի պատճառով միակողմանի սխալ գաղափարներ կազմենք նրանց մասին և այլն:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր