22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝ հոգեմտավոր, աշխարհը:
Այս հոդվածի նպատակն է խոսել մարդու երկու՝ արտաքին և ներքին աշխարհների մասին: Քննարկել յուրաքանչյուր կողմը կազմվածքային, ուղղվածության, նպատակային և ժամանակային մոտեցումներով, ներկայացնել արտաքին աշխարհի ազդեցությունը ներքին աշխարհի վրա, ապացուցել, որ ներքին աշխարհն արտաքին աշխարհից վեհ ու վեհասքանչ է: Նաև առաջարկներ անել, թե ինչպես մտքով մոլորված և հոգեպես հոգնած մարդ անհատը կարողանա իր ներքին աշխարհը առավելագույնս պահել խաղաղ, ուրախ, առողջ և աշխույժ արտաքին աշխարհից եկած ալիքների դեմ:
Արտաքին և ներքին աշխարհներ հասկացությունները: «Արտաքին աշխարհ» ասելով՝ հասկանում ենք մարդ անհատի ֆիզիկական մարմնից դուրս գտնվող աշխարհը՝ մարդկանց, իրադարձությունները, մարտահրավերները, տեղեկատվությունը, տեխնոլոգիաները և այլն: «Ներքին աշխարհ» ասելով՝ հասկանում ենք մարդու ներքին, հոգեմտավոր աշխարհը՝ միտքը, հոգին, զգացմունքները, հույզերը, փափագները, հոգեկան ապրումները և այլն:
Արտաքին աշխարհի ազդեցությունը ներքին աշխարհի վրա: Արտաքին աշխարհը ոչ միայն դրականորեն է ազդում մեր ներքին աշխարհի վրա, այլ նաև՝ ժխտականորեն: Ժխտական ազդեցության պատճառները շատ են, սակայն կարելի է նշել մի քանիսը՝ 1. աշխարհի վրա մարդու անապահով վիճակը՝ պետությունների միջև լարվածությունները, 2. նոր տարածված հիվանդությունները, 3. անտառների կրճատումները, 4. որոշ անասունների ոչնչացումը, 5․ մանուկների սեռափոխություն կատարելու քաջալերական աշխատանքները, 6. մարդկանց չիպավորման համաշխարհային ծրագիրը, 7. արհեստական անձրևներն ու երկրաշարժերը, 8. դասախոս ռոբոտները (Robot Professor), 9. կրոնական, աղանդավորական շարժումները, 10. համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ծրագրերը, 11. Երկրագնդի մարդկանց թվի նվազեցման ծրագիրը, 12. համաշխարհային սղությունն ու անգործությունը, 13. համաշխարհային մեկ կրոն ստեղծելու ծրագիրը և այլն:
Արտաքին և ներքին աշխարհները ուղղվածության մոտեցումով: Արտաքին աշխարհի ուղղվածությունն ընթանում է մարդկանց մտածելակերպի և գործելակերպի, կազմակերպությունների ու պետությունների ծրագրերի համաձայն: Այլ խոսքով՝ արտաքին աշխարհի ներկա վիճակը և ապագայի ուղղվածությունը ընթանում են մեր անհատական կամքից անկախ, մինչդեռ մեր ներքին աշխարհի վիճակի որակը կախված է մեր սեփական կամքից:
Աշխարհում չկա որևէ մարդ, որը կարող է սրբագրել և փոխել արտաքին աշխարհի բոլոր սխալները, ոչ ճիշտ գաղափարներն ու արարքները, սակայն կարող է Աստծո օգնությամբ և հոգեմտավոր պայքարով իր ներքին աշխարհն ուղղել ճիշտ ճանապարհի վրա՝ պահել այն խաղաղ, ուրախ, առողջ և եռանդուն նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին։ Օրինակ՝ Նաբուքոդոնոսոր թագավորը լսեց քաղդեացի մարդկանցից, որ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը չպաշտեցին իր աստվածներին և չերկրպագեցին իր կանգնեցրած ոսկե արձանին (Դն. 3:8-12), ուստի հրահանգեց, որ երեք ընկերներին բերեն իր առաջ, սպառնաց, որ նետելու է բորբոքված կրակի հնոցի մեջ, եթե փողի, սրնգի, թմբուկի, քնարի և բոլոր տեսակի երաժշտությունների միասնական ձայնը լսելով՝ չընկնեն ու չերկրպագեն ոսկե արձանին (Դան. 3:14-15):
