25 Նոյեմբեր, Բշ
Ալեքսանդրիայի եպիսկոպոս հայր Աթանասն ասաց. «Մեզանից շատերն ասում են, «Ո՞ւր են հալածանքները, որ վկայենք և մեռնենք»: Սակայն ես ասում եմ. «Ուզո՞ւմ ես վկայել` մեռի՛ր մեղքերի համար, մեռցրո՛ւ և երկրավոր անդամներդ, քո մտքո՛վ սրբվիր և կվկայես Քրիստոսին: Քրիստոսի սուրբ վկաները թագավորների ու բռնակալ իշխաների դեմ էին պատերազմում: Դու էլ ունես ոսոխներ. մեղքերի իշխան Սադայելը ու նրա իշխանները` չար դևերը: Սրբերի առջև կուռքերի մեհյաններն էին ու նրանց զոհասեղանները` պղծություններով լեցուն: Իսկ դու մեհյան համարիր որկրամոլությունը, զոհասեղան համարիր փափկասիրությունը, իսկ կուռք` մեղքերի ցանկությունը, որովհետև ով պոռնկության և ցանկությունների հետևից է գնում՝ ուրացել է Քրիստոսին և կուռքերին է երկրպագում, և իր հոգում Ափրոդիտեին ունի` որպես մեղքերի ցանկության մարմնացում և մարմնի պղծություն: Եվ դարձյալ, ով տեղի է տալիս զայրացկոտությանն ու բարկությանը և իրենից դուրս չի հանում այդպիսի խստության ախտը, նա ևս ուրացել է Քրիստոսին և իր հոգու մեջ Արեսն է որպես աստված, քանզի տեղի տվեց բարկացկոտությանը, որը նրան թունավորող կուռքն է: Իսկ եթե որևէ մեկը արծաթասեր է ու նյութապաշտ և փակել է ողորմության դուռն իր եղբոր առջև ու չի բացում այն ընկերոջ համար, ապա նա նույնպես ուրացել է Հիսուս Քրիստոսին և պաշտում է կուռքերին: Նրա հոգում Հերմեսն է որպես աստված, քանզի դեռևս արարածներին է ծառայում, և ոչ թե՝ Արարչին, քանզի արծաթասիրությունն է իրապես արմատն ամենայն չարիքի: Իսկ ով այս ախտերից հեռացել է, նա ոտնակոխ է արել կռապաշտությունը, ուրացել է անօրենությունը և վկայել է Քրիստոսին: Նա կատարյալ և ճշմարիտ մարտիրոս է և խոստովանել է բարի խոստովանությամբ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016