Հունիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավետիսյան Արմենին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բաղդասարյանը: Արմենն իր կնոջ և դստեր հետ բնակվում է Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7 փ. 4/18 հասցեում: Տան միակ զավակը՝ Ավետիսյան Քնարիկը (8 տ.), լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ): Ընտանիքի հայրը նշեց, որ Քնարիկը տեսողության և տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, նրա ձախ աչքի տեսողությունն աննշան է, իսկ հասակ առնելուն զուգահեռ ոտքերի ջլերը կարճանում են: «Աղջիկս տեսողության հետ կապված որոշ բուժումներ անցավ, իսկ տեղաշարժման հետ կապված բժիշկները մինչ չափահասության տարիք բացառում են վիրահատությունը՝ առաջարկելով միայն վեց ամիսը մեկ բոտոքս անցնել: Փառք Աստծո, որ աղջիկս մտային խնդիր չունի»,- ասաց Արմենը:
Ավետիսյան ընտանիքը ֆինանսական դժվարությունների և պարտքերի առջև է կանգնել. ընտանիքի հայրը մեկ տարուց ավել է, որ առողջական լուրջ խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատել: Ինչպես նշեց Արմենը, կինը նույնպես առողջական խնդիրներ ունի և չի կարող աշխատել, իսկ ընտանեկան նպաստի և Քնարիկին հատկացվող հաշմանդամության գումարներով չեն կարողանում հոգալ անգամ երեխայի վերականգնողական բուժման համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը: Ընտանիքի համար մեծ մտահոգություն է այն հանգամանքը, որ վերջին շրջանում Քնարիկի բուժումները հիմնականում պետպատվերով չեն:
«Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երեխայի օրթեզավորումը վճարովի էր, ինչի գումարը մեծ դժվարությամբ կարողացանք հայթաթել: Աշխատելու մասին դեռ չեմ կարող մտածել, քանի որ չեմ կարողանում համապատասխան բուժումներն անցնել: Շատ հաճախ դիմում ենք բարի մարդկանց օգնությանը, շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց ընտանիքի հայրը:
Բոլորիս հայտնի է աստվածաշնչյան հետևյալ համարը. «Մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղատ. 6:8), և ի՞նչ պետք է հնձի այն մարդը, որ ոչինչ չի սերմանել: Այսինքն՝ քրիստոնյայի առաքելությունը ոչ թե միայն չարը չգործելն է, այլ՝ հավատը կենդանի պահելը բարի գործերով (Հակոբ. 2:26): Մարդը կոչված է արարելու և բարին գործելու: Աստված մարդուն տարբեր շնորհներ է տվել, որ պետք է գործածի ի բարին: Այս օրինակը Քրիստոս ներկայացրեց «Քանքարներ» առակում (Մատթ. 25:14-30): Տերը բարկացավ այն ծառայի վրա, ով ստացած քանքարը թաքցրել էր հողի մեջ: Նա իր ստացած քանքարը ո՛չ շահարկության մեջ էր դրել և ո՛չ էլ կորցրել էր, այսինքն՝ ո՛չ չարիք էր գործել և ո՛չ էլ բարիք:
Կարինե Սուգիկյան