Երեք ընկերները կյանքի ու մահվան այդ շեմին հաստատորեն պահեցին իրենց ներքին աշխարհի ունեցած հավատը, հույսը, սերը, խաղաղությունը և ուրախությունը՝ ասելով. «Կարիք չկա քեզ այդ բանի համար պատասխան տալ, որովհետև երկնքում է մեր Աստված, նա, որին մենք պաշտում ենք, կարող է փրկել մեզ բորբոքված կրակիդ հնոցից և ազատել մեզ քո ձեռքից, արքա՛։ Իսկ եթե ոչ, թող այս բանը քեզ հայտնի լինի, արքա՛, որ քո աստվածներին մենք չենք պաշտում և ոսկե արձանիդ, որ կանգնեցրիր, չենք երկրպագում» (Դան. 3:16-18):
Արտաքին և ներքին աշխարհները ժամանակային մոտեցումով: Արտաքին աշխարհում գոյություն ունեցող խնդիրները, դժվարությունները չեն գոյատևելու հավիտյանս, քանի որ մեր Աստված, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նորից գալու է աշխարհ Իր երկրորդ գալուստով, և վերջակետ է դնելու չար մարդկանց ու նրանց չար գաղափարներին, զգացումներին, ծրագիրներին և գործերին:
Իմաստուն է այն մարդը, որը կենտրոնացած է իր ներքին աշխարհի, այլ ոչ թե արտաքինի վրա: Նա պայքարում է, որ իր ներքին աշխարհը հասնի և մնա լավագույն վիճակի մեջ: Նա աշխատում է, որ պարսպապատ ամրոցի նման պահի իր ներքին աշխարհի որակյալ վիճակը արտաքին խառնաշփոթ աշխարհից: Նա փափագում է, որ մահից հետո ժառանգի Երկնքի արքայությունը:
Ներքին աշխարհը կայուն պահելու միջոցները: Եթե մեր ներքին աշխարհը բացասականորեն ազդվում է արտաքին խճճված աշխարհից, ապա մեր ներքին աշխարհը նաև դրականորեն ազդվում է հոգևոր, մտավոր, ֆիզիկական և ընկերային միջոցներով՝ Աստծուն սիրելով, աղոթելով՝ Նրա հետ խոսելով, Աստվածաշունչ կարդալով, եկեղեցի հաճախելով, խոստովանելով, հաղորդվելով, մեր դիմաց ունենալով մեր հոգու փրկությունը՝ որպես կյանքի գագաթնակետ նպատակ, շարականներ լսելով, բնության մեջ քայլելով, խաղաղ երաժշտություն լսելով, կյանքին նայելով որպես ժամանակավոր շրջան, լավ գիրք կարդալով, հոգևոր, խաղաղասեր և իմաստուն մարդկանց հետ շփվելով, լուրեր քիչ լսելով, ներքին խաղաղություն չունեցող մարդկանցից զգուշանալով և այլն:
Սիրելի՛ ընթերցող, 21-րդ դարի փոթորկալից աշխարհում ամեն գնով պահիր քո ներքին աշխարհի խաղաղությունը, առողջությունը, ուրախությունը և աշխուժությունը: Քո ամենածանր պայմաններում՝ 1. հիշիր մեր սիրելի և պաշտելի Աստված Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի քաջալերական խոսքերը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան» (Հովհ. 14:27), «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33), «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20), 2. հիշիր ընդհանրական Սուրբ Եկեղեցու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քույր եկեղեցիների սրբերին ու սրբուհիներին, որոնք քեզնից ավելի նեղություններ կրեցին, մինչև իսկ նահատակվելով՝ հաստատուն լեռան նման պահեցին իրենց ներքին աշխարհը, 3. իմացիր, որ մարդու երկրավոր կյանքը ժամանակավոր է, ուստի աշխարհի բացասական ազդեցությունները մեզ վրա ևս ժամանակավոր են, 4. թող քո կյանքի գագաթնակետ նպատակը լինի Երկնքի արքայություն ժառանգելը:
«Սրտի խաղաղությունը Սուրբ Հոգու պտուղն է սրտում: Խաղաղությամբ լի մարդը չի անհանգստանում, ինչքան էլ դրսից ազդող բաները սթրեսային լինեն։ Նրա խաղաղությունը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ ավելի շուտ կախված է Աստծո պաշտպանության, հոգատարության և խոստումների հանդեպ նրա վստահությունից» (Շենուդա Գ Պատրիարք):
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր