Կենդանություն տվող Աստված

Կենդանություն տվող Աստված | Kendanutyun Tvogh Astvats

«Զի հաց յԱստուծոյ է, որ իջանեն յերկնից և կեանս տայ աշխարհի»:

«Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհ. 6:33):

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ,

Այսօր մեր խորհրդածության առիթն է լինելու Տիրոջ հոգատարությունն ու խնամքը առ մարդիկ: Տերը սիրում է մեզ, և նրա սիրո ու հոգատարության դրսևորման ապացույցը, վկան, արտահայտությունը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն ու ընծայաբերումն են: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16): Աստված մարդուն ստեղծեց իբրև Իր արարչագործության զարդ ու պսակ: Սակայն մարդը մեղսագործելով հեռացավ իր Աստծուց: Տերը երբեք չլքեց իր արարածներին, այլ նրանց մասին միշտ հոգ տարավ: Տերը պատժեց նրանց, բայց երբեք Իր հոգածությունից ու խնամքից չզրկեց: Միշտ մարդկանց հետ եղավ, մարդկային անհատական կյանքին և ողջ մարդկությանը ընթացակցեց: «Աստծո Որդին մարմնացավ, որ մարդն աստվածանա», ­ ասում են Եկեղեցու հայրերը: Նախապես Իր մարգարեների միջոցով խոսեց մարդկանց հետ, ապա ուղարկեց և Իր Որդուն՝ ի փրկություն ողջ աշխարհի: Այնուհետև Սուրբ Հոգուն տվեց՝ իբրև մխիթարություն մարդկության: Նա անվերջ մեզ վրա է հեղում շնորհներ, որոնք մեզ օգնում են հարատևելու այս կյանքի ալեբախումներին: Սակայն մեծագույն պարգևը մեզ՝ մեղավոր մարդկանց համար, Աստծո Որդու անվերջ զոհաբերումն է՝ ի փրկություն մարդկային թյուրընթաց հոգու: Մարդն անընդհատ մեղանչում է, անդադար ընկնում, աշխարհի հուզախռով օվկիանոսում նա միշտ տատանվում է՝ կորցնելով իր երկնային ճանապարհի ուղեցույցը: Բայց Տերը այդ ճանապարհի մասին ևս հոգ է տանում՝ Իր Որդուն դարձնելով դեպի երկինք ձգվող ճանապարհի փարոսը: «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6): Աստված երբեք անուշադրության չի մատնել և չի մատնում մարդկային կյանքը: Նա բոլորի հետ է և բոլորի կողքին, Նա յուրաքանչյուրի հետ է և յուրաքանչյուրի կողքին: Թող երբեք թվա, թե ինչ-որ մի պահ, ինչ-որ մի ժամանակ Աստված մարդու հետ չի եղել կամ չէ: Աստված մեզ հետ է և Աստված Ինքն է հրավիրում մեզ Իր երկնային ուրախությանը մասնակցելու: Այսօրվա ճաշու ընթերցվածքում ասվում է, որ Հիսուս Իրեն փնտրող մարդկանց դիտողություն է անում այն բանի համար, որ Իրեն որոնել են Իր բազմացրած հացը ուտելու և կշտանալու պատճառով: Եվ ավելացնում է. «Գնացեք, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված» (Հովհ. 6:27): Ինչպես Մովսեսի ժամանակ հրեաներին երկնքից մանանան տրվեց, այդպես էլ այդժամ նրանք Քրիստոսից էին ակնկալում նույնպիսի մի նշան: Սակայն Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը, նրանց ասում է, որ մանանան Երկնավոր Հայրը նրանց տվեց և ոչ թե Մովսես: «Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհ. 6:33): Ժամանակ պիտի գար նաև, որ Նա պիտի հաստատեր Սուրբ Հաղորդության խորհուրդը: Բայց մինչ այդ արդեն հայտարարում է ի լուր հրեաների և ի լուր ողջ աշխարհի. «Ես եմ կենաց հացը. ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի»: Աստծո Որդին կարևորում է հավատքն առ Աստված և հաղորդակցումը Աստծո հետ: Աստված զոհաբերվեց և պատարագվեց՝ ի փրկություն Իր արարածի: Նա զոհաբերվում և պատարագվում է առ այսօր: Քանի որ մարդիկ մեղանչական են, մշտապես ենթակա չարի լարած որոգայթներին և առանց Աստծո շնորհների կյանք ունենալ չեն կարող, Աստված անվերջ պատարագվում է: Աստված հոգ է տանում մարդկության համար՝ Իրեն մատուցելով մարդկանց: Աստծո մեծագույն սիրո վկայությունն է Սուրբ Պատարագը: Մարդկանց դժվար է ըմբռնել ու հասկանալ Տիրոջ փրկագործության խորհուրդը: Սուրբ Հաղորդությունը առ այսօր մատուցվում է աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: Այն ձևական արարողություն չէ, այն մարդկային մտքի ծնունդ չէ, այն ժամանակների խաբկանք չէ: Սուրբ Հաղորդությունը Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է հաստատել: Սուրբ Հաղորդությունը Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստված, Աստծո Միածին Որդին: «Սա է Կեանք, Յոյս, Յարութիւն, Քաւութիւն և Թողութիւն մեղաց», - ասվում է Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ: Սուրբ Հաղորդությունը մարդու և Աստծո հանդիպումն է, հաղորդակցումը, միաձուլումը: Սուրբ Հաղորդությունը մարդկային փրկագործության ծրագրի դրսևորումն է: Այն անհրաժեշտ է մեղանչական մարդուն, ինչպես հացն ու ջուրը, որոնք, սակայն, մարդու հոգևոր պետքերի բավարարումն ու գոհացումը երբեք լինել չեն կարող, ինչպես նաև չեն կարող մարդուն պարգևել հավիտենական կյանքը: Մարդու կյանքը դատարկ է առանց Աստծո, առանց Աստվածային հաղորդության: Մարդը պատրաստ է սեփական կարիքների համար աշխատել ու տքնել, սակայն պետք է հիշել առաջին հերթին ամենակարևորի մասին՝ հոգալ սեփական հոգին մեղքերից մաքրելու ու սրբագործվելու մասին, Երկնային Արքայությունը խնդրելու մասին, Աստծուն սեփական կյանքում տեղ տալու, օրվա ժամերից և շաբաթվա օրերից Տիրոջը նվիրելու մասին. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր Երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցեք Աստծու Արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթեոս Զ:31,32): Պետք է ի միտ առնել այն, որ Տերն Ինքն է ելել մեզ ընդառաջ, Ինքն է գրկաբաց ընդունում Իր անառակ ու կորուսյալ որդիներին, Ինքն է շարունակաբար պատարագվում մեզ համար, որ մեզ կյանք ու սրբություն ընծայի: Տերն Ինքն է մեր սիրելուց առաջ մեզ սիրում, մեր՝ առ երկինք հայացք ուղղելուց առաջ մեզ հետևում և խնամում, մեր խնդրելուց առաջ մեր մասին հոգ տանում: Աստված սեր է: Եվ դրանք լոկ բառեր չեն, դրա արտահայտությունը Աստծո Որդու մարմնանալն է, խաչվելը, թաղվելը և հարություն առնելը: Աստված խաչվեց ի սեր մարդկության կորած որդիների, ի փրկություն նրանց: Աստծո Որդին համբարձվեց, սակայն իբրև մխիթարություն Սուրբ Հոգին ուղարկեց, որի շնորհներով մարդը հարատևում է, մարդը կարողանում է բարիք ստեղծել, կատարել իր Տիրոջ պատվիրանները և նմանվել իր Արարչին: Ուստի մեզ հարկավոր է մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագներին ներկա գտնվել՝ հաղորդվելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ, ըմբոշխնելու Աստվածային Երանությունը երկրի վրա, քավելու սեփական մեղքերի լուծը, թողություն ստանալու մեր բազում մեղքերի համար, մաքրագործվելու և սրբագործվելու համար, Աստվածային կենարար շնորհներին արժանանալու համար, կյանքը օրհնությամբ և բարեգործելով ապրելու համար, դիվային հնարանքների դեմ զորանալու և մարտնչելու համար: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

24.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․