Խաղաղության հասնելու ուղին

«Ինչքան կարող եք, բոլորի հետ խաղաղ ապրեք» (Հռոմ. 12:18),- անհրաժեշտ ու կարևոր այս պատգամը մարդկությանը հղեց Ս. Պողոս առաքյալը: Նա իր նամակներից մեկում ևս հաստատեց այս կարևորագույն պատգամը. «Ջանացե՛ք բոլորի հետ ապրել խաղաղ և վարել սուրբ կյանք, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը» (Եբր. 12:14): Առաքյալը մարդկանց Աստվածնմանության է կոչում, քանի որ Աստված խաղաղության Աստված է և ինչպես կարող է Նրա առջև կանգնել նա, ով իր սրտում ատելություն ու թշնամություն ունի: Երկնքի Արքայությունը խաղաղության, սիրո, միաբանության, խոնարհության և համբերատարության Արքայություն է և այնտեղ չի կարող մուտք գործել նա, ով իր մերձավորի հանդեպ հիշաչարությամբ է լցված: Թշնամությունը սկիզբ է առել չարից, որը, գայթակղեցնելով մարդկության նախածնողներին՝ ամեն ինչ արեց, որպեսզի նրանք Աստծո խոսքը մերժեն: Իր սրտում թշնամություն ունեցողը գործակից է դառնում չարին: Մեղքի պատճառով խաթարված աստվածային խաղաղությունը վերականգնվեց Քրիստոսի արյան գնով, Նրա չարչարանքներով ու մահվամբ. «Ահավասիկ, հաշտեցրեց ձեզ Իր իսկ Մարմով և Իր մահվամբ, որպեսզի ներկայացնի ձեզ Աստծո առաջ սուրբ, անբիծ և անարատ» (Կող. 1:22): Մերձավորի հանդեպ թշնամացած անձը քար է գցում իր փրկության վրա: Խաղաղութունը Սուրբ Հոգու պտուղներից է, հոգում Սուրբ Հոգու ներկայության գրավականը. «Սուրբ Հոգու արդյունքներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22): Սրտի խաղաղ կամ ոչ խաղաղ վիճակը ճշմարիտ նշանն է նրա, թե սիրտը Սուրբ Հոգու, թե չարի բնակարան է:  

Խաղաղության հասնելու ուղին ցույց է տալիս Ս. Պողոս առաքյալը, այդ ուղին մերձավորի հանդեպ անկեղծ սերն է, որ աղբյուրն է բոլոր առաքինությունների, սկիզբը ճշմարիտ հոգևոր կյանքի. «Ձեր սերը թող անկեղծ լինի: Ատեցե՛ք, ինչ որ չար է, և կառչա՛ծ մնացեք բարուն: Եղբոր նման գորովանքո՛վ սիրեցեք միմյանց: Հարգելու մեջ գերազանցե՛ք միմյանց» (Հռոմ. 12:9-10): Անհամաձայնությունների և թշնամության գլխավոր աղբյուրը եսասիրությունն է, այն, որ մարդն իրեն առավել խելացի, նվազ մեղավոր է համարում, քան մյուսներին: Հնարավոր չէ խաղաղությունը մեկ այլ առաքինությամբ փոխարինել, որտեղ չկա խաղաղություն, այնտեղ չկա քրիստոնեական ճշմարիտ սեր, իսկ առանց սիրո, առաքելական ուսուցման համաձայն, ոչինչ են մյուս պարգևները, անգամ հրաշագործությունը, անպտուղ են բարի գործերը, անգամ, եթե մարդն իր ողջ ունեցվածքն աղքատներին բաժանի, անօգուտ են բոլոր սխրանքները: Առանց մերձավորի հետ հաշտության՝ անպտուղ են նաև աղոթքները. «Եթե զոհասեղանի վրա քո ընծան Աստծուն մատուցելու ժամանակ հիշես, թե եղբայրդ վշտացել է քեզնից, քո ընծան զոհասեղանի առա՛ջ թող, գնա նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր Աստծուն» (Մատթ. 5:23):

«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում և հալածում են ձեզ» (Մատթ. 5:43), Տիրոջ այս խոսքերը խաղաղության հասնելու բարձրագույն աստիճանն են համարվում. բոլորի մասին բարին խորհել ու խոսել, բարին գործել և աղոթել բոլորի փրկության համար: «Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21), այս դեպքում մարդը կպահպանի իր հոգու խաղաղությունը: Հնարավոր չէ, որ մարդկային սիրտը չարության մեջ այնքան քարանա, որ չազդվի իր կողմից հալածվողի անկեղծությունից, անհիշաչարությունից և խոնարհությունից. Դավիթ մարգարեի ամենաանողոք թշնամին՝ Սավուղը, վերջ ի վերջո գիտակցեց իր անարդար լինելը Դավթի առաջ. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանզի դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի» (Ա Թագ. 24: 18-21):

Եթե մարդկանցից յուրաքանչյուրը փորձի անկեղծորեն հետևել առաքելական՝ խաղաղության կոչող պատգամին, ապա աշխարհի երեսից կանհետանան ամեն պատուհաս ու չարիք, և մարդիկ դեռ երկրի վրա կապրեն դրախտային երանելի կյանքը:

 

Կարինե Սուգիկյան

05.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․