22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Կատարյալ առաքինության մասին

Հայր Պիմենը պատմում էր, թե. «Ինձ մոտ բնակվում էր մեկը, ով ինձնից վերցրել էր մեծ սքեմն ու ահագին ուտելիք: Նա ինձ ասում էր, թե սաստիկ սիրում է ինձ: Ես նրան ասում էի, թե՝ չգտա մեկին, որ սիրեր ինձ այնպես, ինչպես ես՝ նրան. եթե դու նեղանաս ինձնից, կհեռանաս սիրուցդ, իսկ ես, որքան էլ վիրավորանքներ ստանամ քեզնից՝ չեմ հեռանա քո սիրուց: Եվ որոշ ժամանակ անց նա սկսեց չարախոսել և զրպարտել ինձ, ինչը շատերից էի լսում, որոնք գալիս­պատմում էին ինձ. իսկ ես պատասխանում էի՝ այն ամենն, ինչ ասում է, ճշմարիտ է, քանի որ իր տեսածն է պատմում, սակայն դրանից ավելին էլ կա, որ միայն Աստված գիտե: Նա արդեն հեռացել էր ինձնից, երբ մի օր տեսանք միմյանց: Սիրով ողջագուրվեցինք և սկսեցինք վերստին միասին բնակվել՝ մաքուր սիրով` ոչինչ չհիշելով նախկինում տեղի ունեցածից: Օրերից մի օր, խղճմտանքից ձաղկված՝ ընկավ իմ առաջ և խոստովանեց իր բոլոր ասածները: Ես նրան հիշեցրի իմ կանխավ ասածը և այն, թե շատերից էի լսել նրա չարախոսությունները, սակայն բնավ չէի վրդովվել, այլ միշտ իմ աղոթքներում թողություն էի խնդրում իր համար: Եվ ցույց տալու համար նրան սրտիս անհիշաչարությունը` ասացի. «Մի օր ցավեց աչքս, և ես խաչակնքեցի ու առ Քրիստոս բարեխոս վերցրի քեզ և քո աղոթքները, և իսկույն առողջացա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․