Խաչվերացի քարոզ

Խաչվերացի քարոզ | Khachveraci Qaroz

Սիրելի՛ բարեպաշտ և հավատավոր եղբայրներ ու քույրեր,

Սրտագին շնորհավորանքներս եմ հղում ամենքիս համայն մարդկության փրկության խորհրդանիշ, Սուրբ Խաչի կամ Խաչվերացի տոնի կապակցությամբ: Վստահ եմ՝ բոլորդ էլ հիշում եք, որ երբ Տիրոջ խաչն ազատագրվեց պարսից գերությունից ու հետ՝ Երուսաղեմ տարվեց, ճանապարհն անցավ Հայոց աշխարհով՝ Տիրոջ ողորմածությունն ու օրհնությունը պարգևելով նաև մեր սուրբ հայրենիքին: Փա՜ռք Աստծու և ուրախություն ամենքիս, որ այդ հզոր զենքն ու պատվարն ունենք՝ ի պաշտպանություն երևելի ու աներևույթ թշնամիներից, և այդ մշտավառ փարոսը, որպես քրիստոնյաների ուղեցույց, կյանքի այս ալեկոծ ծովում:

Բոլորիս հոգևոր հայացքներն այսօր թող ուղղվեն Քրիստոսի փրկագործ խաչին, սիրելինե՛ր: Խաչին, որ մահվան գործիքից փոխվեց ուժի և փրկության զենքի։ Որ մաքրվեց Քրիստոսի անապական արյամբ ու մաքրեց համայն մարդկության մեղքերը: Թող ձեր սրտերը խնդան այսօր, սիրելի՛ հավատացյալներ, թող ձեր դեմքերը լուսավորվեն աստվածային սիրո լույսով, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խաչի նշանն ունենք՝ որպես պարգև, որ ամեն պահ հիշեցնում է մեզ սիրո, երախտագիտության, խոնարհության և ինքնազոհության առաքինությունների մասին: Որովհետև երբ նայում ենք խաչին կամ խաչի պատկերին, միանգամից հիշում ենք այն Հորը, Որը Միածին Որդուն զոհաբերեց, որպեսզի Իր որդեգիրները կոչվելու պատվին արժանանանք: Նա զոհաբերեց Իր Միակին, որ Իրենից հեռացածներն ու մոլորվածները հետ դառնան: Մարդկային տկար միտքն ուղղակի ի զորու չէ ամբողջությամբ գիտակցելու և՛ Հոր, և՛ Որդու ցուցաբերած այսպիսի սերը: Մենք՝ մեղքով տկարացածներս, մեծ դժվարությամբ ենք բաժանվում սիրելի իրերից, էլ չեմ խոսում սիրելի մարդկանց մասին, կամ դժվարանում ենք մի փոքր գումար զոհաբերել   մերձավորներին օգնելու համար, դժվարանում ենք մեր ժամանակից մի քիչ հատկացնել Աստծուն ծառայելուն, այն Աստծուն, Որը վայրկյան անգամ չերկմտեց Իր սիրելի Միածինին՝ մեզ համար զոհաբերելու:

Համաձայնե՛ք, սիրելի՛ հավատացյալներ, որ աշխարհիկ գիտակցություն ունեցող մարդու համար պարզապես անընդունելի է թշնամուն սիրելու գաղափարը: Իսկ Աստված այդ գաղափարի կենդանի օրինակն է, որովհետև մեղքը նախընտրած մարդը թշնամացել էր Աստծուն: Մեղքերով սպանել էր իր մեջ աստվածային պատկերը և հեռացել Կենաց Աղբյուրից: Իսկ ի՞նչ արեց Աստված: Փոխադարձ թշնամությա՞մբ պատասխանեց թշնամանքին: Ո՛չ, սիրելինե՛ր: Նա ցույց տվեց, որ, միևնույն է, սիրում է մարդուն և ապացուցեց դա խաչի վրա: Եվ սիրո այս մեծագույն արտահայտությունն է, որ պետք է Աստծու նկատմամբ փոխադարձ սիրո ու անսահման երախտագիտության զգացումով լցնի մեր սրտերը: Այդ գիտակցումն է, որ պետք է խոնարհեցնի մեզ Ամենակալի առջև և մեծագույն ուրախությամբ պատի մեր սրտերը, քանի որ սիրված ենք Նրա կողմից: Սա տոն է, սիրելինե՛ր, տոն, որ մշտապես պետք է առկա լինի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Ամեն անգամ խաչակնքվելը, սիրելի՛ հավատացյալներ, թող ձեզ հիշեցնի Բազումողորմ Երկնային Տիրոջ մեծագույն սիրո և մեզ պարգևած փրկության մասին: Թող լինի ոչ թե ինքնաբերաբար արվող մի նշան, այլ հավատի խոստովանում, երախտագիտության նշան, քարոզ՝ գործողության մեջ: Թող երկյուղածությամբ լցնի մեր սրտերը, որպեսզի գոնե չնչին չափով արժանանանք այն անգին Արյանը, որ թափվեց մեզանից յուրաքանչյուրի համար: Թող մտորելու առիթ տա մեզ այն ճշմարիտ, մաքուր, անձնազոհ և անշահախնդիր սիրո մասին, որով Քրիստոս սիրեց մեզ և մեզ էլ պատվիրեց միմյանց սիրել: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա։ Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն» (Փիլ. 2:5-10):

