25 Նոյեմբեր, Բշ
«Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը, այդ պատճառով կյանքի ժամանակը պետք է բարիքով լցնել, որովհետև անցնող ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»,- ասել է եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին: Այսօրվա ժամանակաշրջանին բնորոշ շտապողականության մեջ շատ հաճախ մարդիկ կանգ չեն առնում, որպեսզի ժամանակավորից բացի խորհեն նաև հավիտենության մասին: Առավել կառչելով երկրային արժեքներին՝ մոռացության են մատնում երկնայինը: Թեև մարդը գործում է, բայց գործում է զուր և անպտուղ, քանի որ ժամանակը չի հարստանում սիրով ու բարությամբ և քանի որ հնարավոր չէ վերստին ստանալ ժամանակը, ուստի պետք է շտապել, բայց շտապել՝ բարին գործելու:
Հոկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, շտապեց օգնության ձեռք մեկնել սոցիալապես ծանր վիճակում հայտնված Սահակյան բազմազավակ ընտանիքին, որ բնակվում է Գյումրի քաղաքի Շիրակացի թաղամասի 68 շ, բն 6 հասցեում: Տարրական պայմաններից զուրկ կիսաքանդ տանը բնակվող ընտանիքը հոկտեմբեր ամսվա վերջին, առաջ եկած թղթաբանական խնդիրների պատճառով, փողոցում հայտնվելու վտանգի առջև է կանգնած: Չորս անչափահաս երեխաների հայրը՝ Սահակյան Սամվելը (43 տ.), հաշմանդամության պատճառով ի վիճակի չէ աշխատել, աշխատում է նրա կինը՝ Գալստյան Անչիկան (35 տ.): «Զորավոր» երիտասարդաց միությունը Սահակյան ընտանիքին փոխանցեց 50 000 դրամ, սնունդ և հագուստ: Ընտանիքը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին՝ ուշադրության և հոգածության համար:
Կարինե Սուգիկյան