12 Հոկտեմբեր, Շբ
Խունկի պատրաստումը և խորհուրդը
Երկար դարերի, հազարամյակների պատմություն ունեն անուշաբույր խեժերը, որոնք օգտագործվել են բոլոր ժամանակներում, նույնիսկ նախաքրիստոնեական շրջանում:
Խունկը որևէ տեղ չի աճում, այն ստացվում է տարբեր խեժերի խառնուրդից: Կան բույսեր աշխարհի տարբեր տեղերում աճող, որոնց կեղևը հատելիս բնափայտից արտազատվում են հեղուկ ձյութեր, որոնք արագորեն պնդանում են՝ վերածվելով խեժի գունավոր կտորների, իսկ տաքացնելիս հաճելի բույր են արձակում: Անկախ իրենց զանազան անուններից, կրոնական կիրառության մեջ դրանք բոլորն էլ կրում են «խունկ» ընդհանուր անվանումը, իսկ նրանց բույրը սրբավայրերում տարածելը կոչվում է խնկարկություն: Հայտնի հույն պատմագիր Քսենոփոնը, ով ապրել է Քրիստոսի ծննդից երեք դար առաջ իր «Անաբասիս» գրքում գովեստով է խոսում անուշաբույր խնկերի մասին, որոնք պատրաստվում են Հայաստանում: Այդ ծառատեսակը պիստակենի բթատերևն է, որ շատ սահմանափակ տարածում ունի:
«Վերցրո՛ւ անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հավասար լինեն: Դրանք իրար խառնելով՝ մաքուր սուրբ խունկ կպատրաստես: Դրանք մանր կաղաս և կդնես վկայության դիմաց՝ վկայության խորանի մեջ, ուր պիտի երևամ քեզ: Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբությունների սրբություն թող լինի» (Ելք 30.34-36), «Կպատրաստես խնկակալ սեղան խնկի համար» (Ելք 30.1): Խունկ և խնկակալի սեղան պատրաստելու պատվերը Աստված տվեց Մովսես մարգարեին: Աստծո խոստումը այսօր էլ խորհրդաբանորեն կատարվում է ամեն անգամ Սբ. Պատարագի ընթացքին: Երբ Աստված սկսեց պատուհասել ժողովրդին, Ահարոն քահանայապետը Մովսեսի հրամանով խունկ ծխեց՝ Աստծո առաջ ժողովրդի համար բարեխոսելու նպատակով։ Երբ Ահարոնը վազեց ժողովրդի մեջ և խնկարկեց, պատուհասը դադարեց, և Աստված ընդունեց խունկն իբրև աղոթք (Թվեր 16.44-48): Խունկն ինքնին այնքան նշանակալից էր, որ միայն քահանաները այն մատուցելու իրավունք ունեին: Կորխը, Դաթանը և Աբիրոմը համարձակվեցին խունկ մատուցել, և երկիրը, երախը բացելով, կուլ տվեց նրանց (Թվեր 16.28-32): Խունկն այնքան նշանակալից էր, որ այն մատուցում էին ոսկե բուրվառով (Եբրայեցիներ 9.4), քսանչորս երեցներից յուրաքանչյուրը խնկով լի ոսկե գավաթ ուներ (Հայտնություն 5.8):
Սբ. Գրիգոր Տաթևացին աստվածաշնչյան խնկի չորս նյութերը համեմատում է մեր չորս առաքինությունների հետ, դրանք խնկի նյութերի պես միախառնված պետք են լինեն մեզանում ու խնկի պես էլ պետք է մատուցվեն Աստծուն: Դա խոհեմությունն է, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը:
