«Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել»

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթ. 5:17): Սրբերը՝ Քրիստոսի հետ միացած, նոր կյանք ունեցան, և նրանց վարքագրությունն ուսուցանում է, որ Աստծուն ծառայելը վեր է ամեն ինչից: Քրիստոսի հետևորդների մի մասը, սրբերի օրինակին հետևելով, ջանում են ողջ սրտով ծառայել Աստծուն, երբեմն ճանապարհին սայթաքում են՝ մեղքի մեջ ընկնում, բայց ապաշխարությամբ վեր կանգնելով՝ շարունակում են ծառայության իրենց ուղին: Ավետարանն այդպիսիններին անվանում է երկրի աղը, աշխարհի լույսը, այն բերրի հողը, ուր ընկած սերմերն առատ պտուղ են տալիս: Քրիստոնյաների մի մասն էլ թեև քրիստոնյա անունն են կրում, բայց գործով չեն հետևում Քրիստոսին. նրանց միակ մտածումը երկրային կյանքն է և մամոնային՝ հարստությանը, ծառայելը: Քրիստոնյաների մի մեծամասնություն էլ կա, որ տատանվում են երկու տերերի՝ Աստծո և մամոնայի միջև. թեև ցանկանում են ծառայել Աստծուն, բայց չեն կարողանում հրաժարվել մամոնայից: Հին Կտակարանը պատմում է մի ժամանակաշրջանի մասին, երբ հրեաների մեջ տարածված էր կռապաշտությունը: Հրեաների սրբապիղծ արքա Աքաաբը Բահաղի կուռքը կանգնեցրեց իր երկրում, սկսել պաշտել նրան՝ այդ պաշտամունքի մեջ ներգրավելով նաև իր ենթականերին: Հրեաները շփոթմունքի մեջ էին. չգիտեին՝ ո՞ւմ ծառայել: Մեծամասնությունը, արքայի հանդեպ վախից, երկրպագում էր Բահաղին, իսկ որոշները թաքուն շարունակում էին ծառայել կենդանի Աստծուն: Այն ժամանակ Տերը նրանց առջև կանգնեցրեց մեծագույն մարգարե Եղիային: Նա, հավաքելով ողջ հրեա ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով: Եթե Տերը Աստված է, գնացե՛ք Նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք» (Գ Թագ. 18:21): Մարգարեի այդ խոսքն ուղղված է նաև նրանց, ովքեր ցանկանում են ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային: Գուցե որոշներն ասեն, որ նյութական կարիքներն են ստիպում հոգալ և ձեռք բերել կյանքի համար անհրաժեշտը, սական Տերը մարդուց չի պահանջում թողնել աշխարհն իր բոլոր հոգսերով, քանի որ այլ բան է հոգալ երկրային կյանքի համար, այլ բան է աշխարհի ստրուկը լինել: Ճշմարիտ քրիստոնյայի անկեղծ ու նվիրյալ աշխատանքն առաքինություն է և ծառայություն Աստծուն. «Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, այնպես, ինչպես կանեիք Տիրոջը և ոչ թե մարդկանց համար» (Կող. 3:23): Նա, ով մտադիր է միաժամանակ թե՛ Աստծուն ծառայել և թե՛ մամոնային, նման է նրան, ով ցանկանում է միանգամից երկու տերերի հաճո լինել. «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կսիրի և մյուսին կատի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի»,- ասում է Տերը (Մատթ. 6:24): Ս. Հովհաննես Ոսկեբերանն ասում է, որ Քրիստոս չի հորդորում այն, ինչ ուսուցանում և ներշնչում է մամոնան, եթե վերջինս հորդորում է բոլորի հետ թշնամանալ, ապա Քրիստոս հորդորում է ողորմել ու սիրել. «Մամոնան, մարդուն հարստության գերին դարձնելով, անգամ գիշերով հանգիստ չի թողնում, իսկ Քրիստոս մարդուն ազատագրում է ավելորդ հոգսերից, հորդորում է գանձեր հավաքել երկնքում: Մամոնան չի կարող մարդու ուղեկիցը լինել մահից հետո, և «այնտեղ» մարդը տառապելու է այն պատճառով, որ հետևել է մամոնայի ներշնչումներին, իսկ Տերը մերձավորին տրված մեկ բաժակ ջրի համար անգամ անվարձահատույց չի թողնում: Այսպիսով, մի՞թե անմտություն չէ անտեսել ողորմած ու մարդասեր Երկնավոր Հորը և ենթարկվել երախտամոռ տիրակալին, որ ո՛չ այստեղ և ո՛չ «այնտեղ» չի կարող որևէ օգուտ բերել նրանց, որ հետևել են իրեն: Որպեսզի նույնին չենթարկվենք, մեր ունեցածից բաժին հանենք կարիքավորին՝ ազատելով մեր հոգին թե՛ այստեղի և թե՛ ապագայի տանջանքներից: Երկրային հարստության փոխարեն երկնքում անսպառ գանձեր կուտակենք, որոնք, երկնքում մեզ ուղեկից լինելով, կարող են պահպանել վտանգներից և մեզ համար ողորմություն հայցել Դատավորից»: 

«Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն» (Կող. 3:17) Հավատավորի ողջ կյանքը լուսավորվում է Տիրոջ խոսքով, և քրիստոնյան, ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն է ասում, Տիրոջ անունը պետք է կանչի բոլոր գործերից առաջ. «Ուտո՞ւմ ես, խմո՞ւմ, ամուսնանո՞ւմ կամ ինչ-որ տեղ գնում, ամեն ինչ արա՝ հանուն Աստծո անվան: Գործի անցիր՝ նախ և առաջ աղոթելով: Ամեն ինչ արա՝ հանուն Աստծո անվան և ամեն ինչ քեզ մոտ բարեհաջող կլինի: Եթե Աստծո խոսքը հեռու է վանում դևերին, բուժում է հիվանդներին, ապա առավել կօգնի քեզ քո բոլոր գործերում: Աբրահամը Աստծո անունով իր ծառային ուղարկեց, որպեսզի Տիրոջ օգնությամբ իր որդու համար կին ընտրեր, Դավիթն Աստծու օգնությամբ հարվածեց և հաղթեց Գողիաթին: Հակոբն իր որդիներին Եգիպտոս ուղարկելիս ասաց. «Իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ» (Ծննդ. 43:13): Եթե «Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19) խոսքերը հավատով ասես, ամեն ինչ արած կլինես»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

15.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․