Վերջերս մի իրական պատմություն կարդացի երիտասարդ ռուս հոգևորականի կյանքից և ուզում եմ պատմել այն ձեզ, սիրելի՛ հավատացյալներ՝ վստահ լինելով, որ լուրջ մտորելու տեղիք է տալու: Այսպիսով՝ երկու մուրացկան վիճել էին փողոցում, ծեծկռտուք սարքել, և մեկը ստացած հարվածից ընկել էր գետնին, գլուխը հարվածել մայթեզրին ու մահացու վերք ստացել: Արյունը հորդում էր խեղճի ծոծրակից, սակայն  շուրջը հավաքված մարդիկ չէին շտապում օգնության, քանի որ չկարողանալով հաղթահարել մուրացկանից եկող գարշահոտության զզվանքը, քարացել էին անորոշությունից ու նայում էին, թե ինչպես է մարդը, սեփական արյան ու աղտոտության մեջ խեղդվելով, մահանում: Հանկարծ մի երիտասարդ հոգևորական ճեղքում է ամբոխը, խոնարհվում մահացողի վրա, կտրուկ շարժումով պոկում շապիկի թևքն ու առանց վարանելու ձեռքերը մտցնում արյան լճակի մեջ՝ փորձելով վիրակապել նրա գլուխը: Հետո, ի պատասխան իրեն ուղղված ակնապիշ հայացքների, կարծես արդարանում է՝ ասելով, որ այդ մարդու ձեռքի կնճիռներն իրեն հոր ձեռքերը հիշեցրին:

Այսինքն՝ հոր հանդեպ սերը մղեց նրան սիրով վարվել նաև մեկ այլ մարդու հետ, սիրելի՛ հավատացյալներ: Իսկ սա նշանակում է, որ եթե իրական սիրով ես սիրում հարազատներիդ, ապա կարող ես նաև այլոց հետ սիրով վարվել: Քանի որ ընտանիքում արդեն սովորել ես սիրել, հոգ տանել ընտանիքիդ անդամների մասին և գիտես, թե ինչ է նշանակում զոհաբերության գնալ հանուն մեկ այլ մարդու: Այդ պատճառով էլ նա, ով արհամարհում է սեփական ծնողին, չի հարգում քրոջը կամ եղբորը, անհոգությամբ է վերաբերվում զավակին, չի կարող այդ զգացմունքի ողջ խորությամբ սիրել օտար մարդու: Ուստի, եկեղեցու խորանից կրկին ու կրկին հնչում է նույն կոչը՝ սկսե՛ք ձեզանից: Սովորե՛ք սիրել նախ ձեր ընտանիքի անդամներին, սիրելինե՛ր: Սա ամենևին չի նշանակում ամենաթողության գնալ կամ սիրել նրանց թերություններն ու սխալները: Այլ պիտի միավորվեք նրանց հետ սեփական և իրենց մեղքերի դեմ պայքարում: Սովորե՛ք տարանջատել մարդուն իր թուլություններից: Սիրե՛ք մարդուն և պայքարե՛ք նրա կրքերի դեմ: Սիրե՛ք եսասիրությունից զերծ սիրով, քանի որ «սերն իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13:4-8): Այսինքն՝ սիրեք առանց ակնկալիքի, սիրելի՛ հավատացյալներ, առանց նախապայմանների, քանի որ մեր Տերը չեկավ մեզանից որևէ բան ստանալու, այլ եկավ Իր կյանքը տալու հանուն մեր փրկության:

Արդեն երկու հազար տարուց ավելի ժամանակ է անցել այն պահից, երբ Աստծու Միածին Որդին խաչին գամվեց և հետո Երկինք բարձրացավ, իսկ խաչը մնաց երկրի վրա: Մնաց՝ ի հիշատակություն և ի մխիթարություն բոլոր մեղավոր հոգիների, որոնք Քրիստոսի միջոցով կամենում են ազատվել մեղքի գերությունից: Ինչպես արդեն նշեցի, խաչը որպես ուղենիշ մնաց բոլոր մոլորվածներին և տունդարձի ճամփան փնտրողներին: Ինչպես խաչի խորհուրդն է բացահայտվում Քրիստոսով, այնպես էլ Քրիստոսին անհնար է ընդունել առանց խաչի: Երբ բանսարկուն թագավորական ողջ պերճաշուքությամբ ու փայլով հայտնվեց Եկեղեցու սրբերից մեկին և իր օգնությունն առաջարկեց՝ նրան գայթակղելու նպատակով, սուրբ հայրը հարցրեց, թե ով է նա: Բանսարկուն պատասխանեց, թե իբր Հիսուս Քրիստոսն է: Եվ երբ սուրբը հարցրեց, թե ուր են խաչից մնացած վերքերը, չարը սկսեց արդարանալ, թե իբր Երկնային Արքայությունում վերքեր չկան, բայց սուրբը պատասխանեց, որ Քրիստոսն առանց խաչելության վերքերի Քրիստոս չէ, և այնժամ չարն ուղղակի չքվեց:

Արդ, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, մաղթում եմ, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսի խաչը հավերժ հիշատակություն լինի մեզ այն անեզր ու անգին սիրո մասին, որ Աստված ցուցաբերեց համայն մարդկության և յուրաքանչյուրի նկատմամբ առանձին: Ուղղե՛նք մեր հոգևոր հայացքները փրկչական նշանին, սիրելինե՛ր, սրտի ամենայն հեզությամբ ծո՛ւնկ խոնարհենք նրա առջև և գովաբանությո՛ւն երգենք Տիրոջը՝ անգին պարգևի համար: Թող Բազումողորմ Աստված Իր Խաչի աստվածային և անհաղթ զորությամբ փրկի ու պահպանի ամենքիս, քաջություն պարգևի՝ մեր խաչերը խոնարհությամբ, համբերությամբ ու պատվով կրելու և փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը՝ այսօր, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: 

 

Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան

13.09.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․