Քրիստոնեությունը նվիրագործեց խունկը, այն սրբալույս Մյուռոնի քառասուն բաղադրանյութերից մեկն է: Այն հարգանք ու նվեր է մատուցված անմերձենալի Աստծուն: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում խնկարկությունը հնագույն կրոնական ավանդույթ է և երկու նշանակություն ունի. առաջինը՝ աստվածպաշտության և քրիստոնյայի սրտից բխող ջերմեռանդ աղոթքի նշանն է, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Ուղիղ եղիցին աղոթք իմ, որպես խունկն առաջին Քո Տեր» (Սաղմոս 140.2):
Արդ, այս անգամ հաճոյական ի՞նչ աղաչանքներ
Եվ ընդունելի խունկերի անուշ ծուխեր մատուցեմ,
Գովյա՜լ երկնավոր թագավոր Քրիստոս: (Սբ. Գրիգոր Նարեկացի)
Իսկ մյուսը նշանն է ժողովրդի օրհնության: Եկեղեցու սպասավորը, խնկարկելով ժողովրդին, ցանկանում է, որ աստվածային օրհնությունն իջնի նրանց վրա և բոլորի աղոթքը խնկաբույրի պես բարձրանա առ Աստված: Մաշտոց ծիսարանը հատուկ աղոթք է պարունակում խունկն օրհնելու համար: Խունկը նախապես օրհնվում է քահանայի կողմից, խնկարկվող միջավայրը ևս օրհնվում է ու սրբվում: Օրհնված խունկը օգտագործվում է բոլոր արարողությունների ժամանակ թե՛ եկեղեցում և թե՛ եկեղեցուց դուրս:
Խնկի կտորը բուրվառի մեջ դնելը խորհրդանշում է անձնվիրությունը Աստծուն և քանի որ Աստված «մաշեցնող կրակ է» (Երկրորդ օրենք 4.24), հետևաբար կարելի է ասել, որ սրբերը և նահատակները Աստվածային բուրվառում Աստծո սիրուց այրվող խնկի կտորներ են:
Խնկարկության խորհուրդը
Սբ. Պատարագին պատարագիչ քահանան, դեռ բուն պատարագը չսկսած, խնկարկում է ամբողջ եկեղեցին, ընծաները` պատրաստված սկիհը` հացով եւ գինով, ապա Սուրբ Սեղանը եւ բոլորին, որ եկեղեցում են։ Այդ պահերին բոլորը խաչակնքում են ու երկրպագում խնկարկության ծխի առջև՝ փառաբանելով Աստծուն: Հովհաննես Արճիշեցին իր «Մեկնություն Պատարագ»-ի գրքում խնկարկության մասին մեկնում է. «Քահանայի սուրբ Սեղանի շուրջ խնկարկելը, այնտեղից իջնելը, ժողովրդին խնկարկելն ու դարձյալ նույն տեղը վերադառնալը այս է նշանակում: Քահանան պատկերն է Քրիստոսի, թեպետև բարձրագույն է Աստծո Որդու երանությունը, սակայն Նա եկավ ու իջավ մեր մեջ՝ վերցնելով ամեն ինչ մեր նվաստ բնությունից, բացի մեղքերից և համբարձվեց Իր սեփական տեղը՝ հայրական ծոցը: Սույնպես և քահանայապետը, նմանվելով Քրիստոսին, գալիս և անցնում է ամենքի միջով, մինչև իսկ հետիններին հավասարվում և ապա վերադառնում ու մտնում է իր տեղը՝ Սուրբ Խորանը: Իսկ խունկը նշանակում է Քրիստոսի նախախնամական զորությունը, որ այնտեղից՝ ի վերուստ, սեղանից է գալիս և անցնում ամենքի միջով՝ խնամելով բոլոր արարածներին, սակայն Ինքն ամենքին անհասանելի է մնում և Իրեն միայն հասանելի: Սույնպես և խնկարկությունը սեղանից եկավ և դարձյալ սեղան վերադարձավ»:
Սուրբ Պատարագի սկզբի խնկարկությունը նաև նվիրատվություն է Քրիստոսին, Նրա մեր մեջ հայտնվելուն, այդ պատճառով Քրիստոսին խորհրդանշող պատարագիչը, երբ իջնում է մարդկանց մեջ, սարկավագը խնկարկում է նրա ճանապարհը, իսկ ժողովուրդը որպես իր աղոթքի խորհրդանիշ խունկ է նվիրում: Արևելքից եկած երեք մոգերը մանուկ Քրիստոսին երեք ընծաներ էին բերել, որոնցից մեկը կնդրուկն էր՝ խունկը, որն ընծայեցին որպես Աստվածության, մարդու և Աստծո հաշտության և որ Նրանից բուրած անուշահոտությամբ լուծարվի մահվան հոտը, որ բուրեց Ադամից:
