23 Նոյեմբեր, Շբ
Մենաստանի երեց հայր Հովսեփը հայր Թեոդորոսի մասին ասում էր, թե. «Նա ոչ միայն հիմա է մեծ, այլև՝ երբ Սկյութիայում էր: Նրա մասին ասում էին, թե այս երեք գլխավոր բաները բոլոր մարդկանցից ամենաշատն ինքն ուներ. այն է` անընչություն, կրոնավորություն և մարդկանցից խույս տալը: Նրա մասին ասում էին, թե երբ Սկյութիան ավերվեց, նա եկավ Փերմիայում բնակվելու: Երբ ծերանալով հիվանդացավ, ինչ բերում էին նրան՝ առաջինի բերածը տալիս էր երկրորդին, ինչ առնում էր մեկից՝ տալիս էր մյուսին. ու այսպես հերթով: Իսկ ճաշի ժամին, ով ինչ բերեր՝ այն էր ճաշակում: Նրա աշակերտը պատմում էր, թե մի անգամ եկավ մեկը, որ սոխ էր վաճառում, և լիքը լցրեց իմ սկավառակը: Ծերն ինձ ասաց. «Լցրո՛ւ դա ցորենով և տո՛ւր նրան»: Ցորենի երկու շեղջեր կային. մեկը՝ մաքուր, մյուսը` անմաքուր: Ես լցրի խառը ցորենի շեղջից, որ այդ մարդուն տամ, իսկ ծերն ինձ էր նայում տրտմությամբ ու ամոթով: Ես նրա ահից վայր ընկա, շուռ տվեցի սկավառակը և ծնկի եկա նրա առաջ: Ծերն ինձ ասաց. «Վե՛ր կաց, որովհետև մեղքը քոնը չէ, այլ ես մեղանչեցի, որ քեզ ասացի»: Եվ ծերը գոգը լիքը մաքուր ցորեն լցրեց և տվեց նրան, նույնպես և սոխը տվեց նրան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016