Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը: Տեր Հայրը, քարոզին անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց, թե ինչ դեր ունի կինը քրիստոնեության մեջ և մասնավորաբար ասաց. «Ս. Մարիամ Աստվածածինը սրբագործեց իրենից առաջ եղած կանանց թերացումները, քանի որ հնազանդության պտուղը ճաշակելով՝ ընդունեց Հիսուս Քրիստոսի մայրը լինելու բարձր պատիվը: Հնազանդությունն իր մեջ ներառում է բոլոր առաքինությունները, որ կարող ենք գտնել Ս. Մարիամ Աստվածածնի մեջ: Թե՛ տղամարդը և թե՛ կինը հավասար են միմյանց իրենց գործառույթների՝ տեր և հնազանդ լինելու ճիշտ կոչման մեջ: Եթե ամեն կին ձգտի նմանվել Ս. Աստվածածնին, ապա Տիրոջ կողմից նրան կշնորհվի հնազանդության առաքինությունը, եթե ամեն տղամարդ փորձի կնոջ մեջ տեսնել Ս. Աստվածածնին և իր կողակցին վերաբերվի ինչպես Ս. Աստվածածնին կվերաբերվեր, ապա հասարակությունն առողջ կլինի և զերծ կմնա որևէ բևեռացումից»:
Ս. Պատարագի ավարտին Տեր Հուսիկը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հանդիպեց «Զորավոր» երիտասարդաց միության հետ և բանախոսեց «Կյանքը մահից հետո» թեմայի շուրջ: Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով, որից հետո երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Տեր Հորը՝ հրավերն ընդունելու համար:
Տեր Հուսիկը, անդրադառնալով թեմային, Աստվածաշնչից մեջբերեց վախճանաբանության վերաբերյալ հատվածներ և նշեց, որ կրոնական բոլոր ուղղություններն ունեն իրենց դավանական կողմնորոշումը վախճանաբանության վերաբերյալ, բայց բոլորի համար ընդհանուր է այն, որ կյանքը մահով չի ավարտվում, իսկ քրիստոնեական կրոնն ասում է, որ այս կյանքով է որոշվում, թե հանդերձյալ կյանքում մարդը որտեղ կգտնվի: «Դեռևս երրորդ դարից սկսած եկեղեցու հայրերն ասում են, որ մահվանից հետո հոգին քառասուն օրերի ընթացքում մինչ կայան հասնելը անցնում է մի քանի աստիճաններով: Ս. Գրիգոր Լուսավորիչը նշում է այն քսան աստիճանները, որոնք անցնում է հոգին և որի ընթացքում բարի և չար հրեշտակները վիճում են հոգու համար, և եթե հոգին ապաշխարել է իր մեղքերը, ապա կարողանում է այդ աստիճաններն անարգել անցնել: Այդ պատճառով քառասուն օրերի ընթացքում և քառասունքին մենք ննջեցյալների հոգիների հանգստության համար աղոթք ենք անում»,- ասաց Տեր Հուսիկը: Այնուհետև Տեր Հայրը խոսեց ապաշխարության, ընդհանրական հարության և դատաստանի մասին: Ի մի բերելով Հայ եկեղեցու դավանանքը վախճանաբանության վերաբերյալ՝ Տեր Հուսիկն ասաց, որ մահը հոգու բաժանումն է մարմնից, հոգին քառասուն օրեր դեգերում է և պատասխանում դևերի ամբաստանություններին մինչ իր կայան հասնելը, ուր մնալու է մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը և ահեղ դատաստանը:
Երիտասարդների համար հետաքրքաշարժ հանդիպումն ավարտվեց վախճանաբանության վերաբերյալ մի շարք հարց ու պատասխաններով:
Կարինե Սուգիկյան