Խնկարկությունը բազում իմաստներ ունի, որոնք մարդու կրոնական զգացմունքները բավարարում են և սնում հոգին: Եկեղեցի հաճախողներից բոլորը չեն, որ անհրաժեշտ հոգևոր խորություն և գիտելիքներ ունեն: Օրինակ, երեխաները բոլորովին չեն հասկանում արարողության ժամանակ ասված խոսքերը, ինչպես նաև Սուրբ Գրքի ընթերցվածքների և աղոթքների իմաստը: Բայց նրանց զգայարանները հոգևոր ազդեցության են ենթարկվում խնկարկությունից, մոմերից և սրբապատկերներից, որոնք հոգեպես կրթում և հոգևոր տրամադրություն մեջ են ներքաշում նրանց: Նույնը կարելի է ասել նաև անտեղյակ, ինչպես նաև մակերեսային գիտելիքներով մարդկանց մասին, ովքեր աստվածաբանական գրքեր չեն ուսումնասիրել և խորը գիտելիքներ չունեն:
Խնկարկությունը տեղի է ունենում աստվածպաշտության հետևյալ պահերին. «Տեր, զի բազում» ասելիս, Սուրբ Ավետարանը կարդալիս, «Օրհնություն» շարականի սկզբին, «Հոգեգալստյան» շարականին, «Փառք ի բարձունս» երգելիս, «Լույս զվարթի» երկրորդ մասը երգելիս, «Սուրբ
Աստված» երգելիս, Սբ. Պատարագի սպասը դնելիս, վերաբերման և գլխավոր աղոթքների ու երգերի ժամանակ, անդաստանի, տյառնագրության ժամանակ և «Կեցո» տալիս:
Խնկարկություն է կատարվում նաև ննջեցյալների տանը կամ գերեզմանատուն այցելելիս, ինչպես Յուղաբեր կանայք Հիսուսի թաղման հաջորդ օրն այցելեցին գերեզման՝ իրենց հետ խունկ տանելով:
Խունկի բուժիչ հատկությունները
Խունկը ոչ միայն անուշահոտություն է տարածում, այլ նաև ախտահարում է միջավայրը: Միջնադարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին վկայում է, որ խունկը ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգնում է քաղցկեղային հիվանդություններին ու մազաթափության դեպքում, մաքրում է մաշկը տարբեր տեսակ բորբոքումներից: Հնագույն ժամանակներից խունկը համարվել է հականեխիչ: Մեծանուն բժիշկ Ավիցեննան հավաստում է, որ խունկ ծխելը օգտակար է նույնիսկ ժանտախտի ժամանակ: Ժամանակակից բժշկությունը խունկը օգտագործում է հոգեկան առողջության վերականգնման համար՝ կարևորելով նաև նրա հակասթրեսային ազդեցությունը: Խունկը լայնորեն օգտագործվում է նաև կենցաղում, պայմանով, որ հոգևոր խորհուրդը չստորադասվի:
Հետևելով այրվող խնկին՝ յուրաքանչյուրի հայացքն ուղղվում է դեպի Երկինք: Խունկի անուշ բույրը ամեն մի քրիստոնյայի հիշեցնում է, որ իր կյանքն էլ անուշաբուրություն պետք է լինի Աստծո առաջ՝ Պողոս առաքյալի խոսքերի համաձայն. «Փրկության ճանապարհին գտնվողների մեջ ապրենք, թե կորստի ճանապարհին գտնվողների մեջ, մեր կյանքը Քրիստոսի ձեռքով Աստծուն ընծայված անուշահոտ խունկի նման տարածում է իր բույրը» (Բ Կորնթացիներ 2.15)։
Կազմեց Կարինե Սուգիկյանը