25 Նոյեմբեր, Բշ
Քրիստոնեությունը, հուդայիզմը և մուսուլմանությունը իրենց սրբությունների շարքում մեկ ընդհանուր սրբություն ունեն, որն է նախնիների գերեզմանները: Նույն բանը չենք կարող ասել բուդդիզմի մասին, որովհետև այդ կրոնի հետևորդները վառում են մեռածների մարմինները և մնացորդը ցանում օդի մեջ կամ կերակրում թռչուններին:
Երբ մեկը վիրավորական խոսք է ասում Մուհամեդի մասին, մուսուլմաններն ահավոր զայրանում են, որովհետև դա սրբապղծություն է նրանց համար, քանի որ Աստծո գաղափարը նրանց համար անբաժանելի է այդ մարգարեից: Երբ մեկը վիրավորում է հրեային, հրեաներն ըմբոստանում են, որովհետև նրանց համար դա սրբապղծություն է, քանի որ Աստծո գաղափարը անբաժանելի է աստվածընտիր ժողովրդից: Եվ երբ մեկը վիրավորական խոսք է ասում Հիսուս Քրիստոսին վերաբերող, դա սրբապղծություն է քրիստոնյաների համար, քանի որ Աստծո գաղափարն անբաժանելի է Հիսուս Քրիստոսից, քանզի Քրիստոսն Ինքը Աստված է:
Իսլամն ուշադրություն է դարձնում արտաքին վարմունքի վրա, մինչդեռ քրիստոնեությունն ուշադրությունը բևեռում է մարդու ներքին վիճակի վրա, քանզի քրիստոնեությունն ուսուցանում է, որ միայն հոգու մեջ հավատքով ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելով` մարդը կարող է կատարյալ դառնալ: Մուսուլմանական վարքուբարքի պարտադրված ձևերի տակ կարող է բարոյական ոչ ճիշտ վիճակ թաքնվել: Քրիստոնեությունն ասում է, որ բարիքն իրական կլինի, եթե ընտրված է ազատ կամքով և ոչ թե պարտադրված ստիպողական չափանիշներով: Եվ քրիստոնեության այդ հանդուրժողականության պատճառով էլ քրիստոնեական երկրներում կարող ենք տեսնել հեթանոսական սկզբունքներ և վարմունքներ:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից