13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Որպեսզի դուք լավն ընտրեք» (Փիլիպ․ 1․10)։
Դարեր առաջ Եվրոպայի եզերքներում Ավետարանի քարոզությունն առաջին անգամ լսող և ընդունող ժողովուրդներից մեկն իր առատաձեռնության փոխարեն ստանում էր երախտագիտության այն գիրը, որ սուրբ Պողոս առաքյալը գրել էր իր ճգնաժամի պահերին։
Սակայն այդ նամակը որքան էլ շնորհակալության առթիվ էր գրված, բայց և այնպես սրբազան հեղինակը չի վարանում այդ գրության մեջ մատնանշել այն թերությունը, որը սոսկ անձնական վեճերի տխուր արձագանքն էր, և միևնույն ժամանակ շտապում է համապատասխան խրատներով հավատացյալներին հորդորել՝ մնալու համբերության, սիրո և միության մեջ։
Սուրբ Պողոս առաքյալը քանիցս առիթ էր ունեցել այցելելու Փիլիպպեի նորադարձ հավատացյալներին իբրև այդ Եկեղեցու հաստատող և կազմակերպիչ։ Առաքյալն իր ձեռքով մատուցել էր նրանց հոգևոր սնունդն ու այն հայթհայթելու միջոցները։
Սակայն այս անգամ, հակառակ իր փափագին, հնարավոր չէր անձամբ գնալ այդ հոտի մոտ, քանի որ, ինչպես առաքյալն ինքն էլ էր կանխազգում, իր դրությունը շատ դյուրաբեկ էր․ նա սպասում էր մինչև իսկ իր դատապարտության, կամ էլ, ընդհակառակը, ազատ արձակման վճիռներին։ Այդ պատճառով էլ Պողոսը ստիպված էր բավականանալ միայն առաքելական նամակ հասցեագրելով վերոնշյալ համայնքին։
Գրության իրեն հատուկ ոճի և ձևի համաձայն առաքյալն առաջին տողերում գոհություն է հայտնում Աստծուն, որ Ավետարանի քարոզության ձայնն արձագանք է գտել Սիոնի բարձունքից մինչև հեռավոր աշխարհներ, և որ մակեդոնական քաղաքի հեթանոս ժողովրդի ներկայացուցիչներն էլ անդամակցեցին Երուսաղեմի պարիսպներից ներս կառուցված նոր Եկեղեցուն, և ապա իր քրտնաջան աշխատանքի պտուղ փիլիպպեցի հավատացյալների նկատմամբ տածած սիրո ու վստահության հավաստիքը արտահայտելուց հետո նրանց կարևոր մի հանձնարարություն է տալիս, որը գործադրելով փիլիպպեցիները ոչ միայն զերծ կլինեին թերություններից, այլև քրիստոնավայել կյանքով կապրեին։
«Ընտրություն կատարելիս մշտապես ընտրեք լավը,- ասում է սուրբ հեղինակը,- որպեսզի կարողանաք անկեղծ լինել և ապրել առանց գայթակղության, այսինքն՝ անկեղծությամբ, արևի լույսի ներքո կայացրած որոշումով բարին ընտրեք, ու այդպիսով կկարողանաք գոհացնել ամենախիստ բծախնդիրներին անգամ և տեղիք չեք տա գայթակղությունների»։
Ուրեմն լավի ընտրությունն անհրաժեշտություն է ամեն քրիստոնյայի համար, միայն պետք է հստակեցնել, թե ինչ ենք հասկանում «լավ» ասելով և որն է այդ «լավ»-ի բնույթը։ Ոմանք թերևս ասեն, որ այս աշխարհում այն, ինչը կարող է օգտակար համարվել մարդու համար, դա է «լավ»-ը։
Այդպես խորհողների մտքում, սակայն, «լավ»-ի և «օգտակար»-ի մասին գաղափարները որոշակիորեն զանազանված չեն, այլ սխալմամբ շփոթության են մատնված։ «Լավ»-ը և «օգտակար»-ը տարբերվում են իրարից։ «Լավ»-ը հատկություն է, որը վերաբերում է որևէ առարկայի կամ գործողության և միևնույն ժամանակ հանրության մտքում գոհության զգացում է առաջ բերում, սրտին՝ խաղաղություն, իսկ հոգուն զվարթություն է տալիս։
Խոսում եմ հանրության մասին, քանի որ եթե հարցը վերաբերեր միայն անհատին կամ մասնավոր առարկային, յուրաքանչյուր ոք «լավ»-ն ընտրելու փոխարեն կընտրեր «օգտակար»-ը։
Որևէ գործ կամ աշխատանք քեզ կարող է հաճելի թվալ, բայց միևնույն ժամանակ այն կարող է ատելի լինել մեկ ուրիշի կամ ուրիշ շատերի համար, հետևաբար այդ աշխատանքի օգտակարությունը միայն քեզ համար արժեքավոր կլինի, և դա էլ այն պատճառով, որ այդ գործն անելը հաճելի է քեզ։
Յուրաքանչյուր աշխատանք պետք է դեմ չլինի համընդհանուր գիտակցությանը, այլ պետք է ընդունելի լինի ամենքի բանականության կողմից, իսկ այն գործողի սրտին մի տեսակ հանդարտություն պիտի ներշնչի և արդարացնի ներքին դատաստանի առջև։
Առաքյալի հանձնարարած «լավ»-ն է լիովին բավարարում այդ բոլոր պահանջներին։ Ավելին, «լավ»-ը բովանդակում է նաև օրենքի հետ համաձայնությունը, քանի որ «օրենք» կոչվածը սերտորեն շաղկապված է բարու գոյությանը։ Մարդ իր ընթացքը պիտի համաձայնեցնի օրենքի ոգուն, քանի որ առանց օրենքի չկա կարգ, կանոն, արդարություն և խաղաղ կյանք։
Ինչպես տեսնում եք, «լավ»-ի դերը շատ առանցքային է հասարակության համար: Այն բովանդակում է համընդհանուր օգուտը, համաձայնում է ընդհանուրի բանականությանն ու գիտակցությանը, ամենքի մտքի ու սրտի հետ նույն կերպ է խոսում, չի հակառակվում օրենքին և մյուս ճշմարտություններին:
Ինչպես ասացինք, «օգտակար»-ը այլ բան է, «լավ»-ը՝ այլ, և դա ճշմարիտ է, քանի որ այդ երկու հատկանիշները չեն կարող իրար մեջ բովանդակվել: Արդարև կարելի է ասել, որ ինչ «լավ» է, միաժամանակ նաև «օգտակար» է: Սակայն չի կարելի ասել, որ ինչ «օգտակար» է, նաև «լավ» է:
Եթե մենք մեր մտածումների ու գործողությունների մեջ անտեսենք «լավ»-ը, դա միայն հաճույքի հետևից ընկնելու պատճառով կլինի: Սակայն եթե միայն հաճույքով առաջնորդվենք մեր բոլոր արարքներում, «լավ»-ը զոհած կլինենք հաճոյականին, ընկերությունը՝ անհատին, ընդհանուրը՝ մասնավորին:
Պետք է գիտենալ, որ հաճոյական բարիքները զուրկ են տևականությունից, քանի որ հաճույքը փոփոխական ու մասնավոր է, այսինքն՝ փոխվում է ժամանակի ու անձանց «պատճառով»: Հին աթենացիներն իրենց հաճույքը գտնում էին բանաստեղծության, պարի ու երաժշտության մեջ:
Հռոմեացիներն, ընդհակառակը, սիրում էին տեսնել արյան հեղումն ու հաճույք էին զգում վիրավորների ճիչերից և հեծկլտանքներից: Ոմանք էլ ամենից շատ հաճույք ստանում էին աքաղաղների կռվին հետևելուց, և վերջապես տակավին մի ժողովուրդ էլ կա, որին հաճույք է պատճառում ցուլերի արշավանքը:
Երբ սուրբ Պողոսը ջերմորեն հանձնարարական է տալիս Փիլիպպեի իր բանական հոտին մշտապես «լավ»-ն ընտել, վսեմ ու բարձր նպատակ է հետապնդում․ տեսնել այդ համայնքին հավատքով ու գործով միշտ արդյունավոր, վարքով և բարքով մշտապես ազնիվ ու միաժամանակ օգտակար՝ հանրությանը:
Ճշմարիտ քրիստոնյան, որը լավ ուսանել է իր կրոնն ու դրա բարոյական սկզբունքները, ըմբռնում է, որ միայն «քրիստոնյա» անունը կրելը չի կարող մարդուն ավետել և ապահովել հոգու փրկությունը, որ զուտ հավատը՝ առանց արդյունավոր գործերի, տկար ու մեռած է, և հավատին միացած ու արդյունավորված գործն է մարդկանց համար լսելի դարձնում «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր» խոսքը:
Մենք չենք կարող պարծենալ քրիստոնյա ծնված լինելու համար, այլ պետք է «քրիստոնյա» անունով ապրենք և միայն այդպես ապրելով հետմահու հավիտենական երանության կարժանանանք:
Սրբազան առաքյալներից Հակոբոսը մասնավորապես շեշտում է քրիստոնեության համար գործելու կարևորությունը և ասում է. «Հավատո՞ւմ ես, որ Աստված մեկ է. լավ ես անում, բայց այդքանը դևերն էլ գիտեն»: Առաքյալն ուզում է ասել, որ եթե լոկ հավատքով ապրես այս կյանքում, ապա բաժնեկից կլինես դևերին, քանի որ նրանք էլ քո ունեցած հավատի չափ հավատ ունեն, և դեռ ավելին՝ մի բան էլ սարսափում են Աստծուց:
Քրիստոնեությունը լավ ու կատարյալ դարձնելու համար մենք պիտի ջանանք արդյունավորել մեր հավատը գործով, գործ, որը կրում է քրիստոնեական դրոշմն ու հանրության օգուտը: Այդպիսով կարող ենք ապացուցել, որ գիտենք, թե ինչ է «լավ»-ը, «գթալ»-ը և «ողորմել»-ը:
Հավատացյալնե՛ր, ուրեմն ջանանք մեր մտածումների և գործերի մեջ լավն ընտրել, երբևէ չկարծենք, որ գործված բարիքը անհետ կանցնի ու կգնա: Բնա՛վ. ձեր մատուցած մեկ բաժակ ջրի համար անգամ դուք վարձք ունեք ստանալու՝ ըստ Ավետարանի խոսքի:
Ճշմարիտ քրիստոնեությունը անվան կրոն չէ: Եթե մենք որպես քրիստոնյաներ ենք ծնվել և սուրբ Ավազանի շնորհներով ենք լցվել, ապա պետք է ջանադիր լինենք քրիստոնեությունը դրականապես նաև մեր գործերի միջոցով արտահայտելուն՝ ընկերոջը սիրելու հուրը բորբոքելով մարած սրտերում ևս, կարոտյալին ողորմելով, տկարին օգնության հասնելով և, վերջապես, մեր քրիստոնեական պարտավորությունները լիովին իրագործելով այս անցավոր աշխարհում, որպեսզի կարողանանք մեր հոգիներն առաջնորդել երկնային հավիտենական կյանքին:
Գնել եպս. Գալեմքյարյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը